Գուրգեն Մարգարյանի սպանությունից ընդամենը մեկուկես ամիս անց Քոչարյանը հանդիպել էր Ալիևի հետ, ինչը, ցույց էր տալիս պետական արժանապատվության պակաս։ Ռամիլ Սաֆարովի գործը եղել է նախազգուշական ակցիա՝ ուղղված հայ սպայական կորպուսի դեմ, իսկ նրան ազգային հերոսի վերածելը՝ ադրբեջանական պետական քարոզչության օրինակ։
Վահրամ Աթանեսյան
1inTV-ն զրուցել է Արցախի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը, հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում, ինչպես նաև հայ հանրության կողմից ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարություններին ավելի մեծ հավատ ընծայելու և դրա բացասական ազդեցության մասին։
Վահրամ Աթանեսյանը նշեց, որ ադրբեջանական պաշտոնյաների հայտարարություններին հավատ ընծայելը չի կարող որևէ կերպ համընկնել հայկական շահերի հետ․ դա հակառակն է՝ մեր շահերին հակասող մոտեցում։ Նա ցավով նկատեց, որ ձևավորվել է կարծրատիպ, ըստ որի՝ եթե Ադրբեջանում մի բան են ասում, ուրեմն դա այդպես էլ կա, և այդ մտակաղապարը հաղթահարելու ուղղությամբ ոչ ոք կոչ չի անում։ Շատ դեպքերում հասարակությունը հակված է ավելի շատ հավատալ Ալիևի խոսքին, քան սեփական ղեկավարի, և սա պետական մակարդակի դժբախտություն է՝ պետականության բացակայության հետևանք։ Աթանեսյանի խոսքով՝ Հայաստանում չի ձևավորվել այնպիսի պետական խոսույթ, որը կարող է առողջ հակադրություն ստեղծել ընդդիմադիր և իշխանական դաշտերի միջև՝ ըստ էության, ոչ թե անձերի։ Հասարակության մեջ ամրացել է այն սխալ ընկալումը, թե 44-օրյա պատերազմն իրականացվել է Ալիևի պլանով՝ մոռացության մատնելով, որ Ալիևը նույն հռետորաբանությամբ հանդես էր գալիս դեռևս իշխանության գալու պահից՝ 2003 թվականից։ Աթանեսյանը հիշեցրեց, որ 2004 թվականին Ռոբերտ Քոչարյանի և Իլհամ Ալիևի առաջին հանդիպմանը վերջինս եկել էր պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի ուղեկցությամբ, ինչը ռազմական սպառնալիքի ակնարկ էր։
Նույն տարում Ալիևը հանդիպել էր ԵԱՀԿ համանախագահների հետ, ինչը վկայում է, որ Բաքուն հարցին մոտենում էր բացառապես ուժային տրամաբանությամբ։ Աթանեսյանը հիշեցրեց նաև, որ Գուրգեն Մարգարյանի սպանությունից ընդամենը մեկուկես ամիս անց Քոչարյանը հանդիպել էր Ալիևի հետ, ինչը, ըստ նրա, ցույց էր տալիս պետական արժանապատվության պակաս։ Ռամիլ Սաֆարովի գործը եղել է նախազգուշական ակցիա՝ ուղղված հայ սպայական կորպուսի դեմ, իսկ նրան ազգային հերոսի վերածելը՝ ադրբեջանական պետական քարոզչության օրինակ։ Այսօր նույնիսկ Բայրամովի հայտարարությունները հաճախ ընկալվում են ոչ թե որպես թշնամական քարոզչություն, այլ որպես տեղեկատվական աղբյուր, ինչն իր հերթին վտանգավոր է։ Նրա խոսքով՝ սա տեղեկատվական հարձակում է Հայաստանի քաղաքացիների գիտակցության վրա։ Բայրամովի պնդումներին պետք է արձագանքի նախկին արտգործնախարարը՝ Զոհրաբ Մնացականյանը, քանի որ հենց նա է եղել այդ բանակցությունների մասնակիցը, սակայն ցավոք՝ արձագանք չկա։
Աթանեսյանը կարծիք հայտնեց, որ Քոչարյանի և Սարգսյանի հարցազրույցներում բացակայում է պետական մտածողությունը։ Նրա գնահատմամբ՝ երկու նախկին նախագահներն էլ չեն ունեցել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հստակ տարբերակ․ 1998-ի իշխանափոխությունից հետո նրանք բանակցությունները սկսել են զրոյից։ Նա հիշեցրեց, որ հենց Քոչարյանի օրոք էր առաջ քաշվել տարածքների փոխանակման գաղափարը՝ որպես կարգավորման տարբերակ, սակայն այն ավարտվել էր ձախողմամբ։ 2008-ի Մայենդորֆյան հռչակագրում անգամ բացակայում էր Ղարաբաղի անունը, և Հայաստանը փաստացի համաձայնել էր, որ խնդիրը կարգավորվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի հիման վրա։ Դրանից հետո երբեք Ադրբեջանը չի ընդունել հանրաքվեի գաղափարը, իսկ 2011-ին այն նույնիսկ փոխարինվել էր «իրավական ուժ ունեցող կամարտահայտության» ձևակերպմամբ։ Նա ընդգծեց, որ այս բոլոր փուլերը փաստում են՝ բանակցային գործընթացը մշտապես վերադարձել է զրոյական կետին։ Ադրբեջանը երբեք պատրաստ չէր որևէ փոխզիջման։ Օրինակ՝ 2018-ին անգամ մերժել էր ԵԱՀԿ դիտորդների թվաքանակն ընդամենը յոթով ավելացնելու առաջարկը։
Աթանեսյանի խոսքով՝ թե՛ Քոչարյանը, թե՛ Սարգսյանը ցանկություն ունեցել են լուծելու խնդիրը, բայց կաշկանդված են եղել Լևոն Տեր-Պետրոսյանի հեռացման պատճառ դարձած նույն բարդույթով՝ չգնալ այն ուղով, որն առաջարկվել էր 1997-ին։ Այդ պատճառով նրանք չեն կարողացել հաղթահարել ներքին քաղաքական վախը՝ գործելու Տեր-Պետրոսյանի ձևակերպած տրամաբանությամբ։ Եթե խնդիրը լուծվեր 1997-98-ին, Հայաստանը կխուսափեր հետագա հազարավոր զոհերից և պատերազմներից։ Սակայն տարիների ընթացքում Ադրբեջանը ամրապնդվել է՝ նավթային եկամուտներով, միջազգային աջակցությամբ և ժամանակակից սպառազինությամբ։ Հատկապես 2014-ից հետո հայկական բանակը հոգեբանական շոկ է ապրել անօդաչուների կիրառման հետևանքով, իսկ 2016-ի քառօրյան այդ ազդեցությունը խորացրել է։
Նա շեշտեց, որ միջազգային դաշտում Ադրբեջանը ունեցել է հզոր պաշտպաններ՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Եվրամիություն, Իսրայել և Թուրքիա, մինչդեռ Հայաստանը հենվել է միայն Ռուսաստանի վրա։ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում պատերազմին չի մասնակցելու և սպառազինություն է տրամադրել այն պայմանով, որ այն չտեղափոխվի Արցախ։ Նրա խոսքով՝ դա փաստ է, որը պետք է ազնվորեն ընդունել, և եթե Հայաստանի իշխանությունները դա չեն բացահայտել հասարակությանը, ապա մեղավոր չէ Պուտինը, քանի որ Ռուսաստանը միշտ հստակ նշել է իր դիրքորոշումը։
Ցավալի, բայց անհրաժեշտ է իրականությանը նայել առանց պատրանքների, որովհետև միայն ճիշտ իրազեկ հասարակությունն է կարող որոշել իր ապագան և խուսափել անցյալի ողբերգությունների կրկնությունից։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
