16.8 C
Yerevan

Այլընտրանքա­յին Պատմություն

Համա­րել, որ դիմադրությունը պատժե­լի է, իսկ հանձնվե­լը՝ պարգեւատրե­լի, հակա­սում է պատմա­կան փորձի առնվազն մի զգա­լի մասին:

Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

Պե՞տք էր արդյոք 1920-ին հանձնվել բոլշեւիկնե­րին 
(մաս Բ)

Այսօրվա այլընտրանքա­յին պատմությունը մի փոքր առանձնա­հատկություն կունե­նա: Մենք նախ կքննարկենք ոչ թե մեր առա­ջադրած այլընտրանքա­յին սցե­նա­րը, այլ արդեն գոյություն ունե­ցո­ղը, գոնե դա կդարձնենք խոսակցության առի­թը: Ինչպես նշել ենք նախորդ հատվա­ծում, Մայիսյան ապստամբության մասին կա մի տեսա­կետ, որի համա­ձայն ճիշտն այն է, որ 1920 թվի մայի­սին Հայաստա­նի կառա­վա­րությունը ոչ թե ճնշեր բոլշեւիկյան խռո­վություննե­րը, այլ իշխա­նությունը հանձներ նրանց: Իբր այդ դեպքում Հայաստա­նը կխուսա­փեր այն կորուստնե­րից, որ եղան 1920‑ի աշնա­նը՝ Կարսի կորուստ եւ այլն: Հայաստա­նի կազմում կպահպանվեր ոչ միայն նույն Կարսը, այլեւ Ղարա­բաղն ու Նախի­ջեւա­նը: Որպես լիարժեք այլընտրանքա­յին տեսա­կետ՝ սա չի զարգացվել երբեւէ, բայց տարբեր շրջա­նակնե­րում հնչեցվել է տարբեր մարդկանց կողմից: Ընդ որում՝ թվում է՝ այստեղ կա որո­շա­կի տրա­մա­բա­նություն: 

Այդ տրա­մա­բա­նությունը հետեւյալն է: Եթե 1920‑ի մայի­սին հայե­րը, կոպիտ ասած, հանձնվեին ռուսնե­րին, ինչպես դա արեց նույն Ադրբե­ջա­նը 1920‑ի ապրի­լին, ապա ռուսնե­րը չէին թույլատրի հայ-թուրքա­կան պատե­րազմը, համա­պա­տասխա­նա­բար չէին լինի պարտություններ ու տարածքա­յին կորուստներ, իսկ ի հատուցում մեր հանձնման՝ մեզ կթողնվեր Լեռնա­յին Ղարա­բաղն ու Նախի­ջեւա­նը: Իբր միեւնույն է՝ Հայաստա­նի սովե­տա­կա­նա­ցումն անխուսա­փե­լի էր, իսկ դիմադրությամբ ընդա­մե­նը երկա­րացրինք «տանջանքնե­րը» եւ ավե­լին՝ վճա­րե­ցինք կորուստնե­րով: 

Տեսնենք արդյոք այս տրա­մա­բա­նությունն աշխատո՞ւմ է: Մանա­վանդ որ սա պարապ հարց չէ եւ միայն 1920 թվի մայի­սին չի վերա­բե­րում, այլ մեծ հաշվով ցանկա­ցած քաղա­քա­կան իրա­վի­ճա­կի, ուր խնդիր է դրված՝ ի՞նչ անել այն իրա­վի­ճակնե­րում, երբ որեւէ մեծ պետություն փորձում է իր գերիշխա­նությունը հաստա­տել ավե­լի փոքր ազգե­րի նկատմամբ եւ օգտա­գործում է դրա համար իրեն հասու բոլոր միջոցնե­րը: Անշուշտ, նման հարցին չի կարող լինել միանշա­նակ ունի­վերսալ պատասխան, որովհե­տեւ քաղա­քա­կա­նության մեջ այնքան տարբեր իրա­վի­ճակներ են լինում, որ ամեն մեկը եզա­կի մոտե­ցում կարող է ենթադրել, սակայն այդուհանդերձ կա նաեւ իրա­վի­ճակնե­րի որո­շա­կի տիպա­բա­նություն, ասենք՝ 3–4 տիպ, որոնք քիչ թե շատ նմա­նությամբ պարբե­րա­բար կրկնվում են: 

Նախ՝ կուզեի խոսել այս մոտեցման ընդհա­նուր տրա­մա­բա­նության մասին եւ հետո նոր միայն անցնել ավե­լի կոնկրետ վերլուծության: 

Ըստ այդմ՝ ստացվում է, որ շահում է ոչ թե դիմադրող ազգը, այլ հակա­ռա­կը՝ հանձնվո­ղը: Անշուշտ կարող են լինել եւ լինում են բազմա­թիվ դեպքեր, երբ ցանկա­ցած դիմադրություն անի­մաստ է ու ավե­լորդ: Բայց համա­րել, որ դիմադրությունը պատժե­լի է, իսկ հանձնվե­լը՝ պարգեւատրե­լի, հակա­սում է պատմա­կան փորձի առնվազն մի զգա­լի մասին: Եվ ճիշտ հակա­ռա­կը, պատմա­կան փորձի զգա­լի մասը վկա­յում է, որ պարգեւատրվում է դիմադրությունը, այդ թվում հենց նրա կողմից, ով դիմադրության առարկան է, իսկ պատժվում է չափից ավե­լի ստրկա­կան հավա­տարմությունը: Դիմադրո­ղը հաստա­տում է իր սուբյեկտ լինե­լը, իսկ «հավա­տա­րի­մը» գործիք է, որը եթե չաշխա­տեց, ապա ենթա­կա է փոխա­րինման: Հեռու չգնանք, օրի­նակնե­րը հենց մեր սեփա­կան փորձից վերցնենք: 

Օրի­նակ՝ 1988 թվա­կա­նին նույն տրա­մա­բա­նությամբ հայ հանրությունը չպետք է բարձրա­ձայներ Ղարա­բաղյան խնդի­րը, համե­նայնդեպս այն պահից, երբ պարզվեց, որ ոչ միայն Ադրբե­ջա­նի, այլեւ Մոսկվա­յի հետ է առճա­կատման մեջ մտնե­լու դրա պատճա­ռով: Իսկ դա պարզվեց շատ արագ՝ հենց 88‑ի փետրվա­րին: Եվ այն ժամա­նակ եղան Հայաստա­նում առա­ջին հայացքից շատ խոհեմ կոչեր այդ տրա­մա­բա­նությամբ ոչ միայն ժամա­նա­կի հայկա­կան բարձրաստի­ճան ղեկա­վա­րության, այլեւ մտա­վո­րա­կա­նության կողմից: Ասել, որ դրանք լրիվ սխալ էին՝ սուտ կլի­նի: Պատմությունն այնպես դասա­վորվեց, որ մենք շահե­ցինք այդ առճա­կատման մեջ: Բայց կարող էր նաեւ հակա­ռա­կը ստացվել, եւ հիմա որպես վերջին իմաստություն հիշվեին հենց այդ խոհեմ կոչե­րը: Բայց էական տարբե­րություն այդուհանդերձ կա: Չանսա­լով խոհեմ կոչե­րին՝ հայ ժողո­վուրդը ստա­ցավ ազա­տագրված Արցախ, իսկ լսե­լու դեպքում, միեւնույն է, նույն արդյունքն էր ունե­նա­լու, ինչ պայքա­րի պարտության դեպքում: Բայց նույնիսկ սա չէ տվյալ դեպքում կարեւոր:

Այլ այն, որ պայքա­րի մեջ մտնե­լով իր ուժե­րը բազմա­կի անգամ գերա­զանցող սովե­տա­կան կենտրո­նի դեմ՝ հայ ժողո­վուրդն ի վերջո ձեռք բերեց դաշնակցի՝ ի դեմս… նույն Մոսկվա­յի: Այ այստեղ է ամե­նա­կա­րեւոր հետեւանքը, որը պարա­դոքս է թվում կենցա­ղա­յին տրա­մա­բա­նության տեսա­կե­տից, բայց օրի­նա­չափ է պայքա­րի տրա­մա­բա­նության տեսա­կե­տից, քանի որ պայքա­րի տրա­մա­բա­նությունն իր էությամբ դիա­լեկտիկ է, այսինքն՝ զարգա­նում է հակա­սություննե­րով: Ղարա­բաղյան շարժումը դարձավ Ռուսաստա­նում, այսպես կոչված, դեմոկրա­տա­կան ուժե­րի դաշնա­կի­ցը, իսկ այդ դեմոկրա­տա­կան ուժերն էլ գալով իշխա­նության՝ նույն Ռուսաստա­նում 1990-ականնե­րին դարձան Հայաստա­նի դաշնա­կի­ցը: Այսինքն՝ դիմադրությունը հանգեցրեց դաշինքի: Չենք խորա­նում հիմա այդ դաշինքի մանրա­մասնե­րի մեջ, ինքնին պարզ է, որ մեծ տերության հետ դաշինքն ունի առանձնա­հատկություններ, բայց մենք այստեղ միայն բուն չոր փաստն ենք արձա­նագրում: 

Կա հարցի մյուս կողմը: Ովքե՞ր դարձան 1988-ին սկսած Երեւան-Մոսկվա դիմա­կա­յության առա­ջին զոհե­րը: Օրի­նակ՝ Ղարա­բա­ղի կոմկուսի առա­ջին քարտուղար Կեւորկո­վը, որը Մոսկվա­յի առա­վել հավա­տա­րիմ գործիքն էր, եւ որը հրա­ժա­րա­կան էր ստիպված տալ դեպքե­րի հենց սկզբում: Այդ հրա­ժա­րա­կա­նը Մոսկվա­յի առա­ջին զիջումն էր հայե­րին: Հետա­գա­յում ստիպված էին հրա­ժա­րա­կան տալ նաեւ Հայաստա­նի կոմկուսի առա­ջին քարտուղարնե­րը՝ Դեմիրճյանն ու Հարությունյա­նը: Ոչ թե որովհե­տեւ նրանք գլխա­վո­րում էին հայկա­կան դիմադրությունը, այլ ճիշտ հակա­ռա­կը, որովհե­տեւ այս կամ այն կերպով փորձում էին տանել հավա­տարմության գիծը (իհարկե ոչ թե որպես վատ հայեր, այլ որպես մարդիկ, որոնք այդպես էին տեսնում ազգա­յին քաղա­քա­կա­նության առա­վել արդյունա­վետ տարբե­րա­կը), իսկ նրանց հրա­ժա­րա­կաննե­րը փաստա­ցի զիջումներ էին հայկա­կան ժողովրդա­կան կազմա­կերպված պայքա­րին: 

Ես բերե­ցի այս օրի­նակնե­րը, որովհե­տեւ սրանք համե­մա­տա­բար մոտ են մեր սերնդին, շատերն են այդ փորձով անցել: Բայց հայոց եւ համաշխարհա­յին պատմություննե­րից կարե­լի է նման օրի­նակնե­րի անվերջություն բերել: Դրանց տրա­մա­բա­նությունը մեկն է՝ դիմադրո­ղը ոչ թե պատժվում է, այլ հաջող դիմադրության դեպքում դառնում պարտնյոր կամ նույնիսկ դաշնա­կից հենց այն ուժի, որին դիմադրում է, իսկ հանձնվո­ղը ոչ թե պարգեւատրվում է, այլ ըստ հանգա­մանքնե­րի զոհա­բերվում է՝ ի զիջում նրա, ով դիմադրում է: 1920 թվին հայ ժողո­վուրդը կորցրեց ոչ թե որովհե­տեւ դիմադրեց, այլ որովհե­տեւ բավա­կա­նա­չափ ուժեղ դիմադրություն չկա­րո­ղա­ցավ ցույց տալ, քիչ դիմադրեց: Դրա մանրա­մասնե­րը տվել ենք այլընտրանքա­յին պատմության այն շարքում, որը նվիրված էր Առա­ջին Հանրա­պե­տության վերջին: 

Հիմա գանք ավե­լի կոնկրետ խնդիրնե­րին:

Ենթադրենք՝ 1920 թվի մայի­սին Հայաստա­նում ոչ թե ճնշվում է բոլշեւիկյան ապստամբությունը, այլ իշխա­նությունը հանձնվում է բոլշեւիկնե­րին: Նախորդ հատվա­ծում արդեն նշել ենք, որ այն ժամա­նակվա Հայաստա­նի ղեկա­վա­րությունում կային մարդիկ, այն էլ՝ շատ ազդե­ցիկ, որոնք դեմ չէին բոլշեւիկնե­րի հետ հարցը լուծել, այսպես ասած, խաղաղ ճանա­պարհով՝ պայմա­նա­վորվե­լով, բանակցե­լով եւ կոա­լի­ցիոն կառա­վա­րության ինչ-որ ձեւա­չափ ստեղծե­լով: Բայց խնդիրն այն էր, որ հակա­ռակ կողմից նման նպա­տակ չկար, այլ որոշված էր հարցը լուծել ուժով, առանց փոխզի­ջումնե­րի, ինչպես որ դա մասամբ տեղի ունե­ցավ, օրի­նակ, նույն Ադրբե­ջա­նում: Բայց խնդի­րը նույնիսկ այս մանրա­մասնե­րը չեն: 

Խնդիրն այն է, որ ժամա­նա­կի հայ-ռուսա­կան, թուրք-ռուսա­կան, ռուս-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րը ոչ թե հայե­րի դիրքո­րո­շումից էին կախված՝ դիմադրո­ղա­կան, թե զիջո­ղա­կան կամ նույնիսկ հանձնվո­ղա­կան, այլ շատ ավե­լի լայն համաշխարհա­յին շրջարկով: Այդ շրջարկը հայտնի է. բոլշեւիկյան Ռուսաստա­նը եւ քեմա­լա­կան շարժումը Թուրքիա­յում, երկուսն էլ որպես թշնա­մի ունե­նա­լով անգլիա­կան քաղա­քա­կա­նությունը, բնա­կան դաշնա­կիցներ էին դարձել: Հայ ժողո­վուրդն այդտեղ մեղք չուներ, ոչինչ չէր կարող փոխել: Հայ ժողովրդի միակ «մեղքն» այն էր, որ իր քաղա­քա­կան նպա­տակնե­րը համընկնում էին ժամա­նա­կի անգլիա­կան ուղղության հետ եւ հակադրված էին ռուս-թուրքա­կա­նին: Սա ընտրության հարց չէր, այլ առարկա­յա­կան փաստ: Հայաստան պետություն կամ նույնիսկ պարզա­պես հայկա­կան ազգա­յին տարածք ստեղծե­լու եւ ունե­նա­լու համար պետք էր հակադրվել ռուս-թուրքա­կան դաշինքին: Խնդի­րը, իհարկե, չափա­զանց բարդ էր, ծանր էր, բայց որքան էլ այսօր զարմա­նա­լի թվա՝ որոշ չափով լուծե­լի: Բացի ամե­նից նշեմ, որ երբ ասում ենք 1919–20 թթ. ռուս-թուրքա­կան դաշինք, պետք չէ պատկե­րացնել այսօրվա Ռուսաստանն ու Թուրքիան կամ նախկին Ռուսա­կան եւ Օսմանյան կայսրություննե­րը: Այլ՝ շատ ավե­լի համեստ ուժե­րի տեր, համաշխարհա­յին լեգի­տի­մությունից զուրկ, քաղա­քա­կա­նա­պես, տնտե­սա­պես եւ ռազմա­կան իմաստով անհա­մե­մատ թույլ միա­վորնե­րի դաշինք: Հայաստա­նի համե­մատ այն, իհարկե, էլի հզոր էր, բայց տոտալ գերա­զանցություն չունե­ցող, այլա­պես անկախ Հայաստան էլ չէր լինի: Եվ ինքը երկուսի՝ դաշինք էլ այնքան էլ անխնդիր չէր:

Այս հայտնի փաստե­րը հիշեցնում ենք միայն մի պատճա­ռով, որ պարզ դառնա, որ եթե նույնիսկ Հայաստա­նը 1920‑ի մայի­սին «հանձնվեր», ապա տարածքա­յին հարցե­րը՝ Թուրքիա­յի եւ Ադրբե­ջա­նի հետ սահմաննե­րի հարցե­րը չէին լուծվե­լու զուտ հայ-ռուսա­կան ձեւա­չա­փով: Օրի­նակ՝ Ղարա­բաղն ու Նախի­ջեւա­նը ոչ թե այն պատճա­ռով հայտնվե­ցին Ադրբե­ջա­նի կազմում, որովհե­տեւ Ադրբե­ջա­նը կամո­վին բոլշեւիկյան դարձավ, իսկ Հայաստա­նը դիմադրեց բոլշեւիկնե­րին: Ո՛չ, որովհե­տեւ այդ հարցը լուծվել էր լրիվ այլ՝ ավե­լի մեծ տրա­մա­բա­նության մեջ: Ավե­լին՝ կարող էր է՛լ ավե­լի վատ լուծվել Հայաստա­նի համար, եթե չլի­ներ այն դիմադրությունը, որը եղավ հայե­րի կողմից 1920-ին: Ղարա­բաղն ու Նախի­ջեւա­նը դարձան Ադրբե­ջա­նի մաս՝ ռուս-թուրքա­կան մեծ դաշինքի տրա­մա­բա­նությամբ, իսկ Ադրբե­ջա­նը կամո­վին «հանձնվեց» նույն այդ տրա­մա­բա­նության մեջ: 

Ի՞նչ կլի­ներ, եթե 1920-ին Հայաստա­նը դառնար բոլշեւիկյան՝ կամո­վին կամ թեկուզ Մայիսյան ապստամբության արդյունքում: Նախ՝ Ղարա­բաղն ու Նախի­ջեւա­նը Հայաստա­նի կազմից դուրս էին մնա­լու, ինչպես որ դուրս մնա­ցին: Այս հարցե­րը պատկե­րացնե­լու համար պետք է մի սկզբունք պատկե­րացնել. Հայաստա­նի կազմում ի վերջո մնա­ցին այն տարածքնե­րը, որոնք սեփա­կան ուժե­րով կարո­ղա­ցել ենք պահել: Ոչ ոք մեզ ոչինչ ոչ տվել է, ոչ էլ մեծ հաշվով խլել: 1920‑ի մայի­սի դրությամբ Ղարա­բաղն ու Նախի­ջեւա­նը հայկա­կան վերահսկո­ղությունից դուրս էին եւ դուրս էլ մնա­ցին: Բայց եթե բոլշեւիկյան ապստամբությունը 1920-ին հաղթեր, դուրս կմնա­յին Հայաստա­նի կազմից ոչ միայն այդ երկուսը: 

Նախ՝ ամե­նայն հավա­նա­կա­նությամբ Հայաստա­նի կազմից դուրս կմնար Զանգե­զուրը: Խնդիրն այն է, որ Զանգե­զուրի հարցը՝ հօգուտ Հայաստա­նի սահմաննե­րում մնա­լու, լուծվեց հենց 1920‑ի ուշ գարնա­նից մինչեւ 1921‑ի ամա­ռը տեւած համառ պայքա­րում, որը Նժդե­հը կոչում է հայ-բոլշեւիկյան պատե­րազմ: Սա մաս էր հայ-բոլշեւիկյան ավե­լի լայն, այսօրվա լեզվով ասած՝ հիբրի­դա­յին պատե­րազմի, որը ծավալվում էր այդ ժամա­նակ: Ճիշտ է, 1920‑ի մայի­սի դրությամբ Զանգե­զուրը հայկա­կան վերահսկո­ղության տակ էր, սակայն հետա­գա­յում իրա­վի­ճա­կը փոխվել է. 1920‑ի ամռա­նը բոլշեւիկնե­րը գրա­վե­ցին Գորի­սը, Սիսիա­նը, ապա՝ Կապա­նը: Նժդե­հը քաշվեց լեռնե­րը: 

Միայն 1920‑ի հոկտեմբե­րին՝ հայ-թուրքա­կան պատե­րազմին զուգա­հեռ, Նժդե­հի ուժե­րը հետ վերցրին Կապանն ու Գորի­սը՝ իջնե­լով Խուստուփի լեռնե­րից: 1920‑ի նոյեմբե­րի վերջին, երբ Հայաստա­նը վերջա­պես սովե­տա­կան հռչակվեց, Ադրբե­ջա­նը հայտա­րա­րեց, որ Նախի­ջեւա­նը, Զանգե­զուրն ու Ղարա­բա­ղը ճանա­չում է Հայաստա­նի մաս: Այդ խոստումը երբեք էլ ամբողջո­վին չիրա­կա­նա­ցավ՝ այն պարզ պատճա­ռով, որ նման հարցե­րը խոստումնե­րով են լուծվում: Իրա­պես Հայաստա­նի մաս ճանաչվեց միայն Զանգե­զուրը՝ նույնպես այն պարզ պատճա­ռով, որ այդ կարգա­վի­ճա­կը նվաճվեց համառ դիմադրությամբ: Այսօր կան մարդիկ, որոնք պնդում են, թե Զանգե­զուրի հայտնվե­լը Հայաստա­նի կազմում Նժդե­հի շնորհքը չէ, այլ Մյասնիկյա­նի դիվա­նա­գի­տա­կան ջանքե­րի: Ամե­նեւին էլ չթե­րագնա­հա­տե­լով Մյասնիկյա­նի դերը, որը, ինչպես Սովե­տա­կան Հայաստա­նի այլ ղեկա­վարներ, իր կարո­ղություննե­րի սահմաննե­րում արել է հնա­րա­վո­րը եւ ողբերգա­կան ճակա­տա­գիր է ունե­ցել, նաեւ երկար տարի­ներ գիտակցված մոռա­ցության է մատնվել սովե­տա­կան քարոզչության կողմից (մինչեւ 1950-ականնե­րը), բայց մեծա­գույն սխալ է նման պնդումը: Դիվա­նա­գի­տա­կան ջանքե­րով հնա­րա­վոր չէ տարածք պահել կամ ազա­տագրել, եթե դիվա­նա­գի­տա­կանն ապա­հովված չէ ուժով: Եթե դիվա­նա­գի­տությամբ հնար լիներ այսպի­սի հարցեր լուծել, ապա նույն Մյասնիկյա­նը մնա­ցած տարածքներն էլ Հայաստա­նի կազմում կկա­րո­ղա­նար պահել, բայց զարմա­նա­լի զուգա­դի­պությամբ դիվա­նա­գի­տա­կան ջանքը հաջո­ղել է միայն այնտեղ, ուր նախա­պես ապա­հովվել է դիմադրություն: Այս կարճ վերլուծության հիմամբ ուրեմն կարող ենք մեծ հավա­նա­կա­նությամբ պնդել, որ եթե Մայիսյան ապստամբությունը 1920-ին չճնշվեր, Զանգե­զուրը չէր լինի Հայաստա­նի կազմում, եթե, իհարկե, նույնիսկ այդ պայմաննե­րում Նժդե­հը չշա­րունա­կեր դիմադրությունը, բայց հարց է՝ կունենա՞ր այդ հնա­րա­վո­րությունը, որովհե­տեւ 1920‑ի աշնա­նը մի քիչ այլ պայմաններ կային:

Բայց միայն Զանգե­զուրի խնդի­րը չէ: Ինչպես նշել ենք, արդեն 1920‑ի մայի­սի դրությամբ Հայաստա­նին փաստա­ցի չէր ենթարկվում, չնա­յած ձեւա­կա­նո­րեն Հայաստա­նի կազմում էին, մի քանի խոշոր թրքաբնակ շրջան, այդ թվում Զանգի­բա­սա­րը (ապա­գա Մասի­սի շրջա­նը), Վեդին, Սեւա­նա լճի արեւելյան ափը եւ այլն: Այս բոլոր շրջաններն ապստամբել էին դեռեւս 1919‑ի ամառվա­նից, որոնցից Զանգի­բա­սա­րը՝ առա­վել մեծն ու հարուստը՝ Երեւա­նի քթի տակ: 1920‑ի Մայիսյան ապստամբության ճնշման շարունա­կությունը եղավ այն, որ 1920‑ի հունի­սից հերթով ճնշվե­ցին եւ հայկա­կան վերահսկո­ղության տակ անցան նաեւ սրանք: Եվ սա պատա­հա­կան չէր իհարկե, քանի որ թրքաբնակ ապստամբ շրջաննե­րը մասն էին ռուս-քեմա­լա­կան մեծ դաշինքի, եւ բոլշեւիկյան ապստամբության ճնշման տրա­մա­բա­նա­կան հետեւանքն էր սրանց վերա­ցումը: Մաքրե­լով Զանգի­բա­սարն ու Վեդին՝ հայկա­կան զորքե­րը հասան Շարուրի եւ Նախի­ջեւա­նի սահմաննե­րին, որոնք նույնպես ձեւա­կա­նո­րեն Հայաստա­նի մասն էին, սակայն փաստա­ցի ապստամբ վիճա­կում էին: Այստեղ էլ առաջխա­ղա­ցումը կանգ առավ ռուսա­կան միջամտությամբ (մանրա­մասներն այստեղ մի կողմ ենք թողնում): 

Սա նշա­նա­կում է, որ եթե Հայաստա­նը 20 թվի մայի­սին դառնար սովե­տա­կան, շատ մեծ հավա­նա­կա­նությամբ նրա կազմում չէին լինի նաեւ Վեդին ու Զանգի­բա­սա­րը, ինչպես նաեւ Սեւա­նա լճի արեւելյան ափը: Որեւէ տրա­մա­բա­նություն չկա այլ կերպ մտա­ծե­լու: Նախի­ջեւա­նի հանրա­պե­տության տարածքն այսօր Հայաստա­նի կազմում չէ ճիշտ այն պատճա­ռով, որ ժամա­նա­կին հայկա­կան զորքե­րը կանգնե­ցին հենց դրա սահմաննե­րին: Եթե կանգնեին, օրի­նակ, Վեդիի սահմաննե­րին, որը կպած է Նախի­ջեւա­նի հանրա­պե­տությա­նը, ապա Վեդին նույնպես լինե­լու էր Նախի­ջեւա­նի հանրա­պե­տության մասը: Զանգի­բա­սա­րը կտրված է Վեդիից նախկին Ղամարլուով՝ ներկա­յի Արտա­շա­տով, որը հայաբնակ էր, բայց կարող էր եւս մեկ անկլա­վա­յին տարածք դառնալ, ինչպես հենց Նախի­ջեւանն է անկլա­վա­յին՝ չունե­նա­լով սահման բուն Ադրբե­ջա­նի Հանրա­պե­տության հետ: Իսկ Սեւա­նի արեւելյան ափն էլ շատ հանգիստ կարող էր միացվել Ադրբե­ջա­նին, եւ, կնե­րեք մի քիչ անհամ կատակս, կարող էինք մի օր հայ-ադրբե­ջա­նա­կան ծովա­յին մարտեր ունե­նալ Սեւա­նա լճում: Գրե­թե վստա­հա­բար կարե­լի է պնդել, որ Զանգե­զուրից Զանգի­բա­սար Հայաստա­նի սահմաններն այսօր այլ կլի­նեին, եթե Մայիսյան ապստամբությունը հաջո­ղության հասներ, կամ եթե Հայաստա­նը կամո­վին դառնար սովե­տա­կան 1920‑ի մայի­սին, եւ տարբե­րությունը գոնե նշյալ շրջաննե­րում կլի­նեին ի վնաս մեզ: Նույնը կլի­ներ, եթե Մայիսյան ապստամբության ճնշումից հետո Հայաստա­նի կառա­վա­րությունը չանցներ թրքաբնակ շրջաննե­րի ապստամբություննե­րի ճնշմա­նը, եւ եթե Նժդե­հը չշա­րունա­կեր դիմադրությունը Զանգե­զուրում: Այնպես որ, Հայաստա­նի դիմադրությունը 1920-ին հանգեցրել է շատ կոնկրետ արդյունքնե­րի, որոնց շնորհիվ ոչ միայն նշյալ տարածքնե­րը, այլեւ Ղարա­բաղն է այսօր մերը, որովհե­տեւ ինքնին պարզ է, որ Ղարա­բա­ղի ազա­տագրումը հնա­րա­վոր չէր լինի առանց առնվազն Զանգե­զուրի վերահսկո­ղության: Էլ չենք ասում, թե ինչի նման կլի­ներ Զանգե­զուրի եւ Վայոց ձորի հայկա­կան վերահսկո­ղությունը, եթե ոչ միայն Նախի­ջեւա­նը, այլեւ, ասենք, Վեդին ու Վարդե­նիսն էլ լինեին Ադրբե­ջա­նի կազմում. պատկե­րացրեք այն ճանա­պարհը, որով Երեւա­նից պետք է հասնեինք Եղեգնա­ձոր՝ շրջանցե­լով թրքաբնակ տարածքնե­րը: 

Ավե­լի բարդ է պատասխա­նել Կարսի եւ Իգդի­րի հետ կապված հարցե­րին: Իհարկե, եթե Հայաստա­նը 1920‑ի մայի­սին դառնար սովե­տա­կան, պատճառ չպետք է լիներ հայ-թուրքա­կան պատե­րազմի, հետեւա­բար Կարսն ու Իգդի­րը կարող էին մնալ Հայաստա­նի կազմում՝ ի տարբե­րություն Զանգե­զուրի եւ մյուսնե­րի: Մյուս կողմից՝ միանշա­նակ սա պնդել չենք կարող: Ամեն բան կախված կլի­ներ արդեն ռուս-թուրքա­կան հարա­բե­րություննե­րից, իսկ հայերն այլեւս գործոն չէին լինի, քանի որ «հանձնվա­ծը» գործոն չէ: Եթե որոշվեր, որ, օրի­նակ, Իգդի­րը պետք է լինի Ադրբե­ջա­նի կազմում, որպեսզի կապ ապա­հո­վի Նախի­ջեւա­նի հետ, ապա բարդ չէր լինի դա իրա­գործել, քանի որ Իգդիր քաղա­քից դուրս այդ շրջա­նի հայկա­կան վերահսկո­ղությունն այսպես թե այնպես խնդրա­հա­րույց էր: Բայց այս հարցը մանրա­մասն չենք քննի՝ թողնե­լով սա էլ «հանձնման» կողմնա­կիցնե­րին փեշքեշ: Համա­րենք, որ Հայաստա­նը մեծ հավա­նա­կա­նությամբ կկորցներ Զանգե­զուրը, Արա­րատյան դաշտի զգա­լի մասը, Սեւա­նի արեւելյան ափը, բայց հավա­նա­բար կպա­հեր Կարսը ու երեւի թե Իգդի­րը: Թե որն է ավե­լի լավ, թող որո­շո­ղը որո­շի: Հարցը սակայն այս տարածքա­յին մաթե­մա­տի­կան չէ: Հարցն այն է, որ հաստա­տա­պես դիմադրության արդյունքում է պահվել այն, ինչ կարո­ղա­ցել ենք պահել, եւ մյուս կողմից Կարսի ու Իգդի­րի, ինչպես նաեւ Նախի­ջեւա­նի ու Ղարա­բա­ղի կորուստը արդյունք են դիմադրության ոչ բավա­րար չափի: Ինչպես ցույց ենք տվել մեր այս շարքի նախորդ թեմա­նե­րից մեկում, մեր կարծի­քով՝ հնա­րա­վոր էր 1920‑ի աշնա­նը պահել Կարսը եւ չպարտվել հայ-թուրքա­կան պատե­րազմում: 

Վերջա­պես փորձենք հասկա­նալ կապը 1920‑ի մայի­սի եւ 1920‑ի աշնան՝ հայ-թուրքա­կան պատե­րազմի եւ Կարսի անկման հետ: Պարզունակ կապեր փնտրողնե­րի կարծի­քով, քանի որ Կարսի անկումը հետեւել է ժամա­նա­կի մեջ Մայիսյան ապստամբության ճնշմա­նը, եւ ընդհանրա­պես մեկ մեծ պայքա­րի մասն է եղել միեւնույն ուժե­րի դեմ, ապա Մայիսյան ապստամբության ճնշումն ուղիղ պատճառնե­րից մեկն է Կարսի անկման: Այ, եթե չճնշեինք, չէինք էլ ստա­նա Կարսը: Մասամբ մենք արդեն հերքե­ցինք այս տրա­մա­բա­նությունը եւ ցույց տվե­ցինք, թե ինչեր է իրա­կա­նում հայ ժողո­վուրդը շահել 1920‑ի մայիս-հունի­սի հաղթա­նակնե­րի շնորհիվ: Բայց հիմա մի փոքր ավե­լի մանրա­մասնենք մի քանի կարեւոր խնդիր եւս: 

Ընդհանրա­պես, իհարկե, նման վերա­ցա­կան մտա­ծո­ղությունը տեղ չպետք է ունե­նա քաղա­քա­կան վերլուծության մեջ: Որքան էլ միմյանց հետ կապված լինեն 1920‑ի գարնան-ամռան եւ աշնան իրա­դարձություննե­րը, ճիշտ հետեւություններ անե­լու, այլ ոչ թե վերա­ցա­կան «իմաստություններ» ստա­նա­լու համար պետք է յուրա­քանչյուրը վերլուծել առանձին-առանձին իր ներքին տրա­մա­բա­նության, այլեւ՝ դեպքե­րի զարգացման, դինա­մի­կա­յի մեջ: 

Մայիսյան ապստամբության ճնշմամբ եւ դրան հետեւած գործո­ղություննե­րով Հայաստա­նի կառա­վա­րությունը բռնել էր ճիշտ ուղղություն: Այդ ուղղությունը մեկ թերություն ուներ՝ այն բավա­կա­նա­չափ հետեւո­ղա­կան չէր: Եթե լիներ, ապա մեր կարծի­քով՝ Կարսի պարտությունն էլ կարող էր չլի­նել, եւ նույնիսկ Հայաստա­նի սովե­տա­կա­նա­ցումը: Խնդիրն ուրեմն ոչ թե դիմադրությունն էր կամ դիմադրության կոշտությունը, այլ ոչ բավա­րար ու հետեւո­ղա­կան դիմադրությունը: Բացատրեմ: 

1920 թվի մայի­սին Հայաստա­նում ստեղծվեց նոր կառա­վա­րություն, այսպես կոչված՝ Բյուրո կառա­վա­րությունը, որով իշխա­նությունն անթա­քույց անցավ Դաշնակցության կուսակցության գերա­գույն մարմնին, այսինքն՝ փաստա­ցի հռչակվեց կուսակցա­կան դիկտա­տուրա, ինչը ստեղծված իրա­վի­ճա­կում ոչ միայն դրա­կան, այլեւ միակ հնա­րա­վոր ելքն էր: Բայց այլ հարց է, որ իրա­կան, հետեւո­ղա­կան դիկտա­տուրա Հայաստա­նում չհաստատվեց, եւ դա էր գլխա­վոր քաղա­քա­կան պարտության պատճա­ռը: Ընթերցո­ղը միգուցե զարմա­նա՝ կարծե­լով, որ տողե­րիս հեղի­նա­կը դիկտա­տուրա­նե­րի կողմնա­կից է: Բնավ ոչ: Դիկտա­տուրա­յի կողմնա­կից կամ հակա­ռա­կորդ լինե­լը, մեր մեջ ասած, քաղա­քա­կան դատարկություն է: Դիկտա­տուրան գործիք է, այլ ոչ թե գաղա­փար կամ նպա­տակ: Գործիք, որոնցով որոշ՝ ծայրա­հեղ իրա­վի­ճակնե­րում պետք է լուծվեն շատ կոնկրետ հարցեր: Օրի­նակ՝ պատե­րազմնե­րի ժամա­նակ դիկտա­տուրա­յի որոշ տարրեր անհրա­ժեշտ են նույնիսկ առա­վել ազատ հանրություննե­րում: Չի կարե­լի ընդհանրա­պես կողմ կամ դեմ լինել գործիքնե­րին: Նույնն է, որ ասես, թե ես կողմ եմ մուրճե­րին եւ դեմ՝ հարթա­շուրթե­րին: Նայած ինչ գործ ես ուզում անել՝ ըստ այդմ էլ ընտրում ես գործի­քը։ 

Ո՞րն էր նոր կառա­վա­րության էական տարբե­րությունը նախորդ՝ Խատիսյա­նի կառա­վա­րությունից, որը գործեց 1918‑ի վերջից: Եթե կարճ ձեւա­կերպենք, ապա Խատիսյա­նի կառա­վա­րության քաղա­քա­կա­նությունը «դիվա­նա­գի­տությունն էր», իսկ նոր կառա­վա­րության հռչա­կած նպա­տա­կը՝ հեղա­փո­խա­կա­նությունը: Ի՞նչ է սա նշա­նա­կում: Խատիսյա­նի կառա­վա­րության հիմնա­կան քաղա­քա­կան ակնկա­լի­քը երկրից դուրս էր. սպա­սում էին, որ մեծ տերություննե­րը կորո­շեն Հայոց հարցը, կգծեն Հայաստա­նի սահմաննե­րը, եւ դրա­նից հետո մեծե­րի օգնությամբ էլ Հայաստա­նը կանցնի գործո­ղություննե­րի՝ իրացնե­լու համար իր հիմնա­կան քաղա­քա­կան նպա­տակնե­րը: Ոչ միայն Արեւմտյան, այլեւ Արեւելյան Հայաստա­նի հարցում անո­րոշ, սպա­սո­ղա­կան քաղա­քա­կա­նություն էր վարվում: Մինչ սպա­սում էին, թե երբ Անտանտը պետք է որո­շի Արեւմտյան Հայաստա­նի սահմաննե­րը, Արեւելյան Հայաստա­նի բազմա­թիվ շրջաններ, ինչպես ասա­ցինք, ապստամբ վիճա­կում էին Հայաստա­նի կառա­վա­րության դեմ: Տաճկա­հայ տասնյակհա­զա­րա­վոր փախստա­կաններ ամեն օր սովից մեռնում էին Երեւա­նի փողոցնե­րում, բայց Երեւա­նից մի երկու քայլ այն կողմ հարուստ թուրքա­կան գյուղերն իրենց անկախ էին համա­րում: Ի դեպ, նույն Արեւմտյան Հայաստա­նում այդ ժամա­նակ դեռ անո­րոշ վիճակ էր. քեմա­լա­կան շարժումը դեռ նորմալ չէր ծավալվել, եւ իրա­վի­ճա­կի տերե­րը քրդերն էին: Ամբողջ 1919 թիվն անցավ այս անո­րոշ սպասման մեջ: Ինչպես մի առի­թով գրել եմ այս նույն շարքում, 19 թիվը մեր նորա­գույն պատմության առանցքա­յին տարին է, որին քիչ ուշադրություն է դարձվում, քանի որ հիմնա­կան իրա­դարձություննե­րը ծավալվե­ցին 20 թվին, բայց որը՝ 1919‑ը, ըստ էության՝ կորսված տարի էր, որի քաղա­քա­կա­նությունը ցայսօր վճռեց մեր բախտը շատ հարցե­րում: Խատիսյա­նի կառա­վա­րության քաղա­քա­կա­նության փիլի­սո­փա­յությունը նորույթ չէր, այլ ուղիղ շարունա­կություն նախորդ տասնամյակնե­րի թիֆլի­սա­հայ լիբե­րալ քաղա­քա­կան ուղղության՝ «զագրա­նի­ցա նամ պոմո­ժետ» պարզ տրա­մա­բա­նության մեջ: Ցավոք, սա հայ ազգա­յին-ազա­տագրա­կան պայքա­րի չհաղթա­հարված երկվությունն էր. անվամբ հեղա­փո­խա­կան Դաշնակցությունը երբեք էլ մինչեւ վերջ հեղա­փո­խա­կան չդարձավ եւ միշտ էլ մնաց կես-լիբե­րալ, կես-հեղա­փո­խա­կան, միշտ էլ պարտվեց այնտեղ, ուր մնաց լիբե­րալ, եւ հաղթեց այնտեղ, ուր եղավ իրա­պես հեղա­փո­խա­կան: 

Բյուրո կառա­վա­րության քաղա­քա­կան տրա­մա­բա­նությունը հակա­ռակ էր Խատիսյա­նի «դիվա­նա­գի­տությա­նը»: Որպես հեղա­փո­խա­կան տրա­մա­բա­նության արտա­հայտություն՝ նրա գլխա­վոր հենա­րա­նը ոչ թե դրսում պետք է լիներ, այլ ներսում: Համա­պա­տասխա­նա­բար գլխա­վոր քաղա­քա­կան գործի­քը պետք է լինեին հեղա­փո­խա­կան կուսակցությունն ու ազա­տագրա­կան պայքա­րի բովով անցած զինված խմբե­րը: Իսկ քաղա­քա­կա­նության մեխը ոչ թե սպա­սո­ղա­կա­նությունը, այլ նախա­ձեռնո­ղությունն էր: Այդ տրա­մա­բա­նության մեջ էլ նոր կառա­վա­րությունը սկսեց Արեւելյան Հայաստա­նի վերա­միա­վորման գործընթա­ցը: 

Մայիսյան ապստամբությունը ճնշվեց ոչ այնքան կանո­նա­վոր բանա­կի, որքան տաճկա­հայ խմբա­պետնե­րի ու խմբե­րի ձեռամբ: Իսկ բանա­կի կադրա­յին սպա­նե­րը, ինչպես ասա­ցինք, բավա­կա­նին երկի­մաստ դեր ունե­ցան ապստամբության օրե­րին: Եթե ձեռքի տակ չլի­նեին հեղա­փո­խա­կան ուղի անցած մարտա­կան խմբե­րը, ապա ապստամբությունը ամե­նայն հավա­նա­կա­նությամբ կհաղթեր: Բայց հենց բանա­կի հարցում էլ նոր կառա­վա­րությունն առա­վել անհե­տեւո­ղա­կան եղավ: Բանա­կի բոլոր գլխա­վոր դերա­կա­տարնե­րը մնա­ցին իրենց տեղե­րում: Ռուսա­կան կադրա­յին սպա­նե­րի եւ հեղա­փո­խա­կան տաճկա­հայ խմբե­րի ճիշտ բալանսով կազմա­վորված հայկա­կան բանակն այդպես էլ չստեղծվեց: Փոխա­րե­նը կար փաստա­ցի երկու բանակ, ընդ որում՝ գերիշխո­ղը ռուսա­կան կադրա­յինն էր, որի համար մյուսը վայրե­նի­նե­րի հավա­քա­ծու էր: Այս առումով, օրի­նակ, Երրորդ Հանրա­պե­տության փորձը բանա­կա­շի­նության գործում շատ ավե­լի հաջո­ղակ էր. ճիշտ բալանսը պրոֆե­սիո­նա­լիզմի եւ հեղա­փո­խա­կա­նության այստեղ գտնվեց ու աշխա­տեց: 

Հենց այստեղ էլ Կարսի պարտության բանա­լին է: Հազա­րա­վոր էջեր են նվիրվել այդ թեմա­յին՝ թե ինչու ընկավ Կարսը: Եթե ուզում ենք կարճ պատասխանն իմա­նալ, ապա հետեւյալն է՝ իրա­պես հեղա­փո­խա­կան կառա­վա­րությունը պետք է հայ-թուրքա­կան պատե­րազմը վարեր որպես ժողովրդա­կան, հայրե­նա­կան պատե­րազմ, եւ դա կլի­ներ հաղթա­նա­կի գրա­վա­կա­նը: Ցավոք, իրա­կա­նում պատե­րազմը ոչ թե հայ-թուրքա­կան էր, այլ ռուս-թուրքա­կան, այն իմաստով, որ հայկա­կան կողմից կռվող ուժը ոչ այնքան իրա­պես հայկա­կան բանակն էր, այլ ռուսա­կան բանա­կի հայկա­կան մի ստո­րա­բա­ժա­նում: Դա ինքնին վատ չէ, սակայն հայրե­նա­կան պատե­րազմում հաղթե­լու համար՝ ոչ բավա­րար: 

Եվ ուրեմն, կապը 1920‑ի մայիսյան դեպքե­րի եւ Կարսի անկման միջեւ ամե­նեւին էլ այնպի­սին չէ, ինչպես կարող է թվալ զուտ վերա­ցա­կան մոտեցման դեպքում: Իրա­կան պատճա­ռա­հե­տեւանքա­յին կապն այն է, որ Մայիսյան ապստամբության ճնշմամբ սկսած հաղթա­նակնե­րի շարքը շարունա­կություն չստա­ցավ 1920‑ի երկրորդ կեսին, քանի որ բավա­կա­նա­չափ հետեւո­ղա­կա­նություն չեղավ սկսա­ծը շարունա­կե­լու նույն հեղա­փո­խա­կան ոգով: Եվ այդուհանդերձ, նույնիսկ այդ դեպքում մայիսյան եւ հունիսյան հաղթա­նակնե­րը՝ բոլշեւիկյան ապստամբության ճնշումն ու թրքաբնակ շրջաննե­րի վերա­միա­վո­րումը Հայաստա­նին, անհե­տեւանք չանցան. այսօրվա մեր տարածքի զգա­լի մասն ունենք շնորհիվ դրանց: 

Եվ վերջա­պես, եթե մեկն ուզում է ստուգել մեր այս պնդումնե­րը, թող վերհի­շի, որ հայ-թուրքա­կան պատե­րազմին զուգա­հեռ ընթա­նում էր Զանգե­զուրի ինքնա­պաշտպա­նությունը, ուր նույն՝ 1920 թվի հոկտեմբե­րին Նժդեհն իր փոքրա­թիվ ժողովրդա­կան ուժե­րով հաղթում էր Կարմիր բանա­կին: 

Մայիսյան ապստամբության պատմության դրա­կան այլընտրանք ուրեմն չկա: Իսկ այն, ինչ առա­ջարկվում է որոշ դեպքե­րում որպես այդպի­սին, որպես հետեւանք՝ բերե­լու էր մի Հայաստա­նի, որի կազմում չէին լինե­լու Զանգե­զուրը, Արա­րատյան դաշտի զգա­լի մասը եւ Սեւա­նի արեւելյան ափը: Շատ հնա­րա­վոր է, նաեւ այլ տարածքներ (օրի­նակ՝ Վայոց ձորը):

Հեղի­նակ՝  Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

Նկա­րա­զարդող՝  Դավիթ Փարթամյան

Ձեւա­վո­րումը՝  Աննա Աբրա­համյա­նի,   Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝  Արա Թադեւոսյան

Նախագծի ձեւա­վորման համար օգտա­գործվել է Էմա­նուել Սարդարյա­նի լուսանկա­րը

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ