Նախկինում միակողմանի կախվածությունը Ռուսաստանից՝ թե՛ ռազմական, թե՛ տնտեսական, հանգեցրել է պատերազմների և ծանր հետևանքների։ Ներկայումս Հայաստանը դիվերսիֆիկացնում է անվտանգության և խաղաղության գործոնները, ինչը բերել է հարաբերական կայունության։
Էմիլ Օրդուխանյան
FactorTV‑ն զրուցել է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է 2025թ․ գոյություն ունեցող նախադրյալները, դրանց իրականցումը, արտաքին քաղաքականության մեջ սպասել և ոչ կանխատեսելի փոփոխությունները, ռուսահակ վերահսկման բացասական փորձն ու տարածաշրջանային քաղաքականությունը։
Էմիլ Օրդուխանյանն ասաց, որ ԱՄՆ վարչակազմի փոփոխությունը և դրան նախորդած ռազմավարական բնույթի համագործակցությունը կարևոր փուլ էին, իսկ նոր վարչակազմի օրոք այդ ռազմավարությունների արագ իմպլեմենտացումը(պետության կողմից միջազգային իրավական նորմերի կատարումը) կարելի է գնահատել որպես նշանակալի ձեռքբերում։ Նրա խոսքով՝ օգոստոսի 8‑ին նախաստորագրված եռակողմ հռչակագիրը խաղաղության օրակարգի, ինչպես նաև դիվանագիտական հարաբերությունների հաստատման առումով պատմական փաստաթուղթ է։ Օրդուխանյանը կարծում է, որ ամերիկյան մասնակցությունը խաղաղության գործընթացում բարձր գնահատելի է և համահունչ է Հայաստանի՝ խաղաղություն, ապաշրջափակում և «խաղաղության խաչմերուկ» գաղափարախոսությանը։
Քաղաքագետը ընդգծեց, որ այդ փաստաթղթերում հստակ ամրագրված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավազորությունը, ինչը, նրա խոսքով, բացառում է սուվերենության հետ կապված կասկածները։ Նա նաև նշեց, որ հարևանների հետ քաղաքականության համատեքստում արդեն նկատվում են տնտեսական շարժեր՝ ճանապարհների և երկաթուղային փոխադրումների մասնակի գործարկման տեսքով։
Օրդուխանյանը դիտարկում է, որ արտաքին քաղաքական ակտիվացումը տեղի է ունենում այն ֆոնին, երբ Հայաստանում տեղակայված են եվրոպական քաղաքացիական դիտորդները։ Նրա գնահատմամբ՝ այդ պահից ի վեր Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ հարձակումներ չեն արձանագրվել, ինչը վկայում է առաքելության կայունացնող դերի մասին։ Նա նշեց նաև Եվրոպական միության հետ համագործակցության խորացումը և այն փաստը, որ Հայաստանը գնալով որդեգրում է բազմասուբյեկտային, հավասարակշռված արտաքին քաղաքականություն։
Խոսելով Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին՝ Էմիլ Օրդուխանյանն ընդգծեց, որ միայն մեկ փաստաթուղթը կամ նախաստորագրումը չի կարող լիարժեք խաղաղության երաշխիք լինել։ Նրա խոսքով՝ խաղաղությունը բաղկացած է բազմաթիվ բաղադրիչներից՝ ուժեղ բանակ, միջազգային համագործակցություն, տնտեսական կապեր, հաղորդակցությունների վերահսկելիություն։ Նա հիշեցրեց, որ նախկինում միակողմանի կախվածությունը Ռուսաստանից՝ թե՛ ռազմական, թե՛ տնտեսական, հանգեցրել է պատերազմների և ծանր հետևանքների։ Ներկայումս Հայաստանը դիվերսիֆիկացնում է անվտանգության և խաղաղության գործոնները, ինչը բերել է հարաբերական կայունության։ Նրա դիտարկմամբ՝ արտաքին դերակատարների հետաքրքրությունն էլ է աճում, երբ տարածաշրջանում պահպանվում է կայունություն։
Քաղաքագետը հստակ նշեց, որ խաղաղության գործընթացում Ռուսաստանի դերակատարության նվազեցումը առանցքային գործոն է։ Նրա խոսքով՝ այն ժամանակահատվածում, երբ Ռուսաստանը եղել է հիմնական միջնորդը, արձանագրվել են ներխուժումներ, էսկալացիաներ և Արցախի կորուստ։ Նա ընդգծեց, որ եվրոպական անզեն դիտորդական առաքելությունը փաստացի ավելի արդյունավետ զսպիչ գործոն է եղել, քան զինված ռուսական ներկայությունը։
Էմիլ Օրդուխանյանը հատկապես քննադատաբար անդրադարձավ Հարավկովկասյան երկաթուղու ռուսական կոնցեսիոն կառավարմանը՝ նշելով, որ տասնամյակների ընթացքում կառուցողական արդյունքներ չեն գրանցվել, իսկ որոշ հատվածներում անգամ իրականացվել է ապամոնտաժում։ Նրա կարծիքով՝ եթե երկաթուղային ենթակառուցվածքները մնում են Ռուսաստանի վերահսկողության տակ, դրանք կարող են դառնալ լծակ «TRIPP» նախագծի խաթարման համար։ Օրդուխանյանը չբացառեց, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը պետք է քննարկի երկաթուղիների պետականացման կամ այլ սցենարների տարբերակները։
Անդրադառնալով 2026 թվականի հնարավոր զարգացումներին՝ քաղաքագետը նշեց, որ տարածաշրջանում Ռուսաստանի գերակայության նվազեցումը և նոր դերակատարների ներգրավումը բերել են որոշակի կայունության։ Նա ընդգծեց, որ ռուսական մասնակցության վերադարձը նոր նախագծերին, երաշխիք չի տալիս, որ էսկալացիաներն ու կոնֆլիկտները չեն կրկնվի։
Խոսելով տնտեսական համագործակցության և ադրբեջանական բենզինի ներմուծման շուրջ հասարակական դժգոհությունների մասին՝ Օրդուխանյանը նշեց, որ հասարակությունը դեռևս ապրում է պատերազմի հոգեբանության մեջ։ Նրա կարծիքով՝ տնտեսական դիվերսիֆիկացումը հնարավոր չէ առանց տարբեր շուկաների հետ համագործակցության։ Նա շեշտեց, որ շուկայական հարաբերություններում վճռորոշը պահանջարկն է, իսկ կախվածությունների նվազեցումը հնարավոր է միայն այլընտրանքային կապերի միջոցով։Տարածաշրջանային խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է ժամանակ, որպեսզի հասարակությունների միջև խոր վերքերը աստիճանաբար սպիանան։ Նա ընդգծեց, որ Հայաստանը չի կարող փոխել իր աշխարհագրությունը, սակայն կարող է ամրապնդել իր պետականությունը և դառնալ կարևոր հանգույց միջազգային խոշոր նախագծերի համար։
Եզրափակելով՝ քաղաքագետը նշեց, որ Հայաստանի ուժը փակվելու մեջ չէ, այլ՝ սեփական շահերը հաշվի առնելով բացվելու և համագործակցելու մեջ։ Նրա խոսքով՝ տնտեսական շարժերը, հաղորդակցությունների զարգացումը և միջազգային ներգրավվածությունը երկարաժամկետ հեռանկարում նպաստում են թե՛ անվտանգության, թե՛ կրթության, թե՛ գիտական և ռազմական ներուժի ամրապնդմանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
