15.8 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Մաս տասնմե­կե­րորդ

Հիմնա­դիր ժողո­վի ցրումից հետո վերջնա­կա­նա­պես պարզվում է, որ բոլշեւիկնե­րը որեւէ այլ կուսակցության կամ քաղա­քա­կան ուժի հետ համա­գործակցե­լու մտադրություն չունեն եւ պատրաստվում են միանձնյա կառա­վա­րել երկի­րը։

Հրանտ Տէր-Աբրա­համյան

1918թ. հունվա­րի 18-ին (հին տոմա­րով՝ հունվա­րի 5‑ին) Պետրոգրա­դում գումարվեց երկար սպասված Հիմնա­դիր ժողո­վը, որը պետք է կազմա­վո­րեր Ռուսաստա­նի քաղա­քա­կան իշխա­նությունը եւ լուծում տար ճակա­տագրա­կան նշա­նա­կություն ունե­ցող բազմա­թիվ հարցե­րի։

715 պատգա­մա­վո­րից միայն 170‑ն էին բոլշեւիկ եւ 40‑ը՝ ձախ էսէռ, որոնք աջակցում էին մեծա­մասնա­կաննե­րին։ Մանդատնե­րի կեսից ավե­լին պատկա­նում էր աջ էսէռնե­րին, իսկ մենշեւիկնե­րը հազիվ 15 մանդատ ունեին, այն էլ ստա­ցել էին գլխա­վո­րա­պես Անդրկովկա­սից։ 

Անդրկովկա­սում մենշեւիկնե­րը քաղա­քա­կան մեծ ազդե­ցություն ունեին։ Պատմա­բան Լեոն նշում էր, որ Կովկասյան երեք ժողո­վուրդնե­րից քաղա­քա­կա­նա­պես առա­վել պատրաստված էին վրա­ցի­նե­րը. մենշեւիկ սոցիալ-դեմոկրատնե­րը հեղի­նա­կություն ունեին ոչ միայն Անդրկովկա­սում, այլեւ ողջ Ռուսաստա­նում եւ նշա­նա­կա­լի դերա­կա­տա­րություն էին ունե­ցել 1917թ. փետրվարյան հեղա­փո­խության ինչպես կազմա­կերպման, այնպես էլ իրա­կա­նացման գործում։

«Վրաց սոցիալ-դեմոկրա­տիան առա­ջացրել էր մի շարք կարող եւ ընդունակ գործիչներ։ Այսպես էին, օրի­նակ, Չխեի­ձեն, բուրժուա­կան հեղա­փո­խության հրա­մա­նա­տա­րը Ռուսաստա­նում եւ Ծերե­թե­լին, որին անվա­նում էին ռուսաց հեղա­փո­խության գեղեցկություն։ Սրանք գործում էին Պետերբուրգում, բայց բուն Վրաստա­նում էլ պակաս չէր նշա­նա­վոր դեմքե­րի թիվը՝ Նոյ Ժորդա­նիա, Գեգեչկո­րի, Ռամիշվի­լի, Չխենկե­լի եւ ուրիշներ» (Լեո, Անցյա­լից, Երեւան, 1925թ., էջ 353)։ Սա Անդրկովկասյան կոմի­սա­րիա­տում, հետա­գա­յում նաեւ՝ Սեյմում, վրա­ցի­նե­րի ունե­ցած ազդե­ցիկ դիրքի պատճառնե­րից մեկն էր։

Հիմնա­դիր ժողո­վի առա­ջին եւ վերջին նիստում բոլշեւիկնե­րը հայտա­րա­րություն են անում, որով պահանջում են Ռուսաստա­նի միակ եւ գերա­գույն իշխա­նություն ճանա­չել բանվորնե­րի, գյուղա­ցի­նե­րի ու զինվորնե­րի խորհուրդնե­րը, ինչպես նաեւ վերացնել մասնա­վոր սեփա­կա­նությունը, պետա­կա­նացնել բանկերն ու ֆինանսա­կան համա­կարգը, մտցնել պարտա­դիր աշխա­տանքի սկզբունքը եւ այլն։

«Պահա­կա­խումբը հոգնել է, քնել է ուզում»

Հիմնա­դիր ժողո­վը քվեարկությամբ մերժում է բոլշեւիկնե­րի նախա­գի­ծը, որից հետո ընթերցվում է Հիմնա­դիր ժողո­վը լուծարված հայտա­րա­րե­լու մասին Լենի­նի դեկրե­տը։ Բոլշեւիկներն ու ձախ էսէռնե­րը լքում են Տավրիկյան դահլի­ճը, իսկ մնա­ցած ժողո­վա­կաննե­րը շարունա­կում են աշխա­տել։ Լուսա­դե­մին՝ ժամը 4‑ն անց 20-ին, քննարկվում էր հողի հարցը, երբ դահլիճ է մտնում նավաստի Ժելեզնյա­կո­վը, մոտե­նում է ժողո­վի նախա­գահ Չեռնո­վին եւ ասում, որ նիստը պետք է ընդհա­տել, քանի որ պահա­կա­խումբը հոգնել է եւ ուզում է քնել։ Ժելեզնյա­կո­վի այս արտա­հայտությունը դարձել է հեղա­փո­խության թեւա­վոր խոսքե­րից մեկը։ Այս միջա­դե­պը տարբեր կերպ է նկա­րագրվում, եւ մենք կներկա­յացնենք այնպես, ինչպես 100 տարի առաջ տպագրվել է հայկա­կան թերթե­րում։

«Մշակ», 30 հունվա­րի, 1918թ., թիվ 21

«Անսպա­սե­լի կերպով նրան (Չեռնո­վին) մոտե­նում է մի նավաստի, ձեռքը դնում է թիկունքին եւ ասում է.

- Ես հրա­հանգ եմ ստա­ցել հայտնե­լու ձեզ, որ բոլոր ներկա եղողնե­րը հեռա­նան նիստի դահլի­ճից, որովհե­տեւ պահա­կա­խումբը հոգնել է…

Չեռնով — Ի՞նչ հրա­հանգ, ումի՞ց։

Նավաստի — Ես Տավրիկյան պալա­տի պահա­կախմբի պետն եմ եւ հրա­հանգ ունեմ կոմի­սա­րից։

Չեռնով — Հիմնա­դիր ժողո­վի բոլոր անդամնե­րը նույնպես շատ հոգնել են, բայց ոչ մի հոգնություն չէ կարող ընդհա­տել հողա­յին օրենքի ընթերցումը, որին սպա­սում է Ռուսաստա­նը։ Հիմնա­դիր ժողո­վը կարող է ցրվել միայն այն դեպքում, երբ ուժ գործադրվի։

Նավաստի — Ես խնդրում եմ հեռա­նալ նիստի դահլի­ճից»։

«Հիմնա­դիր ժողո­վը ցիրուցան է արված»

Համո Օհանջանյա­նը, որ այդ օրե­րին Ռոստո­վում էր, հեռագրով Կովկաս էր հաղորդում քաղա­քում տեղի ունե­ցող իրա­դարձություննե­րը։ «Հիմնա­դիր ժողո­վը ցիրուցան է արված հունվա­րի 6‑ին։ Տեղե­կություններ կային Ծերե­թե­լիի ու Չեռնո­վի սպա­նության մասին, բայց լուրե­րը չարդա­րա­ցան։ Կալա­նա­վորված են սոցիա­լիստ-հեղա­փո­խա­կաննե­րի (էսէռ) կենտրո­նա­կան կոմի­տեի անդամնե­րը»,- հաղորդում էր նա։

Հիմնա­դիր ժողո­վի ցրումից հետո վերջնա­կա­նա­պես պարզվում է, որ բոլշեւիկնե­րը որեւէ այլ կուսակցության կամ քաղա­քա­կան ուժի հետ համա­գործակցե­լու մտադրություն չունեն եւ պատրաստվում են միանձնյա կառա­վա­րել երկի­րը։ Ժողո­վի կողմնա­կիցնե­րը, հիմնա­կա­նում՝ էսէռնե­րը, հեռա­նում են Պետրոգրա­դից եւ Ռուսաստա­նի տարբեր շրջաննե­րում փորձում նոր կառա­վա­րություն եւ ուժեր կազմել բոլշեւիկնե­րի դեմ պայքա­րե­լու համար։ Առջեւում երկա­րա­տեւ ու արյունա­լի քաղա­քա­ցիա­կան պատե­րազմն էր։

Ամեն քայլ՝ Գերմա­նիա­յի եւ Թուրքիա­յի հետ հաշտություն կնքե­լու համար

Հիմնա­դիր ժողո­վի ցրումը մեծ դժգո­հությամբ ու տագնա­պով է ընդունվում Անդրկովկա­սում։ Հիմնա­կան մտա­հո­գությունը Բրեստ-Լիտովսկում ընթա­ցող խաղա­ղության բանակցություններն էին, որոնք ամեն պահի կարող էին ունե­նալ անցանկա­լի շրջա­դարձ։

«Պարզ է, որ Սահմա­նա­դիր ժողո­վի ցրումից հետո Պետրոգրա­դի փողոցնե­րում ծայր տված կռի­վը լայն ալիքնե­րով պիտի տարածվի բովանդակ երկրում եւ Լենի­նի կառա­վա­րությա­նը զուգա­հեռ կկազմվի մի նոր կառա­վա­րություն, որի շուրջ կհա­մախմբվեն ոչ բոլշեւիկ տարրե­րը»,- գրում էր «Հորի­զո­նը»։ Լենի­նը եւ Տրոցկին նաեւ ամեն քայլի կդի­մեին Գերմա­նիա­յի ու Թուրքիա­յի հետ արա­գո­րեն հաշտություն կնքե­լու համար։ «Գերմա­նիան կթե­լադրե հաղթո­ղի իր կամքը, եւ մենք ստիպված կլի­նենք առանց ձայն ու ծպտուն հանե­լու ընդունել»,- եզրա­կացնում էր թերթը։ Ժամա­նա­կը ցույց տվեց, որ այս մտա­հո­գությունը լիո­վին արդա­րացված էր, եւ ցավա­լի դեպքե­րը զարգա­նում էին հենց այս տրա­մա­բա­նությամբ։

Անդրկովկասյան սեյմի ստեղծումը

Հիմնա­դիր ժողո­վի ձախո­ղումից հետո Անդրկովկա­սում որոշվում է ստեղծել կառա­վարման նոր մարմին, որը պետք է ձեւա­վորվեր Սահմա­նա­դիր ժողո­վի ընտրված պատգա­մա­վորնե­րից։ Այդ մարմինն ունե­նա­լու էր խորհրդա­րա­նա­կան դերա­կա­տա­րություն եւ, ըստ կարծիքնե­րի, Անդրկովկա­սի երեք ժողո­վուրդնե­րի համար ավե­լի արդյունա­վետ կառա­վա­րում էր ապա­հո­վե­լու։

«Հունվա­րի 12-ին երկրա­յին կենտրո­նը ինքը եկել է այն եզրա­կա­ցության, որ հարկա­վոր է վերա­կազմել երկրա­յին իշխա­նությունը, այն է՝ այդ իշխա­նությունը պետք է կազմել Հիմնա­դիր ժողո­վի համար ընտրված Անդրկովկա­սի պատգա­մա­վորնե­րից։ Ուրիշ խոսքե­րով՝ առա­ջարկվում է կազմա­կերպել Անդրկովկասյան սեյմ»,- գրում էր Համբարձում Առա­քելյա­նը 1918թ. հունվա­րի 18-ին։

Անդրկովկա­սի սոցիալ-դեմոկրատնե­րը (մենշեւիկնե­րը) գտնում էին, որ Սեյմը պետք է կազմվեր ոչ թե միայն Հիմնա­դիր ժողո­վի համար ընտրված 36 պատգա­մա­վո­րից, այլ ավե­լի շատ թվով ներկա­յա­ցուցիչնե­րից՝ «ընդունե­լով ամեն մի 5 կամ 10 հազար ընտրո­ղից մեկ պատգա­մա­վոր»։

Անդրկովկասյան կոմի­սա­րիա­տի նախա­գահ Եվգե­նի Գեգեչկո­րին հայտա­րա­րում էր, որ «եկել է այն րոպեն, երբ մենք պետք է հանձնենք մեր լիա­զո­րություննե­րը»։ Նա փաստում էր, որ Կոմի­սա­րիա­տը չի կարո­ղա­ցել լուծել իր առջեւ դրված խնդիրնե­րը, որոնց պատճառնե­րից մեկն էլ Կոմի­սա­րիա­տին զուգա­հեռ ստեղծված Ազգա­յին խորհուրդներն էին, որոնք առա­վել մեծ հեղի­նա­կություն էին վայե­լում։ Գեգեչկո­րին նաեւ հայտնում է, որ Անդրկովկա­սը ֆինանսա­կան աղե­տի եզրին է։

Յուրա­քանչյուրը իր էշն էր քշում

Հունվա­րի 22-ին տեղի է ունե­նում Անդրկովկա­սի նոր մարմնի՝ Սեյմի հիմնադրման ժողո­վը, որին մասնակցում էին 42 պատգա­մա­վորնե­րից 22‑ը։ Նիստը բացում է Անդրկովկասյան կոմի­սա­րիա­տի նախա­գահ Եվգե­նի Գեգեչկո­րին եւ հայտնում, որ Կոմի­սա­րիա­տը վայր է դնում լիա­զո­րություննե­րը։ Ժողո­վի նախա­գահ է ընտրվում Չխեի­ձեն։

Նոյ Ժորդա­նիան իր ելույթում հայտնում է, որ բոլորն էլ Հիմնա­դիր ժողո­վի ընտրված պատգա­մա­վորներ են եւ պետք է լինեին Պետրոգրա­դում՝ Տավրիկյան պալա­տում։ Սակայն, քանի որ Հիմնա­դիր ժողո­վը չի գումարվել, իսկ Անդրկովկա­սում կան անհե­տաձգե­լի խնդիրներ, իրենք որո­շում են ձեւա­վո­րել իշխա­նություն։ Ժորդա­նիան առա­ջարկում էր Անդրկովկա­սի յուրա­քանչյուր 20 հազար բնակչի հաշվարկով Սեյմում ընդգրկել 1 պատգա­մա­վոր։ «Այդպի­սի կազմը ավե­լի կենսունակ կլի­նի, որովհե­տեւ նրա մեջ կմտնեն կյանքի մոտ մարդիկ, ժողովրդա­կան ամեն խավե­րից»,- ասում էր նա։

Գեգեչկո­րին եւ Բերիան

Եվգե­նի Գեգեչկո­րին Լավրենտի Բերիա­յի կնոջ՝ Նինա Բերիա­յի (Գեգեչկո­րի) հորեղբայրն էր:

Պատմա­բան Նիկո­լայ Նադը պնդում է, որ Հայրե­նա­կան մեծ պատե­րազմի ամե­նա­թեժ փուլում, երբ գերմա­նա­ցի­նե­րի հաղթա­նակն անխուսա­փե­լի էր թվում, Բերիան սկսել էր Եվգե­նի Գեգեչկո­րիի միջո­ցով ակտի­վո­րեն զարգացնել կապե­րը Վրաստա­նի վտա­րանդի կառա­վա­րության (այսպես կոչված՝ «Փարիզյան կենտրո­նի») հետ:

«Աշխա­տե­լով արխի­վա­յին նյութե­րի հետ, ես բացա­հայտե­ցի, որ Ստա­լի­նը կասկա­ծում էր Բերիա­յին հակա­պե­տա­կան մտադրություննե­րի մեջ եւ պատրաստվում էր ձերբա­կա­լել նրան: Ստա­լի­նը տեղյակ էր, որ Գեգեչկո­րին, փախչե­լով Ֆրանսիա, շարունա­կում էր կապ պաշտպա­նել Բերիա­յի հետ եւ նրա միջո­ցով փորձում էր կազմա­կերպել «վրաց ժողովրդի համար օգտա­կար» գործո­ղություններ»,- գրում է Նիկո­լայ Նադը:


Արխիվնե­րում պահպանվել է մի նամակ, որը Գեգեչկո­րին ուղարկել էր Բերիա­յին 1946 թվա­կա­նի ապրի­լի 25-ին: Նամա­կում Վրաստա­նի նախկին արտա­քին գործե­րի նախա­րա­րը գրում էր.

«…Ես եկել եմ այն եզրա­հանգմա­նը, որ ազգա­յին ազա­տության համար պայքա­րում Վրաստա­նը չի կարող հույսն Արեւմուտքի վրա դնել…Կարծում եմ, ասվա­ծը բավա­կան է, որպեսզի դու հասկա­նաս, որ նման հարցադրումը հետա­գա քայլե­րի բանա­լին է…Հուսով եմ, այս հարցին մենք դեռ կանդրա­դառնանք…»:

Սակայն Նինա Բերիան ժխտում էր այն փաստը, որ իր ամուսի­նը կապ էր պահում Գեգեչկո­րիի հետ: Ահա մի հատված այն նամա­կից, որը Նինան ուղարկել էր Նիկի­տա Խրուշչո­վին 1954 թվա­կա­նի հունվա­րի 7‑ին:

«…Ինձ մեղադրանք է առա­ջադրվել իմ ազգա­կա­նի՝ Փարիզ արտա­գաղթած վրաց մենշեւիկ Գեգեչկո­րիի հետ նամա­կագրության համար: Ես նրան չեմ ճանա­չել, նա իմ ազգա­կա­նը չէ, եւ ես նրա հետ ուրեւէ նամա­կագրություն չեմ ունե­ցել…»:

Սեյմի հետ գրե­թե միա­ժա­մա­նակ Անդրկովկա­սում ձեւա­վորվում էին Ազգա­յին խորհուրդնե­րը, որոնք իրենց վրա էին վերցնում հայե­րի, թաթարնե­րի եւ վրա­ցի­նե­րի գործնա­կան խնդիրնե­րի իրա­կա­նա­ցումը։ Բացի արտա­քին վտանգնե­րից եւ Ռուսաստա­նի հանդեպ դիրքո­րո­շումից, երեք ժողո­վուրդներն ունեին ներքին խնդիրներ, որոնց մեջ առաջնա­յին նշա­նա­կություն ուներ սահմաննե­րի եւ Թուրքիա­յի հանդեպ վերա­բերմունքը։

Ռուբեն Տեր-Մինասյանն իր հուշե­րում այսպես է նկա­րագրում ստեղծված իրադրությունը.

«Անդրկովկասյան իշխա­նությունն էլ հիմնո­վին կերպա­րա­նա­փոխվեց։ Ազգե­րը իրենց հավա­քած ձայնե­րի համե­մա­տությամբ կազմա­կերպե­ցին Անդրկովկասյան Սեյմը, որից հետո ձեւա­կան էին դառնում կենտրո­նա­կան իշխա­նության ներկա­յա­ցուցիչներն ու պաշտոնյա­նե­րը։ Անդրկովկասյան ժողո­վուրդնե­րը իրենք իրենց բախտը որո­շողնե­րը պիտի լինեին»:

Ռուբեն Տեր-Մինասյա­նի ակնո­ցը

Ռուբեն Տեր-Մինասյա­նի անձնա­կան իրե­րից քիչ բան է հասել Հայաստան: ՀՅԴ պատմության թանգա­րա­նում պահվում է նրա ակնո­ցը, որը կրել է կյանքի վերջին տարի­նե­րին, երբ բնակվում էր Ֆրանսիա­յում: Ռուբեն Տեր-Մինասյա­նը, որո­շե­լով հանգստի անցնել, ընտա­նի­քի հետ Փարիզ էր տեղա­փոխվել 1948-ից, սակայն քաղա­քա­կան գործունեությունից ամբողջո­վին չէր հրա­ժարվել եւ այնտեղ մասնակցում էր հակա­բոլշեւիկյան շարժմա­նը: Երկու տարի անց նա մահա­նում է, իսկ աճյունն ամփո­փում են Փարի­զի Պեր Լաշեզ գերեզմա­նա­տա­նը՝ 13874 համա­րի ներքո։

«Շահե­րի հակա­մարտության, թե կարճա­տե­սության շնորհիվ Անդրկովկա­սի երեք ժողո­վուրդնե­րից ստեղծված օրենսդիր եւ վարչա­կան իշխա­նությունը դարձավ մի անդա­մա­լույծ մարմին։ Յուրա­քանչյուրը իր էշն էր քշում եւ միայն ձեւ էր Անդրկովկասյան մի իշխա­նության գոյության փաստը։ Հոն կվի­ճեին, կկարգադրեին, բայց իրա­կան գործը եւ կարգադրո­ղը լինում էր Ազգա­յին խորհուրդը»։ (Ռուբէն, Հայ յեղա­փո­խա­կա­նի մը յիշա­տակներ, հ. 7, Երեւան, 1990թ.)։

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ