18.7 C
Yerevan

Այլընտրանքա­յին Պատմություն

Բայց մարդկության պատմություն ասածն ինքնին մի վերա­ցա­կա­նություն է: Մարդկության պատմությունն այլ բան չէ, քան ազգա­յին պատմություննե­րի հաշվեկշիռ: Պատմության սուբյեկտներն ազգերն են՝ ոչ վերա­ցա­կան մարդկությունն է ինքնին, ոչ էլ անհատ-մարդը:

Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

Առա­ջին Հանրա­պե­տության 
այլընտրանքա­յին պատմություն

Մաս VI. Ընդմի­ջարկում՝ 1920‑ը 
հայոց պատմության մեջ  

.…Ղարսն եմ հիշում հեռա­վոր,- միշտ երբ կարդում եմ Տերյա­նը…
Մի՞թե կասեմ ես, որ հին է օրօրրան այդ սուրբ ցնորքի.…
Ի՞նչ եմ անում այսօրվա ձեր ցնծությունն ու բուրյա­նը.-
Ես երա­զում եմ լոկ ի՛մը,- այն որ տվեց իմ արյա­նը
Բույր ու երանգ հնօրյա,- երգ ու ցնորք անմե­կին.…
Այլ երգ չունի էլ հոգին իմ,- լոկ երբ կարդում եմ Տերյա­նը, -
Լոկ մանկա­կանն ու նաիրյա­նը,- Ղարսն է հիշում իմ հոգին 

Չարենց, 1937

1920 թվի աշունն ավե­լի ողբերգա­կան ու անդառնա­լի էջ է հայոց նոր պատմության մեջ (եւ ճիշտն ասած՝ ամբողջ հայոց պատմության մեջ), քան նույնիսկ 1915‑ը:

Մենք սիրում ենք ընդհանրա­պես մեր պատմությունը պատկե­րացնել եւ ներկա­յացնել որպես շարունա­կա­կան ողբերգություն, բայց ընդհա­նուր առմամբ հայոց պատմությունը ոչնչով ավե­լի ողբերգա­կան չէ, քան միջի­նում համաշխարհա­յին պատմությունն է, քան այլ ազգե­րի պատմությունն է:

Պատմությունն ինչ որ առումով ինքնին մի մեծ Մատյան ողբերգություն է. այս դեպքում նկա­տի ունեմ բառիս ավե­լի հին հունա­կան կամ թեկուզ հենց բուն նարեկյան բարձր իմաստը, կամ քան ողբերգությունը կենցա­ղա­յին, «խեղճ» իմաստով: Այստեղ ողբերգությունը ոչ թե ինչ-որ «տխուր» բան է կամ թեկուզ մեծ աղետ, այլ խոշոր, տիտա­նա­կան, միմյանց նկատմամբ ներհակ ուժե­րի, խառնվածքնե­րի, սկզբունքնե­րի, տիպե­րի բախում, որտեղ կարեւոր են ոչ թե ճիշտ ու սխա­լի, արդա­րի ու անարդա­րի բարո­յա­կան սկզբունքնե­րը, այլ բարո­յա­կա­նից անդին՝ վիպա­կան կամ դիցա­բա­նա­կան էսթե­տի­կան:

Հունա­կան ողբերգությունում չկա ճիշտ ու սխալ, արդար կամ անարդար, այլ կա կյանքի խորքա­յին, էական հակա­սա­կա­նության բացա­հայտում, ճակա­տագրա­կա­նի բացա­հայտում, որի դեմ անզոր ու երկրորդա­կան են ոչ միայն առանձին մարդը, այլեւ հանրա­յին կանո­նա­կարգումնե­րը, բարո­յա­կա­նը եւ այլն: Նարե­կա­ցու «Մատյան»-ում հունա­կան այս իմաստը ձեւա­փոխվում է, տեղա­փոխվում մարդու ներքին աշխարհ, ինչպես նաեւ մարդ-Աստված հարա­բե­րություննե­րի տիրույթ, բայց էությունը նույնն է մնում՝ ներհակ, ինքնին տրված, սկզբունքա­յին ուժե­րի անհաշտ ու անընդհատ, անհաղթա­հա­րե­լի բախում, անհաղթա­հա­րե­լի հակա­սություն առանց վերջնա­կան լուծման, մարդու ներքին վեճ, կռիվ ինքն իր հետ եւ մարդու դատ Աստծու հետ եւ նույնիսկ … Աստծու դեմ: Պատմությունն իր ամե­նաընդհա­նուր ու բարձր մակարդա­կում հենց այս կերպ հասկացված ողբերգություն է:

Բայց մարդկության պատմություն ասածն ինքնին մի վերա­ցա­կա­նություն է: Մարդկության պատմությունն այլ բան չէ, քան ազգա­յին պատմություննե­րի հաշվեկշիռ: Պատմության սուբյեկտներն ազգերն են՝ ոչ վերա­ցա­կան մարդկությունն է ինքնին, ոչ էլ անհատ-մարդը: Եվ ամեն առանձին վերցրած ազգա­յին պատմություն ավե­լի կամ պակաս ողբերգա­կան չէ մյուսից, նույնիսկ եթե ողբերգա­կանն այստեղ մի փոքր «իջեցնենք» հունա­կա­նից դեպի ավե­լի «մարդա­մոտ»՝ «աղետնե­րով լի, կորուստնե­րով լի» կամ նույնիսկ «դարե­րով պետությունից զուրկ» իմաստը: 

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԻՆՈՒՄ ԱՎԵԼԻ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՉԷ, ՔԱՆ, ԱՍԵՆՔ, ԳԵՐՄԱՆԱԿԱՆ, ՖՐԱՆՍԻԱԿԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ, ՉԻՆԱԿԱՆ, ՊԱՐՍԿԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՅԼՆ:

Եթե հայոց պատմությունը լիներ միայն կորուստնե­րի ու ձախո­ղումնե­րի պատմություն, մենք այսօր բնա­կա­նա­բար չէինք լինի: Չի կարող մի ժողո­վուրդ 2–3 հազար տարի շարունակ ձախողվել եւ այդուհանդերձ լինել: Հայոց պատմությունն այս առումով ուժի, այլ ոչ թե թուլության դրսեւո­րում է: Չի կարող այս աշխարհում որեւէ թույլ բան գոյա­տեւել, դա հակա­սում է բնության եւ պատմության հիմունքնե­րին: Նույնիսկ ուժեղնե­րը կործանվում են, նույնիսկ ուժեղ լինե­լը բավա­կան չէ մնա­լու համար, բայց թուլությունը ոչնչացվում է լույսի արա­գությամբ: Ցանկա­ցած լինե­լություն ուժի դրսեւո­րում է, իսկ հայոց լինե­լությունը՝ բավա­կա­նին պատկա­ռե­լի ուժի դրսեւո­րում:

Մեր ամբողջ պատմության իրա­կան միակ մեծ ողբերգությունը, իրա­կան անդառնա­լի կորուստներն ընկնում են 1914–21 թթ. միջա­կայքում, չնա­յած նույնիսկ այդ արանքում ունե­ցանք ոչ միայն կորուստներ, այլեւ ձեռքբե­րումներ, եւ եթե այսօր էլ դեռ ունենք հայաբնակ Հայաստա­նի կտոր եւ պետություն, նույնպես ցուցիչ է, որ ուժ ենք, այլ ոչ մաքուր թուլություն: Թվում է, թե նոր բան չի ասվում այսքա­նով: Բայց խնդի­րը ոչ թե, ըստ էության, նոր բան ասելն է, այլ նոր ու ճիշտ շեշտեր դնելն է թվացյալ իմա­ցա­ծի վրա, նոր ու ճիշտ կետադրությունն է, որը, ինչպես հայտնի է, կարող է էապես փոխել նախա­դա­սության իմաստը:

Ոչ թե 1915, այլ 1914–21‑ի միջա­կայք (սահմաննե­րը որոշ չափով պայմա­նա­կան են, կարող ենք մի փոքր ավե­լի լայնացնել կամ մի փոքր ավե­լի կրճա­տել, դա չի հարցը): Ինչո՞ւ: Որովհե­տեւ, եթե մի կողմից ինքնին պարզ է, որ հայոց պատմության մեծա­գույն, իսկ մեր կարծի­քով՝ նաեւ միա՛կ իրա­կան մեծ ողբերգությունն ու կորուստը Մեծ եղեռնն էր, ապա մյուս կողմից կարեւորն այն էր, որ դրա հետեւանքնե­րը՝ ոչ բոլո­րը, իհարկե, բայց հիմնա­կան քաղա­քա­կան եւ պատմա­կան հետեւանքնե­րը հաղթա­հա­րե­լի էին մինչեւ 1920 թվա­կա­նի աշուն: Ավե­լի պարզ՝ եթե 1920-ին մենք հաղթեինք, ապա 1915‑ն իր բոլոր անդառնա­լի կորուստնե­րով հանդերձ, չէր լինի այն, ինչ է՛ այսօր, չէր լինի այն մեծ բաժա­նա­րար գիծը հայոց պատմության, որից ա՛յն կողմ դեռ ունեինք հազա­րամյակնե­րի հայրե­նիք, որը կորցրել ենք:

Մեր հայրե­նի­քը կորցրել ենք ոչ թե 1915-ին, այլ 1920-ին:

Հարցը կարեւոր է եւ արդիա­կան: Մեր պատմության շեշտը սխալ տեղում ենք դրել, իսկ պատմա­կան սխալ շեշտադրումնե­րը միշտ էլ ստվե­րում են ու ազդում ներկա­յի քաղա­քա­կա­նությունը:

 Կռվի փոխա­րեն շեշտը դրել ենք Ցեղասպա­նության վրա: Որով լռելյայն ենթադրում ենք, որ կորցրել ենք, ինչ կորցրել ենք կոտո­րա­ծի, այլ ոչ թե կռվի արդյունքում պարտության պատճա­ռով: Եվ ավե­լին ենք անում. բուն 1920 թվի հայ-թուրքա­կան պատե­րազմը ներկա­յացնում ենք Մեծ եղեռնի պատմության ազդե­ցության տակ՝ որպես դրա դրվագ, շարունա­կություն, ճյուղա­վո­րում: Բայց հայ-թուրքա­կան պատե­րազմում միմյանց բախվել են ոչ թե Օսմանյան կայսրության պետա­կան բանակն ու հայկա­կան փոքրա­թիվ պարտի­զա­նա­կան կամ կամա­վո­րա­կան միա­վորնե­րը, այլ թուրքա­կան մի ապստամբա­կան զորա­խումբ եւ հայկա­կան պետության բանակ: Կռի­վը մեծ հաշվով եղել է հավա­սա­րը հավա­սա­րի հետ, եւ պատմությունը մեզ տվել է հնա­րա­վո­րություն, եզա­կի, անկրկնե­լի հնա­րա­վո­րություն՝ կռվով, պայքա­րով լուծե­լու հարցը: Կարե­լի է անվերջ բողո­քել արտա­քին անբա­րենպաստ պայմաննե­րից, ռուս-թուրքա­կան դաշինքից եւ այլն, բայց փաստն այն է, որ պատմա­կան հնա­րա­վո­րություն լուծե­լու հայկա­կան հարցը դրա լուծման միակ հնա­րա­վոր ձեւով՝ պայքա­րով եւ վճռա­կան ճակա­տա­մա­րով մենք ունե­ցել ենք եւ պարտվել ենք: Երբ պատմության շեշտը տեղա­փո­խում ենք կռվից դեպի կոտո­րած, սխալ ուղերձ ենք ուղղում մեր ժողովրդին: Հերթա­կան անգամ թաքցնում ենք նրա­նից, որ ժողո­վուրդնե­րի ճակա­տա­գի­րը նրանց իսկ ձեռքին է, եւ որ պատմա­կան-քաղա­քա­կան հարցե­րը լուծվում են պայքա­րով ու կռվով:

ՀԱՅ ՆՈՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԻԶԱԿԵՏԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՈՒ ԴԱՌՆԱ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ, 1920 ԹԻՎԸ:

Մինչ այսօր հայոց նոր պատմության ուսումնա­սի­րությունը կենտրո­նա­ցած է 1915‑ի վրա, եթե ոչ նույնացրած է դրա հետ: Բնա­կա­նա­բար ասվա­ծը չի նշա­նա­կում, որ պետք է մոռա­նանք 1915 թվա­կա­նը: Բայց կրկնեմ, շեշտե­րը պետք է ճիշտ դնենք, գլխա­վոր հարցը 1920‑ի պատե­րազմն է:  

Ցեղասպա­նա­գի­տությունն այսօր մոդա­յիկ «թրենդ» է աշխարհում: Եթե դեռ 20-րդ դարի երկրորդ կեսին հիմնա­կա­նում խոսում էին հրեա­կան եւ որոշ չափով՝ հայկա­կան ցեղասպա­նություննե­րի մասին, ապա այսօր միտումն այն է, որ ամեն ազգ ունե­նա իր ցեղասպա­նությունը: Ամեն մեկը հուսով է իր հին ու նոր ցավե­րը քաղա­քա­կան աճուրդի հանե­լով մի բան ստա­նա, մի բան պոկի: Որքան բարո­յա­պես տարա­կուսե­լի, անարժա­նա­պա­տիվ, նույնքան էլ գործնա­կա­նո­րեն քիչ արդյունա­վետ մարտա­վա­րություն է սա:

Այստեղ, իմի­ջիայլոց, մի բարի խոսք պետք է ասենք անգլիա­կան քաղա­քա­կա­նության մասին: Իրենց բոլոր թերություննե­րով, մաքիա­վե­լիզմով հանդերձ անգլիա­կան քաղա­քա­կա­նությունը, թերեւս, զարմա­նա­լիո­րեն ամե­նաազնիվն է նաեւ հայկա­կան հարցում: 1920 թ. անգլիա­ցի­նե­րը միակն էին մեր «մեծ դաշնա­կիցնե­րից»՝ ռուսներ, ֆրանսիա­ցի­ներ, ամե­րի­կա­ցի­ներ, որոնք փորձե­ցին «տեր կանգնել» 1914–18-ին հայե­րին շռայլած խոստումներն, թեեւ խոստումներ շռայլողնե­րի թվում իրենք առա­ջին դիրքե­րում չէին: Անգլիա­կան բաց պայմանն էր՝ մենք տալիս ենք ձեզ զենք ու հանդերձանք, դուք կազմում եք բանակ եւ կռվով հաղթում եք Քեմա­լին՝ իրա­գործե­լով Սեւրի դաշնա­գի­րը: Ավել բան չեն խոստա­ցել, բայց խոստա­ցածն էլ արվել է: Բնա­կա­նա­բար անգլիա­կան շահե­րը մեջը հաշվի առած: Ֆրանսիա­ցի­ներն ամե­նա­կեղտետ կերպով են հայե­րի հետ վարվել Կիլի­կիա­յում, ավե­լի զզվե­լի ու տմարդի բարդ է պատկե­րացնել: Ռուսնե­րի պատմությունը հայտնի է: Բայց անգլիա­ցի­նե­րը նաեւ այն միակ մեծ պետությունն են դեռ, որ երբեք Հայոց ցեղասպա­նության խնդի­րը չեն դարձրել թուրքե­րի հետ առուծա­խի առարկա: Հայե­րի պարտությամբ նրանք հասկա­ցել են, որ սխալ խաղադրույք են արել, կողմնո­րոշվել են դեպի Թուրքիա, բայց երբեք հայկա­կան հարցը չեն կախել թուրքե­րի գլխին, ու մեր նահա­տակնե­րի հոգի­նե­րի հանգիստը չեն խանգա­րել «ցեղասպա­նության ճանա­չում» կոչված զզվե­լի չարչիությամբ: Շատ զարմա­նա­լի էլ չէ, քանի որ գոնե միջազգա­յին քաղա­քա­կա­նության մեջ առա­վել ցինիկն ու անբա­րո­յա­կա­նը՝ որպես կանոն, իդեա­լիստներն են դուրս գալիս, իսկ ամե­նաազնիվն ու մարդկա­յի­նը մաքիա­վե­լիստնե­րը:

1920 թվին ի չիք եղավ եւ հայ-թուրքա­կան պատվա­վոր խաղա­ղության հնա­րա­վո­րությունը: Խնդիրն այն է, որ իրա­կան խաղա­ղություն երկու կողմի համար պատվարժան կարող է լինել միայն երկու համե­մա­տա­բար համարժեք ուժե­րի միջեւ: Ճիշտ է, որ 20-րդ դարի սկզբին հայերն ու թուրքե­րը բառա­ցի համարժեք ուժեր չէին, այն ժամա­նակ էլ թե´ զուտ քանա­կա­պես, թե՛ այլ ցուցա­նիշնե­րով թուրքե­րը մեզ գերա­զանցում էին: Բայց չկար այն բացարձակ անհա­մարժե­քությունը, որը կա այսօր: Որքան էլ զարմա­նա­լի թվա այսօրվա տեսա­կե­տից, 20-րդ դարի սկզբին նույնիսկ տարածված էին խոսակցություններ այն մասին, որ թուրքե­րը մեռնող ժողո­վուրդ են, իսկ հայե­րը՝ աճող, քանի որ ծնե­լիության ու բնա­կան աճի ցուցա­նիշնե­րով հայե­րը գերա­զանցում էին թուրքե­րին: Բայց խնդի­րը միայն քանա­կա­կան ցուցա­նիշնե­րը չէին: Հայե­րը թուրքե­րի համար բավա­կա­նին պատկա­ռե­լի քաղա­քա­կան, տնտե­սա­կան եւ ռազմա­կան ուժ էին: Ռուսնե­րի կամ մյուս մեծ պետություննե­րի համար հայե­րը երբեք այդպի­սին չէին: Արհա­մարհե­լի միա­վոր չէին, բայց նաեւ հավա­սա­րը հավա­սա­րի կռվե­լու կամ բանակցե­լու-պայմա­նա­վորվե­լու միա­վոր չէին: Թուրքե­րը հայե­րի ուժը հաշվի են առել, չէին կարող հաշվի չառնել՝ այդ ուժը նրանց ե´ւ վտանգ ու մարտահրա­վեր էր, ե´ւ որոշ պայմաննե­րում ցանկա­լի դաշնա­կից: Այստե­ղից է բխում 1908 թվա­կա­նին երիտթուրքե­րի գործակցությունը Դաշնակցության հետ, որն այսօր նույնիսկ դաշնակցա­կաննե­րի համար մոռա­նա­լու էջ է, բայց ժամա­նա­կին հայե­րի ուժա­յին գործոն դառնա­լու ցուցա­նիշ էր: Այստե­ղից է բխում 1914‑ի օգոստո­սին թուրքե­րի կողմից հայե­րի հետ բանակցե­լու փորձը: Բայց այստե­ղից է նաեւ հայե­րի ոչնչացման ծրա­գի­րը, որն իրա­կա­նացվեց 1915-ից: Մեզ կոտո­րե­ցին ոչ թե որովհե­տեւ խեղճ էինք ու ոչ մեկին պետք չէինք՝ խեղճ ժողո­վուրդնե­րին չեն կոտո­րում, այլ շահա­գործում են, եկա­մուտ քամում, այլ որովհե­տեւ թուրքե­րի աչքին մենք իրա­կան վտանգ էինք, գուցե նաեւ չափա­զանցված, բայց վտանգ էինք: Որքան էլ զարմա­նա­լի է, թուրքե­րը հայե­րից վախե­նում էին: Ի դեպ, հայե­րի կոտո­րա­ծը ստրա­տե­գիա­պես թուրքե­րին հօգուտ չեղավ: Արեւմտյան Հայաստա­նի մեծ մասը մնում է էթնի­կա­պես ոչ թե թուրքա­կան, այլ քրդա­կան, իսկ հողը նրանն է, ով ապրում է այդտեղ: Ուշ թե շուտ այդտեղ լինե­լու է անկախ Քրդստան, միայն ժամա­նա­կի հարց է: Եվ եթե նախկի­նում թուրքե­րը կարո­ղա­նում էին կառա­վա­րել իրա­վի­ճա­կը՝ հենվե­լով հայ-քրդա­կան հակա­սության վրա՝ մերթ հայե­րին խրա­խուսե­լով, մերթ քրդե­րին, ապա այժմ այդ գործի­քը չկա: Հայաստա­նի թուլացմամբ թուրքե­րը նաեւ, կարե­լի է ասել, հավերժացրին ռուսա­կան գերիշխա­նությունն Այսրկովկա­սում գոնե այնքան ժամա­նա­կով, որքան Ռուսաստա­նը կգո­յա­տեւի որպես մեծ տերություն:

Եթե հայ-թուրքա­կան պատե­րազմը չավարտվեր մեր պարտությամբ, այլ գոնե պաշտպա­նա­կան հաղթա­նա­կով, այսինքն՝ եթե գոնե կարո­ղա­նա­յինք պահել մեր ձեռքի տակ եղա­ծը, էլ չասած ավե­լի­նի մասին, ապա դրա արդյունքում կնքվե­լիք հայ-թուրքա­կան հաշտությունը դառնա­լու էր ամուր հիմք հետա­գա­յի բնա­կա­նոն հարա­բե­րություննե­րի, եթե ոչ դաշինքի: Ըստ որում՝ հայ-թուրքա­կան կայուն խաղա­ղությունը նաեւ անխուսա­փե­լիո­րեն վերածվե­լու էր տարա­ծաշրջա­նի ժողո­վուրդնե­րի անկա­խության կայուն հենա­րա­նի, որովհե­տեւ դադա­րեցվե­լու էր դրսի ուժե­րի միջամտության կարեւոր գործի­քի ազդե­ցությունը:

1920 թվի պարտությունից հետո արդեն հայ-թուրքա­կան հաշտությունն անհե­ռանկար կամ շատ բարդ իրա­գործե­լի նախա­գիծ պետք է համարվեր նաեւ այն պատճա­ռով, որ Թուրքիան ու Հայաստա­նը չափա­զանց անհա­մարժեք միա­վորներ են, չափա­զանց մեծ է անհա­վա­սա­րությունը, իսկ նման դեպքե­րում կայուն եւ անկեղծ հաշտությունը բնա­կան չէ: Ամուր հիմքե­րով լուծման համար անհրա­ժեշտ է ուժա­յին հաշվեկշռի նոր փոփո­խություն՝ ի վնաս թուրքե­րի ու հօգուտ հայե­րի, որպեսզի կողմե­րի ներուժը գոնե մի քիչ մոտե­նա իրար:

ԿԱՐՈՂ Է ԱՌԱՋԻՆ ՀԱՅԱՑՔԻՑ ՉԱՓԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ ԹՎԱԼ ԱՍԱԾՍ, ԲԱՅՑ ԿԱՐՍԻ ԱՆԿՈՒՄՆ Ի ՑՈՒՅՑ Է ԴՆՈՒՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՍՏՐԿԱՑՎԱԾ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ:

Եվ ոչ միայն բուն փաստը, այլեւ դրա մեկնությունը կամ ընկա­լե­լու ձեւը երեկ եւ այսօր: Ի՞նչ նկա­տի ունեմ:

1914‑ի աշնա­նը, երբ հայտա­րարվեց ռուս-թուրքա­կան պատե­րազմը, եւ դեռ պատե­րազմի պաշտո­նա­կան մեկնարկից էլ շուտ ողջ Անդրկովկա­սով մեծ շուքով ծավալվեց հայկա­կան կամա­վո­րա­կան շարժումը՝ ի նպաստ ռուսա­կան բանա­կի: Հարցն այն չէ, որ կամա­վորնե­րի թիվն իրա­կա­նում այդքան էլ մեծ չէր՝ 2–3 հազա­րի մասին է խոսքը, իսկ ավե­լին ռուսներն էլ չէին ուզում, որպեսզի հայկա­կան գործո­նը չափից ավե­լի չուժե­ղացնեն: Հարցը քանա­կը չէ, այլ ընդգրկումը, համա­տա­րած աջակցությունը, կազմա­կերպվա­ծությունը: Անխտիր բոլո­րը՝ եկե­ղե­ցին, Թիֆլի­սի հայկա­կան բուրժուա­զիան, մտա­վո­րա­կա­նությունը, քաղա­քա­կան բոլոր ուժե­րը, գաղա­փա­րա­կան բոլոր հոսանքնե­րը (բացի բոլշեւիկնե­րից) լծվե­ցին կամա­վո­րա­կան շարժման կազմա­կերպմանն ու քարո­զին: Տեղին է նշել, որ բացի Դաշնակցությունից, մնա­ցած բոլոր լծյալնե­րը աննշան մասնակցություն անգամ չեն ունե­ցել հայկա­կան զինված ազա­տագրա­կան շարժմանն Օսմանյան կայսրությունում, եթե չհաշվենք այն, որ կողքից անխնա քննա­դա­տո­ղի դերում են եղել:

Ի դեպ, պետք է ասել, որ կամա­վո­րա­կան շարժումը նաեւ կարեւոր առիթնե­րից եղավ հայե­րի Ցեղասպա­նության (չենք ասում պատճառ, բայց կարեւոր առիթ): Սա կարեւոր է, որովհե­տեւ մոռա­նում ենք, որ Մեծ եղեռնը պատմա­կան վակուումի մեջ չի տեղի ունե­ցել, այլ Առա­ջին համաշխարհա­յի­նի օրգա­նա­կան մասն է: Կտրե­լով Մեծ եղեռնն իր այդ բնա­կան միջա­վայրից, բնիկ պատմա­կան շրջարկից՝ կամա թե ակա­մա կեղծում ենք մեր պատմությունը, պատում անո­րո­շության մշուշով եւ թաքցնում մեր ժողովրդից կարեւոր փաստը. հայե­րը ոչնչացվել են ոչ թե հենց այնպես, զուտ որպես հայեր, այլ որպես Անտանտի՝ Մեծ Բրի­տա­նիա­յի, Ֆրանսիա­յի, Ռուսաստա­նի, ԱՄՆ‑ի դաշնա­կիցներ: Մեկ միլիոն հայ զոհվել է հանուն Անտանտի…

Ի՞նչ եղավ 1920 թվին: Եթե հանուն ռուսա­կան բանա­կի եւ հանուն համաշխարհա­յին առա­ջա­դի­մա­կա­նության մարմնա­վորման՝ Անտանտի, ծավալվեց հայկա­կան հուժկու կամա­վո­րա­կան շարժումը, որին լծվե­ցին հայկա­կան բոլոր շրջա­նակնե­րը, բոլոր կառույցնե­րը, բոլոր խավե­րը, ապա տրա­մա­բա­նա­կան չէ՞ ենթադրել, որ 1920 թվին, երբ վճռվում էր Հայաստա­նի ու հայ ժողովրդի ճակա­տա­գի­րը, նույն այդ շրջա­նակնե­րը պետք է տասնա­պա­տիկ եռանդով լծվեին հայրե­նի­քի պաշտպա­նության գործին, մի նոր՝ աննա­խա­դեպ կամա­վո­րա­կան շարժման նախա­ձեռնող լինեին: Բնավ նման բան տեղի չունե­ցավ: Իհարկե, տաք-տաք խոսքեր ասվե­ցին, բայց Կարսի կռի­վը մնաց առա­վե­լա­պես հայաստանցի­նե­րի գործը, եթե չասենք հայաստանցի­նե­րի «պրոբլե­մը»: Մնացյալ բոլո­րը ֆուտբոլ դիտո­ղի դերում էին՝ «Արա­րատ հուպ տուր, Դինա­մո­յին կուլ տուր» կարգա­վի­ճա­կում: Ծիծա­ղե­լին այն է, որ որոշ թվով կամա­վորներ Թիֆլի­սից այդուհանդերձ եկան: Բայց ի՞նչ եք կարծում՝ ովքե՞ր էին դրանք եւ ի՞նչ նպա­տակներ ունեին: Այդ կամա­վորնե­րի զգա­լի մասը բոլշեւիկներ էին, որոնք մեկնել էին ճակատ այն նպա­տա­կով, որ համա­պա­տասխան քարոզչությամբ թուլացնեին հայկա­կան բանա­կի դիմադրո­ղա­կա­նությունը՝ այդպի­սի պատմա­կան հեգնանք:

Հարցն այստեղ «ժողովրդի անտարբե­րությունը» եւ նման հռե­տո­րա­կան վարժանքնե­րը չեն: Ժողո­վուրդներն իրենք իրենցով չեն կազմա­կերպվում: Նույնիսկ կամա­վո­րա­կան շարժումնե­րը պետք է ունե­նան կազմա­կերպող՝ ոգեւո­րումից, գաղա­փա­րից սկսած մինչեւ զուտ կազմա­կերպչա­կան աշխա­տանք: Հայ ժողո­վուրդը լավ կռվող է եղել բոլո­րի համար, լավը կլի­ներ նաեւ իր համար, եթե իրեն կազմա­կերպող ուժ լիներ: Բայց այստեղ է հայկա­կան վերնա­խա­վի էությունը՝ հանուն Անտանտի, հանուն Ռուսաստա­նի՝ կամա­վո­րա­կան շարժում, հանուն Հայաստա­նի՝ ո՛չ: Սա է հայ ժողովրդի ստրկության ցուցի­չը՝ զոհվել հանուն այլոց շահե­րի՝ կազմա­կերպված սեփա­կան վերնա­խա­վի կողմից, զոհվել կամա­վո­րա­պես կամ էլ զոհվել օտար պետության մեքե­նա­յի ստի­պո­ղա­կան ուժով: Իսկ մեր հայրե­նիք՝ թշվառ, անտեր…

Պատմությունն ունի եւ շարունա­կություն: Կարսի անկումից 21 տարի անց Երկրորդ համաշխարհա­յի­նի մաս ռուս-գերմա­նա­կան պատե­րազմում նույնպես զոհվե­ցին տասնյակհա­զա­րա­վոր հայեր: Չենք քննարկում մանրա­մասնե­րը: Դա անի­մաստ է՝ ոչ ոք չէր էլ հարցնում մեր պապե­րին 1941-ին, նրանք պարտա­վոր էին որպես ՍՍՀՄ քաղա­քա­ցի­ներ մասնակցել պատե­րազմին: Բայց հարցն այն է, որ երբ հպարտա­նում ենք նրանց մասնակցությամբ, ամոթխած լռության ենք մատնում այն փաստը, որ 1920-ին, եթե տասնյակհա­զա­րա­վոր հայեր պատրաստ լինեին զոհվել Կարսի պատե­րի տակ, ապա մենք ոչ թե Կարս ու Էրզրում, ոչ թե ծովից ծով Հայաստան, այլ համաշխարհա­յին տերություն էլ գուցե դառնա­յինք: Իրա­կա­նում այդքան շատ զոհ, ինչքան տվել ենք օտար բանակնե­րում երկու համաշխարհա­յիննե­րի ընթացքում, մեզ ամե­նեւին էլ պետք չէր 1920-ին: Մեր համեստ, ոչ համաշխարհա­յին, զուտ հայկա­կան ազգա­յին նպա­տակնե­րի համար շատ ավե­լի համեստ թվերն էլ բավա­կան էին հաղթե­լու համար: Եվ այդ դեպքում առանց այդ էլ մեծ զոհեր տված հայ ժողո­վուրդը կարիք չէր ունե­նա նոր զոհա­բե­րություննե­րի ոչ սովե­տա­կան ռեպրե­սիա­նե­րի, ոչ, կնե­րեք, հանուն «ֆաշիզմի դեմ հաղթա­նա­կի» (մի կերպ առանց մեզ այդ հարցը կլուծեին, վստահ եմ), ոչ էլ իսկ Ղարա­բաղյան պատե­րազմում, որը պարզա­պես չէր լինի: Սա է գինը, որը վճա­րում են ստրկացված ժողո­վուրդնե­րը: Եվ թող կտրուկ հնչի խոսքս, բայց քանի դեռ մենք մեր ժողովրդին չենք ասում պարզ ճշմարտությունը, որ միլիո­նից ավե­լի հայ ոչնչա­ցել է որպես Անտանտի դաշնա­կից, որ եթե ռուս-գերմա­նա­կան պատե­րազմում զոհվածնե­րի կեսի չափ մարդ 20 թվին պատրաստ լիներ զոհվե­լու Կարսի տակ, ապա Արեւմտյան Հայաստա­նի մեծ մասն այսօր մերն էր լինե­լու, եւ այլեւս պատե­րազմնե­րի կարիք Հայաստա­նը չէր ունե­նա­լու, ուղիղ այդքան ժամա­նակ շարունա­կե­լու ենք փաստա­ցի ստրկություն քարո­զել մեր ժողովրդին՝ լինել թնդա­նո­թի միս մեծ տերություննե­րի բախումնե­րում: Մենք նույնիսկ այնքան չկանք, որ երբ հպարտա­նում ենք երկու համաշխարհա­յի­նում մեր զոհե­րով ու մասնակցությամբ, հարց տանք՝ իսկ ի՞նչ ենք ստա­ցել դրա դիմաց: Չէ՞ որ զոհա­բե­րությունը, եթե ստրուկի զոհա­բե­րություն, այլ սուբյեկտի՝ փոխհա­տուցե­լի է: Մեր վարձքը զրո է՝ դարի ամե­նա­մեծ զոհե­րի դիմաց:

Կարսի կռի­վը բացարձա­կա­պես հայաստանցու գործ մնաց: Ու Հայաստա­նի կառա­վա­րությունն էլ չափա­զանց թույլ գտնվեց՝ կազմա­կերպե­լու համար իսկա­կան ժողովրդա­կան պատե­րազմ, որպի­սին իր էությամբ պետք է լիներ 1920 թվի պատե­րազմը:

Բայց հայությունը նույնիսկ Կարսի անկումից չցնցվեց: Թվում էր՝ գոնե պարտությունը՝ բոլոր ազգա­յին երա­զանքնե­րի վերջնա­կան անկման վտանգը, պետք է տակնուվրա անի, մինչեւ հոգու խորքը ցնցի… Պատե­րազմը դեռ մոտ մի ամիս էլ շարունակվեց Կարսի անկումից հետո՝ հրա­շա­լի հնա­րա­վո­րություն հայությա­նը ոտքի կանգնե­լու, ամեն բան մի կողմ թողնե­լու ու «ամե­նայն տեղ մահը մի է» երգե­լով գլխա­կո­րույս նետվե­լու կռվի մեջ: Չգի­տեմ, զավեշտա­լի ասեմ, թե սարսա­փե­լի, բայց փաստ է, որ նույնիսկ ուրա­խա­ցողներ կամ թեթեւ շունչ քաշողներ եղան… Չէ, խոսքը բոլշեւիկնե­րի մասին չէ: 1920–21 թթ. Սփյուռքի թերթե­րում հոդվածներ կան գրված այն ոճով, որ լավ է, վերջա­պես պրծանք էս Արա­րատյան հանրա­պե­տությունից, որը միայն խանգա­րում էր մեր ազգա­յին իղձե­րի իրա­կա­նացմա­նը, այ հիմա արդեն միջազգա­յին հանրության օգնությամբ կհասնենք Սեւրի պայմա­նագրի իրա­գործմա­նը՝ Արեւմտյան Հայաստա­նում անկախ հայկա­կան պետության ստեղծմա­նը՝ շնորհիվ Պողոս Նուբա­րի դիվա­նա­գի­տա­կան գործունեության, որին միայն խանգա­րում էր Հայաստա­նի Հանրա­պե­տությունը՝ չափա­վո­րե­լով հայկա­կան պահանջնե­րը: Սա մարդիկ լուրջ գրում եւ մտա­ծում էին:

Բայց մենք ցայսօր էլ իրա­պես չենք ցնցվել 20 թվի պարտությունից: Մեր սգո օրն այսօր էլ ապրի­լի 24‑ն է, ոչ թե հոկտեմբե­րի 30‑ը՝ Կարսի անկման օրը, երբ իրա­պես կորցրինք մեր հայրե­նի­քը, երբ հայությունը նորից դադա­րեց քաղա­քա­կան ազգ լինե­լուց (այստեղ մի փոքր չափա­զանցնում եմ՝ իրա­կա­նում վերջնա­կա­նա­պես չենք դադա­րել երբեք, բայց շատ-շատ բաներ ստիպված ենք եղել սկսել զրո­յից՝ կորցնե­լով ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ, օրի­նակ՝ 1936–38-ին, երբ գնդա­կա­հարվեց հայկա­կան քաղա­քա­կան եւ մտա­վո­րա­կան վերնա­խա­վի սերուցքն ի դեմս… հայ հին բոլշեւիկնե­րի, որոնք վերջինն էին հայկա­կան ինքնուրույն քաղա­քա­կան սերնդի, եւ հենց դրա համար էլ ոչնչացվե­ցին՝ պարա­դոքսալ կերպով որպես հայ անկա­խա­կաններ):

Չեմ ուզում ավարտել սգո նոտա­յով:

1920 թվի այլընտրանքա­յին պատմությունը հենց նրա համար էլ պետք է, որ նորից վերապրենք եղա­ծը, ազգա­յին հոգե­բա­նության անգի­տակցա­կան խորքե­րում թաքնված խնդի­րը վեր հանենք դեպի գիտակցության լույս, նաեւ տեսնենք, որ իրա­կան այլընտրանքը միշտ կա, որ ոչինչ կանխո­րոշված ու վերջնա­կան չէ, որ սեփա­կան ուժե­րին ապա­վի­նած եւ պայքա­րի պատրաստ ժողո­վուրդնե­րը երբեք էլ պարտված չեն վերջնա­կա­նա­պես:

Նախորդ դարում ունե­ցանք ոչ միայն կորուստներ, այլեւ ձեռքբե­րումներ: Հարցը միայն այն չէ, որ պետություն ունե­ցանք: Ունե­ցանք նաեւ կոմպակտ հայաբնակ տարածք, որպի­սին չունեինք: Այն, ինչ ունենք այսօր որպես Հայաստան (Ղարա­բաղն էլ բնա­կա­նա­բար հետը, առանձին չեմ նշում), բոլո­րը ձեռք է բերված կռվով ու արյամբ: Ոչ մի միլի­մետր հող ձրի չի հասել մեզ: Ունենք այնքան, որքան կարո­ղա­ցել ենք պահել: Թղթա­յին որո­շումնե­րը, որոնց հաճախ վերագրում ենք մեր այս կամ այն տարածքն ունե­նալ-չունե­նա­լը, միայն ամրագրել են այն, ինչ մինչ այդ պահվել է կամ կորսվել կռվով, կամ դրա բացա­կա­յությամբ (կորուստնե­րի մի մասը):

1918–20-ին եւ հետա­գա­յում չենք կարո­ղա­ցել մեկ գրո­հով լուծել մեր մեծ խնդի­րը: Բայց դա չի նշա­նա­կում խնդրի վերջնա­կան փակում, այլ ընդա­մե­նը հետաձգում: Իսպա­նա­կան ռեկոնկիստան տեւեց 800 տարի: Հայկա­կան ռեկոնկիստան դեռ նոր է սկսվել: 

1920 ԹՎԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ԻՐԱԿԱՆ ԹԵ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ, ՆԱԵՎ ԸՆԴՀԱՆՐԱՑՆՈՂ Է, ԿԱՐԵՎՈՐ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐ ՀԱՆՈՂ:

Այն ցույց է տալիս, օրի­նակ, ռուսա­կան գերիշխա­նության վերա­դարձի հիմնուղին՝ Բաքու-Ղարա­բաղ-Հայաստան-Վրաստան շրջա­նա­կով: Այդ ուղին այսօր էլ արդիա­կան է: Ղարա­բա­ղում ռուսա­կան խաղա­ղա­պահ զորքի տեղադրման խնդի­րը հենց այդ հիմնուղու խնդիրն է եւ ուրիշ ոչինչ, համե­նայնդեպս ո´չ Ղարա­բաղյան խնդրի լուծման տարբե­րակ: Հայե­րի հետ հարցե­րի լուծման միջնորդա­վորված եղա­նա­կը թուրքե­րի, այդ թվում Ադրբե­ջա­նի թուրքե­րի միջո­ցով եւ հետո հայե­րի փրկության բեմադրությամբ, նույնպես ակտուալ է այսօր՝ 100 տարի անց, որի վկա­յություննե­րից է, օրի­նակ, 2016‑ի պատե­րազմը:

Մյուս տարի լրա­նում է Կարսի անկման 100-ամյա­կը: Ինչպե՞ս ենք այն դիմա­վո­րե­լու:

Եվ եթե պետք լինի ազգա­յին նոր դիմադրություն, անկա­խության նոր պայքար, պատրա՞ստ ենք այսօր դրան:

Եթե կարիք լինի, պատրա՞ստ ենք 2020‑ը դարձնել 1920‑ի հակա­պատկեր եւ դրա­նով հաղթա­հա­րել 20‑ի պարտության սինդրո­մը:

Մենք դրա ներուժն ունենք: Բայց պետք է գիտակցենք, որ անկա­խությունը ձրի չէ, որ այն չի տրվում մեկ անգամ ու մեկընդմիշտ, այլ մշտա­կան պայքա­րի՝ ստեղծա­գործ աշխա­տանքից մինչեւ հարկ եղած դեպքում զինված դիմադրություն, առարկա է:

Հեղի­նակ՝  Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

Նկա­րա­զարդող՝  Դավիթ Փարթամյան

Ձեւա­վո­րումը՝  Աննա Աբրա­համյա­նի,   Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝  Արա Թադեւոսյան

Նախագծի ձեւա­վորման համար օգտա­գործվել է Էմա­նուել Սարդարյա­նի լուսանկա­րը

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ