Զանգեզուրի միջանցքի մասին Ալիևի հայտարարությունները մեծապես ուղղված են ներքին լսարանին։ Նա ընդգծեց, որ Ալիևը կարող է տարբեր անվանումներ օգտագործել՝ «Զանգեզուրի միջանցք» կամ այլ ձևակերպումներ, սակայն բովանդակությունը դրանից չի փոխվում։
Վահրամ Աթանեսյան
1inTV‑ն զրուցել է Արցախի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումներին՝քննարկվել են ԱՄՆ‑ի կողմից հրապարակված ներգաղթյալների սոցիալական աջակցության տվյալները և Ադրբեջանի ռազմական բյուջեի աճը։ Ուշադրություն է դարձվել Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ տրանսպորտային ուղիների, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին, ինչպես նաև Բաքու-Վաշինգտոն հարաբերություններին, 907-րդ բանաձևին և Իրանում ընթացող ներքին գործընթացների հնարավոր ազդեցությանը։
Վահրամ Աթանեսյանը նշեց, որ Իլհամ Ալիևի՝ տեղական հեռուստաընկերություններին տված վերջին հարցազրույցը պետք է դիտարկել կոնկրետ քաղաքական համատեքստում։ Նրա խոսքով՝ օրեր առաջ Ալիևը ընդունել է Միացյալ Նահանգներից ժամանած պատվիրակություն, որի կազմում եղել են սենատորներ և Ներկայացուցիչների պալատի անդամներ, և քննարկվել են ամերիկա-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող սկզբունքային հարցեր։
Նա ընդգծեց, որ այս հարցազրույցը համընկնում է նաև Իրանում տեղի ունեցող բողոքի զանգվածային ցույցերի հետ, ինչը չափազանց զգայուն թեմա է Ադրբեջանի համար։ Աթանեսյանը դիտարկում է, որ անկախությունից ի վեր Բաքվում մշտապես փայփայել են «միասնական հայրենիքի» գաղափարը, և ներկա բարդ տարածաշրջանային իրավիճակում հնարավոր չէ բացառել Ադրբեջանի ներգրավվածությունը Իրանի և Միացյալ Նահանգների հարաբերությունների որոշ գործընթացներում։ Այդ համատեքստում, նրա կարծիքով, պետք է դիտարկել նաև ԱՄՆ-Ադրբեջան ռազմական համագործակցության շուրջ ադրբեջանական մամուլում շրջանառվող խոսակցությունները։
Վահրամ Աթանեսյանը կարծում է, որ Զանգեզուրի միջանցքի մասին Ալիևի հայտարարությունները մեծապես ուղղված են ներքին լսարանին։ Նա ընդգծեց, որ Ալիևը կարող է տարբեր անվանումներ օգտագործել՝ «Զանգեզուրի միջանցք» կամ այլ ձևակերպումներ, սակայն բովանդակությունը դրանից չի փոխվում։ Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները հետևողականորեն հայտարարել են, որ խոսքը միջանցքի մասին չէ, այլ տրանզիտային երթուղու, որը անցնում է Հայաստանի ինքնիշխան տարածքով և գործելու է Հայաստանի Հանրապետության իրավազորության և օրենսդրության ներքո։
Աթանեսյանը նշեց, որ ընդդիմության արձագանքը կանխատեսելի է լինելու անկախ նրանից, թե Ալիևն ինչ ձևակերպումներ կօգտագործի։ Նրա դիտարկմամբ՝ ընդդիմությունը հենց դրա համար է, որպեսզի քննադատի իշխանությանը, առավել ևս՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Նա կարծում է, որ իշխանության խնդիրն է իրավիճակը ներկայացնել առավել հիմնավոր, փաստարկված և գործնական քայլերով, որպեսզի Ալիևի և ներքին ընդդիմության քարոզչությունը ազդեցություն չունենա։
Խոսելով ԱՄՆ Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղման մասին՝ Վահրամ Աթանեսյանը նշեց, որ դրա չեղարկումը Միացյալ Նահանգների օրենսդիրների տիրույթում է։ Նրա կարծիքով՝ այդ ուղղման վերացումը չի համապատասխանում հենց ԱՄՆ ազգային և աշխարհաքաղաքական շահերին։ Նա հիշեցրեց, որ 907-րդ ուղղումն ընդունվել է 1992 թվականին՝ Ադրբեջանին որպես ագրեսոր ճանաչելու քաղաքական տրամաբանությամբ՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ իրականացված ռազմական գործողությունների պատճառով։
Աթանեսյանը նշեց, որ թեև 2001 թվականից սկսած գործադիր իշխանությունը փաստացիորեն շրջանցել է այդ ուղղումը՝ Աֆղանստանի պատերազմի համատեքստում օգտագործելով Ադրբեջանի ենթակառուցվածքները, այնուամենայնիվ այն շարունակում է մնալ ԱՄՆ օրենք և կարևորքաղաքական նշանակություն ունի։ Նրա խոսքով՝ Ալիևը ձգտում է ոչ թե ֆինանսական աջակցության, այլ քաղաքական արդարացման՝ փորձելով ապացուցել, թե պատերազմն ավարտված է և 907-րդ ուղղումը կորցրել է իր իմաստը։
Նա ընդգծեց, որ ներկայումս Կոնգրեսում այդ նախաձեռնությունն ունի ընդամենը մեկ հեղինակ, և դժվար է պատկերացնել դրա արագ ընդունումը, հատկապես միջանկյալ ընտրությունների նախաշեմին։ Աթանեսյանը կարծում է, որ այդ հարցում կարևոր դեր ունեն ամերիկահայ կազմակերպությունները, լոբբիստական կառույցները և Հայաստանի դիվանագիտական կորպուսը։
Անդրադառնալով Ադրբեջանի ռազմական բյուջեին՝ Վահրամ Աթանեսյանը նշեց, որ ռազմական ծախսերը ներկայացվում են մեկ ընդհանուր փաթեթով՝ ներառելով բանակը, ազգային անվտանգությունը, ներքին զորքերը և սահմանապահ ուժերը։ Նրա դիտարկմամբ՝ սխալ է Ադրբեջանին դիտարկել միայն Հայաստանի հետ հակամարտության պրիզմայով, քանի որ երկիրը գտնվում է չափազանց բարդ աշխարհագրական և աշխարհաքաղաքական միջավայրում՝ սահմանակցելով Ռուսաստանին, Իրանին և Կասպից ծովի մի շարք երկրներին։
Նա կարծում է, որ Ադրբեջանը հավակնոտ պետություն է և այդ հավակնությունները պաշտպանելու համար մեծ միջոցներ է հատկացնում ոչ միայն բանակին, այլև ռազմաարդյունաբերական համալիրին՝ փորձելով մուտք գործել սպառազինությունների միջազգային շուկա։ Սակայն Աթանեսյանը շեշտեց, որ Ալիևի խաղաղության մասին հայտարարությունները պետք է դիտարկել որպես քարոզչություն, քանի որ աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում քաղաքական գիծը կարող է կտրուկ փոխվել։
Վահրամ Աթանեսյանը, անդրադառնալով Իրանում ընթացող բողոքի ցույցերին, նշեց, որ ամենաուշագրավ հանգամանքն այն է, որիրանական Ադրբեջանը չի մասնակցում այդ գործընթացներին։ Նրա խոսքով՝ Թավրիզում, Արդեբիլում և այլ քաղաքներում զանգվածային ցույցեր չեն արձանագրվել, ինչը կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ Իրանի նախագահը էթնիկ ադրբեջանցի է։ Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ դա կարող է ավելի վտանգավոր լինել ռեժիմի համար երկարաժամկետ հեռանկարում։
Աթանեսյանը հավելեց, որ Թեհրանում զգուշանում են հնարավոր զարգացումներից և հենց այդ պատճառով են կարևորում հարաբերությունները Բաքվի հետ։ Նրա գնահատմամբ՝ Իրանում գործող համակարգը մոտենում է իր ավարտին, սակայն ապագա զարգացումների կանխատեսումը մնում է չափազանց բարդ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
