16.8 C
Yerevan

Այլընտրանքա­յին Պատմություն

Հայաստանն անշուշտ ուներ սեփա­կան արդիա­կա­նացման ներուժ, եւ դա, ինչպես նշե­ցինք, թեեւ չէր կարող եւ կարիք էլ չուներ լինե­լու նույնքան գերա­րագ ու դաժան, որքան սովե­տա­կա­նը, բայց դրա փոխա­րեն ունե­նա­լու էր ավե­լի ներդաշնակ, մեղմացված հետեւանքներ ու ընթացք։

Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան  

Առա­ջին Հանրա­պե­տության 
այլընտրանքա­յին պատմություն

Մաս VIII (վերջին). Հայկա­կան ուտո­պիա 2. 
Անկախ Հայաստա­նը 1920-ից այսկողմ 

Արտա­քին քաղա­քա­կան

1920 թվից այսկողմ գոյություն ունե­ցած անկախ Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կան գլխա­վոր խնդի­րը 20-րդ դարի առա­ջին կեսին լինե­լու էր Երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմին մասնակցել-չմասնակցե­լու, համա­պա­տասխա­նա­բար՝ մեծ զոհեր ունե­նալ-չունե­նա­լու հարցը:

Ընդհանրա­պես բնա­կան է ենթադրել, որ անկախ Հայաստա­նի արտա­քին հարա­բե­րություննե­րում գերա­կա­յե­լու էր անգլիա­կան ազդե­ցությունը: Այս իմաստով Հայաստա­նը մասն էր կազմե­լու տարա­ծաշրջա­նա­յին մեծ համա­կարգի՝ անգլիա­կան ազդե­ցության գերա­կա­յությամբ կամ դրա աճով, որն ընդգրկե­լու էր Թուրքիան, Իրա­նը, Միջա­գետքը (Իրա­քը), Արա­բիան: Նման մեծ համա­կարգի մաս լինե­լը բնա­կա­նա­բար ներքին եւ արտա­քին հարա­բե­րություննե­րի կայունության կարեւոր գործոն էր լինե­լու:
Անգլիա­կան ազդե­ցությունը կարեւոր դեր էր խաղա­լու նաեւ ներքին հարա­բե­րություննե­րում՝ նպաստե­լով պետա­կան, քաղա­քա­կան, հանրա­յին հարա­բե­րություննե­րի եւ հաստա­տություննե­րի ձեւա­վորմանն անգլիա­կան օրի­նակնե­րով:

1930-ականնե­րի երկրորդ կեսին հավա­նա­բար որոշ դեր էր սկսե­լու խաղալ նաեւ գերմա­նա­կան ազդե­ցությունը, ինչպես եղավ նույն շրջա­նում տարա­ծաշրջա­նի մյուս երկրնե­րում: Դա կարող էր իր հետքը թողել ներքին քաղա­քա­կան պայքա­րի վրա: Սակայն հազիվ թե գերմա­նա­կան ազդե­ցությունը կարո­ղա­նար լիարժեք մրցել անգլիա­կա­նի հետ: Ի վերջո անգլիա­կան եւ գերմա­նա­կան ազդե­ցություննե­րի այս փոխհա­րա­բե­րությունից էլ կախված էր լինե­լու Հայաստա­նի ճակա­տա­գի­րը Երկրորդ աշխարհա­մարտի տարի­նե­րին (իհարկե, սրան գումա­րած նաեւ սովե­տա­կան քաղա­քա­կա­նությունը): Հասկա­նա­լու համար այս խնդի­րը պետք է վերցնենք օրի­նակներ տարա­ծաշրջա­նի իրա­կան՝ ոչ այլընտրանքա­յին պատմությունից:

Այսպես՝ Թուրքիա­յում 1930-ականնե­րից աճում է անգլիա­կան ազդե­ցությունը: 1939–41 թթ.՝ արդեն Երկրորդ համաշխարհա­յի­նի շրջա­նում, Թուրքիան նախ վարում է անգլիա­մետ չեզո­քության քաղա­քա­կա­նություն, 1941–43-ին՝ ավե­լի գերմա­նա­մետ չեզո­քության, իսկ 44–45-ին՝ նորից հակա­գերմա­նա­կան-անգլիա­մետ՝ 1945-ին հասցնե­լով նույնիսկ պաշտո­նա­պես պատե­րազմ հայտա­րա­րել Գերմա­նիա­յին (45‑ի փետրվա­րի 23-ին), չնա­յած բուն ռազմա­կան գործո­ղություննե­րին մասնակցություն չի ունե­ցել: Մանրա­մասնե­րը նույնիսկ կարեւոր չեն, կարեւոր է այն, որ Թուրքիա­յի կառա­վա­րությունը, բավա­կա­նին ճկուն քաղա­քա­կա­նություն վարե­լով, կարո­ղա­ցավ իր ժողովրդին հեռու պահել Համաշխարհա­յին պատե­րազմի արհա­վիրքնե­րից (ճիշտ հակա­ռակ երիտթուրքե­րի քաղա­քա­կա­նությանն Առա­ջին համաշխարհա­յի­նում): Նույն նպա­տա­կը պետք է ունե­նար ցանկա­ցած ոչ մեծ տերության ցանկա­ցած ողջա­միտ ղեկա­վա­րություն՝ սեփա­կան ժողովրդին մատաղ չանել մեծ տերություննե­րի՝ հանուն աշխարհա­կա­լության պայքա­րի զոհա­սե­ղա­նին:

Թուրքիա­յից տարբեր զարգա­ցավ իրա­վի­ճակն Իրա­նում: Այստեղ գերմա­նա­կան ազդե­ցությունն ուժե­ղա­ցավ այն աստի­ճա­նի, որ հանգեցրեց անգլիա­կան եւ սովե­տա­կան զորքե­րի ուղիղ միջամտության: Իրա­քում նույնպես ծագեց հակաանգլիա­կան ապստամբություն գերմա­նա­մետ գործիչնե­րի կողմից: Պետք է նկա­տի ունե­նալ, որ Մերձա­վոր Արեւելքի ժողո­վուրդնե­րի համար գերմա­նա­կան կողմնո­րո­շումն այդ շրջա­նում գործիք էր հակա­գա­ղութա­յին պայքա­րի անգլիա­կան ու ֆրանսիա­կան գերիշխա­նության դեմ (ինչպես հետա­գա­յում նման գործիք էր սովե­տա­կան կողմնո­րո­շումը): Նույնիսկ Պաղեստի­նի հրեա­նե­րի մեջ կար մի հոսանք Աբրա­համ Շտերնի գլխա­վո­րությամբ, որը 1939–42 թթ. ուղի­ներ էր փնտրում գերմա­նա­ցի­նե­րի եւ իտա­լա­ցի­նե­րի հետ գործակցության՝ ընդդեմ բրի­տա­նա­ցի­նե­րի: Եվ սա այնքան էլ խելա­հեղ միտք չէր, որքան կարող է թվալ այսօրվա «դպրո­ցա­կան» պատմության տեսա­կե­տից. Պաղեստինյան հարցում սիո­նիզմի եւ գերմա­նա­ցի­նե­րի շահերն օբյեկտի­վո­րեն հատման կետեր ունեին:

Ի դեպ, Աբրա­համ Շտերնը սպանվել է 1942-ին անգլիա­ցի­նե­րի կողմից՝ ձերբա­կա­լության ժամա­նակ իբր դիմադրություն ցույց տալու պատրվա­կով, բայց ուշագրավ է, որ ի հիշա­տակ նրա՝ այսօրվա Իսրա­յե­լում կա նրա անունով բնա­կա­վայր եւ փողոցներ Թել-Ավի­վում ու այլ քաղաքնե­րում: Սա իմի­ջիայլոց՝ ի գիտություն նրանց, ովքեր խնդիր են տեսնում այսօրվա Հայաստա­նում Նժդե­հի հիշա­տա­կի հետ կապված: Հրեա­կան պետությունում խնդիր չէ գերմա­նա­ցի­նե­րի հետ գործակցություն փնտրող եւ դրա պատճա­ռով բրի­տա­նա­ցի­նե­րի կողմից սպանված հրեա­կան գործչի հիշա­տա­կը, որովհե­տեւ բոլո­րին պարզ են այդ գործակցության մոտիվնե­րը:

Ինչեւէ, այս ակնարկից պարզ պետք է լինի, որ առա­վել արդյունա­վետ էր Թուրքիա­յի քաղա­քա­կա­նությունը 1939–45 թթ.՝ հմտո­րեն խուսա­նա­վե­լով անգլիա­կան եւ գերմա­նա­կան ազդե­ցություննե­րի միջա­կայքում, շեշտը դնե­լով մերթ մեկի, մերթ մյուսի վրա, բայց «կարմիր գիծը» չանցնե­լով ո՛չ մեկի, ո՛չ մյուսի դեպքում, կարո­ղա­նալ երկիրն անվնաս դուրս բերել համաշխարհա­յին պատե­րազմի փոթորկից: Իհարկե, այս քաղա­քա­կա­նությունն էլ ուներ որո­շա­կի ռիսկեր, սակայն ի վերջո հաջո­ղությամբ պսակվեց:

Նույնը պետք է լիներ անկախ Հայաստա­նի որեւէ ողջա­միտ կառա­վա­րության քաղա­քա­կա­նությունն այս հարցում: Գերխնդի­րը պետք է լիներ՝ մինչեւ հնա­րա­վոր առա­վե­լա­գույն կետը չեզո­քություն պահպա­նե­լը, կռվին չմի­ջամտե­լը կամ միջամտե­լը միայն ձեւա­կա­նո­րեն եւ նվա­զա­գույն զոհե­րի հեռանկա­րով: Իսկ երկրորդ կարգի, թեեւ նույնպես կարեւոր խնդիր պետք է լիներ սովե­տա­կան միջամտության առիթներ չտա­լը, եւ սովե­տա­կան միջամտության վտանգից պաշտպանվելն այլեւայլ միջոցնե­րով: Նման առիթներ սովե­տա­կան քաղա­քա­կա­նությունը բնա­կա­նա­բար փնտրե­լու էր թե՛ 1939–40-ին՝ սովե­տա-գերմա­նա­կան պակտի օրոք, թե՛ պատե­րազմի ավարտին մոտ՝ 1943–45-ին՝ Իրա­նի եւ Թուրքիա­յի գործե­րին միջամտե­լու ծրագրե­րին զուգա­հեռ:

Իրա­կան պատմության մեջ, ըստ որոշ տվյալնե­րի, 300 000 մարդ մոբի­լի­զացվել է սովե­տա­կան բանակ միայն Հայաստա­նի տարածքից 1941–45 թթ., մոտ 200 000 հայ էլ՝ ԽՍՀՄ այլ հանրա­պե­տություննե­րից: Որքան էլ մոտա­վոր լինեն տվյալնե­րը, սա հսկա­յա­կան թիվ է հայ ժողովրդի համար. Հայաստա­նի բնակչությունը 1940 թվա­կա­նին ընդա­մե­նը 1 միլիոն 320 հազար մարդ էր: 1945-ին այս թիվը կրճատվում է մեկ միլիոն 186 հազա­րի. տարբե­րությունը 134 հազար է: Այս թվի մեջ կարող են լինել ոչ միայն զոհվածնե­րը, այլեւ բանա­կից դեռ չվե­րա­դարձածնե­րը: Բայց ընդհա­նուր առմամբ տարբեր սովե­տա­կան տվյալնե­րը կորուստնե­րի մասին կարծես թույլ են տալիս պնդել, որ մոտա­վո­րա­պես 100 000 հայ է զոհվել սովե­տա­կան բանա­կի կազմում: Չեն խոսում այլ կորուստնե­րի մասին՝ վիրա­վորներ, գերի­ներ եւ այլն: Կրկնենք՝ սրանք հսկա­յա­կան կորուստներ են մի ժողովրդի համար, որը ենթարկվել է ցեղասպա­նության: Եվ պետք է հաշվի առնել, որ սրանք սովո­րա­կան կորուստներ չեն՝ հավա­սա­րա­չափ բաշխված բնակչության բոլոր խավե­րի վրա, խոսքը երի­տա­սարդ տղա­մարդկանց անհա­մա­չափ կորստի մասին է, որը, բացի ամե­նից, անդառնա­լի ժողովրդագրա­կան հետեւանքներ է ունե­ցել: Այս 100 հազար երի­տա­սարդ տղա­մարդկանց մեծա­մասնությունը պետք է հայրեր դառնա­յին հարյուրհա­զա­րա­վոր երե­խա­նե­րի, երե­խա­ներն իրենց երե­խա­նե­րի համար: Ծնե­լիության մակարդակն այն ժամա­նակվա Հայաստա­նում բավա­կա­նին բարձր էր, եւ ուրեմն պարզ է, որ խոսքը միայն առա­ջին սերնդի՝ 100‑ի կրկնա­պա­տի­կից ավե­լի չծնված երե­խա­նե­րի մասին է: Այսինքն՝ պետք է հաշվենք ոչ թե պարզա­պես 100 հազար զոհված, այլ նրանցից չծնված երե­խա­նե­րի հետ՝ 100 հազա­րա­վորնե­րի կորուստ: Հպարտա­նալ այսօր այդ կորուստնե­րով՝ որպես հայ ժողովրդի ներդրում հաղթա­նա­կի մեջ, թող կոպիտ չհնչի, բայց տղա­յա­կան պարծենկո­տություն է: Հայ ժողո­վուրդը որեւէ խնդիր չուներ լուծե­լու այդ պատե­րազմում եւ հաղթա­նա­կի արդյունքում չի ստա­ցել որեւէ փոխհա­տուցում, ինչպի­սին ունե­ցել են մեծ պետություննե­րը: Այս հսկա­յա­կան կորստից խուսա­փե­լը լինե­լու էր անկախ Հայաստա­նի մեծա­գույն բարիքնե­րից հայ ժողովրդին: Եթե միայն այս հանգա­մանքը լիներ, սա էլ բավա­կան էր, որ անկախ Հայաստա­նի այլընտրանքը նախընտրե­լի լիներ Սովե­տա­կան Հայաստա­նի բոլոր բարիքնե­րից ու չարիքնե­րից, որովհե­տեւ անցո­ղիկ է ու փոփո­խա­կան շատ բան, բայց ժողովրդագրա­կան տվյալնե­րը պետություննե­րի ու ազգե­րի ճակա­տագրե­րի հիմքե­րի հիմքն են աշխարհագրության հետ:

ԵՎ ՉԿԱ ԱՎԵԼԻ ԱՆԻՄԱՍՏ ԶՈՀ, ՔԱՆ ԱՅՆ, ՈՐ ՓՈՔՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԸ ՏԱԼԻՍ ԵՆ ՄԵԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՎԱՐԱԾ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՒՄ:

Ի դեպ, Երկրորդ համաշխարհա­յի­նից հետո սկսվում է նաեւ Հայաստա­նի արագ ուրբա­նի­զա­ցիան: Նաեւ պատե­րազմի արդյունքում հայկա­կան գյուղն ավե­լի արագ է քայքայվում, գյուղա­կան բնակչությունը զանգվա­ծա­բար տեղա­փոխվում է Երեւան եւ այլ քաղաքներ: Սա նույնպես վճռա­կան նշա­նա­կություն ունե­ցող գործոն է Հայաստա­նի ժողովրդագրա­կան իրա­վի­ճա­կի վրա:

Հանրա­յին կառուցվածք. ժողովրդագրություն:

Քանի որ հասանք ժողովրդագրա­կան խնդրին, շատ կարեւոր է հասկա­նալ այլընտրանքա­յին անկախ Հայաստա­նի հանրա­յին հարա­բե­րություննե­րի, հանրա­յին կառուցվածքի ընդհա­նուր պատկե­րը, որի սկիզբը հենց ժողովրդագրա­կան տվյալներն են: Պետք է ասել, որ ոչ միայն պատե­րազմին մասնակցե­լուց խուսա­փե­լը, այլեւ այլ տվյալներ նպաստե­լու էին, որ այսօր հայ ժողո­վուրդը քանա­կա­պես լրիվ այլ միա­վոր լիներ, քան է՛ այսօր:

Կարեւո­րա­գույն մի հանգա­մանք: Եթե այսօր թուրքե­րի քանա­կա­կան առա­վե­լությունը հայե­րի նկատմամբ բացարձակ է, եւ խոսք անգամ չի կարող լինել որեւէ համե­մա­տության մասին՝ 80-միլիո­նա­նոց Թուրքիա­յի եւ 3‑միլիոնանոց Հայաստա­նի միջեւ (Սփյուռքը չենք հաշվում, բայց պարզ է, որ նույն հարա­բե­րակցությունն է), ապա այդպես չէր 20-րդ դարի սկզբին: Այդպես չէր լինե­լու նաեւ անկախ Հայաստա­նի գոյության պարա­գա­յում՝ գոնե հարա­բե­րությունը չէր լինի այդքան բացարձակ հօգուտ թուրքե­րի:

Նախ՝ մի քանի մոտա­վոր տվյալ: Տարբեր (հաճախ ոչ շատ ստույգ) տվյալնե­րի ընդհանրացմամբ թուրքե­րի թիվը 20-րդ դարի սկզբին եղել է 7–8 միլիոն: 1927-ին Թուրքիա­յի բնակչությունը եղել է 13 միլիոն 600 հազար մարդ (որի մեջ, բացի թուրքե­րից, նաեւ քրդեր եւ այլ ազգեր են եղել): 1935-ին մենակ թուրքա­լե­զունե­րի թիվը թուրքա­կան պաշտո­նա­կան մարդա­հա­մա­րը հաշվում է 13 միլիոն 800 հազար, իսկ քրդա­լե­զունե­րի­նը՝ մեկ միլիոն 400 հազար: Պետք է ենթադրել, որ թուրքա­լե­զու 13 միլիո­նի մեջ բավա­կա­նին քանակ են կազմել ոչ միայն բուն թուրքե­րը, այլեւ, օրի­նակ, նույն քրդե­րը, որոնց ազգա­յին ինքնությունը քեմա­լա­կան Թուրքիա­յում ավանդա­բար ժխտվում էր: Ինչ էլ լինի, այս թվե­րը բերում ենք, որպեսզի մոտա­վոր պատկե­րա­ցում լինի 20-րդ դարի առա­ջին կեսում թուրքե­րի քանա­կի մասին, որը 10 միլիո­նի շուրջ տատանվող եւ այդ թվից աճող քանակ էր:

Մյուս կողմից հայե­րի թիվը Առա­ջին աշխարհա­մարտից առաջ կարե­լի է ըստ տարբեր տվյալնե­րի միջի­նացնել՝ մոտ 4–5 միլիոն, որից մեկուկես միլիոն հաշվում էին Տաճկա­հա­յաստա­նում, մոտ մի այդքան էլ Արեւելյան Հայաստա­նում, մնա­ցա­ծը՝ սփռված մոտ ու հեռա­վոր երկրնե­րում: 1922‑ի դրությամբ այդ թիվը զգա­լիո­րեն կրճատվում է հայտնի պատճառնե­րով: Շատ կոպիտ հաշվարկով՝ մեկ միլիոն հայ՝ բուն Հայաստա­նում, մի այդքան էլ մնա­ցած Սովե­տա­կան Միությունում, այդ թվում՝ Վրաստա­նում ու Ադրբե­ջա­նում, մի այդքան էլ՝ աշխարհի մնա­ցած մասե­րում, ընդհա­նուր առմամբ՝ 3 միլիո­նի կարգի հայ:

Ուրեմն, ստարտա­յին իրա­վի­ճա­կում թուրքե­րը միայն 2–3 անգամ էին քանա­կա­պես գերա­զանցում հայե­րին: Ընդ որում՝ այդ տարի­նե­րին տարածված թեմա էր հայկա­կան մամուլում այն խոսակցությունը, որ հայե­րի ծնե­լիության ցուցա­նի­շը թուրքա­կա­նից ավե­լի բարձր է, եւ ի վերջո մենք գերա­զանցե­լու ենք թուրքե­րին քանա­կա­պես: Ինչ էլ լինի, հայ-թուրքա­կան քանա­կա­կան հարա­բե­րությունը այն ժամա­նակ քիչ թե շատ համե­մա­տե­լի միա­վորնե­րի հարա­բե­րություն էր թուրքե­րի գերա­զանցությամբ, բայց ոչ բացարձակ:

Այս հարա­բե­րության հետա­գա դինա­մի­կան կախված էր լինե­լու երկու ժողովրդի զարգացման առանձնա­հատկություննե­րից: Այլընտրանքա­յին անկախ Հայաստա­նի գոյության դեպքում արդյունքը պետք է որ զգա­լիո­րեն տարբերվեր ներկա­յից:

Նախ՝ բավա­կա­նա­չափ տարածք, համե­մա­տա­բար ազատ վարչա­կարգ եւ ազատ տնտե­սա­կան համա­կարգ ունե­նա­լով՝ անկախ Հայաստա­նը իր սահմաննե­րում ավե­լի շատ հայեր էր հավա­քե­լու: Հայկա­կան Սփյուռքի կորիզն այն ժամա­նակ դեռ իրենց երկրնե­րից նոր կտրված եւ հիմնա­կա­նում չունեւոր տաճկա­հայ զանգվածն էր, որը վերա­դառնա­լու էր երկիր հնա­րա­վո­րության դեպքում: Սա հայության առա­վել ավանդա­պաշտ, առա­վել պահպա­նո­ղա­կան հատվածն էր՝ այն աստի­ճա­նի, որ արեւե­լա­հա­յե­րի աչքին հաճախ նույնացվում էր քրդե­րի հետ, եւ համա­պա­տասխան անուն էլ կրում էր՝ «կռո­ներ» (քրդե­րեն՝ կուռո՝ տղա, այ տղա): Վերա­դառնա­լով երկրում իր ավանդա­կան գյուղա­կան եւ փոքր քաղաքնե­րի կենցա­ղին՝ այս տարրն ապա­հո­վե­լու էր շատ բարձր բնա­կան աճ՝ դեռ առնվազն երկու-երեք սերնդի ընթացքում:

Ուրբա­նի­զա­ցիա­յի տեմպերն անկախ Հայաստա­նում չէին կարող լինել այնպի­սին, ինչպի­սին դրանք Սովե­տա­կան Հայաստա­նում էին, այլ անհրա­ժեշտա­բար լինե­լու էին ավե­լի չափա­վոր ու հավա­սա­րակշռված գոնե սկզբնա­կան շրջա­նում: Դա նույնպես իր ազդե­ցությունն էր թողնե­լու բնակչության քանա­կի վրա: Ի դեպ, եթե մեկը կարծում է, որ այն տիպի ուրբա­նի­զա­ցիան, որը տեղի ունե­ցավ Սովե­տա­կան Հայաստա­նում, մեծ բարիք էր երկրի համար, ապա չարա­չար սխալվում է: Այսօր եւ հեռանկա­րում դրա հետեւանքնե­րը թերեւս Հայաստա­նի թիվ մեկ խնդիրն են, որից ավե­լի կարեւո­րը չկա, եւ որի համե­մատ, ասենք, այնպի­սի խնդիրներ, ինչպի­սին «կոռուպցիա­յի դեմ պայքարն է» եւ այլն, պարզա­պես մոծա­կի կծոցներ են:

Երկրի արդիա­կա­նա­ցումն ամե­նեւին էլ չի ենթադրում այն «գազան» տեմպերն ու միջոցնե­րը, որոնք ստիպված էր կիրա­ռել սովե­տա­կան ղեկա­վա­րությունը՝ ելնե­լով իր առջեւ դրված խնդիրնե­րի յուրա­հատկությունից (սրա մասին տե՛ս այս շարքի նախորդ հատվածնե­րում):

Ուրեմն, միանգա­մից մի քանի գործոն՝ բավա­րար տարածքի գոյությունը, սփռված հայության զգա­լի մասի վերա­դարձը, հատկա­պես տաճկա­հայ բնակչության պահպա­նո­ղա­կա­նությամբ պայմա­նա­վորված բարձր ծնե­լիության ցուցա­նի­շը, Երկրորդ աշխարհա­մարտի կորուստնե­րից խուսա­փե­լը, ուրբա­նի­զա­ցիա­յի ավե­լի չափա­վոր մակարդա­կը պետք է նպաստեր այն բանին, որ անկախ Հայաստա­նի բնակչության քանա­կը միանգա­մայն այլ որա­կի թիվ լիներ, քան ներկա­յում է: Ձեռնպահ կմնամ ստույգ հաշվարկնե­րից, դրա­նով թող զբաղվեն մասնա­գետնե­րը: Բայց իմ կարճ խելքով կարող եմ ենթադրել, որ եթե թուրքա­կան 7–8 միլիո­նը կարող էր դառնալ 80 միլիոն, ապա հայկա­կան 3 միլիո­նը, թեկուզ 2 միլիո­նը կարող էր այսօր դառնալ թեկուզ 20 միլիոն: Իսկ դա կնշա­նա­կեր, որ հայերն այսօր իրենց փաստա­ցի քաղա­քա­կան կարգա­վի­ճա­կով, ազդե­ցությամբ եւ ներուժով միանգա­մայն այլ «կլա­սի» ազգ կարող էին լինել, քան կան այսօր:

Քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կությունը

Ինչպես մի անգամ զգուշացրել եմ, ես այստեղ քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կություն հասկա­ցությունն օգտա­գործում եմ իր բուն իմաստով՝ որպես պետության ու քաղա­քա­ցու միջա­կայքում ընկած եւ պետություն-անհատ հարա­բե­րություննե­րը միջնորդող, մեղմող, պետա­կա­նից տարբեր կառույցնե­րի, հաստա­տություննե­րի, հարա­բե­րություննե­րի ոլորտ: Սա քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կություն եզրի սկզբնա­կան եւ բուն իմաստն է, որը տարբեր է Հայաստա­նում այսօր արա­տա­վորված իմաստից, որով «քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կություն» ասե­լով հասկա­նում են, այսպես կոչված, ՀԿ սեկտո­րը, եթե, իհարկե, իմաստի նման նեղա­ցումը, եթե չասենք՝ այլա­սե­րումը, կարե­լի է դեռ ընդհանրա­պես իմաստ համա­րել, այլ ոչ թե, ասենք, «անի­մաստ»:

Սովե­տա­կան արդիա­կա­նացման ագրե­սիվ, տոտա­լի­տար, խուճա­պա­յին արագ բնույթի կարեւո­րա­գույն  հետեւանքնե­րից մեկն այն էր, որ հանրա­յին ոչ պետա­կան հարա­բե­րություննե­րի ու հաստա­տություննե­րի ավանդա­կան ձեւե­րը «քոքից» վերացվում էին, իսկ դրանց փոխա­րեն ստեղծվող արդիա­կան ձեւե­րը չէին աշխա­տում, ձեւա­կան դեր էին ստանձնում միա­կուսակցա­կան համա­կարգի տոտալ քաղա­քա­կան վերահսկո­ղության պայմաննե­րում:

Նույնիսկ Կոմունիստա­կան կուսակցությունը՝ որպես կուսակցություն, գործում էր ձեւա­կան՝ իրա­կա­նում ամբողջությամբ ղեկա­վարվե­լով մեկ կենտրո­նից եւ ինքնուրույն որեւէ դեր չունե­նա­լով: Արդյունքում ստեղծվում է մի համա­կարգ, որտեղ պետա­կան ապա­րա­տի ու անհա­տի միջեւ որեւէ գործունյա «միջա­կայք» չկա, անհա­տը մեն-մենակ է ամե­նա­զոր պետա­կան ապա­րա­տի դեմ:

Հանրա­յին ինքնա­կազմա­կերպման որեւէ կերպ նման ատո­մի­զացված հասա­րա­կությունում չի գործում, եւ միակ կազմա­կերպված գերուժը մնում է պետա­կան ապա­րա­տը: Լավա­գույն դեպքում անհա­տը կարող է՝ որպես միակ վերանհա­տա­կան կառույցի, ապա­վի­նել ընտա­նի­քին: Մենք շատ ենք սիրում խոսել այն մասին, որ ընտա­նի­քին ապա­վի­նելն իբր հետեւանք է այն բանի, որ հայե­րը «դարե­րով զուրկ են եղել պետությունից» (այս արտա­հայտությունն ընդհանրա­պես պետք է մոտ մի 20 տարով արգե­լել Հայաստա­նում մի շարք նման ձեւա­կերպումնե­րի հետ մեկտեղ), բայց բնա­կա­նա­բար ոչ մեկի դարդը չի կտրվել փորձել ստուգել այս պնդման հիմքե­րը՝ համոզվե­լու համար, որ նախա­սո­վե­տա­կան հայե­րին բնո­րոշ են եղել հանրա­յին ինքնա­կազմա­կերպման բազմա­թիվ ձեւեր՝ ավանդա­կան՝ գյուղա­կան համայնքներ, արհեստա­վորնե­րի համքա­րություններ, եկե­ղա­ցա­կան ծխեր, դպրոցներ, եւ նույնիսկ որոշ չափով արդիա­կան՝ կուսակցություններ եւ այլն, իսկ միայն ընտա­նի­քին ապա­վի­նե­լը հետեւանք է… սովե­տա­կան արդիա­կա­նացման: Այնպես չէ, իհարկե, որ հայերն ընտա­նի­քը չեն գնա­հա­տել մինչեւ սովե­տը, բայց հանրա­յին ինքնա­կազմա­կերպման միակ ձեւն է դարձել մեր/ձեր սիրե­լի սովե­տա­կան մոդեռնի­զա­ցիա­յի պատճա­ռով: Մնա­ցած մանրա­մասներն այս թեմա­յի մասին գրել ենք շարքի նախորդ հատվածնե­րում:

Այստեղ կարեւոր է հասկա­նալ, որ սովե­տա­կան արդիա­կա­նացման հետեւանքնե­րը ոչ մի տեղ չեն վերա­ցել: Սովե­տի փլուզումը քիչ բան է փոխել մեր հանրության կառուցվածքում այդ առումով. մնա­ցել ենք նույն ատո­մի­զացված հանրությունը, որի ավանդա­կան ինքնա­կազմա­կերպման ձեւե­րը ոչնչացված են, իսկ արդիա­կաննե­րը կամ չեն գործում, կամ շատ թույլ են (օրի­նակ՝ չկան արհմիություններ, իսկ կուսակցա­կան համա­կարգը ոչ մի կերպ չի կայա­նում, ՀԿ-ները մեծ մասամբ դրա­մաշնորհնե­րի վրա կողմնո­րոշված փաստա­ցի փոքր բիզնեսներ են եւ այլն):

ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ԿԱՐԻՔ, ԱՅԼԵՎ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԷԼ ՉԷՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՏԻՊԻ ԳԵՐԱՐԱԳ ԵՒ ՏՈՏԱԼ ՄՈԲԻԼԻԶԱՑԻՈՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ:

Այստեղ արդիա­կա­նա­ցումն ընթա­նա­լու էր ավե­լի դանդաղ եւ չափա­վոր տեմպով, ինչի փոխհա­տուցումը լինե­լու էր հանրության ավե­լի ներդաշնակ զարգա­ցումը: Ինչպես արեւմտյան երկրնե­րում, Հայաստա­նում նույնպես արդիա­կա­նա­ցումը չէր նշա­նա­կե­լու ավանդա­կան հանրա­յին կառույցնե­րի իսպառ, արմա­տա­կան ոչնչա­ցում, այլ դրանց մի մասի քիչ թե շատ աստի­ճա­նա­կան ձեւա­փո­խում՝ ժամա­նա­կի պահանջնե­րին համա­հունչ, եւ մյուս կողմից՝ արդիա­կան քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության կառույցնե­րի ոչ ձեւա­կան, բովանդա­կա­յին զարգա­ցում: Սրա արդյունքում կունե­նա­յինք շատ ավե­լի ամուր, կայուն, հաշտ, ինքնա­կարգա­վորվող հարա­բե­րություն պետություն-հանրություն-անհատ եռանկյունում:

Մի երկու խոսք էլ արդիա­կա­նացման մասին ընդհանրա­պես:

Արդիա­կա­նա­ցումը բավա­կա­նին մոդա­յիկ բառ է այսօրվա հայաստանյան վերնա­խա­վի շուրթե­րին: Կասկա­ծե­լի է սակայն, որ լավ է հասկացվում դրա իմաստը: Տպա­վո­րություն կա, որ արդիա­կա­նա­ցումը պատկե­րացվում է որպես գերա­զանցա­պես տնտե­սա­կան աճ՝ համեմված մշա­կութա­յին ինչ-որ անո­րոշ «կայֆե­րի» հետ, ընդհանրա­պես որպես «պուպուշ» եւ միայն դրա­կան մի գործընթաց: Իր իրա­կան պատմա­կան դրսեւո­րումնե­րի մեջ արդիա­կա­նա­ցումը շատ ավե­լի բարդ, բազմա­շերտ, հակա­սա­կան երեւույթ է՝ կապված ոչ միայն ձեռքբե­րումնե­րի, այլեւ կորուստնե­րի հետ եւ հիմնված ոչ այնքան «հոգեւոր», որքան նյութա­կան՝ փող, արյուն, «երկաթ» հիմքե­րի վրա: Արդիա­կա­նա­ցումը հաճախ, եթե ոչ միշտ, ենթադրում է «թալան», շահա­գործում, աղքա­տա­ցում որպես իր նախադրյալներ եւ նույնիսկ շարժիչ ուժեր իր սկզբնա­կան փուլե­րում: Շահա­գործման, թալա­նի եւ աղքա­տացման առարկա կարող են լինել թե՛ սեփա­կան ժողո­վուրդը, հատկա­պես գյուղա­ցիությունը, թե՛ գաղութացված օտարնե­րը: Պատմա­կա­նո­րեն առա­ջին՝ անգլիա­կան արդիա­կա­նացման հիմքում ընկած է թե՛ տեղա­կան՝ անգլիա­կան գյուղա­ցիության ավերն ու վերա­ծումը քաղաքնե­րի էժան աշխա­տուժի, թե՛ մանա­վանդ անգլիա­կան գաղութա­կան համա­կարգի սկզբնա­կան մեծ թալա­նը: Որտեղ չի եղել գաղութա­յին շահա­գործման հնա­րա­վո­րություն, ինչպես Գերմա­նիա­յում, Ռուսաստա­նում, Չինաստա­նում, արդիա­կա­նացման միակ հիմքը եղել է գյուղի քայքա­յումը, որոշ դեպքե­րում՝ ինքնա­հոս, որոշ դեպքե­րում՝ գիտակցա­բար արա­գացված, գյուղա­ցու եւ քաղա­քի խոնարհ խավե­րի պրո­լե­տա­րա­ցումը, այսինքն՝ սեփա­կան արտադրության միջոցնե­րից զրկումը եւ պրո­լե­տա­րացված գյուղա­ցու դաժան շահա­գործումը: Վատ է, թե լավ, բայց այսօրվա աշխարհի հարստությունն ու առա­ջա­դի­մությունը կառուցված են այդ հիմքե­րով, իսկ «գիտակցության փոփո­խությունը» եւ նման իդեա­լիստա­կան ուրվա­կաններն այստեղ տասնե­րորդա­կան դեր են խաղա­ցել՝ հետին թվով ամրագրե­լով այն, ինչ արդեն կատարվել էր նյութա­կան ոլորտում:

Մյուս տարածված պատկե­րա­ցումն այն է, որ ինչ էլ լինի, սովե­տը մեզ գոնե արդիա­կա­նացրեց, մտցրեց ժամա­նա­կա­կից կյանք: Սա ասվում է աչուկնե­րի այնպի­սի անմեղ արտա­հայտությամբ, որպի­սին կարող է լինել միայն սովե­տա­կան մոդեռնի­զա­ցիա­յի «տապո­ռով» հարթեցված մեր գլուխնե­րում: Կարծես սովե­տի կազմում թե դրա­նից դուրս Հայաստա­նը՝ որպես աշխարհի մաս, դատա­պարտված չէր արդիա­կա­նացման, կամ կարծես հայկա­կան արդիա­կա­նա­ցումը չի սկսվել դեռ սովե­տից առաջ ու մաս չէ ազգա­յին ինքնա­վար զարգացման, ըստ որում՝ թե՛ Օսմանյան, թե՛ Ռուսա­կան կայսրություննե­րում հայե­րը ոչ թե պարզա­պես այդ պետություննե­րի արդիա­կա­նացման մաս էին, այլ դրա առա­ջա­տարնե­րից, որի պատճա­ռով էլ խնդիրներ ունե­ցան եւ թշնա­մա­կան վերա­բերմունք երկուսի կողմից: Տիրա­պե­տող ազգե­րից առաջ ընկնող կամ դրանց մրցա­կից դարձող ենթա­կա ազգե­րի ճակա­տա­գիրն է սա:

Հայաստանն անշուշտ ուներ սեփա­կան արդիա­կա­նացման ներուժ, եւ դա, ինչպես նշե­ցինք, թեեւ չէր կարող եւ կարիք էլ չուներ լինե­լու նույնքան գերա­րագ ու դաժան, որքան սովե­տա­կա­նը, բայց դրա փոխա­րեն ունե­նա­լու էր ավե­լի ներդաշնակ, մեղմացված հետեւանքներ ու ընթացք: Հայկա­կան արդիա­կա­նա­ցումը սկսվել էր դեռ 19-րդ դարի վերջին, հատկա­պես Արեւելյան Հայաստա­նում իր հակա­սա­կան բոլոր դրսեւո­րումնե­րով, որի մի կողմում հայկա­կան կապի­տա­լի ստեղծումն էր, արդիա­կան հայկա­կան կառույցնե­րի ու դասա­կարգե­րի ձեւա­վո­րումը՝ մամուլ, կուսակցություններ, մտա­վո­րա­կա­նություն, գրա­կա­նություն, իսկ մյուս կողմում գյուղի քայքա­յումն էր, գյուղա­ցու աղքա­տա­ցումը, արտա­գաղթը քաղաքներ եւ այն ամե­նը, ինչը հոյա­կապ նկա­րագրված է հայ գրա­կա­նության մեջ: Քաղա­քա­կան անկա­խության պահանջի ձեւա­կերպումն էլ հենց հայկա­կան արդիա­կա­նացման հետեւանքնե­րից էր, քանի որ, ինչպես նշե­ցինք, իր զարգացման մեջ հայ ազգը կամ առաջ էր ընկնում տիրա­պե­տող ազգե­րից, կամ քայլում էր դրանց գրե­թե հավա­սար-զուգընթաց, մրցա­կից էր դառնում, իսկ մյուս կողմից էլ գյուղե­րի քայքա­յումն ու աղքա­տա­ցումն ընկալվում էր որպես ազգա­յին ճնշման խնդիր:

Հայկա­կան արդիա­կա­նացման բնա­կան շարունա­կությունը պետք է լիներ անկախ հայկա­կան պետությունը: Դրա փոխա­րեն արդիա­կա­նացման ինքնուրույն հայկա­կան տարբե­րա­կը բռնի ընդհատվեց, եւ Հայաստա­նում իրացվեց լրիվ այլ արդիա­կա­նացման տարբե­րակ, որի մոտիվնե­րը, շրջարկը եւ նպա­տակնե­րը շատ քիչ կապ ունեին բուն հայկա­կա­նի հետ: Ժխտել Սովե­տա­կան Հայաստա­նի ժառանգությունը՝ պետք չէ, սակայն պետք չէ նաեւ այնպես պատկե­րացնել, թե դա մեծ պարգեւ էր հայ ժողովրդին ի վերուստ, առանց որի հայ ժողո­վուրդը մնա­լու էր անտառնե­րում բանան ուտող եւ ծառից ծառ թռչկո­տող:

Հայոց եկե­ղե­ցի

Առանձին խոսք պետք է ասվի այնպի­սի ավանդա­կան կառույցի մասին, ինչպի­սին եկե­ղե­ցին է: Հայ եկե­ղե­ցին միշտ էլ՝ իր սկզբնա­վորման պահից եղել է ոչ այնքան կրո­նա­կան, որքան պետա­կան կառույց, հայոց պետության կառույցնե­րից մեկը (ինչպես աշխարհի բոլոր խոշոր քրիստո­նեա­կան եկե­ղե­ցի­նե­րը՝ առանց բացա­ռության): Երբ ասում ենք, թե պետության բացա­կա­յության ժամա­նակ մեզա­նում եկե­ղե­ցին փոխա­րի­նեց պետությա­նը, սխալ ձեւա­կերպում ենք անում:

Եկե­ղե­ցին չի փոխա­րի­նել պետությա­նը, այլ հենց ինքն էլ ի սկզբա­նե եղել է պետության մասը, որը գուցե իր վրա է վերցրել մյուս մասե­րի գործա­ռույթնե­րի մի հատվա­ծը, բայց սա տարբեր է «պետություն փոխա­րի­նե­լուց» այն վերա­ցա­կան, պատմա­կան նյութից կտրված իմաստով, որով հասկա­նում ենք: Դարե­րի ընթացքում գործ ունե­նա­լով օտար պետա­կան համա­կարգե­րի մեջ՝ բուն Հայաստա­նում թե Սփյուռքում, հայոց եկե­ղե­ցին անհրա­ժեշտա­բար ենթարկվել է ոչ միայն այդ համա­կարգե­րի ազդե­ցությա­նը, այլեւ ներթա­փանցմա­նը: Այս աշխարհում կրո­նը, կրո­նա­կան կառույցնե­րը միշտ եղել են, կան ու կմնան քաղա­քա­կա­նության մաս եւ քաղա­քա­կա­նության գործիք. ոչ մի պետություն-եկե­ղե­ցի ֆորմալ տարանջա­տում չի փոխել եւ չի փոխե­լու այդ օրենքը: Հատկա­պես ռուսա­կան եւ սովե­տա­կան շրջա­նում հայ եկե­ղե­ցու մեջ չափից ավե­լի ուժե­ղա­ցավ ռուսա­կան պետա­կան կառույցնե­րի ազդե­ցությունն ու ներթա­փանցումը: Որոշ դեպքե­րում թերեւս այս ազդե­ցությունն ավե­լին եղավ, քան եկե­ղե­ցու բուն ազգա­յին կառույցի կոչումը: Մեր եկե­ղե­ցու հետ կապված իրա­կան խնդի­րը հիմա էլ նույնն է մնում: Եթե մեկն այսօր էլ ուզում է իրա­կան քաղա­քա­կա­նություն մշա­կել այս ոլորտում, այլ ոչ թե պարզա­պես ձեւա­կան խնդիրնե­րով զբաղվել՝ ծիրա­նի միաեղջյուրներ, ապա հենց դա պետք է նկա­տի ունե­նա:

Անկախ Հայաստա­նում բնա­կա­նա­բար պետք է լուծվեր նաեւ այդ հարցը: Հայոց եկե­ղե­ցին պետք է ազատված լիներ օտար ներթա­փանցումնե­րից գոնե իր հայաստանյան կառույցնե­րում եւ վերա­կանգնվեր որպես այն, ինչն է՛ իր էությամբ՝ հայոց քաղա­քա­կա­նության եւ հայոց պետության կարեւոր կառույցնե­րից մեկի, որի խնդիրն էր հետապնդել եւ տարա­ծել հայոց պետա­կան շահե­րը երկրի ներսում ու դրսում: Որպես այդպի­սին՝ հայոց եկե­ղե­ցին կարող էր զգա­լի դեր խաղալ Մերձա­վոր Արեւելքի քրիստոնյա­նե­րի խնդրում, որոնք դեռ 20-րդ դարի առա­ջի կեսին զգա­լի թիվ ու կշիռ ունեին: Մերձա­վոր Արեւելքի քրիստո­նեությունը, որն այսօր փաստա­ցի ցեղասպա­նության է ենթարկվել ու ենթարկվում անտարբերնե­րիս աչքի առաջ, կարող էր միգուցե այլ ճակա­տա­գիր ունե­նալ անկախ Հայաստա­նի եւ նրա պետա­կան հաստա­տություննե­րից մեկի՝ իր հայկա­կան բնույթն ու ինքնիշխա­նությունը վերա­կանգնված հայոց եկե­ղե­ցու գոյության դեպքում:

Անկախ Հայաստա­նը նաեւ ունե­նա­լու էր կանխա­տե­սե­լիո­րեն բավա­կա­նին ուժեղ բանակ, որը, հենվե­լով ազգա­յին-ազա­տագրա­կան պայքա­րի ավանդույթնե­րի, ինչպես նաեւ երկրի ժողովրդագրա­կան ներուժի վրա, այլեւ՝ օգտվե­լով անգլիա­կան օժանդա­կությունից՝ սպա­ռա­զի­նություննե­րի, հանդերձանքի, նաեւ՝ ռազմա­կան կրթության հարցում տարա­ծաշրջա­նա­յին լուրջ դեր կարող էր ստանձնել:

Տնտե­սություն

Պատմա­կան փորձը հուշում է, որ Հայաստա­նի տնտե­սա­կան վերելքի, երկրի հարստացման կարեւո­րա­գույն նախա­պայմաննե­րից եղել է Արեւելք-Արեւմուտք մեծ ճանա­պարհնե­րի կայունությունը, անվտանգությունը եւ բացությունը: Ընդհանրա­պես որեւէ փուլում այս կամ այն երկրի հարստության, տնտե­սա­կան վերելքնե­րի եւ անկումնե­րի մասին լավա­գույնս կարե­լի է դատել՝ ելնե­լով ոչ այնքան գրքա­յին, թղթա­յին տվյալնե­րից՝ ժամա­նա­կա­կիցնե­րի վկա­յություննե­րից եւ այլն, որոնք միշտ էլ կարող են արտա­հայտել այս կամ այն քաղա­քա­կան կամ իդեո­լո­գիա­կան վերա­բերմունքն իրա­կա­նությա­նը, որքան ժամա­նա­կաշրջա­նի նյութա­կան հուշարձաննե­րից, օրի­նակ՝ միջնա­դարյան Հայաստա­նի դեպքում լավ ցուցիչ է եկե­ղե­ցա­կան շինա­րա­րությունը, դրա քանակն ու որա­կը: Մեծ քանակն ու լավ որա­կը վկա­յում են այն բանի մասին, որ երկրում «փող է ֆռա­ցել», եւ հակա­ռա­կը: Արեւելյան Հայաստա­նում եկե­ղե­ցա­շի­նության քանա­կի եւ որա­կի առումով առա­վել աչքի է ընկնում 13-րդ դարը, որոշ շրջաննե­րում նաեւ՝ 12‑ի վերջը կամ 14‑ի սկիզբը: Այդ շրջա­նի երկրորդ կեսից Արեւելքի ճանա­պարհնե­րի կայունությունն ապա­հովվում էր մոնղո­լա­կան տիրա­պե­տությամբ: Մեկ այլ վերելք 17-րդ դարն էր, երբ թուրք-իրա­նա­կան պատե­րազմնե­րի ավարտով եւ Իրա­նում Սեֆելյաննե­րի գերիշխա­նության կայունացմամբ նորից ապա­հով են դառնում մեծ ճանա­պարհնե­րը: Մյուս կողմից՝ եկե­ղե­ցա­շի­նության շատ ցածր որակ է 19-րդ դարի Արեւելյան Հայաստա­նում, մինչեւ դարի վերջին քառորդը: Հակա­ռակ տարածված պատկե­րա­ցումնե­րի՝ սա վկա­յում է, որ Ռուսաստա­նին միա­ցումը չի հանգեցրել Հայաստա­նի տնտե­սա­կան վերելքի:

Արեւելյան Հայաստա­նը եղել է Ռուսա­կան կայսրության ամե­նա­քիչ զարգա­ցող, հետամնաց ու լքված ծայրա­մա­սե­րից: Հայաստա­նի տնտե­սա­կան վիճա­կը ոչ միայն զարգա­ցոմ, այլեւ նույնիսկ որո­շա­կի անկում է ապրել ի համե­մա­տություն պարսկա­կան տիրա­պե­տության՝ դատե­լով որոշ վկա­յություննե­րից: Դրա պատճառնե­րից մեկը եղել է Մերձա­վոր Արեւելքի հետ առեւտրա­կան կապե­րի դադա­րե­ցումը կամ նվա­զումը ռուսա­կան մաքսա­յին, ինչպես նաեւ Անդրկովկա­սը Իրա­նից կտրե­լու քաղա­քա­կա­նության պատճա­ռով: Միայն 1870–80-ականներից՝ Բաքվի նավթի շահա­գործման սկզբից ի վեր, տնտե­սա­պես աշխուժա­նում է հայկա­կան կյանքը, բայց դա էլ հիմնա­կա­նում բուն Հայաստա­նից դուրս՝ Թիֆլի­սում եւ Բաքվում: Բուն Հայաստա­նը միայն անուղղա­կիո­րեն է օգտվում եւ ազդվում այդ գործընթա­ցից՝ մնա­լով Անդրկովկա­սի առա­վել հետամնաց երկի­րը: Հակա­սությունն այն է, որ եթե Կովկա­սի կապի­տա­լիզմի առա­ջա­տարնե­րը հայերն էին, ապա Հայաստա­նը ճիշտ հակա­ռա­կը՝ զարգացման հետնա­պահն էր: Այդ շրջա­նում կուտակված հայկա­կան հարստությունից գրե­թե ոչինչ չմնաց որպես ժառանգություն Հայաստան պետությա­նը՝ մնա­լով նվեր վրա­ցի­նե­րին, թուրքե­րին ու ռուսնե­րին:

Անկախ Հայաստա­նի տնտե­սա­կան զարգացման հենքը պետք է նորից դառնա­յին Մերձա­վոր Արեւելքի մեծ ճանա­պարհնե­րը: Այդպի­սով Հայաստա­նը կհայտնվեր իր բնա­կան միջա­վայրում: Սա ինքնին բավա­կան չէ, բայց կարեւոր է հենց որպես հենք: Մյուս կարեւոր գործո­նը լինե­լու էր արդեն բուն հայկա­կան կապի­տա­լը: Դրա ներկա­յա­ցուցիչնե­րից շատե­րը ժամա­նա­կի ընթացքում կարող էին լուրջ ներդրումներ ունե­նալ երկրի տնտե­սա­կան զարգացման գործում, հատկա­պես նույն Մերձա­վոր Արեւելքի հայ հարուստնե­րը, որոնց տնտե­սա­կան շահե­րը բուն տարա­ծաշրջա­նում էին: Թիֆլի­սի հայկա­կան կապի­տա­լը նույնպես իր բնա­կան ուղին կհարթեր դեպի Հայաստան, քանզի Հայաստա­նում նրա համար արդեն ավե­լի նպաստա­վոր պայմաններ կստեղծվեին, քան բուն Վրաստա­նում: Արագ եւ բուռն տնտե­սա­կան զարգա­ցում գուցեեւ չապա­հովվեր, բայց դրա փոխա­րեն այն կարող էր լինել ավե­լի համա­չափ, պակաս ավե­րիչ երկրի հանրա­յին կյանքի համար, հայկա­կան արդիա­կա­նացման բնա­կան գիծը շարունա­կող, որի շնորհիվ Հայաստա­նի զարգա­ցումը համե­նայնդեպս կարող էր մեկ-երկու քայլ առաջ լինել իր հարեւաննե­րից:

Գիտություն եւ արվեստ

Թերեւս ավե­լորդ է նույնիսկ մանրա­մասնել, որ անկախ Հայաստա­նի պայմաննե­րում արվեստի, այդ թվում՝ գրա­կա­նության եւ գոնե հումա­նի­տար գիտության զարգա­ցումը կունե­նար շատ ավե­լի նպաստա­վոր պայմաններ, քան ուներ իրա­կա­նում Սովե­տա­կան Հայաստա­նում եւ Սփյուռքում:

Աշխարհով մեկ ցրվե­լու, առանձին՝ իրար հետ շփում չունե­ցող եւ թշնա­մա­ցած խմբե­րի փոխա­րեն հայկա­կան մտա­վո­րա­կան ներուժի մեծ մասը կհա­մախմբվեր մի տարածքում, կստեղծեր մեկ միասնա­կան ստեղծա­գործա­կան միջա­վայր, ապա­հովված կլի­ներ ստեղծա­գործա­կան ազա­տությունը, չէր ընդհատվի հայկա­կան արդիա­կան գիտության ու արվեստի բնիկ, հարա­զատ զարգացման գիծը:

Մենք նույնիսկ չենք կարող պատկե­րացնել, թե ինչ արդյունքներ կտար: Մարդիկ, որոնք այնքան էլ լավ չեն պատկե­րացնում գիտության եւ արվեստի զարգացման օրի­նա­չա­փություննե­րը գուցե չեն երեւա­կա­յի անգամ, թե որքան կարեւոր են վերը թվարկած գործոննե­րը, հատկա­պես ժառանգա­կան շղթա­յի չընդհա­տումը, միասնա­կան միջա­վայրի ձեւա­վո­րումը, ստեղծա­գործա­կան ազա­տությունը: Այն, ինչով այսօր հպարտա­նում ենք որպես մշա­կութա­յին ժառանգություն, ոչ թե կրկնա­պատկվե­լու էր, այլ վստահ եմ՝ հնգա­պատկվե­լու էր անկախ Հայաստա­նի գոյության պայմաննե­րում: Հատկա­պես վստահ եմ, որ լրիվ այլ մակարդա­կի վրա կլի­ներ այսօր հայա­գի­տությունը՝ ազատված հավա­սա­րա­պես թե՛ ազգա­յին գերարժեւորման, թե՛ թերարժե­քության բարդույթնե­րից: Չեմ խոսում գրա­կա­նության մասին. միայն այն փաստը, որ հայ գրողնե­րը կկա­րո­ղա­նա­յին ստեղծա­գործել ազատ, առանց իդեո­լո­գիա­կան թելադրանքի, առանց հալա­ծանքնե­րի եւ այլն, բավա­կան է՝ մտա­բե­րե­լու համար, թե ինչ ենք կորցրել, իսկ ավանդույթի շղթա­յի չընդհատման կարեւո­րության մասին խոսել եմ նախորդիվ:

Ընդհանրա­պես, պետք է նշել, որ 1920–30-ական թթ. արեւմտյան մշա­կութա­յին պատմության ամե­նաինքնա­տիպ, ամե­նա­նո­րա­րա­րա­կան, ամե­նա­բեղմնա­վոր տարի­ներն էին՝ հակա­ռակ քաղա­քա­կան ու տնտե­սա­կան ճգնա­ժա­մե­րի կամ նույնիսկ շնորհիվ դրանց: Մեր մտա­վո­րա­կա­նությունն էլ իր ժամա­նա­կի ոգու կրողն էր, եւ մենք էլ մեր լավա­գույն գիտա­կան, գրա­կան, արվեստի սերունդներն ենք ունե­ցել այդ ժամա­նակ: Եթե նրանք գոնե մի փոքր ավե­լի ազատ պայմաննե­րում լինեին հայրե­նի­քում, նրանց տված արդյունքը, որն առանց այդ էլ մեծ է, մի քանի անգամ ավե­լին կլի­ներ:

ՓՈՐՁԵՑԻ ՍՈՍԿ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԾԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԿԵՐԸ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՏՈՊԻԱՆ:

Գրածս ուզում եմ ընկալվի որպես ոչ այնքան սոսկ պատում այն մասին, ինչ կարող էր լինել, բայց չեղավ, թեեւ դա էլ է ինքնին հետաքրքիր ու կարեւոր, այլ ուղերձ ներկա­յին ու հատկա­պես ապա­գա­յին: Հայկա­կան ուտո­պիան պետք է դուրս գա այլընտրանքա­յին պատմության էջե­րից եւ դառնա ապա­գա­յի իրա­կա­նություն:

Այսքա­նով վերջացնում եմ այլընտրանքա­յին պատմության Առա­ջին Հանրա­պե­տությա­նը նվիրված շարքը: Մի օր գուցե դրա այլ մանրա­մասնե­րին անդրա­դառնամ, որովհե­տեւ թեման անսպառ է: Շնորհա­կալ եմ այն ընթերցողնե­րին, որոնք համբե­րություն ունե­ցան այս տարվա ընթացքում կարդա­լու իմ երկա­րա­շունչ գրվածքնե­րը: Դրանք իմ սրտից էին, եւ գրել եմ հաճույքով:

Հեղի­նակ՝  Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

Նկա­րա­զարդող՝  Դավիթ Փարթամյան

Ձեւա­վո­րումը՝  Աննա Աբրա­համյա­նի,   Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝  Արա Թադեւոսյան

Նախագծի ձեւա­վորման համար օգտա­գործվել է Էմա­նուել Սարդարյա­նի լուսանկա­րը

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ