21.3 C
Yerevan

Այլընտրանքա­յին Պատմություն

«Հայաստա­նի գյուղա­ցիությունը երկրի անկա­խության հենա­րանն էր, հիմնա­կան զոհա­բե­րո­ղը պատե­րազմում, բայց նաեւ նվիրվա­ծը ազգա­յին իղձե­րին: Մյուս կողմից՝ այն հիմնա­կան ճնշված դասա­կարգն էր դեռեւս ցարա­կան տիրա­պե­տության ժամա­նակվա­նից, եւ նրա խնդիրնե­րը մնում էին նույնը նաեւ անկախ Հայաստա­նի օրոք, քանի որ կամ հերթ չէր հասնում դրանց լուծմա­նը, կամ կոմպրո­մի­սա­յին քաղա­քա­կա­նությամբ տարված Հայաստա­նի ղեկա­վարնե­րը, հակա­ռակ Դաշնակցության ծրագրի կետե­րի, չէին շտա­պում արմա­տա­պես լուծել գյուղա­ցիության խնդիրնե­րը»։

Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

Առա­ջին Հանրա­պե­տության այլընտրանքա­յին պատմությունը

Մաս IV. Ազգա­յին հեղա­փո­խություն

Երեւա­նում գործե­րը կարգա­վո­րե­լուց հետո Ռուբեն Տեր-Մինասյանն անմի­ջա­պես մեկնում է Ալեքսանդրա­պոլ, իսկ Դրոն վերա­դառնում է ճակատ: Ճանա­պարհին նրանք կանգ են առնում գյուղե­րում եւ բոլոր տեղե­րում կոչ անում դիմադրության, ինքնա­պաշտա­նության կազմա­կերպման:

Նույն ժամա­նակ Երեւա­նում շտապ գումարված խորհրդա­րա­նի հատուկ նիստում հրա­ժա­րա­կան է տալիս կառա­վա­րությունը, եւ հաստատվում է ժամա­նա­կա­վոր կառա­վարման մասին որո­շումը, որով մինչեւ պատե­րազմի ավարտը հատուկ լիա­զո­րություննե­րով է օժտվում Ռուբեն Տեր-Մինասյա­նը, իսկ նրան որպես օգնա­կաններ են նշա­նակվում Դրոն ու Նժդե­հը: Ճակատ մեկնե­լուց առաջ Ռուբե­նը Երեւա­նում գործե­րի կառա­վա­րումը հանձնում է արդեն հրա­ժա­րա­կան տված կառա­վա­րության արդա­րա­դա­տության նախա­րար Ռուբեն Դարբինյա­նին՝ իր ջավախքցի հայրե­նակցին, մանկության ընկե­րո­ջը եւ գաղա­փա­րակցին:

Ռուբեն Դարբինյա­նը, որը նաեւ «Յառաջ» թերթի խմբա­գիրն էր, հայտնի էր անհաշտ հակա­բոլշեւիկյան դիրքով, եւ հայ գործիչնե­րի մեջ առա­ջիննե­րից էր, որ իր խմբագրած թերթի էջե­րում բարձրա­ձայնեց Հայաստա­նին սպառնա­ցող ոչ միայն թուրքա­կան, այլեւ ռուսա­կան վտանգի մասին համա­նուն հոդվա­ծա­շա­րով: Նա չուներ ռազմա­կան փորձ, բայց որպես գործիչ օժտված էր վճռա­կա­նությամբ եւ ամուր գաղա­փա­րա­կա­նությամբ, միա­ժա­մա­նակ խիստ իրա­տե­սա­կան, դոգմա­տիզմից զուրկ մտա­ծո­ղության կրող էր: Մինչ դիկտա­տո­րա­կան լիա­զո­րություններվ օժտված Ռուբե­նի, նաեւ Դրո­յի, հետա­գա­յում Նժդե­հի գործը հիմնա­կա­նում ճակատնե­րում էր, Ռուբեն Դարբինյա­նի վրա էր ընկնում արտա­կարգ իրա­վի­ճա­կում քաղա­քա­ցիա­կան գործե­րի ղեկա­վա­րումը:

Դրանց մեջ առա­ջին տեղում էին դասա­լիքնե­րի դեմ անխնա պայքա­րը, հակա­պե­տա­կան կազմա­կերպված քարոզչության արմա­տա­խիլ անե­լը, այսինքն՝ բոլշեւիկյան բոլոր տեսա­կի ընդհա­տակյա բջիջնե­րի բացա­հայտումն ու ոչնչա­ցումը, բոլոր տեսա­կի հնա­րա­վոր հակա­պե­տա­կան ելույթնե­րի կանխումը կամ ճնշումը, երկրով մեկ կազմա­կերպվող կամա­վո­րա­կան ինքնա­պաշտպա­նա­կան շարժման կազմա­կերպումն ու հսկումը, կուսակցա­կան աշխա­տանքը, ռազմա­ճա­կա­տին թիկունքից հասցվող օգնության վերահսկո­ղությունը եւ այլն:

Պետա­կան պաշտո­նեության վրա հույս չկար. մեծ մասը մնում էին հին ցարա­կան վարչա­կազմի անգույն, ազգա­յին, ժողովրդա­կան եւ սոցիա­լա­կան պայքա­րից հեռու մարդիկ, որոնց էությամբ խորթ էր այն շարժումը, որը ծավալվում էր երկրում: Միակ լուրջ հենա­րա­նը ձեռնարկված միջո­ցա­ռումնե­րի կարող էր լիներ նախ՝ կուսակցա­կան կազմա­կերպությունը, որի միջո­ցով այժմ պետք էր կառա­վա­րել երկի­րը, եւ ինքնա­կազմա­կերպվող հայ գյուղա­ցիությունը՝ լայն ժողովրդա­կան շարժումը, որը պետք էր արագ ստեղծել՝ մի կողմից ոգեշնչե­լով ժողովրդին, մյուս կողմից՝ տալով ոգեւո­րությա­նը կազմա­կերպված, կարգա­պահ բնույթ:

Հայաստա­նի գյուղա­ցիությունը երկրի անկա­խության հենա­րանն էր, հիմնա­կան զոհա­բե­րո­ղը պատե­րազմում, բայց նաեւ նվիրվա­ծը ազգա­յին իղձե­րին: Մյուս կողմից՝ այն հիմնա­կան ճնշված դասա­կարգն էր դեռեւս ցարա­կան տիրա­պե­տության ժամա­նակվա­նից, եւ նրա խնդիրնե­րը մնում էին նույնը նաեւ անկախ Հայաստա­նի օրոք, քանի որ կամ հերթ չէր հասնում դրանց լուծմա­նը, կամ կոմպրո­մի­սա­յին քաղա­քա­կա­նությամբ տարված Հայաստա­նի ղեկա­վարնե­րը, հակա­ռակ Դաշնակցության ծրագրի կետե­րի, չէին շտա­պում արմա­տա­պես լուծել գյուղա­ցիության խնդիրնե­րը:

Հայաստա­նի գյուղա­ցու հիմնա­կան խնդի­րը սակա­վա­հո­ղությունն էր եւ հողե­րի անարդար բաժա­նումը: Ըստ հնուց եկող ավանդույթի՝ գյուղա­կան համայնքնե­րի հողե­րը պետք է ժամա­նակ առ ժամա­նակ վերա­բաշխվեին համայնքի անդամնե­րի միջեւ: Սակայն գյուղե­րի մեծ մասում վերա­բա­ժա­նումը տասնամյակնե­րով տեղի չէր ունե­նում, ինչը ձեռնտու էր առա­վել ունեւոր հողա­տե­րե­րին: Բացի այդ, մասամբ պատմա­կան հանգա­մանքնե­րի բերմամբ, մասամբ էլ ռուսա­կան քաղա­քա­կա­նության հետեւանքով հայկա­կան գյուղե­րի հողա­բա­ժիններն իրենց չափե­րով զիջում էին թուրքա­կան ու ռուսա­կան (մոլո­կան) գյուղե­րի հողե­րին, այնպես որ, դասա­կարգա­յին հարցն այստեղ էլ առնչվում էր ազգա­յի­նի հետ:

Ի տարբե­րություն հայ քաղքե­նիության (քաղա­քաբնակնե­րի, բուրժուա­զիա­յի)՝ վերին ու միջին շերտե­րի, մանա­վանդ գաղութա­հայ քաղքե­նիության, որը հիմնա­կա­նում գոհ կարող էր մնալ ցարա­կան տիրա­պե­տությունից, եւ որն էլ ստեղծել էր հայկա­կան ռուսա­մո­լության իդեո­լո­գիան եւ միֆը, հայ գյուղա­ցին, մանա­վանդ հայաստա­նաբնակն, առանձնա­պես բան չուներ գոհ մնա­լու ռուսա­կան տիրա­պե­տությունից, բայց հայ գյուղա­ցին չուներ նաեւ իր լեզուն ու հարթակնե­րը՝ արտա­հայտե­լու համար զգա­ցածն ու մտա­ծա­ծը (բացի մասամբ մի քանի գյուղա­գիր գրո­ղի, որոնք դուրս էին եկել նույն գյուղա­կան միջա­վայրից, եւ գյուղա­կան ծագում ունե­ցող մտա­վո­րա­կա­նության ու քաղա­քա­կան գործիչնե­րի հատվա­ծի): Հայ գյուղա­ցին անկա­խության գաղա­փա­րի պոտենցիալ գլխա­վոր հենա­րանն էր, բայց այդ պոտենցիալն ակտուալ դարձնե­լու համար անհրա­ժեշտ էր սոցիա­լա­կան, տվյալ դեպքում՝ հողա­յին հարցի արմա­տա­կան ու վճռա­կան լուծում:

Դեռ Միքա­յել Նալբանդյանն էր նախանշել ազգա­յին հեղա­փո­խության այդ ուղին ու գաղա­փա­րը: Ըստ այդմ՝ ազգա­յին եւ սոցիա­լա­կան հարցե­րը նույնա­նում են. ազգը ազգի մեծա­մասնությունն է, իսկ ազգի քաղա­քա­կան անկա­խությունը չի կարող լիարժեք լինել, չի կարող բովանդա­կություն ստա­նալ, եթե քաղա­քա­կան ազա­տության հետ չի լուծվում նաեւ տնտե­սա­կան եւ ընկե­րա­յին ազա­տություննե­րի հարցը, եթե ազատվե­լով օտար տիրա­պե­տությունից՝ ազգը նաեւ իր ներսում չի դառնում ազատ եւ չի կառուցում ներքին արդար հարա­բե­րություններ: Հայաստա­նը հողա­գործա­կան երկիր էր, եւ Հայաստա­նի պայմաննե­րում ազատ ազգը նշա­նա­կում էր ազատ հողա­գործնե­րի, ազատ երկրա­գործա­կան տնտե­սություննե­րի ազգ:

Հողա­յին հարցի լուծումն անկախ Հայաստա­նում ձգձգվում էր ոչ միայն առարկա­յա­կան պատճառնե­րով՝ պատե­րազմա­կան վիճակ, տնտե­սա­կան փլուզում եւ այլն, այլեւ քաղա­քա­կան պատճառնե­րով: Չնա­յած Դաշնակցության ծրագրում ամրագրված էին հողա­յին հարցի լուծման հեղա­փո­խա­կան դրույթնե­րը՝ հողի համայնա­ցում, կալվածքնե­րի բռնագրա­վում եւ այլն, սակայն նման ծրագրե­րի իրա­կա­նացմա­նը կտրա­կա­նա­պես դեմ էին հայկա­կան գաղութա­հայ (թե՛ թիֆլի­սա­հայ, թե՛ տաճկա­հայ) բուրժուա­զիա­յի շահե­րը ներկա­յացնող ուժե­րը՝ Ժողովրդա­կան կուսակցությունը եւ այլն, մասամբ նաեւ եկե­ղե­ցին, որոնց հետ գործակցության կամ փոխզիջման էին ձգտում Հայաստա­նի առա­ջին երկու՝ Քաջազնունու եւ Խատիսյա­նի կառա­վա­րություննե­րը, որոնք հենց իրենք էլ Դաշնակցության մեջ ներկա­յացնում էին ազգա­յին-լիբե­րալ, քաղքե­նիա­կան թեւը:

Նրանք ազգա­յին հարցի լուծումը պատկե­րացնում էին «դիվա­նա­գի­տությամբ»՝ սպա­սե­լով մեծ տերություննե­րի կողմից հայկա­կան հարցի լուծմա­նը, եւ համա­պա­տասխա­նա­բար սոցիա­լա­կան հարցում էլ արտա­հայտում էին հայկա­կան բուրժուա­զիա­յի շահե­րը եւ նույն մեծ տերություննե­րի տեսա­կետնե­րին հարմարվե­լու քաղա­քա­կա­նությունը ներքին խնդիրնե­րում:

Սակայն գաղութա­հայ բուրժուա­զիան երբեք չէր մասնակցում հայ ժողովրդի ազա­տագրա­կան պայքա­րին, ոչ էլ այժմ պատրաստվում էր ոչ միայն իր արյունը թափել հանուն Հայաստա­նի անկա­խության, այլեւ իր դրա­մը զոհա­բե­րել հանուն այդ նպա­տա­կի: Իսկ հայկա­կան բանա­կը, Հայաստա­նի համար արյուն թափո­ղը եւ բանա­կին իր վերջին ունեցվածքը տվո­ղը հայ գյուղա­ցին էր: Նրա շահերն էլ պետք է արտա­հայտեր իրա­տե­սա­կան քաղա­քա­կա­նությունը:

Գյուղա­ցիա­կան հարցն ի դեպ ճիշտ հասկա­ցան բոլշեւիկնե­րը, որոնք Ռուսաստա­նում իշխա­նությունը վերցրին ու պահե­ցին՝ իրացնե­լով սկզբնա­պես հողա­յին հարցե­րում ոչ թե իրենց, այլ էսէռնե­րի ծրա­գի­րը, որն ավե­լի մոտ էր գյուղա­ցիության պատկե­րա­ցումնե­րին, եւ միայն իշխա­նությունն ամրապնդե­լուց հետո անցան հողա­յին հարցի բուն բոլշեւիկյան լուծմա­նը՝ կոլեկտի­վի­զա­ցիա­յին: Հայաստա­նում հակա­պե­տա­կան գործունեություն ծավա­լե­լով՝ բոլշեւիկնե­րը նույնպես շահարկում էին հայ գյուղա­ցու դժգո­հությունը հողա­յին հարցի ձգձգման հետ կապված: Այնպես որ, խնդի­րը ոչ թե ինչ-որ իդեո­լո­գիա­կան՝ ձախ կամ աջ քաղա­քա­կա­նությունն էր, այլ միանգա­մայն պրակտիկ քաղա­քա­կան հաշվարկը. պետությունը պետք է իրացներ իր միակ հուսա­լի հենա­րա­նի շահե­րի սպա­սարկման ծրա­գի­րը.…

***

Հասնե­լով Ալեքպոլ՝ Ռուբեն Տեր-Մինասյանն անցկացնում է նոր խորհրդակցություն ռազմա­կան եւ քաղա­քա­կան ներկա­յա­ցուցիչնե­րի հետ՝ ներկա­յացնե­լով ճամփորդության արդյունքներն ու նոր դրությունը: Ապա նոր կարճ ելույթով դիմում է Ալեքպո­լում հավաքված ժողովրդին ճակատ մեկնե­լուց առաջ:

Նրա խոսքի սկիզբը կրկնում է 1918-ին Սարդա­րա­պա­տի նախօ­րեին Արամ Մանուկյա­նի՝ Երեւա­նի ժողովրդի համար արտա­սա­նած ճառե­րից մեկը:

«Անձե­րը չեն հերոս, հերո­սը ժողո­վուրդներն են: Ես առանց ձեզ ոչինչ չեմ կարող անել: Ժողո­վուրդը պետք է ոտքի կանգնի հանուն իր պաշտպա­նության: Ոտքի կանգնած ժողո­վուրդն անպարտե­լի ուժ է, նույնիսկ աշխարհի հզորնե­րի դեմ:

Հայ ժողո­վուրդը միլիո­նից ավել կրա­վո­րա­կան զոհ է տվել Տաճկա­հա­յաստա­նում: Տասնյակհա­զա­րա­վոր հայեր զոհվել են՝ կռվե­լով ռուսա­կան բանա­կում գերմա­նա­կան, ավստրիա­կան եւ կովկասյան ճակատնե­րում՝ հանուն Անտանտի, բայց փոխա­րե­նը չեն ստա­ցել ոչինչ: Սրա դիմաց՝ ընդա­մե­նը մի քանի տասնյակ զոհ պահանջեց մեզնից Սարդա­րա­պա­տի ճակա­տա­մարտը, որը ոչ թե հանուն Անտանտի էր, այլ հանուն մեր կյանքի: Հայ ժողո­վուրդը կշա­րունա­կի ահռե­լի զոհեր տալ մեծ տերություննե­րի վարած կռիվնե­րում, քանի դեռ պատրաստ չէ զոհա­բե­րել հանուն իր անկա­խության շատ ավե­լի փոքր մասնա­բա­ժին: Եթե հանուն Անտանտի զոհված հայե­րի թվի միայն մեկ տասնե­րորդը պատրաստ է ինձ հետ իր կյանքը տալ Կարսի պատե­րի տակ, մենք ոչ միայն Կարսը, այլեւ ամբողջ Հայաստա­նը կազա­տագրենք: Միայն այս տասնորդն եմ պահանջում ձեզնից՝ տասնորդը ձեր տված զոհե­րի հանուն Անտանտի ու մեծ տերություննե­րի: Վճա­րե­լով այդ տասնորդը այս աշխարհի անո­ղոք Տիրո­ջը՝ դուք կստա­նաք ազա­տություն, որպեսզի չմնաք ստրուկներ, եւ որպեսզի ձեր հաջորդ սերունդն իմ եւ ռազմի Աստծո ուզա­ծի տասնա­պա­տի­կը չվճա­րի մեծ տերություննե­րի հաջորդ մեծ պատե­րազմում:

Պարտվո­ղի մուրած եւ ստա­ցած խաղա­ղությունը պատրանք է: Եթե այսօր ընկրկեք թշնա­մու առաջ, վաղը ձեր որդի­նե­րը եւ որդի­նե­րի որդի­նե­րը ստիպված են լինե­լու մղել միեւնույն կռի­վը՝ ո՜վ գիտի, թե որքան ավե­լի դժվար պայմաննե­րում: Կռիվնե­րը չեն ավարտվում, քանի դեռ լուծված չեն լինում դրանց պատճառ խնդիրներն ու նպա­տակնե­րը: Այսօր դուք կարող եք մեկ հարվա­ծով լուծել սերունդնե­րի խնդի­րը, որպեսզի ձեր սերունդներն այլեւս երբեք ստիպված չլի­նեն կրել նույն զրկանքնե­րը, ինչ այսօր ձեզ է պարգեւած, որպեսզի ձեր սերունդնե­րի միջի քաջ հոգի­նե­րը անի­ծեն իրենց ապրած հանգիստ ժամա­նակնե­րը եւ սեւ նախանձով նախանձեն ձեզ՝ վիպա­կան հաղթողնե­րի սերնդին:

Հայ եւ թուրք ժողո­վուրդնե­րի միջեւ կլի­նի խաղա­ղություն, եթե այսօր հաղթենք: Եթե պարտվենք, նահանջենք, պատրանքա­յին խաղա­ղության հետեւից ընկնենք, հոգնենք, ապա հայ-թուրքա­կան կնճի­ռը կմնա հաջորդ սերունդնե­րին, որոնք ստիպված կլի­նեն անել այն զոհա­բե­րությունը, որն այսօր դուք չարե­ցիք: Նրանք գուցե անի­ծեն ձեզ սրա համար, գուցե օրհնեն, որ իրենց թողե­ցիք պայքա­րո­ղի փառքն ու պատի­վը:

Ով կռվող է, թող զենք վերցնի եւ մտնի կամա­վո­րա­կան ջոկատներ: Ով թույլ է եւ տկար, թող օգնի թիկունքում: Ինչպես Վարդանն Ավա­րայրից առաջ, ես ասում եմ ձեզ՝ ով չի ուզում կռվել, դեռ ուշ չէ, թող հետ կանգնի, բայց ով վճռել է, թող գա ինձ հետ:

Ես այստե­ղից, այս պահին մեկնում եմ ճակատ՝ իմ կռի­վը վարե­լու, Կարնո պատե­րի տակ իմ յարին՝ իմ մահը կամ իմ հաղթա­նա­կը գտնե­լու, ինձ մղողն իմ սերն է, երա­զում ինձ եկած չքնաղ գեղեցկուհին է՝ բերդը Կարնո, որտե­ղից դուրս են եկել իմ պապե­րը, այդ գեղեցկուհու գրկում կուզեմ ապրել կամ մեռնել, եւ առանց նրա ապրածս էլ ոչինչ է»:

Առա­ջին եւ վերջին անգամ իր կյանքում Ռուբե­նը՝ սակա­վա­խոս, զուսպ, ինքնամփոփ, բացում էր հոգին որեւէ մեկի առաջ այս աստի­ճա­նի, ի ցույց դնում սառը դիմա­կի տակ թաքնված իր անզուսպ կիրքը: Եվ նրա խոսքն այնքան ավե­լի ազդու էր, որքան ավե­լի անսպա­սե­լի էր նրա նման մարդուց:

***

Ալեքպո­լում որպես գործե­րի կառա­վա­րիչ թողնե­լով իր վաղե­մի զինա­կից Կարո Սասունուն՝ Ռուբե­նը մեկնում է ճակատ: Թուրքե­րը, որքան էլ զարմա­նա­լի է, չէին շտա­պում Կարսի վճռա­կան հաղթա­նա­կից հետո նոր գրո­հի դիմել: Նրանք միայն դանդա­ղո­րեն առաջ էին շարժվում դեպի Ախուրյա­նի ափը՝ մի քանի հետա­խուզա­կան թույլ մարտե­րի բռնվե­լով նահանջող հայկա­կան զորքե­րի հետ (սա այդպես է եղել հենց իրա­կան՝ ոչ այլընտրանքա­յին իրա­կա­նության մեջ):

Հասնե­լով ճակատ՝ Ռուբե­նը նրանց թիկունք է ուղարկում՝ վերա­կազմա­վորվե­լու առա­վել բարո­յալքված զորա­մա­սե­րը: Որքան էլ դրա­նով մերկա­նում էր ճակա­տը, սակայն այդ աստի­ճա­նի հուսալքված զինվորնե­րով կռվի մեջ մտնելն է՛լ ավե­լի մեծ անմտություն էր: Պետք էր մի որոշ ժամա­նակ մի կերպ պահել ճակա­տի գիծը՝ հենվե­լով  Ալեքսանդրա­պո­լի բերդի վրա, մինչեւ տեղ կհասնեին նոր կազմա­կերպվող ժողովրդա­կան ջոկատնե­րը երկրի զանա­զան մասե­րից: Հին կռիվն ավարտված էր, իսկ նոր կռի­վը վարե­լու էր նոր՝ ժողովրդա­կան եւ հեղա­փո­խա­կան հայկա­կան բանա­կը, որը վարե­լու էր ոչ թե կանո­նա­վոր ռուս-թուրքա­կան պատե­րազմ, այլ երկու կողմից միմյանց են բախվե­լու երկու ազգա­յին կամքեր, երկու հեղա­փո­խություններ, երկու ժողովրդա­կան դիմադրություններ, երկու իրար արժա­նի հակա­ռա­կորդներ, կարե­լի է ասել՝ երկվորյակ «եղբայրներ»:

 Մի կողմից թուրք ժողո­վուրդն էր իր ազգա­յին հեղա­փո­խությամբ, իր պատկե­րացրած հայրե­նի­քը մեծ տերություննե­րից փրկե­լու կամքով, մյուս կողմից՝ հայ ժողո­վուրդը հանուն իր պատկե­րացրած հայրե­նի­քի փրկության: Անտիկ լեգենդնե­րի արժա­նի մի ողբերգա­կան եւ վիպա­կան բախում էր սա, որը պետք է երգեին պոետնե­րը, մի նոր Տրո­յա­կան պատե­րազմ, որտեղ ոչ թե անարժաննե­րը բախվում են արժա­նի­նե­րին, այլ որտեղ կա երկու կողմից էլ սեփա­կան ճշմարտության գիտակցում ու հերո­սություն:

Եվ եթե բախվե­լով միմյանց՝ այս երկու կամքերն ի վերջո… միա­նա­յին իրար, նրանք անհաղթա­հա­րե­լի ուժ պետք է դառնա­յին ցանկա­ցած մեծա­պե­տության դեմ, ով կհա­վակներ գերիշխեր Մերձա­վոր Արեւելքի այս հատվա­ծի ժողո­վուրդնե­րին:

Մի փոքրիկ ելույթ Ռուբենն ունե­ցավ նաեւ ճակա­տի սպա­նե­րի ու զինվորնե­րի առաջ: Բացի սովո­րա­կան քաջության կոչե­րից, նա ասաց նաեւ հետեւյա­լը.

«Սպա­ներ եւ զինվորներ, ձեր դիմաց կանգնա­ծը նախկին օսմանյան բանա­կը չէ, որը թեեւ տկար մյուս մեծ տերություննե­րի համե­մատ, սակայն եւ կանո­նա­վոր, պետա­կան զորք էր, որի դեմ մենք ունեինք ֆիդա­յա­կան կամ հետա­գա­յում ժողովրդա­կան ուժեր միայն: Ձեր դեմ կանգնա­ծը մի բեկոր է այդ հին բանա­կի, բայց ոչ սովո­րա­կան բեկոր, ոչ մնա­ցորդ միայն: Ձեր դեմ կանգնա­ծը թուրք գյուղա­ցին է, որը համախմբվել է իր մի քանի քաջ սպա­նե­րի շուրջ՝ կարծե­լով, թե կռվում է հանուն իր պարտված, ստո­րացված, լքված հայրե­նի­քի անկա­խության: Ձեր դեմ մի ժողովրդա­կան ուժ էորը, թեեւ քանա­կա­պես թույլ է, վատ զինված եւ չունի նույնիսկ կանո­նա­վոր հանդերձանք, բայց դա այն ուժն է, որը վճռել է կռվել ամբողջ աշխարհի դեմ հանուն իր պատկե­րացրած իրա­վունքի: Նույնիսկ սեփա­կան երկրում նրանք ապստամբ են համարվում: Մինչ Պոլսի թուրք էֆենդի­նե­րը առնում-տալիս են իրենց երկի­րը պարտության մատնած անգլիա­ցի­նե­րի հետ, ստո­րագրում են իրենց պարտությամբ պարտադրած բոլոր պայմաննե­րը, Անա­տո­լիա­յի խորքե­րի այս ապստամբ, կիսա­մերկ, հաճախ բոբիկ իսկ գյուղա­ցի­նե­րի զորքն ասում է ո՛չ այն ամե­նին, ինչ ինքն իրա­վա­ցի չի համա­րում: Նրանք երկար ժամա­նակ մենակ էին, բայց նրանց վճռա­կա­նությունը նրանց համար դաշնա­կից գտավ՝ բոլշեւիկյան Ռուսաստա­նը: Բայց սա ժամա­նա­կա­վոր դաշինք է, ստի­պո­ղա­կան, թուրքերն աշխարհում ամե­նից քիչ առիթ ունեն վստա­հե­լու ռուսին՝ ինչ գույնի էլ դա լինի:

Մենք սխալվում էինք, երբ արհա­մարհում էինք սրանց ուժը, ես սխալվում էի: Մենք պարծե­նում էինք, որ ունենք պետա­կան, կանո­նա­վոր բանակ, որը վարում են մասնա­գետ սպա­նե­րը, որը զինված է անգլիա­կան զենքով, լավ հագնված է, կուշտ է: Իսկ մեր դեմ կանգնած է բաշի­բո­զուկնե­րի մի բանդա: Այդ սխա­լի համար մենք թանկ վճա­րե­ցինք: Մեր դիմաց ավա­զակներ չեն, թափա­ռա­կաններ չեն, այլ ժողովրդա­կան, հեղա­փո­խա­կան մի բանակ: Չխաբվենք արտա­քին տեսքին: Ուժը տեսքով չէ որոշվում:

Մենք էլ պետք է լինենք այսուհետ ժողովրդա­կան մի ուժ, հեղա­փո­խա­կան բանակ՝ պատրաստ կռվե­լու բացարձակ մենա­կության մեջ ու բոլո­րի դեմ հանուն այն ամե­նի, ինչ մեր սեփա­կանն ենք համա­րում: Միայն այդ դեպքում կհաղթենք, ինչպես հաղթե­ցինք, հակա­ռակ ամե­նի, երկու տարի առաջ Սարդա­րա­պա­տում»: 

***

Թուրքե­րի առաջխա­ղա­ցումը կանխե­լու նպա­տա­կով հրա­ման տրվեց Վարդան զրա­հագնացքին մի արագ գրոհ կազմա­կերպել Կարսի ուղղությամբ, որքան հնա­րա­վոր է, դեպի ճակա­տի խորքը: Զրա­հագնացքը հաջո­ղությամբ իրա­կա­նացնում է այդ առա­ջադրանքը՝ որո­շա­կի խուճապ առաջ բերե­լով թշնա­մու զորքի մեջ, որը կարծում է, թե հայե­րը հակա­հարձա­կում են կազմա­կերպում: Միա­ժա­մա­նակ հյուսի­սա­յին ճակա­տում մի քանի տեղա­կան գրոհ են ձեռնարկում զորա­վար Սմբա­տի ուժե­րը: Առաջ գնա­լով դեպի թուրքե­րի դիրքե­րը եւ որո­շա­կի կորուստներ պատճա­ռե­լով նրանց, նրանք գիշերվա կողմ հետ են դառնում իրենց դիրքե­րը: Հաջորդ առա­վոտյան Ռուբե­նը, սասունցի ոչ մեծա­թիվ հեծյալնե­րին առաջնորդե­լով, մի խելա­հեղ ռեյդ է անում թուրքե­րի խոր թիկունքը նույն հյուսի­սա­յին ուղղությամբ:

Մահա­պարտնե­րի այս ռեյդի նպա­տա­կը նույնպես կոչված էր զգաստացնե­լու հակա­ռա­կորդին, հոգե­բա­նություն փոխե­լու ճակա­տում, մինչեւ հիմնա­կան մարտե­րը:

Կամաց-կամաց ճակատ են հասնում նոր ուժեր՝ կամա­վո­րա­կան եւ կանո­նա­վոր՝ նոր հավա­քագրված: Հայերն ակտիվ նախա­պատրաստություննե­րի նշաններ են տալիս Կարսի ճակա­տում: Թուրքե­րը նույնպես շտա­պում են համախմբել իրենց ուժե­րը՝ զգա­լով հայե­րի ակտի­վա­ցումը, նրանք ուզում են աճա­պա­րել՝ մի վերջին հարվա­ծով խորտա­կե­լու այս նոր կազմա­վորվող դիմադրությունը: Մինչ Ալեքպոլ-Կարս ճակա­տի վրա այս երկկողմա­նի նախա­պատրաստումը եւ նյարդե­րի խաղն էր գնում, հայկա­կան հիմնա­կան հարվածն այստեղ չէր լինե­լու:

Կարսի ուղղությամբ հայկա­կան հրա­մա­նա­տա­րությունն առայժմ միայն ցուցադրա­կան ակտի­վություն էր կազմա­կերպում: Առա­ջին մեծ հարվա­ծը, ըստ ծրագրի, պետք է հասցվեր հարա­վում՝ Իգդի­րի ուղղությամբ, եւ եթե հնա­րա­վոր է, ավե­լի խորքե­րը՝ դեպի Կաղզվան՝ Կարսի թիկունքում: Մինչ այդ սակայն, թուրքե­րը հասցնում են իրացնել իրենց գրոհն Ալեքպո­լի ուղղությամբ: Մի պահ հայկա­կան զորքը տեղի է տալիս, սակայն  Ալեքսանդրա­պո­լի բերդի թնդա­նոթներն ու քաղա­քի ինքնա­պաշտպա­նության նորա­կազմ ջոկա­տի շուտա­փույթ հասնե­լը ռազմի դաշտ կայունացնում են վիճա­կը, եւ թուրքե­րը նահանջում են ելման դիրք: Սա առա­ջին փոքր հաղթա­նակն էր այս պատե­րազմում: Սակայն դեռ անհրա­ժեշտ էր մի փոքր էլ ուժեր լարել՝ անցնե­լու համար գրո­հի Կարսի ուղղությամբ:

Դրո­յի ուժե­րը, կենտրո­նա­ցած Արա­րատյան դաշտում, արդեն պատրաստ էին գործո­ղություննե­րի: Այս զորա­մա­սերն ի սկզբա­նե ավե­լի մարտունակ էին, ավե­լի պակաս բարո­յալքված ու համալրվե­լով ժողովրդա­կան նոր ուժե­րով՝ թուրքե­րի համար անսպա­սե­լի անցնում են Արաքսը Մաստա­րա­յի կամրջով եւ գրո­հով հետ վերցնում Իգդի­րը: Թուրքերն այս ուղղությամբ չունեին էլ շատ ուժեր, եւ առանց դադա­րի հետապնդե­լով անակնկա­լի եկած թշնա­մուն՝ Դրո­յի ուժե­րը հասնում են Կաղզվան: Ճիշտ է, այս դիրքում Դրո­յի զորա­մասն իր հերթին վտանգվում է՝ չափից ավե­լի առաջ գնա­լով դեպի թշնա­մու թիկունքը, բայց մյուս կողմից այն դուրս է գալիս Կարսի թիկունք հարա­վից, ինչը միանգա­մայն անսպա­սե­լի էր թուրքե­րի համար: Ռուս-թուրքա­կան պատե­րազմնե­րի հարուստ փորձը չէր տալիս նման օրի­նակ, սակայն 1877–78-ին կար նման գործո­ղության որոշ չափով մոտիկ զարգա­ցում, երբ ռուսա­կան բանա­կի հյուսի­սա­յին մասը գրո­հում էր Կարսի ուղղությամբ Ալեքպո­լից, իսկ հարա­վա­յի­նը, Իգդիր-Բայա­զետ ուղղությամբ գրո­հե­լով, շարժվում է Բայա­զե­տից հյուսի­սա­րեւմտյան ուղղությամբ, եւ երկուսը միա­նում են Հասանքա­լեում՝ Կարին տանող գլխա­վոր մայրուղու վրա: Մի երրորդ ռուսա­կան ջոկատ էլ գործում էր հյուսի­սում՝ Ախալքա­լաք-Արդվին ուղղությամբ:

Կաղզվա­նի ազա­տագրումից հետո Դրո­յի զորքե­րը կանգ են առնում եւ փորձում ամրացնել իրենց դիրքե­րը: Թուրքա­կան բանա­կը Կարսում սկսում է անհանգստա­նալ եւ ուշադրությունն ուղղել դեպի հարավ: Կաղզվա­նի գրավման լուրն առնե­լու պես Կարսի ճակա­տում հայկա­կան զորքե­րը նույնպես անցնում են գրո­հի, բայց այստեղ էլ ոչ թե կենտրո­նա­կան ուղղությամբ, այլ վերը բերած օրի­նա­կի նման դեպի հյուսիս՝ Արդա­հա­նի ուղղությամբ: Այստեղ նույնպես խոշոր թուրքա­կան ուժեր չկա­յին, եւ զորա­վար Սեպուհի զորքե­րը հասնում են հաջո­ղության՝ այս անգամ հյուսի­սից կախվե­լով Կարսի բերդի վրա:

Այս գործո­ղություննե­րին զուգա­հեռ տեղի է ունե­նում եւս երկուսը: Նախ՝ թուրքե­րին բանակցություննե­րի առա­ջարկ է ուղարկվում՝ Կարսը հետ հանձնե­լու նախա­պայմա­նով, եւ հետա­գա սահմա­նա­յին հարցե­րը փոխզիջմամբ լուծե­լու եւ ավե­լի լայն դաշինքա­յին հարա­բե­րություններ կազմե­լու առա­ջարկով: Թուրքերն առայժմ մերժում են այս առա­ջարկնե­րը, եւ առաջ քաշում իրենցը, սակայն կարեւոր էր, որ երկուստեք կտրուկ հրա­ժա­րում բանակցություննե­րի բուն մտքից՝ չի լինում:

Մյուս կարեւո­րը՝ Շարուրում տեղա­կայված Շելկովնի­կո­վի զորքե­րը մի հանդուգն գրոհ են ձեռնարկում Նախի­ջեւա­նի ուղղությամբ եւ փոքրա­թիվ ուժե­րով կարո­ղա­նում են խուճա­պի մատնել այստե­ղի թուրքե­րին, ազա­տագրել Նախի­ջեւա­նը եւ անմի­ջա­կան կապ հաստա­տել այդ ժամա­նակ արդեն Գորի­սը վերագրա­ված Նժդե­հի հետ: Նժդե­հին կարեւոր դեր էր վերա­պահված մեծ ծրագրում. նա պետք է ապա­հո­վեր Հայաստա­նի թիկունքը բոլշեւիկյան հնա­րա­վոր գործո­ղություննե­րից՝ ամբողջ արեւելյան սահմա­նի երկայնքով եւ թիկունքում՝ Քարա­վանսա­րա­յից (Իջեւան) մինչեւ Զանգե­զուր: Սա մարդկա­յին ուժե­րից վեր մի առա­ջադրանք էր, բայց պետք է իրա­կա­նացվեր:

Այսպի­սով, երե­քը՝ Ռուբե­նը, Դրոն ու Նժդե­հը, կազմում են յուրա­հա­տուկ տրիումվի­րատ Հայաստա­նի փրկության գործում: Այս երե­քը երբեք չեն եղել մոտ ընկերներ: Ավե­լին՝ ամեն մեկը մյուսի հետ ունե­ցել է բավա­կա­նին սառը հարա­բե­րություններ, նաեւ ընդհա­րումներ եւ սուր բանա­վե­ճեր: Երեքն էլ տարբեր էին իրենց խառնվածքով, անցած ուղով, աշխարհա­յացքով: Երեքն էլ ունեին մեծ հավակնություններ, որոնք ստի­պում էին միմյանց մեջ տեսնել մրցա­կիցնե­րի: Բայց այս պահին երեքն էլ անհրա­ժեշտա­բար միա­սին էին: Պատմության մեջ հայտնի բոլոր նման տրիումվի­րատնե­րը, դուումվի­րատնե­րը եւ այլն ժամա­նա­կա­վոր բնույթ են կրել. ուժեղ անհա­տա­կա­նություննե­րը, միա­վորվե­լով հանուն կոնկրետ իրա­վի­ճա­կի թելադրանքի, հետա­գա­յում գժտվել են միմյանց հետ: Ռուբեն-Դրո-Նժդեհ եռյա­կում այդ ամե­նը դեռ առջեւում էր: Այժմ նրանք գերմարդկա­յին ջանքեր էին գործադրում հանուն Հայաստա­նի անկա­խության եւ սեփա­կան ապա­գա­յի:

Շարունա­կե­լի

Հեղի­նակ՝  Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

Նկա­րա­զարդող՝  Դավիթ Փարթամյան

Ձեւա­վո­րումը՝  Աննա Աբրա­համյա­նի,   Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝  Արա Թադեւոսյան

Նախագծի ձեւա­վորման համար օգտա­գործվել է Էմա­նուել Սարդարյա­նի լուսանկա­րը

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ