25.3 C
Yerevan

Այլընտրանքա­յին Պատմություն

Չնա­յած Գերմա­նիան պարտվեց երկու պատե­րազմում էլ, սակայն նրա նկատմամբ հաղթա­նա­կի գինն այնքան մեծ էր, որ դրա արդյունքում քայքայվեց նաեւ բրի­տա­նա­կան աշխարհա­կա­լությունը ու ընդհանրա­պես եվրո­պա­կան գերա­կա­յությունն աշխարհում, եւ համաշխարհա­յին գերիշխա­նության համար մրցման մեջ մտան ԱՄՆ‑ը, Սովե­տա­կան Ռուսաստա­նը, իսկ այսօր նաեւ՝ Չինաստա­նը:

Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

Առա­ջին Հանրա­պե­տության այլընտրանքա­յին պատմությունը

 Ներա­ծա­կան. 
Սովե­տա­կան արդիա­կա­նացման յուրա­հատկություննե­րը

Ի՞նչ կլի­ներ, եթե 1920–21թթ. Հայաստա­նը չսո­վե­տա­կա­նացվեր, այլ մնար անկախ պետություն եւ գոյա­տեւեր մինչեւ մեր օրե­րը: Հարցն իրա­կա­նում անի­մաստ չէ: Այս հարցի տրա­մա­բա­նո­րեն հիմնված պատասխա­նը ոչ միայն այլընտրանքա­յին պատմության գեղե­ցիկ առիթ է, այլեւ իրա­կան, ոչ այլընտրանքա­յին ներկա­յի շատ խնդիրներ բացա­հայտող:

Մենք սիրում ենք խոսել Սովե­տա­կան Հայաստա­նի արդիա­կա­նացման (մոդեռնի­զա­ցիա­յի) բերած օգուտնե­րի մասին՝ արդյունա­բե­րության ստեղծում, քաղա­քա­շի­նություն, անգրա­գի­տության վերա­ցում եւ այլն: Թվում է աներկբա՝ Սովե­տա­կան Հայաստանն իր թերություննե­րով հանդերձ հայ ժողովրդի զարգացման կարեւոր փուլե­րից էր: Որոշնե­րը խոսում են նույնիսկ ծաղկման մասին՝ շարունա­կե­լով սովե­տա­կան քարոզչության գլխա­վոր թեզե­րից մեկը: Ամե­նեւին նպա­տակ չունեմ Սովե­տա­կան Հայաստա­նի դերը մեր պատմության մեջ նսե­մացնե­լու, այսպես ասած՝ սեւացնե­լու, բայց լուրջ պատմա­կան գնա­հա­տա­կան այդքան հեշտ չի տրվում, որքան շատե­րիս թվում է:

Բավա­կա­նին զարմա­նա­լի է, բայց շատ ավե­լի քիչ ենք քննարկում սովե­տա­կան արդիա­կա­նացման գինը՝ կորուստնե­րը, որոնք վճարվել են ձեռքբե­րումնե­րի դիմաց՝ մղե­լով այդ կարեւոր թեման մարգի­նա­լիզմի դաշտ: Եվ ավե­լի զարմա­նա­լի է ինձ համար, որ ոչ ոք կարծես ինքն իրեն հարց չի տալիս՝ իսկ ո՞վ ասաց, որ առանց սովե­տա­կա­նացման Հայաստանն ինքն իրե­նով զարգա­ցում չէր ապրե­լու, արդիա­կա­նացման չէր ենթարկվե­լու:

Սովե­տա­կան արդիա­կա­նա­ցումը պատմա­քա­ղա­քա­կան վերլուծության բարդա­գույն թեմա­նե­րից է, եւ Հայաստա­նում մենք նույնիսկ մոտ չենք եկել դրա իրա­կան վերլուծությա­նը՝ գիտա­կան թե պարզա­պես հրա­պա­րա­կա­խո­սա­կան: Սովե­տա­կան Հայաստա­նի պատմությունը, որն ունենք եւ դասա­վանդում ենք մեր սերունդնե­րին, պատմություն չէ բառիս գիտա­կան իմաստով, այլ ժամա­նա­կագրա­կան կարգով իրար հետեւող «պատմվածքնե­րի» էկլեկտիկ հերթա­կա­նություն, ընդ որում՝ տարբեր կտորնե­րը շարադրված են ըստ տարբեր ժամա­նակնե­րի, հաճախ էլ իրար հակա­դիր քաղա­քա­կան քարոզչություննե­րի սխե­մա­նե­րի:

Ընդհանրա­պես ցանկա­ցած արդիա­կա­նա­ցում ունե­նում է իր գինը: «Զարգա­ցումը չի լինում առանց կորուստնե­րի» պնդումը գուցե հնչում է որպես բավա­կա­նա­չափ տափակ իմաստություն, բայց դրա­նից պակաս ճշմարտա­ցի չէ: Հարցն այն չէ, որ զարգացման դիմաց պետք է գին վճա­րել, այսինքն՝ նաեւ կորուստներ ունե­նալ, հարցն այն է, թե ամեն տվյալ դեպքում ինչ գին է վճարվել, եւ ինչ զարգա­ցում է «գնվել» դրա դիմաց:

Եվրո­պա­կան արդիա­կա­նացման պատմության դասա­կան օրի­նակ է 1870–1914թթ. Գերմա­նիա­յի պատմությունը: Առա­ջին հայացքից որեւէ կապ չունի հայոց պատմության հետ, իրա­կա­նում կապե­րը, թեեւ անուղղա­կի, բայց շատ կարեւոր են:

30–40 տարվա ընթացքում գերա­զանցա­պես գյուղատնտե­սա­կան հանրությունից Գերմա­նիան վերածվեց ոչ միայն պարզա­պես արդյունա­բե­րության առա­ջա­տա­րի, այլեւ Մեծ Բրի­տա­նիա­յի համաշխարհա­յին մրցակցի: Այդ արդյունքի հիմքում, ի դեպ, պարա­դոքսալ կերպով հենց Գերմա­նիա­յի «հետամնա­ցությունն» էր Արեւմուտքի համե­մատ (այո, կային ժամա­նակներ, եւ դրանք այդքան էլ հեռու չէին, երբ գերմա­նա­ցի­ներն իրենց գիտակցում էին որպես «ոչ Արեւմուտք»՝ վերջինս նույնացնե­լով Անգլիա­յի եւ Ֆրանսիա­յի հետ): Հետամնա­ցությունը կարող է լինել արդիա­կա­նացման ռեսուրս եւ հենա­րան, ինչպես եղավ Գերմա­նիա­յում, քանի որ նշա­նա­կում է ծնե­լիության բարձր ցուցա­նիշ, մեծ թվով ազատ ու էժան աշխա­տուժ եւ այլն: Սրան պետք է գումա­րել նաեւ տնտե­սա­կան զարգացման պետա­կան հովա­նա­վո­րությունը, որը մասն էր գերմա­նա-պրուսա­կան միա­պե­տության քաղա­քա­կան ավանդույթի: Գերմա­նիա­յի մայրցա­մա­քա­յին գլխա­վոր մրցա­կից Ֆրանսիան ի զորու չէր դիմա­կա­յել գերմա­նա­կան այդ թռիչքին եւ արդիա­կա­նացման անհրա­ժետ տեմպ ապա­հո­վել հենց որովհե­տեւ … արդեն այդքան հետամնաց չէր, որքան Գերմա­նիան, այսինքն՝ ավե­լի շուտ էր մտել արդիա­կա­նացման գործընթա­ցի մեջ:

Ահա արդիա­կա­նացման միայն մեկ պարա­դոքսնե­րից մեկը: Մեկ անգամ արդեն արդիա­կա­նացված երկի­րը հաճախ չի կարո­ղա­նում վերարդիա­կա­նա­նալ եւ արդիա­կա­նացման մրցա­վազքում պարտվում է իր սկբնա­կան դիրքով ավե­լի հետամնաց հանրությա­նը: Սա ունի­վերսալ օրենք չէ, այլ միայն միտումնե­րից մեկը, բայց համոզվե­լու համար, որ այդքան էլ եզա­կի չէ, կարող ենք հիշել 20-րդ դարում թեկուզ Ճապո­նիա­յի եւ հատկա­պես Չինաստա­նի օրի­նակնե­րը: Այսինքն՝ զարգացման կարեւո­րա­գույն ռեսուրսը հաճախ զարգա­ցումից հետ ընկնելն է: Իհարկե, միայն հետամնա­ցությունը բավա­րար չէ եւ չի բացատրում ամբողջո­վին ո՛չ գերմա­նա­կան, ոչ էլ մեր օրե­րի չինա­կան սցե­նարնե­րը: Կարեւոր դեր երկու դեպքում էլ կատա­րել են աշխարհա­քա­ղա­քա­կան գործոննե­րը, օրի­նակ, Գերմա­նիա­յի բնա­կա­նից կենտրո­նա­կան, գերիշխող դիրքն Արեւմտյան Եվրո­պա­յում եւ այլն:

Գերմա­նա­կան սցե­նա­րը, թեեւ իր ընթացքում ոչ դրա­մա­տիկ եւ առանց ծանր զոհե­րի, սակայն իր ծանր գինն ունե­ցավ պատմության ավարտին: Դա Առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմն էր (եւ դրա ածանցյալ Երկրորդը), որն ուղիղ հետեւանք էր այն փաստի, որ գերմա­նա­կան առա­ջընթա­ցը՝ որպես մարտահրա­վեր բրի­տա­նա­կան համաշխարհա­յին գերա­կա­յության, արդեն հնա­րա­վոր չէր զսպել այլ միջոցնե­րով, բացի պատե­րազմից: Չնա­յած Գերմա­նիան պարտվեց երկու պատե­րազմում էլ, սակայն նրա նկատմամբ հաղթա­նա­կի գինն այնքան մեծ էր, որ դրա արդյունքում քայքայվեց նաեւ բրի­տա­նա­կան աշխարհա­կա­լությունը ու ընդհանրա­պես եվրո­պա­կան գերա­կա­յությունն աշխարհում, եւ համաշխարհա­յին գերիշխա­նության համար մրցման մեջ մտան ԱՄՆ‑ը, Սովե­տա­կան Ռուսաստա­նը, իսկ այսօր նաեւ՝ Չինաստա­նը:

Առա­ջին համաշխարհա­յինն առանցքա­յին հանգրվան եղավ ոչ միայն համաշխարհա­յին գերիշխա­նության համար Անգլիա­յի ու Գերմա­նիա­յի պայքա­րում, այլեւ Եվրա­սիա­յի ժողո­վուրդնե­րի մեծ մասի, այդ թվում հայե­րի ճակա­տագրում: Մեծ եղեռնը, Ռուսա­կան հեղա­փո­խությունը եւ Հայաստա­նի Հանրա­պե­տության ձեւա­րումը՝ երեքն էլ արդյունք եւ մաս են Առա­ջին համաշխարհա­յի­նի պատմության:

Որո՞նք էին սովե­տա­կան արդիա­կա­նացման նախա­պայմաննե­րը, նպա­տակնե­րը եւ խնդիրնե­րը:  

Առա­ջին հայացքից թվում է, որ դա մեզ արդեն հայտնի պատմության շարունա­կությունը պետք է լինի. «արեւելյան» (հիշում ենք, որ «արեւելքն» այս իմաստով սկսվում է Գերմա­նիա­յից) եւ հետամնաց մի հանրություն իրացնում է արագ արդիա­կա­նացման ու զարգացման ծրա­գիր: Մասամբ այդպես էլ կա, եւ Ռուսաստանն իր այս՝ «գերմա­նա­կան» ընթացքը սկսում է դեռեւս 1900-ականնե­րից՝ ցարա­կան շրջա­նից: Սակայն սա պատմության միայն մի մասն է: Ռուսա­կան սովե­տա­կան արդիա­կա­նացման տարբե­րություննե­րը «գերմա­նա­կան ստանդարտից» էական են եւ որա­կա­պես «նոր ստանդարտ» են սահմա­նում (նույն ստանդարտով իրացվում է արդիա­կա­նացման առա­ջին փուլը նաեւ մաոիստա­կան Չինաստա­նում):

Սովե­տա­կան արդիա­կա­նացման գլխա­վոր նպա­տակն էր անծայրա­ծիր սովե­տա­կան պետության ռազմա­կան անվտանգության ժամա­նա­կա­կից հենա­րան ստեղծե­լը հնա­րա­վո­րինս արագ ժամկետնե­րում: Դա բխում էր սովե­տա­կան պետության ինքնա­գի­տակցությունից. «Սովե­տա­կան միությունը պաշարված ամրոց է թշնա­մա­կան շրջա­պա­տում»: Դա մասամբ արտա­ցո­լում էր առարկա­յա­կան իրա­կա­նության՝ համաշխարհա­յին կարգի դեմ դրոշ բարձրացրած Ռուսաստա­նը, որը պետք է առա­ջին հերթին ապա­հո­վեր իր անվտանգությունը նույն այդ կարգի հնա­րա­վոր պատժիչ գործո­ղություննե­րի դեմ: Եղած տեխնո­լո­գիա­կան բազան չափա­զանց թույլ էր այդ հարցում վստահ լինե­լու համար, Ռուսաստա­նը գերա­զանցա­պես նախաարդիա­կան գյուղատնտե­սա­կան երկիր էր՝ արդյունա­բե­րության կետա­յին կենտրո­նացմամբ մի քանի մեկուսի կենտրո­նում: Իսկ արդյունա­բե­րությունը արդիա­կան պատե­րազմի հենքն է:

Սոցիա­լիստա­կան հեղա­փո­խությունը Ռուսաստա­նում իրացվեց բոլշեւիկնե­րի կողմից հակա­ռակ դասա­կան համարվող մարքսիստա­կան պատկե­րա­ցումնե­րի համա­ձայն, որոնց անցումը կապի­տա­լիզմից կոմունիզմ պետք է տեղի ունե­նար նախ առա­վել զարգա­ցած կապի­տա­լիստա­կան երկրնե­րում, օրի­նակ՝ հենց նույն Անգլիա­յում: Բոլշեւիկնե­րի սկզբնա­կան հաշվարկը ոչ թե այն էր, որ իրենք պետք է սոցիա­լիզմ կառուցեն Ռուսաստա­նում արդյունա­բե­րա­կան թույլ հիմքի վրա, այլ քանի որ համաշխարհա­յին շուկան դարձել է միասնա­կան, եւ առանձին ազգա­յին պետություններն այլեւս էական չեն, Ռուսա­կան հեղա­փո­խությունը պարզա­պես կատա­լի­զա­տոր պետք է դառնա «համաշխարհա­յին», այսինքն՝ համաեվրո­պա­կան սոցիա­լիստա­կան հեղա­փո­խության համար: Ռուսաստա­նը, ըստ այդ մեկնա­բա­նության, համաշխարհա­յին կապի­տա­լիզմի շղթա­յի թույլ օղակն էր, որը քանդե­լով պետք է քանդվեր ողջ շղթան, եւ սոցիա­լիզմը կառուցվեր եվրո­պա­կան կապի­տա­լիզմի զարգա­ցած տեխնո­լո­գիա­կան հենքով:

Ինչպես տեսնում ենք «ազգա­յին պետություննե­րի» իմաստազրկվե­լու մասին տեսություններն աղա­վա­ղել են ոչ միայն ներկա, այլեւ ուտո­պիստնե­րի անցած բազմա­թիվ սերունդնե­րի գիտակցությունը: Պատմությունը՝ որպես համբե­րա­տար, բայց խիստ մայրիկ, ստիպված է ամեն անգամ դասեր տալ իր ուտո­պիստ բալիկնե­րին: Մոտա­վո­րա­պես 1922-ից աստի­ճա­նա­բար բոլշեւիկներն էլ սկսե­ցին հասկա­նալ, որ համաշխարհա­յին հեղա­փո­խությունն առնվազն հետաձգվում է, եւ իրենք ստիպված են լինե­լու հակա­ռակ իրենց դավա­նանքի սոցիա­լիզմ կառուցել առանձին վերցրած Ռուսաստա­նում: 1926‑ի կողմե­րը այդ ընկա­լումը Ստա­լի­նի կողմից ձեւա­կերպվեց որպես «սոցիա­լիզմի կառուցում մեկ առանձին վերցրած երկրում» թեզ, որն էլ վերագրվեց Լենի­նին՝ օգտվե­լով վերջի­նիս իմի­ջիայլոց արված դիտո­ղությունից: Համաշխարհա­յին հեղա­փո­խության տեսությունը փորձեց պաշտպա­նել Տրոցկին, բայց դա էլ զուտ մարտա­վա­րա­կան քայլ էր ներիշխա­նա­կան պայքա­րում. Տրոցկին, որն առա­ջինն էր բոլշեւիկնե­րի մեջ, ով՝ որպես Կարմիր բանա­կի ղեկա­վար, ստիպված էր դիմել ռուսա­կան հայրե­նա­սի­րությա­նը եւ այդու հիմքը դնել սովե­տա­կան իշխա­նության ձեւա­փոխմա­նը ռուսա­կան նոր կայսե­րա­կա­նության, այն միա­միտ ռոմանտի­կը չէր, որպեսզի չընկա­լեր նոր իրա­կա­նությունը:

Սոցիա­լիզմ կառուցե­լը մեկ առանձին վերցրած երկրում փաստա­ցի նշա­նա­կում էր կապի­տա­լիզմ, այսինքն՝ արդյունա­բե­րա­կան եւ ուրբա­նի­զացված հասա­րա­կություն կառուցել նույն այդ առանձին վերցրած, բայց կապի­տա­լիզմի զարգացման մեջ մյուսնե­րից հետ ընկած երկրում: Պարզա­պես կապի­տա­լիզմի կառուցումն այստեղ ուներ այն առանձնա­հատկությունը, որ դա պետք է արվեր ոչ թե տարե­րայնո­րեն, հետեւա­բար ժամա­նա­կի մեջ ձգված, այլ պետության կողմից կենտրո­նացված ջանքով ու գերա­րագ տեմպե­րով: Բայց սա էլ քիչ է:

Սովե­տա­կան պետության նպա­տակն այն յուրա­հա­տուկ պայմաննե­րում, որոնց մեջ երկի­րը հայտնվել էր բոլշեւիկյան հեղաշրջման շնորհիվ, ոչ միայն պարզա­պես զարգա­ցած արդյունա­բե­րության կառուցումն էր սեղմ ժամկետնե­րում, այլեւ նախ այնպի­սի արդյունա­բե­րության, որը հենք պետք է դառնար երկրի ռազմա­կան անվտանգության համար: Սովե­տա­կան միությա­նը շտապ պետք էր արդիա­կան, մեխա­նի­զացված եւ տեխնո­լո­գիա­պես համարժեք բանակ: Իսկ բանա­կը չի կարող երկար սպա­սել. պատե­րազմը կարող էր ծագել ցանկա­ցած պահի՝ պատե­րազմ, որտեղ վճռվե­լու էր բոլշեւիկյան ռեժի­մի եւ ընդհանրա­պես սովե­տա­կան նախագծի բախտը: Ուրեմն տեմպերն էլ պետք է լինեին ոչ թե պարզա­պես արագ, այլ գերա­րագ: Իսկ դա նշա­նա­կում է, որ միջոցնե­րի խտրա­կա­նություն չի կարող լինել, ամե­նաարմա­տա­կան մոտե­ցումնե­րը կարող են գործի դրվել: Սովե­տա­կան արդիա­կա­նա­ցումն իր բոլոր դաժա­նություննե­րով ու ծայրա­հե­ղություննե­րով՝ գյուղի կոլեկտի­վի­զա­ցիա, քաղա­քա­կան ռեպրե­սիա­ներ, ազա­տություննե­րի սահմա­նա­փա­կում, տոտա­լի­տար համա­կարգ եւ այլն, մեծ մասամբ բացատրե­լի է հենց այս ելա­կե­տից:

Գանք վերջա­պես Հայաստա­նին:

Սովե­տա­կան արդիա­կա­նացման նպա­տակնե­րը, ինչպես տեսնում ենք, որեւէ ուղղա­կի կապ չունեն բուն Հայաստա­նի հետ: Այսինքն՝ Հայաստա­նի զարգա­ցումը՝ որպես այդպի­սին, սովե­տա­կան քաղա­քա­կա­նության նպա­տա­կը չէր, այլ Հայաստա­նի զարգա­ցումը կարող էր լինել եւ է՛ր միայն անուղղա­կի հետեւանք կամ մնա­ցորդա­յին, երկրորդա­կան-երրորդա­կան խնդիր Սովե­տա­կան միության գլխա­վոր ռազմա­վա­րա­կան նպա­տա­կի: Սա թվում է տրի­վիալ պնդում, բայց իրա­կա­նում սրա գիտակցումը մեր հանրությունը կարծես չունի, այդ թվում այն պատճա­ռով, որ հոգե­բա­նո­րեն բարդ է ընդունել այն հանգա­մանքը, որ այն, ինչ դու ընկա­լում ես որպես քո երկրի զարգա­ցում եւ նույնիսկ ծաղկում, չի եղել ինքնանպա­տակ, այլ միայն կողմնա­կի արդյունք լրիվ այլ նպա­տակներ ունե­ցող քաղա­քա­կա­նության: Քանի որ առանց այդ էլ մեր պատմությունն ընկա­լում ենք որպես պարտություննե­րի եւ ձախո­ղումնե­րի շղթա (ինչն իրա­կա­նում այդպես չէ, բայց այդ պատկե­րա­ցումը նպա­տա­կաուղղված ամրապնդվել է, այդ թվում նաեւ սովե­տա­կան քարոզչության կողմից), ապա հոգե­բա­նո­րեն ցանկա­լի է դառնում առանձնացնել սեփա­կան պատմության գոնե մեկ տեւա­կան երջա­նիկ շրջա­նը: Երջանկությունը, իհարկե, հարա­բե­րա­կան հասկա­ցություն է, բայց փաստն այն է, որ Հայաստա­նը դարձել է Սովե­տա­կան միության մաս՝ որպես քաղա­քա­կա­նա­պես եւ ռազմա­կա­նա­պես պարտված ազգ, հետեւա­բար այնպի­սի միա­վոր, որի հետ հաղթո­ղը կարող է վարվել ըստ իր հայե­ցո­ղության, եւ որն ինքնուրույն որո­շե­լու եւ ընտրե­լու իրա­վունքից զուրկ է:

Բայց խնդի­րը միայն սա չէ: Այն, որ Հայաստա­նի զարգա­ցումը ոչ թե ինքնանպա­տակ էր սովե­տա­կան քաղա­քա­կա­նության տեսա­կե­տից, այլ ընդա­մե­նը մի կողմնա­կի արդյունք եւ երրորդա­կան, մնա­ցորդա­յին ենթանպա­տակ, նշա­նա­կում է նաեւ, որ այդ զարգացման ուղղություննե­րը, միջոցնե­րը, առաջնայնություննե­րը որոշվել են ոչ թե տեղա­կան պայմաննե­րին դրանց համարժե­քության հիմամբ, այլ լրիվ այլ՝ տեղա­կա­նից միանգա­մայն դուրս եւ օտար խնդիրնե­րով: Եվ սա բնա­կա­նա­բար ունե­ցել է իր շատ նյութա­կան, շոշա­փե­լի հետեւանքնե­րը:

Ճիշտ գնա­հա­տե­լու համար սովե­տա­կան արդիա­կա­նացման արդյունքնե­րը, ժառանգությունը, հետեւանքնե­րը, այդ թվում՝ այսօրվա վրա, ինչպես նաեւ ճիշտ հասկա­նա­լու համար դրանց հետ այսօր ինչպես վարվե­լը, պետք է ուրեմն քննարկենք ոչ միայն Սովե­տա­կան Հայաստա­նի զարգացման ձեռքբե­րումնե­րը, այլեւ՝ 1. կորուստնե­րը՝ ի վերջո կառուցե­լով ձեռքբե­րումնե­րի եւ կորուստնե­րի հաշվեկշի­ռը, 2. պատկե­րացնել Հայաստա­նի արդիա­կա­նացման այլընտրանքա­յին սցե­նարնե­րը, այսինքն՝ ինչպի­սին կարող էր լինել Հայաստա­նի զարգա­ցումը, եթե Հայաստա­նը մնար անկախ պետություն՝ ՍՍՀՄ-ից դուրս: 

Որպես կանոն՝ մեզա­նում այդ ճանա­պարհով չեն գնում: Վերցնում են միայն առա­ջին կետը՝ ձեռքբե­րումնե­րը, եւ թվարկե­լով մի քանի խորհրդանշա­կան փաստ եւ անուն՝ կառուցե­ցինք գործա­րաններ, մեծ քաղաքներ, ունե­ցանք Վիկտոր Համբարձումյան ու Տիգրան Պետրոսյան, գալիս են ակնհայտ եզրա­կա­ցության՝ Սովե­տա­կան Հայաստա­նը հայ ժողովրդի ծաղկման շրջանն էր: Ես շատ հեռու եմ, իհարկե, Սովե­տա­կան Հայաստա­նը օսմանյան տիրա­պե­տության տակ գտնվող Արեւմտյան Հայաստա­նի հետ համե­մա­տե­լուց (Սովե­տա­կան Հայաստանն իր բոլոր թերություննե­րով հանդերձ մեր հայկա­կան պետությունն էր, սահմա­նա­փակ ինքնիշխա­նությամբ, բայց կարեւոր հիմք այսօրվա անկախ պետության համար), բայց նման պարզա­միտ մեթո­դով կարե­լի է Օսմանյան կայսրությունն էլ հայե­րի ծաղկման շրջան հռչա­կել. չէ՞ որ ունե­ցանք Պետրոս Դուրյան, Գրի­գոր Զոհրապ, Դանիել Վարուժան, բազմա­թիվ հայ մեծա­հա­րուստներ, էլ չասած՝ օսմանյան կառա­վա­րության հայ անդամներ եւ այլն: Թուրքերն ի դեպ նման ծաղկման պատկեր փորձում են ներկա­յացնել:

Իրա­կան գնա­հա­տա­կան հնա­րա­վոր չէ ոչ միայն ձեռքբե­րումնե­րին զուգա­հեռ կորուստնե­րի ցանկի կառուցմա­նը, այլեւ առանց այլընտրանքա­յին սցե­նա­րի կառուցման:

Ընդ որում՝ ձեռքբե­րումներ-կորուստներ ցանկի կառուցումը ոչ թե ինքնանպա­տակ է, ասենք, արձա­նագրե­լու համար հերթա­կան անգամ, որ կյանքը բարդ է, որ Սովե­տա­կան Հայաստանն ունե­ցել է թերություններ ու առա­վե­լություններ, եւ ոչ էլ զուտ քանա­կա­կան-թվա­բա­նա­կան համե­մա­տության համար, այլ այսօր դրանցից բխող խնդիրնե­րի ախտո­րոշման համար: Մենք այսօր էլ ապրում ենք սովե­տա­կան արդիա­կա­նացման ստեղծած աշխարհում, դրա տված սահմաննե­րում: Այլ արդիա­կա­նա­ցում Հայաստա­նում չի էլ եղել, եւ մեծ հարց է՝ երբ կլի­նի: Ուրեմն սովե­տա­կան արդիա­կա­նա­ցումը մեզ համար ոչ թե անցյալ է՝ անցած-գնա­ցած, ինչպես հաճախ թվում է, այլ կենդա­նի ներկա, որի մեջ կանք:

Սովե­տա­կան Հայաստա­նի արդիա­կա­նացման ձեռքբե­րումնե­րը կարող է թվարկել երեւի ցանկա­ցած դպրո­ցա­կան՝ ընդհանրա­պես Սովե­տա­կան Հայաստա­նի ծաղկման մասին, եւ սովե­տա­կան արդիա­կա­նացման դրա­կան գնա­հա­տա­կա­նը հաղթած քարոզչա­կան պատմություն է: Այդ ձեռքբե­րումնե­րից են արդյունա­բե­րության ստեղծումը, շինա­րա­րությունը, անգրա­գի­տության վերա­ցումը, բնակչության աճը եւ այլն: Սրանք շատ յուրա­հա­տուկ բաներ չեն, այլ բնո­րոշ են ցանկա­ցած արդիա­կա­նացման:

 Սովե­տա­կան արդիա­կա­նացման հետեւանք կորուստնե­րի մասին նույնպես որոշ չափով խոսվում է, բայց նախ՝ խոսակցությունն ակնհայտո­րեն ամբողջա­կան չէ եւ ներա­ռում է միայն մի քանի մակե­րե­սա­յին իրո­ղություն, եւ երկրորդ՝ այդ խոսակցություններն այդքան էլ մոդա­յիկ չեն այլեւայլ հանգա­մանքնե­րի բերմամբ: Կորուստնե­րի ցանկի մեջ հիմնա­կա­նում հիշա­տակվում են ստա­լինյան ռեպրե­սիա­նե­րը, որոնք էլ ընկալվում են թեեւ ցավա­լի, բայց ի վերջո ժամա­նա­կա­վոր եւ անցո­ղիկ երեւույթ: Քանի որ դրանք դատա­պարտվել են դեռեւս հենց Սովե­տա­կան միությունում, ապա վաղուց ի վեր դարձել են սովե­տի մասին ընդհա­նուր պատմության մաս՝ «Եղել են մեզա­նում նաեւ առանձին թերա­ցումներ»՝ սովե­տա­կան հայտնի ոճա­բա­նությամբ ու տրա­մադրությամբ: Ի դեպ, բավա­կա­նին զավեշտա­լի է, բայց նույնիսկ այսօր Հայոց պատմության պաշտո­նա­կան՝ ակա­դե­միա­կան հատորյակնե­րի շարադրանքում ստա­լինյան ռեպրե­սիա­նե­րը նկա­րագրվում են ճիշտ նույն լեզվով ու ոճով, ինչ այդ պատումը սահմանվել է Խրուշչո­վի ելույթնե­րում: Օրի­նակ՝ սովե­տա­կան պաշտո­նա­կան լեզվի անբո­վանդակ «անհա­տի պաշտա­մունքի տարի­ներ» եզրը, որը գիտա­կան շարադրանքում հանդի­պել որպես լուրջ ձեւա­կերպում՝ տիպիկ սովե­տա­կան անհե­թե­թություն է, լայնո­րեն կիրառվում է ժամա­նա­կա­կից շարադրանքում:

Փորձենք այժմ կառուցել կորուստնե­րի մի նախնա­կան ցանկ.

1. վերնա­խա­վե­րի «ջախջա­խում»: Սրա մեջ մտնում են արդեն հիշա­տակված ստա­լինյան ռեպրե­սիա­նե­րը, բայց ոչ միայն դրանք:

1.1. 1920-ականնե­րին երկրից տարագրվեց կարող մարդկանց՝ քաղա­քա­կան գործիչնե­րի, զինվո­րա­կաննե­րի, մտա­վո­րա­կաննե­րի, գրողնե­րի մի զգա­լի հատված: Այսօր դա շատե­րին կարող է երկրորդա­կան փաստ թվալ, բայց հայ ազգի համար կրթված խավում նույնիսկ ոչ ամե­նա­մե­ծա­քա­նակ կորուստը լուրջ եւ անդառնա­լի է: Եթե մի կողմ թողնենք դեռ քաղա­քա­կան ֆիգուրնե­րին, ապա Ահա­րոն Ավե­տիսյա­նը, Լեւոն Շանթը, Նիկոլ Աղբալյա­նը եւ մյուսնե­րը կարող էին եւ պետք է մեծ դեր ունե­նա­յին Հայաստա­նի արդիա­կա­նացման մեջ: Սրանց մի մասը միայն վերա­դարձավ, ինչպես Ավե­տիք Իսա­հակյա­նը: Եվ հենց նրա օրի­նա­կով էլ կարե­լի է պատկե­րացնել, թե որքան ենք կորցրել, եթե մեկ վերա­դարձած Իսա­հակյանն այդքան մեծ պատիվ ունե­ցավ: Այս մարդկանց բացա­կա­յությունը Հայաստա­նից նշա­նա­կում է բազմա­թիվ մշա­կութա­յին արժեքնե­րի կորուստ, որոնք կարող էին ստեղծվել, եթե նրանք մասնա­կից լինեին Հայաստա­նի կյանքին:

1.2. Երկրում մնա­ցած մտա­վո­րա­կան ուժը՝ գիտնա­կաններ, գրողներ, նկա­րիչներ եւ այլն, զրկված էին ազա­տո­րեն ստեղծա­գործե­լու հնա­րա­վո­րությունից հայտնի պատճառնե­րով: Կարե­լի է միայն պատկե­րացնել, թե ինչ արժեքներ կարող էր ստեղծել հայ մտա­վո­րա­կա­նության այդ լավա­գույն եւ այլեւս երբեք չկրկնված սերունդը, եթե չլի­ներ ազա­տության այդ սահմա­նա­փա­կումը:

1.3. Բուն ստա­լինյան եւ մինչ այդ եղած ռեպրե­սիա­նե­րը:

1.3.1 Քաղա­քա­կան գործիչնե­րի ոչնչա­ցում կամ աքսոր: Եթե ոչ բոլշեւիկ քաղա­քա­կան գործիչնե­րի մեծա­մասնությունը տարագրվե­լով դուրս մնաց Հայաստա­նի կյանքից, ապա հայ բոլշեւիկ քաղա­քա­կան գործիչնե­րի մեծ մասը (եթե չասենք ճնշող մեծա­մասնությունը) ոչնչացվեց 1937–38-ին, իսկ մի մասն էլ աքսորվեց ու այլեւս երբեք ակտիվ քաղա­քա­կան կյանքի, նույնիսկ այնքա­նով, որքա­նով հնա­րա­վոր է Սովե­տա­կան միության մեջ, չվե­րա­դարձավ: Երեւի ընթերցո­ղի համար անակնկալ չեն լինի այս տողե­րը. 1937‑ի հալա­ծանքներն ուղղված էին նախ բոլշեւիզմի դեմ, եւ Հայաստա­նը բացա­ռություն չէր: Հայաստա­նի հին բոլշեւիկնե­րի, բոլշեւիկյան առաջնորդնե­րի մեծ մասը կամ ոչնչացվել, կամ աքսորվել են այդ ընթացքում: Ընդ որում՝ խոսքը ե՛ւ կուսակցա­կան, ե՛ւ պետա­կան պաշտոններ զբա­ղեցնողնե­րի մասին է: Իհարկե, սա էլ ինչ-որ մեկին այսօր կարող է թվալ ոչ այնքան ողբերգա­կան փաստ: Բայց խնդի­րը բոլշեւի­կը կամ մենշեւի­կը չէ, խնդիրն այն է, որ ոչնչացվել է ազգա­յին վերնա­խա­վի եւս մեկ շերտ, եւ այդ ոչնչա­ցումից հետո Հայաստա­նում փաստո­րեն վերա­նում է քաղա­քա­կան վերնա­խավն ընդհանրա­պես: Հաջորդներն արդեն պետք է համարվեն ոչ թե քաղա­քա­կան, այլ կառա­վա­րա­կան վերնա­խա­վեր (սրա­նով չենք ուզում վիրա­վո­րած լինել որեւէ մեկին, պարզա­պես արձա­նագրում ենք): Հայ բոլշեւիկնե­րի ոչնչացմամբ ավարտին հասցվեց ինքնուրույն հայկա­կան քաղա­քա­կան վերնա­խա­վի մի ամբողջ սերնդի պատմություն:

Քաղա­քա­կան վերնա­խա­վերն անկա­խություն չունե­ցող ազգե­րի մեջ այդքան էլ հեշտ չեն ձեւա­վորվում, դա թանկ ու բարդ գործընթաց է: Հայկա­կան քաղա­քա­կան վերնա­խա­վե­րը սկսե­ցին ձեւա­վորվել 1880-ականնե­րից, մոտ երկու-երեք սերունդ գործիչ հասցրին տալ եւ իրենց բոլոր սխալնե­րով հանդերձ բավա­կա­նա­չափ փորձ էին կուտա­կել (իսկ քաղա­քա­կան իմաստնությունը գալիս է փորձով, եւ հազվա­դեպ է լինում, երբ գործիչնե­րի հենց առա­ջին սերունդը բավա­կա­նա­չափ քաղա­քա­կան իմաստնություն է ունե­նում): Այդ փորձը ոչնչացվեց, եւ հաջորդ սերունդնե­րին գրե­թե չփո­խանցվեց, ինչը լուրջ խզում էր ազգա­յին պատմության մեջ: Որքան էլ զարմա­նա­լի է, բայց հայ բոլշեւիկնե­րի ոչնչա­ցումը Հայաստա­նի քաղա­քա­կան անկա­խության ոչնչացման վերջին գործո­ղությունն էր: Պատա­հա­կան չէ Չարենցի բանաստեղծա­կան շարքի անվա­նումը՝ նվիրված զոհված Խանջյա­նին՝ «Դոֆի­նը նաի­րա­կան»:

1.3.2 Մտա­վո­րա­կաննե­րի ոչնչացման եւ աքսո­րի գինը երեւի չարժի ապա­ցուցել անգամ, չնա­յած զգա­ցո­ղություն ունեմ, որ նույնիսկ այդ փաստը մարդիկ հակված են թերարժեւո­րել: Ինձ թվում է՝ շատե­րը մտա­ծում են՝ դե իհարկե, լավ բան չի եղել, բայց ամեն դեպքում ընդա­մե­նը մի անգամ է եղել, մի քանի մարդ են գնդա­կա­հա­րել, ճիշտ է, շատ հնչեղ անուննե­րով՝ Չարենց, Բակունց, Թոթո­վենց, մի քանի­սին էլ Մահա­րու նման աքսո­րել են, բայց բոլո­րին չեն ոչնչացրել (շնորհա­կա­լություն մեծ Առաջնորդին), հետո հնե­րի փոխա­րեն մտա­վո­րա­կաննե­րի նոր սերունդներ են եկել: Կորուստ է, բայց տանե­լի:

Մտա­վո­րա­կաննե­րի եւ գործիչնե­րի սերունդնե­րը համարժեք չեն միմյանց: Որքան էլ հարգեմ, օրի­նակ, 1960-ականնե­րին ստեղծա­գործող հայ գրողնե­րին, նրանց ստեղծած արժեքնե­րի համա­գումա­րը, չեմ կարող մոտ անգամ համա­րել 20-րդ դարի սկզբին հայե­րեն ստեղծա­ծի համա­գումա­րին: Մտա­վո­րա­կաննե­րը, որոնք գլխատվե­ցին 1915-ին ու 1937-ին, լավա­գույն սերունդներն էին, որոնց նմա­նը հայոց նոր պատմության մեջ ոչ մինչ այդ է եղել, ոչ էլ հետո եղավ: Որովհե­տեւ մտա­վո­րա­կան սերունդնե­րի ձեւա­վո­րումն էլ բարդ գործընթաց է, որը ենթադրում է բազմա­թիվ եզա­կի գործոննե­րի համընկնում:

Հարցն այն չէ նույնիսկ, որ ոչնչացվել են լավա­գույն սերնդի միանշա­նակ լավա­գույն ներկա­յա­ցուցիչնե­րը, այն էլ՝ ծաղկուն տարի­քում, այլ այն, որ ոչնչացվել է նրանց հետ անկրկնե­լի հնա­րա­վո­րություննե­րի մի ամբողջ շտե­մա­րան: Ինչե՜ր կստեղծեր դեռ 40‑ը նոր բոլո­րած Չարենցը, 40-ին նույնիսկ չհա­սած Վարուժա­նը եւ այլն, եւ այդ ինչերն իրենց հերթին ինչի՞ հիմք կդառնա­յին, ի՞նչ նոր ավանդույթներ կձեւա­վորվեին, որոնք երբեք չեն ձեւա­վորվել՝ սա է հարցը: Ազգա­յին մշա­կույթի ստեղծումը, ավանդությունը մեխա­նի­կա­կան գործընթացներ չեն, այլ ստեղծա­գործա­կան: Շղթան ընդհատվում է, նրա հետ անհետ կորչում են բազմա­թիվ հնա­րա­վո­րություններ, որոնք այլեւս երբեք չեն լինե­լու:   

2.Ավանդական ինստի­տուտնե­րի իսպառ ոչնչա­ցում, նոր՝ արդիա­կան ինստի­տուտնե­րի ձեւա­կան բնույթ:

Սա կարեւո­րա­գույն թեմա է, որը, որքան գիտեմ, չի ուսումնա­սիրվել մեզա­նում:

Ընդհանրա­պես ցանկա­ցած արդիա­կա­նացման արդյունքնե­րից է ավանդա­կան հանրա­յին ինքնա­կազմա­կերպման կառույցնե­րի թուլա­ցումը եւ նորե­րի ձեւա­վո­րումը: Բայց սովե­տա­կան արդիա­կա­նացման առանձնա­հատկությունն այն է, որ ավանդա­կան ինքնա­կազմա­կերպման ինստի­տուտնե­րը ոչ թե պարզա­պես թուլա­ցել են, այլ իսպառ ոչնչացվել են, իսկ դրանց փոխա­րեն ստեղծված նորե­րը իրա­կա­նում չեն գործել:

Ինչի՞ մասին է խոսքը: Ցանկա­ցած հասա­րա­կություն կազմված է մի քանի մակարդա­կով՝ անհա­տից մինչեւ պետա­կան ապա­րատ: Որպես կանոն՝ անհա­տի եւ պետության հարա­բե­րություննե­րի միջա­կայքում առկա են հանրա­յին ինքնա­կազմա­կերպման այլեւայլ ձեւա­չա­փեր, որոնք միջնորդում են անհատ-պետություն հարա­բե­րությունը: Դա հենց քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կությունն է բառի բուն իմաստով, այլ ոչ թե այն, որն օգտա­գործվում է այսօր մեզա­նում (իբրեւ ՀԿ սեկտոր կոչվա­ծի կամ էլ ավե­լի լայն «առա­ջա­դեմ քաղա­քա­ցի­նե­րի» հոմա­նիշ): Ավանդա­կան հանրությունում միջնորդի դերում են գյուղա­կան համայնքնե­րը (ոչ թե այսօրվա ֆորմալ, այլ հին իմաստով՝ որպես գյուղա­ցի­նե­րի ինքնա­կազմա­կերպման եւ համա­տեղ սեփա­կա­նություն), արհեստա­վորնե­րի համքա­րություննե­րը, եկե­ղե­ցա­կան համայնքնե­րը (գործող, ոչ թե անվա­նա­կան, այդ թվում՝ ոչ միայն կրո­նա­կան գործա­ռույթնե­րով, օրի­նակ՝ կրթա­կան), նաեւ ավանդա­կան տոնե­րը եւ այլն: Արդիա­կա­նա­ցումը որպես կանոն փոխա­րի­նում է այս ձեւա­չա­փե­րը նորե­րով՝ կուսակցություններ, արհմիություններ, հասա­րա­կա­կան կազմա­կերպություններ եւ այլն: Բայց նույնիսկ, այսպես կոչված, առա­վել զարգա­ցած երկրնե­րում ավանդա­կա­նի այս կամ այն չափի ամուր մնա­ցորդնե­րը նույնպես պահպանվում են կամ ձեւա­փոխվում: 

Սովե­տա­կան արդիա­կա­նա­ցումը, ինչպես նշե­ցինք, իսպառ վերացնում է ավանդա­կաննե­րը, իսկ դրա փոխա­րեն ստեղծված արդիա­կաննե­րը կրում են ձեւա­կան բնույթ: Սովե­տա­կան միա­կուսակցա­կան համա­կարգը, այդ համա­կարգին լիո­վին ենթա­կա արհմիություննե­րը եւ հասա­րա­կա­կան կազմա­կերպություննե­րը չեն կատա­րում իրենց միջնորդման գործա­ռույթը, այլ հակա­ռա­կը, հավելյալ գործիք են ծառա­յում անհատնե­րի պետա­կան վերահսկման համար:

Հանրա­յին բազմա­հարկ կառուցվածքի ոչնչա­ցումը սովե­տա­կան արդիա­կա­նացման կողմից այնքան լիա­կա­տար է, որ մենք նույնիսկ չենք գիտակցում այդ խնդի­րը, չենք գիտակցում, որ Հայաստա­նի արմա­տա­կան, հիմնա­րար խնդիրնե­րից մեկն այն է, որ պետությունից դուրս հանրա­յին կազմա­կերպման միակ միա­վորն ընտա­նիքն է: Մենք այս վիճա­կը միամտա­բար սիրում ենք վերագրել մեր պատմությա­նը՝ իբր պետություն չենք ունե­ցել, դրա համար ընտա­նի­քից դուրս բան չենք ճանա­չում: Իրա­կա­նում խնդի­րը ոչ թե մեր պետություն ունե­նալ-չունե­նալն է, այլ որ ընտա­նի­քից զատ մնա­ցած հանրա­յին ձեւա­չա­փերն այնպես են արմա­տա­խիլ արվել, որ նույնիսկ հուշ չի մնա­ցել նրա­նից:

Ընդ որում՝ պետք է շեշտել, որ այս կորուստը եւս անդառնա­լի է: Ոչ ոք չի կարող վերա­կանգնել ավանդա­կա­նը. ավանդության ընդհա­տումը միշտ էլ անդառնա­լի է, իսկ վերա­կանգնման փորձե­րը՝ միշտ էլ թատե­րա­կան, արհեստա­կան, եւ ոչ ոք չի կարող պատկե­րացնել, թե արդիա­կա­նացման այլ տարբե­րա­կում ավանդա­կան ձեւա­չա­փերն ինչ ձեւա­փո­խումներ կկրեին եւ ինչպես կդառնա­յին մասը ժամա­նա­կա­կից հասա­րա­կության:

Բայց ոչ միայն ավանդա­կա­նը, արդիա­կա­նը նույնպես անհնար է կամ շատ բարդ է վերստեղծել: Օրի­նակ՝ ինչպե՞ս վերստեղծել այն ուղին, որն այսօր պետք է անցած լինեին իրա­կան գործող արհմիություննե­րը: Կամ ի՞նչ անել այն փաստի հետ, որ ավանդա­կան կուսակցություննե­րը Հայաստա­նից դուրս գոյություն ունե­ցած տասնամյակնե­րի ընթացքում չեն անցել այն բնա­կան ճանա­պարհը, որը պետք է անցնեին Հայաստա­նում: Սրանք երեւույթներ են, որոնք հնա­րա­վոր չէ հետ շրջել եւ արդյունքե­րը հետ ստա­նալ:

Այսօրվա Հայաստա­նում կան, ճիշտ է, կուսակցություններ, բայց դրանք թույլ են, այդ թվում այն պատճա­ռով, որ ստեղծվել են մի ժամա­նա­կում, երբ արդիա­կան բազմա­թիվ ձեւա­չա­փեր ճգնա­ժամ են ապրում, եւ մեր կուսակցություննե­րը, չունե­նա­լով տասնամյակնե­րի ավանդույթ, այդ համաշխարհա­յին միտմանն ավե­լի շեշտված զոհ են, քան այլ երկրնե­րում: Հասա­րա­կա­կան կազմա­կերպություննե­րի ճնշող մեծա­մասնությունը նույնպես ֆիկտիվ է: Դա չի նշա­նա­կում՝ որեւէ օգտա­կար գործ չեն անում: Պարզա­պես դրանք իրա­կան հասա­րա­կա­կան ինքնա­կազմա­կերպման ձեւեր չեն, այլ արեւմտյան գումարնե­րով Հայաստա­նում օգտա­կար կամ անօ­գուտ, կարեւոր չէ, ծրագրեր իրացնե­լու համար ստեղծված բիզնեսներ, օֆիսներ, որոշ դեպքում էլ՝ ոչ ֆորմալ քաղա­քա­կան կուսակցություններ:

Արդյունքում այսօր մենք փաստա­ցի հաշմանդամ հանրություն ենք՝ զուրկ որեւէ հանրության կառուցվածքում կարեւո­րա­գույն դեր ունե­ցող լիարժեք միջին հարկից. անհա­տի եւ պետության միջեւ գրե­թե բացա­կա­յում են լուրջ կազմա­կերպված միջնորդող օղակնե­րը: Եվ մենք չենք էլ գիտակցում դա որպես խնդիր:

Չեմ անդրա­դառնում այստեղ մյուս կարեւոր կորուստնե­րին, ոչ թե որովհե­տեւ ասե­լիք չկա, այլ որովհե­տեւ չեմ ցանկա­նում անվերջ երկա­րացնել գրածս: Այդ կարեւոր, բայց այստեղ բաց թողնվող խնդիրնե­րից են, օրի­նակ, մի քանի տասնամյակ մեկուսա­նա­լը մի կողմից՝ համաշխարհա­յին մշա­կութա­յին, հանրա­յին եւ քաղա­քա­կան գործընթա­ցից, մյուս կողմից՝ սեփա­կան ազգա­յին հիմքից: Նաեւ հայ ժողովրդի մասնակցությունը Երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմին, որը հանգեցրեց նոր՝ տասնյակհա­զա­րա­վոր զոհե­րի, առանց այդ էլ 20-րդ դարում բազմա­թիվ զոհեր տված ժողովրդի մեջ: Ցանկը կարե­լի է շարունա­կել, բայց մեր խնդի­րը տվյալ դեպքում ցանկի ամբողջա­կա­նա­ցումը չէ, այլ նախա­պատրաստումը այստեղ հետաքրքրող գլխա­վոր հարցի՝ կա՞ր արդյոք այլընտրանքա­յին զարգացման ճանա­պարհ, եթե Հայաստա­նը պահպա­ներ իր անկա­խությունը, եւ ի՞նչ զարգա­ցում կլի­ներ դա: Միայն համե­մա­տե­լով այդ այլընտրանքա­յին հնա­րա­վո­րությունը եղա­ծի հետ՝ կկա­րո­ղա­նանք ստույգ գնա­հա­տա­կան տալ սովե­տա­կան արդիա­կա­նացման ժառանգությա­նը եւ ախտո­րո­շել մեր այսօրվա խնդիրնե­րը: Եթե, օրի­նակ, քննությունը պարզի, որ անկախ Հայաստանն ի զորու չէր ինքնուրույն զարգա­նալ, սա մի բան է, իսկ եթե պարզվի, որ կարող էինք ունե­նալ այլընտրանքա­յին ճանա­պարհ, որի արդյունքում կստա­նա­յինք մոտա­վո­րա­պես նույն ձեռքբե­րումնե­րը, բայց ավե­լի ցածր կորուստնե­րի գնով, ապա սա միանգա­մայն այլ հեռանկարներ է բացում:  

Շարունա­կե­լի 

Հեղի­նակ՝  Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

Նկա­րա­զարդող՝  Դավիթ Փարթամյան

Ձեւա­վո­րումը՝  Աննա Աբրա­համյա­նի,   Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝  Արա Թադեւոսյան

Նախագծի ձեւա­վորման համար օգտա­գործվել է Էմա­նուել Սարդարյա­նի լուսանկա­րը

Առնչվող Հոդվածներ