18.7 C
Yerevan

Այլընտրանքա­յին Պատմություն

Քանի դեռ կար թուրքե­րի ձեռամբ հայե­րի վճռա­կան պարտության հույսը, ռուսնե­րը խուսա­փում էին ուղիղ միջամտությունից:

Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան 

Առա­ջին Հանրա­պե­տության 
այլընտրանքա­յին պատմությունը

Մաս V. Էնդշպիլ

Ռուբեն-Դրո-Նժդեհ եռա­պե­տության հաստա­տումից հետո ռազմա­կան գործո­ղություննե­րի կարճ ժամա­նա­կագրությունը հետեւյալն է:

Թուրքա­կան ճակա­տում հայկա­կան զորքե­րը երկու կողմից՝ հյուսի­սից ու հարա­վից շրջանցե­լով Կարսում կուտակված Ղարա­բե­քի­րի բանա­կի հիմնա­կան մասը՝ դուրս են գալիս մի կողմից Օլթիի, մյուս կողմից՝ Սարի­ղա­մի­շի մատույցնե­րը՝ վտանգե­լով Կարսում կուտակված ուժե­րի նահանջի ճամփան եւ գրե­թե շրջա­փա­կե­լով Ղարա­բե­քի­րին: Վերջինս ստիպված է թողնել Կարսն առանց ճակա­տա­մարտի եւ նահանջե­լով մի կերպ դուրս պրծնել շրջա­պատման օղա­կից, որը հայկա­կան զորքե­րը չէին կարող վերջնա­կա­նա­պես սեղմել բավա­րար ուժե­րի բացա­կա­յության պատճա­ռով: Կարսը վերագրավված է: Նոյեմբե­րի 18-ին թերթե­րը գլխագրե­րով ավե­տում են այդ լուրը: Հայաստա­նը ցնծում է: Նոր ոգեւո­րության ալի­քը ավե­լի շատ կամա­վորներ է բերում բանա­կին: Նույնիսկ պարտված զորա­մա­սերն ու սպա­նե­րի մի մասը, ինչպես 1918‑ի նահանջից հետո Սարդա­րա­պա­տի տակ, վերագտնում են իրենց քաջությունը:

Ղարա­բե­քի­րը նահանջում է Էրզրումի ուղղությամբ՝ կանգ առնե­լով Խորա­սա­նի մոտ՝ Ալաշկերտ-Էրզրում ճամփի խաչմե­րուկին: Հայկա­կան ուժե­րը զգուշո­րեն հետեւում են այդ նահանջին ու նույնպես կանգնում Խորա­սա­նի մատույցնե­րում: Ղարա­բե­քի­րը չուներ բավա­րար չափով նոր ուժեր՝ վերսկսե­լու համար հարձա­կո­ղա­կան գործո­ղություննե­րը՝ նա գնա­ցել էր վա-բանկ՝ կենտրո­նացնե­լով այն, ինչ հնա­րա­վոր էր հավա­քել այդ ժամա­նակվա Արեւելյան Թուրքիա­յում, որը պակաս ծանր վիճա­կում չէր, քան Հայաստա­նը:

Երկու ժողո­վուրդն էլ ուժասպառ, բայց մի վերջին ճիգով իրենց կյանքի ու մահվան կռիվն էին տանում: Լարված անո­րո­շության մեջ կուտա­կում են իրենց մնա­ցորդնե­րը Էրզրումի ճանա­պարհին՝ կանգնե­լով դեմ հանդի­ման եւ պատրաստ ամեն պահի կրծել հողը հանուն Արեւելքի աշխարհա­քա­ղա­քա­կան այդ կարեւոր կենտրոննե­րից մեկի: Ո՞վ առա­ջի­նը կդի­մեր գրո­հի, որի արդյունքը կարող էր լինել կամ վերջնա­կան փառքն ու հաղթա­նա­կը, կամ բոլոր հույսե­րի կրկին տապա­լումը: Ռիսկը մեծ էր, հույսը՝ գլխապտույտ առա­ջացնող, սպա­սումը՝ մաշեցնող, ուշ աշնան սառն օդը՝ մինչեւ վերջին բջի­ջը դողացնող: Կարնո բերդը մի ցնորք էր, Մեջնունի խելքը հանող մի Լեյլի, որի համե­մատ ոչինչ էին աշխարհի բոլոր փառքերն ու փողե­րը, որի համար կյանք տալը գերա­գույն պատիվ էր եւ տղա­մարդկա­յին կյանքի բարձրա­գույն նպա­տակ: Կարնո բերդը մի տեսիլ էր, գիշե­րա­յին մի չքնաղ երազ, որը կանչում էր եւ փախչում, խոստա­նում էր բերկրանք ու տանջում, նա այնքան կանա­ցի էր, որ նրան տիրա­նալն իսկ թվում էր սխալ՝ այլեւս ի՞նչ կարե­լի էր ու պե՞տք էր երա­զել, նման հյուծող, վառող, դեպի ամե­նա­բարձր լեռնե­րը տանող նպա­տա­կի իրա­ցումից հետո: Մեռնե՞լ, թե՞ ապրել Կարնո պատե­րի տակ: Ապրե՞լն էր նախընտրե­լի նրա ազա­տագրումից հետո, թե՞ մեռնե­լը նրա մատույցնե­րում վերջին գրո­հից առաջ՝ նպա­տակնե­րից վեհա­գույնը աչքի առաջ ունե­նա­լով, ձեռքով դիպչե­լով, բայց չհասնե­լով, սուրբ երա­զը սրտում պահե­լով փակել խելա­գա­րի, հարբե­ցո­ղի անքնությունից կարմրած աչքե­րը մի գերա­գույն երջանկության մեջ…

Կարնո բե՜րդ՝ Արեւելքի տիրուհի: Այստե­ղով են անցնում ու այստե­ղից են ճյուղա­վորվում ճամփե­քը՝ զարդե­րի նման դեպի Պոլիս եւ դեպի Թավրիզ ու Իրան, դեպի Կարս ու Թիֆլիս, դեպի Կիլի­կիա, Հալեպ ու Երուսա­ղեմ, դեպի Բիթլիս ու Բաղդադ: Արեւելքի ժողո­վուրդնե­րի ազա­տությունն ես դու, նաեւ ստրկությունը օտարնե­րի ձեռքին: Քեզնով են տիրում ու քեզ ազա­տե­լով են ազա­տագրում:

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԵՍ ԴՈՒ՝ ԲԵՐԴԻ ՊԵՍ ՀՍԿՈՂ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՆ ՈՒ ԿՈՎԿԱՍԸ, ՀԱՅԱՍՏԱՆՆ ԵՍ ԴՈՒ՝ ԳԵՐՎԱԾ, ՍՏՐԿԱՑՎԱԾ ՕՏԱՐ ՁԵՌՔԻ ՏԱԿ:

Արեւմուտքից՝ Բոսֆո­րից եկող ուժի վերջին կայանն ես դու դեպի Հայաստան, եւ Հայաստա­նի առա­ջին քայլն ես դեպի Արեւմուտք: Կարնո բե՜րդ՝ Հյուսի­սի թագուհի: Միայն այն ժամա­նակ կա անկախ Հայաստան, երբ դու հայկա­կան ես, եւ հյուսի­սի աստղի պես հսկում ես արեւելքն ու արեւմուտքը, հարա­վը: Հայոց արքա­յի սիրե­լին ես դու, նրա տիկնանց տիկի­նը՝ ցանկա­լին հարսնա­ցունե­րից…

***

Մինչ լարված սպա­սում էր Կարնո ճամփին, հայոց բանա­կի առաջ բացվում են հարա­վա­յին ճանա­պարհնե­րը՝ Ալաշկերտ-Մանազկերտ եւ Բայա­զետ-Արճեշ ուղղություննե­րով՝ առա­ջինն ի վերջո տանե­լով Մուշ, իսկ երկրորդը՝ Վան: Այստեղ կանո­նա­վոր թուրքա­կան բանակ չկար, ոչ էլ նշա­նա­կա­լի թուրք բնակչություն, այլ միայն քրդա­կան աշի­րեթնե­րի անկա­նոն ուժեր: Քայլ առ քայլ առաջ շարժվե­լով, մի տեղ պայմա­նա­վորվե­լով, մի տեղ կռվե­լով՝ հայկա­կան զորքե­րը մտնում են Ալաշկերտ, իսկ մյուս կողմից Բայա­զետ, ապա եւ զգուշո­րեն ավե­լի առաջ՝ դեպի Վանա լճի հյուսի­սա­յին ափե­րը: Նոր հայկա­կան կամա­վո­րա­կան ուժե­րը ոգեւո­րության ալի­քի վրա հասնում էին ճակատ այս ուղղությամբ: Այստեղ խնդի­րը ոչ այնքան կանո­նա­վոր ճակա­տա­մարտե­րով կռիվն էր, այլ բնա­կա­վայրե­րի զբա­ղե­ցումը, բանակցությունը քրդե­րի հետ եւ զգոն լինե­լը քրդա­կան անսպա­սե­լի ծուղա­կը չընկնե­լու համար:

Քանի դեռ կար թուրքե­րի ձեռամբ հայե­րի վճռա­կան պարտության հույսը, ռուսնե­րը խուսա­փում էին ուղիղ միջամտությունից: Չնա­յած բոլշեւիկնե­րը հեղա­փո­խա­կան արմա­տա­կան ուժ էին, ընդա­մե­նը երկու-երեք տարի իշխա­նության եկած, չնա­յած նրանց առաջնորդնե­րի զգա­լի մասն ազգությամբ անգամ ռուս չէր, բայց ռուսա­կան ավանդա­կան քաղա­քա­կա­նությունը գիտակցության մեջ չէր, այլ արյան ու բնազդի: Բոլշեւիկնե­րի այս շրջա­նի քաղա­քա­կա­նությունն ընդհանրա­պես լավա­գույն ապա­ցույցն էր այն թեզի, որ հզոր կայսե­րա­պե­տա­կան քաղա­քա­կան ավանդույթներն ինքնա­վե­րարտադրվող են՝ անկախ մարդկանց կամքից ու գիտակցությունից անգամ: Այսպես, քեմա­լա­կան Թուրքիա­յի եւ բոլշեւիկյան Ռուսաստա­նի դաշինքը կարե­լի է հստա­կո­րեն նախա­տեսված տեսնել դեռեւս 1914–17 թթ. ցարա­կան Արտա­քին գործե­րի նախա­րա­րության պաշտոնյա­նե­րի նամա­կագրությունում, չնա­յած այդ նամա­կագրության հեղի­նակնե­րը, բնա­կա­նա­բար պատկե­րա­ցում անգամ չէին կարող ունե­նալ ո՛չ քեմա­լիզմի, ո՛չ բոլշեւիզմի, ոչ էլ պատե­րազմի արդյունքնե­րի մասին: Այդ նամա­կագրությունում կարմիր թելի պես անցնում է այն միտքը, որ պատե­րազմից հետո Ռուսաստա­նին անհրա­ժեշտ է մի կենսունակ եւ ինքնուրույն, եվրո­պա­կան ազդե­ցություննե­րից պաշտպանված ազգա­յին Թուրքիա փոքրա­սիա­կան տարածքնե­րում, որը կլի­նի ռուսնե­րի դաշնա­կի­ցը:

Բոլշեւիկնե­րը չէին կարդա­ցել այս թղթե­րը կամ եթե կարդա­ցել էին, թղթե­րով չէին առաջնորդվում, երբ իրացրին ցարա­կան ԱԳՆ‑ի այս նախա­գի­ծը: Այն միայն մեկ թերություն ուներ, որը բնո­րոշ է ցանկա­ցած կայսրության՝ երկրորդ կողմի սուբյեկտությունը հաշվի չէր առնում: Թուրքե­րը պատրաստ էին օգտվել ռուսնե­րի օգնությունից, բայց պատրաստ չէին ռուսա­կան պրո­տեկտո­րատ լինել եւ հրա­ժարվել եվրո­պա­կան կապե­րից…

Ռուսա­կան ավանդա­կան քաղա­քա­կա­նության մասն էր Կովկա­սում հայե­րի խնդի­րը լուծել թուրքե­րի եւ թաթարնե­րի ձեռամբ, իսկ ռուսնե­րը պետք է վերջում հանդես գային կամ որպես հայե­րի փրկիչներ, կամ կողմե­րին խաղա­ղեցնողներ: Բոլշեւիկներն այստեղ էլ նույն ավանդա­կան գծի կրողներն էին: Նրանք չէին շտա­պում եւ ցանկություն էլ չունեին անմի­ջա­պես միջամտել թուրք-հայկա­կան կռվին, այլ սպա­սում էին թուրքա­կան հաջո­ղություննե­րին, որպեսզի ասպա­րեզ գան որպես հայ ժողովրդի փրկիչներ եւ արդար խաղա­ղա­րարներ: Որտեղ կայսե­րա­կան որեւէ ուժ խաղա­ղություն է հաստա­տում կամ խաղա­ղության առաքյա­լի դերում է հայտնվում, ուրեմն, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, կռիվ գցողն էլ հենց ինքն է եղել, եւ որտեղ կայսե­րա­կան որեւէ ուժ փրկում է ժողո­վուրդնե­րին կոտո­րածնե­րից ու արհա­վիրքնե­րից, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ կամ կոտո­րա­ծի թիկունքում ինքն է եղել, կամ շատ դեմ չի եղել:

Այժմ սակայն, երբ թուրքա­կան վճռա­կան հաջո­ղության հույսերն այլեւս վերա­ցել էին, եւ դեռ հակա­ռա­կը, պետք էր օգնության հասնել նեղն ընկած թուրքե­րին, ռուսա­կան ավանդա­կան քաղա­քա­կա­նությունը լուրջ խնդրի առջեւ էր: Բացա­հայտ ռուս-հայկա­կան պատե­րազմ հնա­րա­վոր չէր ամեն դեպքում, բացի ռուսա­կան ավանդույթից, նաեւ բոլշեւիկյան կարգա­խոսնե­րը լիո­վին չարժեզրկե­լու վտանգի պատճա­ռով:

ԲԱՅՑ ՄԻ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ ԲԱՆ, ՔԱՆ ՍՈՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԵՐԻՑ, ԱՅԴՈՒՀԱՆԴԵՐՁ ՊԵՏՔ ԷՐ ՄՏԱԾԵԼ:

Լուծում գտնելն այնքան էլ բարդ չէր՝ ներքին խռո­վություննե­րի հրահրում ներքին գործա­կալնե­րի ցանցի միջո­ցով, ինչպես նաեւ Ադրբե­ջա­նի սահմա­նի երկայնքով սադրանքնե­րի կազմա­կերպում, որոնց ծավալման դեպքում ադրբե­ջա­նա­կան զորքե­րի անվան տակ կարող էին գործել նաեւ բուն ռուսա­կան զորա­մա­սե­րը:

Ներքին գործա­կալնե­րի պակաս Հայաստա­նում ռուսնե­րը չունեին: Խոսքը միայն բոլշեւիկնե­րի մասին չէ, որոնց թիվն աննշան քիչ էր: Բացի այդ, պետք է ասել, որ հայ բոլշեւիկնե­րի բավա­կա­նին զգա­լի մասն այնքան էլ տրա­մադրված չէր ի սկզբա­նե գործե­լու Հայաստա­նի Հանրա­պե­տության դեմ, այն էլ որպես ուղիղ դավա­ճաններ: Դեռեւս 1920 թվա­կա­նի սկզբին Հայաստա­նի կոմկուսի ղեկա­վա­րությունը Կասյա­նի գլխա­վո­րությամբ փորձում էր ամեն կերպ, այսպես ասած, ցրել ապստամբության պահանջը, որը գալիս էր անդրկովկասյան բոլշեւիկյան կենտրո­նից: Որպես ձեւ՝ նրանք ընդունում էին ապստամբության անհրա­ժեշտությունը Հայաստա­նի կառա­վա­րության դեմ, սակայն փաստա­ցի փորձում էին խուսա­փել դրա գործնա­կա­նա­ցումից: Այսպի­սի քաղա­քա­կա­նության հետեւանք էր նաեւ 1920‑ի մայիսյան ապստամբությունը, որի պատասխա­նատվությունն ու ղեկա­վա­րությունը Հայ կոմկուսի ղեկա­վա­րությունը վերցրեց չկա­մությամբ, զոռով եւ փայլուն էլ տապա­լեց դա, չնա­յած որոշ կոմի­տե­նե­րի՝ Ալեքպո­լի եւ Դիլի­ջա­նի ավե­լի, այսպես ասած, ուղղա­փառ ջանքե­րի: Իսկ մայիսյա­նից հետո էլ բոլշեւիկներն էլ ավե­լի թուլա­ցան Հայաստա­նում: Բայց դրա փոխա­րեն կար, որքան էլ զարմա­նա­լի է, հայ սպա­յության մի մասը եւ արեւե­լա­հայ քաղքե­նիությունը:

Ինչպես հայտնի է, հայ սպա­յության գերակշիռ մասը ռուսա­կան միջա­վայրի հարա­զատ ծնունդ էր, ոչ միայն պարզա­պես ռուսա­խոս եւ հայե­րեն չիմա­ցող, այլեւ աշխարհա­յացքով, վարքուբարքով բավա­կա­նին ռուսա­ցած: Նրանց մի մասը, իհարկե, միա­ժա­մա­նակ հայրե­նա­սեր հայ էր: Բայց մեծ մասի համակրանքը բնա­կա­նա­բար ոչ թե անկախ Հայաստա­նի, այլ հզոր Ռուսաստա­նի վերա­դարձի հետ էր կապված: Իհարկե, նրանց այդ հույսե­րը նախ ոչ թե կարմիրնե­րի, այլ սպի­տակնե­րի վրա էին: Հազա­րումի թելով հայկա­կան սպա­յությունը կապված էր դենի­կինյան շարժման հետ: Բայց մի մասի մոտ ռուսա­կան կողմնո­րո­շումն այնքան հզոր հիմք էր, որ դասա­կարգա­յին հակակրանքը հաղթա­հա­րե­լով հանգում է՝ բոլշեւիկ էլ լինի, միայն թե ռուս լինի տրա­մա­բա­նությա­նը: Այս միջա­վայրում արդեն կարե­լի էր ձեռք բերել նաեւ օգտա­կար գործա­կիցներ բոլշեւիկյան ներքին խարդա­վանքնե­րի համար եւ շատ ավե­լի հարմար, քան բուն հայ բոլշեւիկնե­րը, որովհե­տեւ թեեւ ռուսա­սեր, բայց դենի­կինյան հայ սպա­յությունը կասկա­ծի տակ չէր՝ ի տարբե­րություն կոմունիստնե­րի: Արդեն մայիսյան ապստամբության ժամա­նակ շատ զորա­մա­սեր, այդ թվում՝ սպա­ներ, իրենց կասկա­ծե­լի պահե­ցին: Դա, իհարկե, մեծ մասամբ կարող էր լինել ոչ թե ուղիղ դավա­ճա­նության, այլ չկողմնո­րոշվա­ծության կամ Հայաստա­նի անկա­խության նկատմամբ պարզ անտարբե­րության արդյունք, բայց որոշ դեպքե­րում չի բացառվում նաեւ ուղիղ դավա­դիր գործակցությունը: Զարմա­նա­լի է, բայց թերեւս հատկանշա­կան, որ այդ կասկա­ծե­լի վարքը ոչ շոշա­փե­լի պատժի, ոչ էլ նույնիսկ պատշաճ զգուշության առիթ դարձավ: Իսկ հայ-թուրքա­կան պատե­րազմի սկզբին կարեւո­րա­գույն՝ Կարսի ճակա­տում մայի­սին առանցքա­յին դիրք շարունա­կե­ցին գրա­վել կամ վարա­նոտ, կամ հատկա­պես կասկա­ծե­լի դիրք գրա­վող սպա­նե­րը, այդ թվում՝ բարձր հրա­մա­նա­տա­րությունից…

Ժամա­նակն էր ուրեմն բոլշեւիկյան քաղա­քա­կա­նության համար ավե­լի բաց քարտե­րով խաղալ: Խռո­վություննե­րի, դավե­րի, հրո­սա­կա­յին հարձա­կումնե­րի հրդե­հը բռնկվում է հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նի երկայնքով՝ Զանգե­զուրից մինչեւ Ղազախ՝ ներա­ռե­լով Սեւա­նի ավա­զա­նը, Դիլի­ջա­նը եւ այլն, իսկ որոշ փորձեր արվում են նաեւ երկրի ավե­լի խորքա­յին մասե­րում:

ԱՅՍՏԵՂ ՀԱՏԿԱՊԵՍ ԲԱՐԴ ԷՐ ՆԺԴԵՀԻ ԳՈՐԾԸ, ՈՐԻ ՎՐԱ ԴՐՎԱԾ ԷՐ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՃԱԿԱՏԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ:

Նա պետք է բառա­ցիո­րեն կայծակնա­յին արա­գությամբ գործեր. նրա մի քանի օրվա բացա­կա­յությունն անգամ Զանգե­զուրից կարող էր անցանկա­լի հետեւանքնե­րի բերել: Նա պետք է առանց օր ու դադար ունե­նա­լու շրջե­լով կազմա­կերպեր դիմադրության ուժեր բոլշեւիկնե­րի հնա­րա­վոր գործո­ղություննե­րի դեմ արեւելյան առանցքա­յին կետե­րում՝ Քարվանսա­րա­յում, Նոր Բայա­զե­տում եւ այլուր: Բացի այդ, պետք է, ըստ հնա­րա­վո­րության եւ պատե­հության, զսպեր թուրքա­կան եւ մոլո­կա­նա­կան գյուղե­րը, որոնք բոլշեւիկյան որջեր էին՝ միշտ պատրաստ թիկունքից հարվա­ծե­լու հայե­րին:

Այս չհայտա­րարված պատե­րազմի արդյունքը, որն ընթա­նում էր զուգա­հեռ հայ-թուրքա­կա­նին, բայց սրա­նից ավե­լի անկա­նոն ու քաո­տիկ էր, հակա­սա­կան էր: Նոյեմբե­րի 29-ին բոլշեւիկյան մի բավա­կա­նին մեծ ջոկատ կարո­ղա­ցավ գրա­վել Քարվանսա­րայ բնա­կա­վայրը՝ ապա­գա Իջեւա­նը, եւ այնտեղ հայտա­րա­րել իբր տեղի ունե­ցած ժողովրդա­կան ապստամբության եւ Խորհրդա­յին Հայաստա­նի ստեղծման մասին: Այս գործո­ղությա­նը դիմա­կա­յող հայկա­կան զինված ուժե­րի քանա­կը շատ փոքր էր՝ նախա­տեսված ավե­լի պարտի­զա­նա­կան կռվի համար, քանի որ զինված ուժի մեծ մասը կենտրո­նա­նում էր արեւմուտքում: Բոլշեւիկյան առաջխա­ղա­ցումը հաջողվեց կանգնեցնել Դիլի­ջա­նում, սակայն Քարվանսա­րա­յում նրանք կարո­ղա­ցան ամրա­նալ: Այստեղ մարտե­րը ստա­ցան դիրքա­յին բնույթ: Մյուս կետե­րում որեւէ շոշա­փե­լի արդյունքի բոլշեւիկյան շարժումնե­րը չեն հասնում, բացի մի քանի անգամ ձեռքից ձեռք անցնող բնա­կա­վայրե­րի շուրջ տեղա­կան կռիվնե­րից: Տապալվում է նաեւ Նոր Բայա­զետ-Դարա­լագյազ գծի վրա մեծ ապստամբություն իրացնե­լու փորձը:

ԱՐԵՎԵԼՅԱՆ ՃԱԿԱՏԻ ԱՅՍ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆԽՈՐՈՇԵՑԻՆ ՆԱԵՎ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՃԱԿԱՏԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ:

Մի կողմից արեւելքում բոլշեւիկյան հաջո­ղությունը թուրքե­րի վերջին հույսն էր. բոլշեւիկյան ծավալման դեպքում թուրքե­րը դեռ կարող էին մտա­ծել հակա­հարձակման մասին: Բայց մյուս կողմից բոլշեւիկյան խռո­վություննե­րի ճնշումը եւ նորե­րի վտանգը շղթա­յում էր նաեւ հայե­րին՝ անհնար էր դառնում մի նոր, վճռա­կան գրոհ թուրքա­կան դիրքե­րի վրա: Այս փակուղա­յին վիճա­կի տրա­մա­բա­նա­կան հետեւանքը բանակցություններն ու խաղա­ղության կնքումն էր: Քարվանսա­րա­յում ճակա­տի կայունա­ցումից հետո թե՛ հայե­րի, թե՛ թուրքե­րի համար սա դառնում է վերջնա­կա­նա­պես ակնհայտ: Բանակցություննե­րը սկսվում եւ ընթա­նում են արագ, քանզի արդեն նախա­պես պարզ էր կնքվե­լիք խաղա­ղության բովանդա­կությունը, որը պետք է հիմնվեր ուժե­րի իրա­կան դասա­վո­րության վրա, բացի այդ էլ, նախա­պես որոշ բաներ խոսվել էին ոչ պաշտո­նա­պես, նույնիսկ ռազմա­կան գործո­ղություննե­րին զուգա­հեռ:

Դեկտեմբե­րի 2‑ին կնքվում է ոչ միայն խաղա­ղության, այլեւ դաշինքի պայմա­նա­գի­րը Հայաստա­նի եւ քեմա­լա­կան Թուրքիա­յի միջեւ: Հայաստա­նը հրա­ժարվում էր Սեւրի պայմա­նագրից (այլ տարբե­րակ չէր էլ մնում), բայց Հայաստա­նի կազմի մեջ էին մտնում Արեւելյան Հայաստա­նի ամբողջա­կան տարածքից բացի, նաեւ Արեւմտյան Հայաստա­նից Բասե­նի դաշտը, Ալաշկերտը, Բայա­զե­տը, Արա­ծա­նիի վերին հոսանքը, մինչեւ Մանազկերտ, որտե­ղից սահմանն իջնում էր Վանա լճի հյուսի­սա­յին ափ՝ անցնե­լով Սիփան սարի մոտով: Վան քաղա­քը շրջա­կայքով նույնպես Հայաստա­նի մաս էր ճանաչվում: Կարի­նը մնում էր Հայաստա­նից դուրս: Կարսում թուրքերն ունե­նում էին հատուկ զինվո­րա­կան միսիա: Պաշտպա­նա­կան դաշինք էր կնքվում Հայաստա­նի եւ Թուրքիա­յի միջեւ՝ ռազմա­կան փոխօգնության պայմա­նա­վորվա­ծությամբ: Շուտով սրան պետք է միա­նար նաեւ Վրաստա­նը:

Առա­ջին անգամ երկու դարի ընթացքում խաղը փախավ ռուսնե­րի ձեռքից: Թուրքե­րի եւ հայե­րի կոնֆլիկտն այն հիմնա­կան վառե­լանյութն էր, որով ապա­հովվում էր ռուսա­կան գերիշխա­նությունն ու դրա առաջխա­ղա­ցումը տարա­ծաշրջա­նում: Հայ-թուրքա­կան խաղա­ղությունն ու դաշինքը անհաղթա­հա­րե­լի խոչընդոտ էր դառնում այլեւս այդ առաջխա­ղացման ճանա­պարհին: Բայց ոչ միայն ռուսա­կան, այլեւ գրե­թե ցանկա­ցած արտա­քին գերիշխա­նության ճանա­պարհը փակվում կամ դժվա­րանցա­նե­լի էր դառնում այս միասնության դեմ: Ոչ միայն հայերն ու թուրքե­րը, ոչ միայն վրա­ցի­նե­րը, այլեւ Ասո­րի­քը, Միջա­գետքը, Իրանն ամրապնդում էին իրենց ինքնիշխա­նությունը այս նոր իրա­վի­ճա­կի շնորհիվ: Կրկնվում էին կարծես ինչ-որ իմաստով Միհրդատ Պոնտա­ցու եւ Տիգրան Մեծի ժամա­նակնե­րը. Հայկա­կան լեռնաշխարհի եւ Փոքր Ասիա­յի դաշինքը ապա­հո­վում են Մերձա­վոր Արեւելքի անկա­խությունը արտա­քին ուժե­րից: Զարմա­նա­լի չպետք է թվա այս համե­մա­տությունը, քանզի պատմությունը, պատմա­կան ժառանգա­կա­նությունը ոչ միայն էթնիկ են, այլեւ աշխարհագրա­կան:

Ռուսնե­րին ոչինչ չէր մնում անել սրա դեմ, բայց միայն դադա­րեցնել խռո­վություննե­րի հրահրումը Հայաստա­նի դեմ, ճանա­չել իրենց հերթին Հայաստա­նի, ինչպես նաեւ Վրաստա­նի անկա­խությունը եւ փորձել հնա­րա­վո­րինս ամրագրվել Ադրբե­ջա­նում, որի նկատմամբ սովե­տա­կան գերիշխա­նությանն այժմ լուրջ սպառնա­լիք էր ստեղծվում: Սրա դիմաց ռուսնե­րը ստիպված էին նորից խաղարկել… հայկա­կան քարտը: Որպես հակակշիռ անկախ Հայաստա­նի, ինչպես նաեւ հնա­րա­վո­րության դեպքում առաջխա­ղացման նախա­դիրք՝ հռչակվում է Հայաստա­նի Խորհրդա­յին Հանրա­պե­տությունը: Դրա կազմում մնում է այդպես էլ բոլշեւիկյան տիրա­պե­տության տակ մնա­ցած Տավուշի տարածքը, որին միացվում են նաեւ այդտե­ղից դեպի Լեռնա­յին Ղարա­բաղ ձգվող տարածքնե­րը՝ Գանձա­կի նահանգի լեռնա­յին մասից, այսպես կոչված՝ Լեռնա­յին Գանձա­կը, ապա բուն Լեռնա­յին Ղարա­բա­ղը: Այդու, այս Սովե­տա­կան Հայաստա­նը բավա­կա­նին մեծ տարածք է ստա­նում Ադրբե­ջա­նի հաշվին եւ նրա սահմաննե­րը ձգվում են անկախ Հայաստա­նի ողջ երկայնքով: Մի կողմից այս Սովե­տա­կան Հայաստա­նը, ինչպես ասա­ցինք, պլացդարմ էր դեպի անկախ Հայաստան ապա­գա ծավալման համար, փաստա­ցի հռչակյալ հավակնություն էր այդ ծավալման, Հայաստա­նի անկա­խության փաստա­ցի չճա­նաչման, մյուս կողմից էլ պատնեշ էր Ադրբե­ջա­նի հետ թուրք-հայկա­կան դաշինքի: 

Միա­ժա­մա­նակ Կիլի­կիա­յի մի մասում ֆրանսիա­ցի­նե­րի հովա­նու տակ հռչակվում է մի երրորդ Հայաստան…

Շարունա­կե­լի

Հեղի­նակ՝  Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

Նկա­րա­զարդող՝  Դավիթ Փարթամյան

Ձեւա­վո­րումը՝  Աննա Աբրա­համյա­նի,   Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝  Արա Թադեւոսյան

Նախագծի ձեւա­վորման համար օգտա­գործվել է Էմա­նուել Սարդարյա­նի լուսանկա­րը

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ