25.3 C
Yerevan

Այլընտրանքա­յին Պատմություն

Առա­ջին Հանրա­պե­տության այլընտրանքա­յին պատմությունը

 Մաս II. Հնարավո՞ր էր արդյոք հաղթել 
հայ-թուրքա­կան պատե­րազմում

Այս իրա­վի­ճա­կից լավա­գույնս կարող էր օգտվել տարա­ծաշրջա­նի այն ազգը, որն ուներ առա­վել մեծ քաղա­քա­կան պայքա­րի փորձ եւ ռազմա­կան ներուժ: Այդ ազգը միանշա­նակ հայն էին:

Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան 

Սրա­նից ուղիղ 100 տարի առաջ, 1919‑ը թվա­կան…

Այն մտել է պատմության մեջ որպես Հայաստա­նի առա­վել ծանր տարի­նե­րից մեկը՝ փողոցնե­րում սովից մահա­ցող տասնյակ հազա­րա­վոր արեւմտա­հայ փախստա­կաններ, անտուն որբե­րի «բանակ», ներքին պատե­րազմնե­րից արնա­քամ լինող երկիր, տնտե­սա­կան փլուզում…

Միա­ժա­մա­նակ սա այն տարին է, երբ հիմք է դրվում 20-րդ դարի Հայաստա­նին: 1919‑ի աշնա­նը Հայաստան է վերա­դառնում Ռուսաստա­նում արդեն մեծ հայտնիություն ունե­ցող ճարտա­րա­պետ, ակա­դե­մի­կոս Թամանյա­նը, հիմնադրվում է Հայաստա­նի համալսա­րա­նը, Նժդե­հը օգոստո­սին մեկնում է Ղափան…

Այս հակադրությունը ավե­րի ու նորի հիմնադրման որոշ չափով հայտնի պատմություն է:

Բայց 1919‑ն առանձնա­հա­տուկ է ոչ միայն դրա­նով:

Իր ավե­լի հայտնի «ընկերնե­րի»՝ 1918‑ի, 1920‑ի եւ մյուսնե­րի համե­մատ 1919‑ը ստվերված է, որովհե­տեւ այդ ժամա­նակ արտա­քուստ տեղի չեն ունե­ցել այն չափի աղմկա­լից իրա­դարձություններ, ինչպի­սիք են, ասենք, Սարդա­րա­պա­տի հաղթա­նա­կը կամ Կարսի անկումը: Բայց ես վստա­հություն ունեմ, որ կգա ժամա­նա­կը, երբ դեռ գոյություն չունե­ցող, բայց մի օր հաստա­տա­պես կազմա­վորվե­լիք նոր տիպի՝ հայաստա­նա­կենտրոն պատմա­գի­տությունն առանձնացնե­լու է 1919‑ը որպես հայոց նորա­գույն պատմության կարեւո­րա­գույն տարե­թիվ, գուցե նույնիսկ ավե­լի կարեւոր խորքա­յին իմաստով, քան 1918‑ը, 1920‑ը եւ նույնիսկ 1915‑ը: Ցավոք, այդ կարեւո­րության երանգը լինե­լու է հիմնա­կա­նում բացա­սա­կան: Որովհե­տեւ 1919‑ը եզա­կի հնա­րա­վո­րություննե­րի տարե­թիվ է, որոնք սակայն չեն օգտա­գործվել: Եվ երբ ասում եմ եզա­կի, ապա նկա­տի ունեմ եզա­կի ողջ մեր նորա­գույն պատմության մեջ՝ դրա­նից առաջ եւ հետո, եզա­կի, որպի­սին այսօրվա Հայաստա­նը չունի եւ հազիվ էլ ունե­նա:

 1919‑ը մեր նոր պատմության մեջ այն եզա­կի տարին էր, երբ տարա­ծաշրջա­նում ավանդա­բար գերիշխող երկու կայսրությունն էլ՝ թե´ Ռուսաստա­նը, թե՛ Թուրքիան, այսպես ասած, ժամա­նա­կա­վո­րա­պես բացա­կա­յում էին: Ճիշտ է, նրանց փոխա­րեն ժամա­նա­կա­վոր ներկա­յություն ունեին անգլիա­ցի­նե­րը, բայց դա այն լիարժեք ներկա­յությունը չէր, որը կարող էր փոխա­րի­նել հիշյալ «բացա­կա­նե­րին»: Իրա­նը, որը ժամա­նա­կին տարա­ծաշրջա­նա­յին երրորդ գերիշխողն էր, այդ շրջա­նում վաղուց ի վեր չուներ երբեմնի հզո­րությունն ու ազդե­ցությունը: Փաստա­ցի Կովկա­սը՝ Հարա­վա­յին եւ Հյուսի­սա­յին, մնա­ցել էր ինքն իր հետ՝ եզա­կի դեպք ոչ միայն նորա­գույն, այլեւ հին պատմության մեջ:

Այս իրա­վի­ճա­կից լավա­գույնս կարող էր օգտվել տարա­ծաշրջա­նի այն ազգը, որն ուներ առա­վել մեծ քաղա­քա­կան պայքա­րի փորձ եւ ռազմա­կան ներուժ: Այդ ազգը միանշա­նակ հայն էին: Մի քիչ գուցե իրա­տե­սա­կան չէ պահանջել դարե­րով ենթա­կա մի ազգից արագ կողմնո­րո­շում նման իրա­վի­ճակնե­րում, սակայն, մյուս կողմից այն, ինչ պետք է սկսվեր դեռ 1919-ին՝ ուժե­րի կենտրո­նա­ցում, արագ վճռա­կան գործո­ղություններ, որոշ չափով գիտակցվեց եւ իրացվեց Հայաստա­նի ղեկա­վար ուժի՝ Դաշնակցության կողմից 1920‑ի մայիս-սեպտեմբեր ամիսնե­րի ընթացքում, բայց արդեն լրիվ այլ՝ ուշա­ցած իրա­վի­ճա­կում, եւ դա էլ ոչ մինչեւ վերջ հետեւո­ղա­կան:  

1919-ին Հայաստա­նում հույսը դրել էին մեծ տերություննե­րի կողմից հայկա­կան խնդրի դիվա­նա­գի­տա­կան կարգա­վորման վրա, եւ սպա­սե­լով դաշնա­կիցնե­րի վճռին՝ ըստ էության պասիվ քաղա­քա­կա­նություն էին վարում՝ ժամա­նակ վատնե­լով փաստա­ցի պատե­րազմող եւ քայքայված երկրում պառլա­մենտա­կան դեմոկրա­տիա խաղա­լու վրա: Կոա­լի­ցիոն կառա­վա­րություններ էին կազմվում սալո­նա­յին, ոչ լայն ժողովրդա­կան շահեր ներկա­յացնող կուսակցություննե­րի մասնակցությամբ:

 ՄԻ ԽՈՍՔՈՎ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՔԱՂՔԵՆԻԱԿԱՆ «ԱԶԳԱՅԻՆ-ԼԻԲԵՐԱԼԻԶՄԸ», ԹԻՖԼԻՍՅԱՆ «ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ» ՏԱՐԵՐՔԻ ՄԵՋ ԷՐ: 

Մինչ արեւմտա­հայ փախստա­կաններն օրա­կան հարյուրնե­րով մահա­նում էին Երեւա­նի փողոցնե­րում, Հայաստա­նի տարածքի զգա­լի մասը վերահսկվում էր թուրքա­կան ապստամբնե­րի կողմից, որոնց դեմ կառա­վա­րությունը գրե­թե որեւէ վճռա­կան գործո­ղության չէր դիմում, մինչեւ 1920‑ի գարունը եւ ամա­ռը, իսկ որոշ կիսա­քայլե­րի դիմե­լու դեպքում անմի­ջա­պես քննա­դա­տության էր ենթարկվում սալո­նա­յին կուսակցություննե­րի կողմից: Մինչդեռ ցեղասպա­նությունից փրկված մնա­ցորդնե­րի կորուստնե­րը կարե­լի էր էապես նվա­զեցնել, եթե արագ ու վճռա­կա­նո­րեն լուծվեր ապստամբ թուրքա­կան շրջաննե­րի հարցը, ինչպես որ Թալի­նի հարցի լուծմամբ 1918‑ի սկզբին փրկվեց սասունցի­նե­րի մնա­ցորդը: Ցեղասպա­նության մեկուկես միլիոն զոհե­րի թվի մի մասը նաեւ այս անպա­տասխա­նա­տու քաղա­քա­կա­նության արդյունքն է: Բոլո­րին չեն թուրքե­րը սպա­նել: Մի մասին էլ, ով փրկվել է թուրքից, ոչնչացրել է հայկա­կան քաղա­քա­կա­նության անգործությունը:

Սպա­սե­լով դաշնա­կիցնե­րի կողմից Արեւմտյան Հայաստա­նի հարցի լուծմա­նը՝ բաց թողե­ցինք ձեռքից Ռուսաստա­նի հայաբնակ շրջաննե­րի հողե­րի հավա­քումը, միա­վո­րումը: Եվ, ի դեպ, Արեւմտյան Հայաստանն էլ այն ժամա­նակ աշխարհի գերպաշտպանված տարածքը չէր. թուրքա­կան բանա­կը կիսա­քայքայված էր, քեմա­լա­կան շարժումը դեռ չկա­յա­ցած:

Հայաստա­նին պետք էր հեղա­փո­խա­կան կենտրո­նա­ցում, եթե կուզեք՝ դիկտա­տուրա եւ ազգա­յին ու սոցիա­լա­կան նպա­տակնե­րի արագ, վճռա­կան իրա­ցում, իսկ դրա փոխա­րեն մենք զբաղված էինք անտե­ղի դիվա­նա­գի­տությամբ եւ «լիբե­րա­լիզմով»: Սրա գինը ցայսօր ենք վճա­րում. Հայաստա­նի սահմաննե­րը, նաեւ հարեւաննե­րի հետ խնդիրնե­րը ժառանգությունն են 1919‑ի քաղա­քա­կա­նության: Ադրբե­ջա­նի հետ գուցե այսօր չունե­նա­յինք կոնֆլիկտ, եթե 19-ին հասցնեինք Ղարա­բա­ղի ու Նախի­ջեւա­նի հարցե­րը լուծել:

Անկախ Հայաստա­նի այլընտրանքա­յին պատմությունը ճիշտ կլի­ներ սկսել հենց այս կետից՝ 1919‑ի այլընտրանքից: Սակայն դա չափից ավե­լի մեծ ծավալ եւ ռեսուրս է պահանջում: Պետք է դիտարկել չափից ավե­լի շատ ոլորտնե­րին վերա­բե­րող սցե­նարնե­րը՝ քաղա­քա­կան կառուցվածք, արտա­քին հարա­բե­րություններ, բանակ, սոցիա­լա­կան ու դասա­կարգա­յին հարա­բե­րություններ: Պետք է նախա­պես տալ համա­պարփակ քննա­դա­տություն, հիմնա­վո­րել հնա­րա­վո­րություննե­րը, առանձին-առանձին դիտարկել Արեւելյան Հայաստա­նի եւ Արեւմտյան Հայաստա­նի խնդիրնե­րը: Դա կլի­ներ իդեա­լա­կան, սակայն այս պահին ոչ իրա­տե­սա­կան տարբե­րակ: Թերեւս մի ամբողջ գիրք պետք կլի­ներ գրել: Այդ պատճա­ռով կարեւոր համա­րե­լով նախանշել, անպայման արձա­նագրել 1919‑ի խնդրի գոյությունը, թեկուզ 100 տարի անց ձեւա­կերպել այն՝ կկա­ռուցեմ իմ այլընտրանքը, թեեւ պակաս ամուր, բայց այս պահին միակ հնա­րա­վոր հիմքի վրա՝ սկսե­լով 1920‑ի աշնա­նից:

Հնարավո՞ր էր արդյոք հաղթել 1920 թվի հայ-թուրքա­կան պատե­րազմում:

Ցանկա­ցած պատե­րազմում հաղթա­նա­կը պայմա­նա­վորված է նախ՝ քաղա­քա­կան, հետո միայն՝ զուտ ռազմա­կան հանգա­մանքնե­րով: Ռազմա­կան իմաստով 1920‑ի պատե­րազմն առա­ջին եւ վերջին դեպքն էր ամբողջ հայոց պատմության մեջ, երբ կանգնած էինք թուրքե­րի դեմ մոտա­վո­րա­պես հավա­սար ուժե­րով: Սա ամբողջ հայ ազգա­յին-ազա­տագրա­կան պայքա­րի գագաթնա­կետն էր, վճռա­կան պահը, ահեղ դատաստա­նը: Սա մի պահ էր, որի հնա­րա­վո­րության մասին հազիվ թե երա­զում էին նույնիսկ ազա­տագրա­կան պայքա­րի ամե­նաի­դեա­լիստ մասնա­կիցնե­րը՝ հայե­րը թուրքե­րի դեմ ոչ թե որպես ապստամբներ, ֆիդա­յի-պարտի­զաններ, այլ որպես կանո­նա­վոր բանակ կանո­նա­վոր բանա­կի դեմ: Ճիշտ է, հայկա­կան պետությունն ու հայկա­կան բանակն ընդա­մե­նը երկու տարե­կան էին, եւ երկի­րը դեռ կիսա­վեր վիճա­կում էր, բայց մեր դեմ կանգնած թուրքերն էլ ոչ թե երբեմնի հզոր կայսե­րա­կան զորքերն էին, այլ քառամյա մեծ պատե­րազմում ջախջախված, կազմա­լուծված, կանո­նա­վոր մատա­կա­րա­րում չունե­ցող բանա­կի մնա­ցորդ: Ավե­լին՝ հենց թուրքերն էին գոնե իրա­վա­կան տեսա­կե­տից այս անգամ ապստամբի դերում, քանի որ քեմա­լա­կան կառա­վա­րությունը միջազգա­յին ճանա­չում չուներ, դե յուրե խռո­վա­րարնե­րի մի խումբ էր հենց Օսմանյան կայսրության նկատմամբ, որի կենտրո­նա­կան կառա­վա­րությունը Պոլսում, գոնե ըստ ձեւի, չէր ճանա­չում քեմա­լա­կաննե­րի օրի­նա­կա­նությունը, իսկ Արեւմտյան Հայաստա­նի տարածքնե­րը միջազգա­յին ամե­նա­բարձր մակարդա­կով, աշխարհի առա­վել հզոր տերություննե­րի կողմից ճանաչված էին որպես Հայաստա­նի մաս 1920‑ի օգոստո­սին:

Ճիշտ է, շատ բարդ էր Հայաստա­նի ներքին ու արտա­քին քաղա­քա­կան իրա­վի­ճա­կը, բայց պակաս բարդ չէր նաեւ քեմա­լա­կաննե­րի­նը: Այդ հարցում էլ միմյանց դեմ հավա­սար ուժեր էին կանգնած: Կարող է մի քիչ միստիկ թվալ ասածս, բայց անկեղծո­րեն հավա­տում եմ, որ համաշխարհա­յին պատմության մեջ ամեն բան արդար է: Պարզա­պես այն արդա­րությունը, որն ունի աշխարհը, տարբեր է մեր կողմից պատկե­րացրած արդա­րությունից: Այդ արդա­րությունը հիմնված է ուժա­յին փիլի­սո­փա­յության վրա: Պատմության տեսա­կե­տից արդար է ուժե­ղը, ինչպես եւ բնության տեսա­կե­տից: Դա ոչ լավ է, ոչ վատ, պարզա­պես պատմությա­նը, ինչպես նաեւ բնությա­նը «հետաքրքիր է» ավե­լի ու ավե­լի ուժեղ «տեսակնե­րի» կայա­ցումը, ուժի, հզո­րության անընդհատ ավե­լա­ցումը, «բուծումը»: Սա է միակ մեծ դասը, որ կարե­լի է քաղել թե´ բնության, թե´ մարդկության պատմությունից: Եվ պատմությունը ստեղծում է հնա­րա­վո­րություններ ուժի հայտ ներկա­յացնողնե­րին: Դրա համար ես հավա­տում եմ հին աստվածնե­րին, հավա­տում եմ Վահագնին ոչ թե բառա­ցի իմաստով, այլ որպես բնա­կան եւ պատմա­կան ընթացքնե­րը, օրի­նա­չա­փություննե­րը խորհրդանշող, բացատրող ուժե­րի անվա­նումնե­րի:

Վահագնը կամ աստվածնե­րից որեւէ մեկը հայ ազգին տվեց հնա­րա­վո­րություն՝ չափե­լու ուժե­րը իր հիմնա­կան հակա­ռա­կորդի հետ՝ ի հատուցումն այն բանի, որ հայ ազգն ուժի հայտ ներկա­յացրեց ազա­տագրա­կան պայքա­րով: Ավե­լի աշխարհիկ լեզվով ասած՝ այն հավատքը, այն ջանքը, այն զոհա­բե­րությունը, որը ներդրվեց մեր ազա­տագրա­կան պայքա­րի մեջ, տվեց իր արդյունքը, ստա­ցավ իր մարմնա­վո­րումը որպես 1920 թվին թուրքե­րի դեմ հավա­սա­րը հավա­սա­րի կռվի հնա­րա­վո­րություն: Դա պետք է լիներ վերջին փորձությունը, որն անցնե­լուց հետո մեր պայքա­րը պսակվե­լու էր վերջնա­կան հաղթա­նա­կով, որից հետո արդեն կանցնեինք հաջորդ «դասա­րան» եւ կզբաղվեինք մեր պետության ներքին կառուցմամբ: Մենք ունեինք հնա­րա­վո­րություն 20-րդ դարում լինե­լու այլ պետություն եւ այլ «կլա­սի» ազգ՝ ավե­լի մեծ տարածքով, ավե­լի մեծ ռեսուրսնե­րով, ավե­լի մեծ բնակչությամբ, տասնամյակնե­րի անկա­խությամբ, աշխարհի հզոր պետություննե­րի հնա­րա­վոր դաշնակցությամբ եւ, ի դեպ, առանց հարեւան Թուրքիա­յի հետ հիմնա­րար խնդիրներ ունե­նա­լու (Ցեղասպա­նության ճանաչման խնդի­րը չէր լինե­լու, քանի որ Մեծ եղեռնի փոխհա­տուցումը հենց մեր հաղթա­նակն էր լինե­լու): Մենք այն հնա­րա­վո­րությունը չօգտա­գործե­ցինք եւ հիմա ունենք այն, ինչ ունենք, եւ այնքան, որքան արժա­նի ենք, որքան ներել են մեր ուժե­րը:

ԵԹԵ ԱՅՍՕՐՎԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ, ԱՊԱ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՉՄՈՌԱՆԱՆՔ, ԿԱՐՍԻ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ Է:

Բայց չեմ ուզում նաեւ անարդա­րություն գործած լինենք նախորդ սերունդնե­րի նկատմամբ: Այո´, ուժե­րը մոտա­վո­րա­պես հավա­սար էին: Բայց թուրքերն ունեին մի վճռո­րոշ առա­վե­լություն մեր նկատմամբ: Չեմ ուզում ասել, թե պետություն ունե­նա­լու դարա­վոր ավանդույթն է, որովհե­տեւ այս ձեւա­կերպումը նախ շատ մաշված է եւ բովանդա­կությունը կորցրած, երկրորդ՝ ինքնին շատ վերա­ցա­կան է, քանի որ խոսքը պետք է լինի ոչ թե պետության մասին ընդհանրա­պես, այլ մասնա­վո­րա­պես քաղա­քա­կան ու ռազմա­կան ավանդույթ ունե­նա­լու մասին: Օրի­նակ՝ քրդերն էլ պետությունից զուրկ ազգ են, ընդ որում՝ ի տարբե­րություն հայե­րիս՝ թագա­վո­րություն երբեք չեն էլ ունե­ցել, բայց ռազմա­կան եւ իշխա­նա­կան լուրջ ավանդույթ ունե­ցող ազգ են: 1920 թվին պատե­րազմը վարող թուրք զինվո­րա­կա­նության կողմից այդ ավանդույթով ձեւա­վորված մտա­ծո­ղությունն ու հոգե­բա­նությունն էր, որը նման տեւա­կան ավանդույթնե­րի դեպքում վերածված է լինում գրե­թե բնազդի, ավտո­մա­տիզմի: Դա աշխարհի ուժա­յին օրենքն ընկա­լե­լու բնազդն է եւ այդ ընկա­լումը կոնկրետ իրա­վի­ճակնե­րում գրե­թե առանց մտա­ծե­լու, ինքնա­բե­րա­բար, ավտո­մատ կիրա­ռե­լու կարո­ղությունը:

Հայկա­կան վերնա­խա­վը շատ քիչ չափով ուներ նույնից: Հայկա­կան վերնա­խա­վի մեծ մասը մոդեռնի դարաշրջա­նի մտա­վո­րա­կաններ էին կամ Թիֆլի­սի քաղքե­նի­ներ (բառիս ոչ թե արհա­մարհա­կան, այլ բուն իմաստով՝ քաղա­քաբնակ խավ), որոնք՝ որպես իրենց դասի ներկա­յա­ցուցիչներ, գործում էին համա­ձայն մակե­րե­սա­յին լուսա­վորչա­կան կրթությամբ ձեւա­վորված գիտակցության, որի համար պատմության, քաղա­քա­կա­նության, աշխարհի օրենքն այն է, ինչ գրված է գրքե­րում եւ քարոզված ամբիոննե­րից: Մեր վերնա­խա­վի միայն մի փոքր մասը՝ այն, որ ուներ բուն հեղա­փո­խա­կան, զինված պայքա­րին ընդհա­տակյա գործունեությա­նը մասնակցե­լու փորձ, որոշ չափով միայն կարո­ղա­ցել էր ձեւա­վո­րել մեծ պայքարնե­րի համար անհրա­ժեշտ ոչ գրքա­յին գիտակցությունը, որը ներա­ռում է մարդու հոգե­բա­նության ամբողջությունը՝ գիտակցության վերջին շերտե­րից մինչեւ զգացմունքներ ու բնազդներ: Բայց այդ, ընդա­մե­նը մեկ-երկու սերնդի փորձը, ի հակադրություն թուրքա­կան դարա­վոր ավանդույթի, իհարկե թույլ էր:

Գանք նաեւ մյուս տարբե­րություննե­րին:

Քեմա­լա­կան թուրքա­կան բանա­կը, ասա­ցինք, պարտված, կազմա­լուծված կայսրության երբեմնի մեծ զորքի մնա­ցուկ էր, այն էլ՝ դե յուրե ապստամբ խռո­վա­րար ոչ միայն աշխարհա­կարգի, այլեւ սեփա­կան պետության նկատմամբ: Այս թույլ դիրքում կար սակայն եւ առա­վե­լություն՝ այն, ինչ Նժդե­հը կոչում է վճռա­կան մենա­կի դիրք: Պատկե­րացնե­լու համար, թե ինչ էր քեմա­լա­կան շարժումը, մի օրի­նակ բերենք: Ենթադրենք մի օր աշխարհի հզոր պետություննե­րի մեծ մասը ճանա­չում է Արցա­խի անկա­խությունը միջազգա­յին մեծ պայմա­նագրի շրջա­նա­կում: Ավե­լին՝ Ադրբե­ջա­նի կառա­վա­րությունն էլ է ճանա­չում Արցա­խի անկա­խությունը եւ ստո­րագրում պայմա­նագրի տակ: Բայց ադրբե­ջա­նա­կան մի գնդա­պես Քյուրդա­միր քաղա­քում բարձրացնում է ապստամբության դրո­շը, դեմ է դուրս գալիս միջազգա­յին պայմա­նագրին, իր շուրջն է հավա­քում որոշ քանա­կով զինված ուժ եւ հայտա­րա­րում, որ երբեք չի ճանա­չե­լու Արցա­խի անկա­խությունը: Ահա, մոտա­վո­րա­պես սա էր քեմա­լա­կան շարժումը: Ճիշտ է, օրի­նա­կը գուցե շատ չոր է: Քեմալն ուներ կարեւոր դաշնա­կից՝ Սովե­տա­կան Ռուսաստա­նը: Բայց այդ գործոնն էլ չարժի գերագնա­հա­տել, ինչպես հաճախ անում ենք: Սովե­տա­կան Ռուսաստա­նը դեռ կիսա­քանդ, մի քանի ճակա­տով պատե­րազմ վարող, միջազգա­յին ճանա­չում չունե­ցող, կիսա­քաղց եւ ամե­նեւին ոչ ամե­նա­կա­րող զինուժով պետություն էր: Եվ ամե­նա­կա­րեւո­րը՝ Սովե­տա­կան Ռուսաստանն էլ երբեք օգնության ձեռք չէր մեկնի Քեմա­լին, եթե ի սկզբա­նե չլի­ներ նրա վճռա­կան մենա­կի քայլը: Եվ ավե­լին՝ չէր օգնի եւ չէր կարո­ղա­նա օգնել, եթե Քեմա­լը չտա­ներ իր հաղթա­նակնե­րը: Հենց հայ-թուրքա­կան պատե­րազմին Սովե­տա­կան Ռուսաստանն անմի­ջա­պես չմի­ջամտեց, այլ միայն դրա արդյունքնե­րով իր բանա­կը մտցրեց Հայաստան: Ընդհանրա­պես ռուսնե­րը խնդիր ունեն անմի­ջա­կա­նո­րեն կռվի մեջ ներգրավվել Հայաստա­նի դեմ հասկա­նա­լի պատճառնե­րով եւ նախընտրում են հայե­րի հետ հարցե­րը լուծել թուրքե­րի միջո­ցով:

Քեմա­լա­կան բանակն ուրեմն սա էր՝ իր թույլ եւ ուժեղ կողմե­րով:

Ի՞նչ էր հայկա­կան բանա­կը:

Իմ կարդա­ցած գրա­կա­նության մեջ լավա­գույնս այս հարցին անդրա­դարձել է Կարո Սասունին իր «Հայ-տաճկա­կան պատե­րազմում», ինչպես նաեւ Վահան Արծրունին համա­նուն գրքում:

Եթե ամփո­փենք այդ երկուսի ասածնե­րը եւ մի փոքր էլ գուցե խտացնենք գույնե­րը, ապա հայ-թուրքա­կան պատե­րազմում թուրքե­րի դեմ կռվում էր ոչ այնքան հայկա­կան, որքան ռուսա­կան բանա­կը: Հենց այստեղ էլ կարե­լի է տեսնել պարտության գլխա­վոր պատճառնե­րից մեկը: Ի՞նչ է նշա­նա­կում տվյալ դեպքում ռուսա­կան: Իհարկե, խոսքը բառա­ցիի մասին չէ, ոչ էլ նույնիսկ այն բանի, որ հայ սպա­նե­րի զգա­լի մասը ռուսա­խոս էին (դա տեխնի­կա­կան եւ լուծե­լի խնդիր է): Հարցն այդ բանա­կի գաղա­փա­րա­բա­նությունն է, մտա­ծո­ղությունը, ոճը եւ վերջա­պես՝ ռազմա­վա­րությունն ու մարտա­վա­րությունը: Հայկա­կան պետությունը հայկա­կան հեղա­փո­խության՝ ազգա­յին-ազա­տագրա­կան պայքա­րի ծնունդն էր, իսկ հայ բանա­կը՝ ոչ: Այն փաստա­ցի մի կտորն էր ռուսա­կան նախկին բանա­կի՝ համալրված ռուսա­հայ նախկին սպա­նե­րով: Դրանց մի մասը ոչ միայն շատ լավ մասնա­գետներ էին, այլեւ հայրե­նա­սեր մարդիկ: Մյուս մասը, ինչպես բանակնե­րից շատե­րում, միջա­կություններ էին, մեծ հաշվով ռոճի­կի դիմաց ծառա­յողներ: Բայց հարցը դա չէ, այլ այն, որ այդ մարդիկ կրո­ղը չէին հայկա­կան անկա­խության գաղա­փարնե­րի, չէին անցել հայկա­կան պայքա­րի ուղով, իսկ նրանց իմա­ցած կռիվ վարե­լու ձեւե­րը բնո­րոշ էին ոչ թե հանուն անկա­խության պայքար մղող հեղա­փո­խա­կան բանակնե­րին, այլ մեծ կայսրության կանո­նա­վոր զինված ուժին: Դրանք տարբեր են ե´ւ հոգե­բա­նո­րեն, ե´ւ ռազմա­վա­րա­կան ու մարտա­վա­րա­կան տեսա­կե­տից: Հայ-թուրքա­կան պատե­րազմը սովո­րա­կան կռիվ չէր երկու եվրո­պա­կան պետություննե­րի միջեւ, այլ հեղա­փո­խա­կան պատե­րազմ հանուն անկա­խության ու նույնիսկ կյանքի իրա­վունքի: Բայց գործի­քը, որը հայկա­կան կողմից մասնակցում էր այդ կռվին, հեղա­փո­խա­կան չէր, այսինքն՝ ժողովրդա­կան պայքա­րի բովով անցած չէր, դրա­նից ծնված չէր:

Իհարկե, հայկա­կան բանա­կում կային սպա­ներ եւ առանձին խմբեր, որոնք հենց ազա­տագրա­կան պայքա­րի ծնունդ էին, հեղա­փո­խա­կան ճանա­պարհ էին անցել: (Հայտնի պատմություն կա Դրո­յի մասին, որը՝ որպես ռուսա­կան բանա­կի կամա­վոր, երբ ընկնում է հոսպի­տալ, եւ երբ նրան այցե­լում է Նիկո­լայ ցարը ու հարցնում, թե որտե՞ղ է նա սովո­րել զինվո­րա­կան արվեստը, Դրոն պատասխա­նում է՝ հեղա­փո­խության մեջ):

Հարցն ուրեմն այն չէր, որ հայկա­կան բանա­կում չկար նաեւ հեղա­փո­խա­կան տարրը, այլ այն, որ երկու տարրե­րը՝ մասնա­գի­տա­կան եւ հեղա­փո­խա­կան, պայմա­նա­կան՝ ռուսա­կան եւ հայկա­կան ճիշտ կերպով ինտեգրված չէին իրար, ճիշտ բալանսի բերված չէին: (Ի դեպ, նմա­նա­տիպ իրա­վի­ճա­կում արդեն մեր ժամա­նակնե­րում՝ 1988–94թթ., երբ կազմա­վորվում էր մեր բանա­կը, կարծես հաջողվեց ավե­լի ճիշտ բալանս գտնել այդ նույն երկու տարրի միջեւ, թեեւ իրա­վի­ճակներն ունեն նաեւ էական տարբե­րություններ): Իսկ դա արդեն քաղա­քա­կա­նության խնդիր էր: Հայկա­կան բանա­կը ոչ միայն ինչ-որ իմաստով բաժանված, մինչեւ վերջ չինտեգրված երկու մասից էր բաղկա­ցած, եւ ոչ միայն դրա մասնա­գի­տա­կան՝ ռուսա­կան մասը գերա­կա­յում էր հեղա­փո­խա­կա­նի՝ հայկա­կա­նի նկատմամբ (սխալ բալանս), այլեւ փաստո­րեն տրված էր ինքն իրեն, քանի որ քաղա­քա­կան ղեկա­վա­րությունը, այդ թվում պաշտպա­նության նախա­րար Ռուբեն Տեր-Մինասյա­նը՝ հեղա­փո­խա­կան սպա եւ լավա­գույն թեկնա­ծու (Նժդե­հի հետ մեկտեղ) լինե­լու հայկա­կան Քեմա­լը շարունա­կում էր ղեկա­վարվել պրոֆե­սիո­նալ զինվո­րա­կաննե­րի գործե­րին չմի­ջամտե­լու սկզբունքով:

Իսկ դա արդեն ոչ միայն ռազմա­կան, այլեւ ընդհա­նուր քաղա­քա­կա­նության թերի­նե­րի արտա­ցո­լումն էր: Չնա­յած 1920‑ի մայի­սին նախկին՝ կազմով կոա­լի­ցիոն, իսկ քաղա­քա­կան մարտա­վա­րությամբ՝ «դիվա­նա­գի­տա­կան» (ոչ հեղա­փո­խա­կան) կառա­վա­րության փոխա­րեն ստեղծվեց վերջա­պես ավե­լի կենտրո­նացված միա­կուսակցա­կան՝ Բյուրո-կառա­վա­րություն, այսինքն՝ քայլ արվեց դեպի երկրի հեղա­փո­խա­կան կառա­վա­րում արտա­կարգ իրա­վի­ճա­կում, սակայն, միեւնույն է, լիարժեք դրսեւո­րում հեղա­փո­խա­կան միտումը չստա­ցավ:

Եթե համե­մա­տե­լու լինենք Սարդա­րա­պա­տի ճակա­տա­մարտի հետ, ապա պետք է առի­թը բաց չթողնենք նշե­լու, որ Սարդա­րա­պա­տի հաղթա­նա­կը հնա­րա­վոր եղավ միայն ու միայն այն պատճա­ռով, որ ռազմա­կան գործո­ղություննե­րը նախա­պես՝ երկու-երեք ամսվա ընթացքում պատրաստվեց քաղա­քա­կան կազմա­կերպված ջանքի, ղեկա­վարման եւ քարոզչության շնորհիվ, որի գլուխն էր Արամ Մանուկյա­նը, «Աշխա­տանք» թերթը, որը վերածվեց ժողովրդա­կան հրա­պա­րա­կա­յին շարժման եւ ի վերջո Արա­մին կարգեց դիկտա­տոր: Ցավոք, մեր պատմա­գի­տությունը քիչ ուշադրություն է դարձնում այս հանգա­մանքին (փաստա­կան բավա­կա­նին լավ նկա­րագրություն կա Ա‑Դոյի «Հայության զարթոնքը» գրքում)՝ հերթա­կան անգամ պատմության փոխա­րեն մի «հեքիաթ» մատուցե­լով այն մասին, թե ինչպես անընդհատ նահանջող ու պարտվող հայկա­կան զորքը հանկարծա­կի ուշքի եկավ Սարդա­րա­պա­տի տակ եւ հաղթեց: Այդպի­սով հայ ժողովրդից հերթա­կան անգամ ակա­մա­յից թաքցվում է հաղթա­նա­կի գաղտնի­քը՝ քաղա­քա­կան կամքը, ղեկա­վա­րումը, կազմա­կերպումը:

Դարձանք ի շրջանս յուր: Հայ-թուրքա­կան պատե­րազմում հաղթե­լու համար պետք էր նախնա­կան լայն քաղա­քա­կան աշխա­տանք. սկսած դեռեւս 1919 թվա­կա­նից՝ Հայաստա­նը պետք է ղեկա­վարվեր հեղա­փո­խա­կան, այլ ոչ թե սովո­րա­կան տրա­մա­բա­նությամբ: Այստեղ նորից կանգ առնենք եւ վերա­դառնանք խնդրի ռազմա­կան կողմին:

Հայ-թուրքա­կան պատե­րազմի հենց բուն ընթացքը կարծես վկա­յում է այն բանի մասին, որ մեզա­նում ինչ-որ պահից ավանդա­կան դարձած այն պատկե­րա­ցումնե­րը, թե թուրքերն ի սկզբա­նե ունեին այդ պատե­րազմում վճռա­կան նպա­տակներ ու առա­վե­լություն, կասկա­ծի արժա­նի են: Ցավոք, չեմ տիրա­պե­տում խնդրի վերա­բերյալ թուրքա­կան աղբյուրնե­րին, բայց գոնե կասկա­ծե­լու համար բավա­կան են հայկա­կաննե­րը:

Այսպես, 1920 թվի սեպտեմբե­րի վերջին թուրքե­րը գրա­վում են Սարի­ղա­միշն ու Մերդե­նե­կը: Այս գծի վրա կանգ են առնում մոտ մեկ ամիս՝ հնա­րա­վո­րություն տալով հայկա­կան կողմին մոբի­լի­զացնել ուժե­րը Կարսում եւ պատրաստել հոկտեմբե­րի կեսի եւ վերջի հակա­հարձա­կումնե­րը, որից հետո միայն թուրքե­րը գրո­հում են Կարսի ուղղությամբ եւ գրա­վում այն: Զուտ ռազմա­կան տեսա­կե­տից (եթե դեռ մի կողմ թողնենք քաղա­քա­կան հանգա­մանքնե­րը) սա շատ տարօ­րի­նակ պահվածք է վճռա­կան առա­վե­լություն եւ նպա­տակներ ունե­ցող կողմի համար: Շատ ավե­լի բնա­կան կլի­ներ սպա­սել Սարի­ղա­մի­շի հաջո­ղությունից հետո անմի­ջա­կան գրոհ Կարսի ուղղությամբ՝ թույլ չտա­լով հայե­րին ուշքի գալ, վերա­դա­սա­վորվել եւ ուժեր կենտրո­նացնել հակագրո­հի համար:

Կարե­լի է ավե­լի խորա­նալ եւ ի հայտ բերել ռազմա­կան գործո­ղություննե­րի ընթացքի մյուս տարօ­րի­նա­կություննե­րը: Իհարկե, դրանք տարօ­րի­նակ են միայն այն դեպքում, եթե ենթադրում ենք, որ թուրքերն իրոք ունեին վճռա­կան առա­վե­լություն եւ նպա­տակներ: Բայց ամեն բան տրա­մա­բա­նա­կան է դառնում, եթե այդ ենթադրությունը հանում ենք մեջտե­ղից:

Միայն այսքա­նը բավա­կան է ենթադրե­լու համար, որ հայ-թուրքա­կան պատե­րազմն իրոք կարող էր ունե­նալ այլ ընթացք: Ռազմա­կան առումով հայե­րի հաղթա­նա­կը բացա­ռե­լի չէ, իսկ քաղա­քա­կան իմաստով հնա­րա­վոր էր համա­ձայնության հասնել թուրքե­րի հետ…

Հենց այս ենթադրության վրա էլ կկա­ռուցենք մեր այլընտրանքա­յին շարադրանքը:

Շարունա­կե­լի

Հեղի­նակ՝  Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

Նկա­րա­զարդող՝  Դավիթ Փարթամյան

Ձեւա­վո­րումը՝  Աննա Աբրա­համյա­նի,   Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝  Արա Թադեւոսյան

Նախագծի ձեւա­վորման համար օգտա­գործվել է Էմա­նուել Սարդարյա­նի լուսանկա­րը

Հոդվա­ծը‘ Mediamax.am կայքից:

Առնչվող Հոդվածներ