Եկեղեցին՝ որպես կառույց, իր բուն հոգևոր առաքելությունից շեղվել է, իսկ եկեղեցու անվան տակ գործող որոշ խմբեր վերածվել են քաղաքական ուժերի հավաքատեղիի, որոնք ծրագրում են Հայաստանի Հանրապետության համար վտանգավոր զարգացումներ։
Լուսինե Բադալյան
FactorTV‑ն զրուցել է Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ներքաղաքական լարվածությունը և եկեղեցի-պետություն հարաբերությունների վերաբերյալ տարբեր տեսակետներ։ Պատգամավորը հերքում է վարչապետի հասցեին հնչող սահմանադրական խախտումների մեղադրանքները՝ պնդելով, որ իշխանության գործողություններն ուղղված են բացառապես ինքնիշխանության պաշտպանությանը։
Լուսինե Բադալյանն ասաց, որ որևէ մտահոգություն չունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր քրեական հետապնդման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ սահմանադրության խախտում չկա, քանի որ վարչապետը չի միջամտում եկեղեցու ներքին գործերին։
Պատգամավորը նշեց, որ հարց է առաջանում՝ ինչու նման մտահոգությունները նախկինում չէին բարձրաձայնվում, երբ, իր դիտարկմամբ, եկեղեցական շրջանակները ակտիվորեն ներգրավված էին պետական կառավարման և արտաքին քաղաքականության գործընթացներում։ Նա կարծում է, որ ներկայիս իրավիճակում վաղուց հատվել են «կարմիր գծերը», և խոսքը գնում է ոչ թե եկեղեցու գործերին միջամտելու, այլ պետականության պահպանման մասին։
Լուսինե Բադալյանը դիտարկում է, որ եկեղեցին՝ որպես կառույց, իր բուն հոգևոր առաքելությունից շեղվել է, իսկ եկեղեցու անվան տակ գործող որոշ խմբեր վերածվել են քաղաքական ուժերի հավաքատեղիի, որոնք ծրագրում են Հայաստանի Հանրապետության համար վտանգավոր զարգացումներ։ Նրա խոսքով՝ վարչապետի գործողությունները չեն նշանակում միջամտություն եկեղեցու ներքին կյանքին, այլ պայմանավորված են ազգային անվտանգության սպառնալիքներով։
Եթե կան սահմանադրական խնդիրներ, ապա դրանց լուծման ճանապարհը Սահմանադրական դատարանն է, իսկ անհրաժեշտության դեպքում՝ միջազգային ատյանները։ Նա ընդգծեց, որ կրոնական կազմակերպությունները պետությունից անջատված են, սակայն եթե որևէ կազմակերպություն իր գործողություններով վտանգ է ներկայացնում ազգային անվտանգությանը, պետությունը պարտավոր է համապատասխան քայլեր ձեռնարկել։
Լուսինե Բադալյանը կարծում է, որ ընդդիմադիր որոշ ուժեր եկեղեցու շուրջ համախմբվել են ոչ թե հավատքի, այլ քաղաքական դիվիդենտներ հավաքելու նպատակով՝ հատկապես ընտրություններին ընդառաջ։ Նրա գնահատմամբ՝ աշխարհում տիրող քաոտիկ իրավիճակում Հայաստանի կառավարության խնդիրն է երկիրը պահել արտաքին ու ներքին ցնցումներից հեռու։
Պատգամավորը նշեց, որ իր համար՝ որպես հայ մարդ և Հայ առաքելական եկեղեցում կնքված անձ, անհասկանալի է, թե ինչու պետք է հոգևոր դասի մի հատված ամբողջությամբ ներխուժի պետական կառավարման համակարգ և հրապարակային կոչեր հնչեցնի իշխանազավթման կամ պետական քաղաքականության դեմ։ Նա ընդգծեց, որ քաղաքացիներն ունեն բազմաթիվ օրինական մեխանիզմներ իրենց դժգոհությունները հայտնելու համար, և դրա համար պարտադիր չէ օգտագործել եկեղեցին։
Լուսինե Բադալյանը նաև ասաց, որ Ազգային անվտանգության ծառայության գործունեությունը պետք է դիտարկել բացառապես պետության շահերի շրջանակում։ Նրա խոսքով՝ ԱԱԾ‑ն միշտ ծառայել է պետությանը՝ անկախ իշխանություններից, և եթե որևէ անձ կամ խումբ վտանգ է ներկայացնում պետականության համար, ծառայությունը պարտավոր է արձագանքել։
Պատգամավորը կարծում է, որ խոսույթը, որը տարածում են եկեղեցու շուրջ համախմբված որոշ շրջանակներ, ավելի բնորոշ է գաղութային մտածողությանը, ոչ թե անկախ պետությանը։ Նրա գնահատմամբ՝ պետությունը պատասխանատու է քաղաքացիների սոցիալական, քաղաքական և անվտանգային խնդիրների համար, իսկ եկեղեցին պետք է կենտրոնանա հոգևոր և արժեհամակարգային առաքելության վրա։
Լուսինե Բադալյանը նշեց, որ Կտրիճ Ներսիսյանին տրվել է բավարար ժամանակ արժանապատիվ լուծումներ գտնելու համար, սակայն գործընթացը ձգձգվում է՝ հույս ունենալով արտաքին աջակցությամբ իշխանափոխության։ Նրա խոսքով՝ սա վտանգավոր խաղ է պետականության համար։
Պատգամավորը ընդգծեց, որ ներկայիս իշխանությունը չի խախտում օրենքը, և բոլոր մեղադրանքների պայմաններում իրենց խիղճը հանգիստ է։ Նա ասաց, որ կան ցավոտ ու ծանր թեմաներ, որոնք տանջում են գիշեր-ցերեկ, սակայն իշխանությունը կարողացել է ստեղծել անվտանգության բարձիկներ և Հայաստանի Հանրապետության համար բացել նոր հեռանկարներ։
Լուսինե Բադալյանը եզրափակեց, որ անկախ ապագա ընտրությունների արդյունքներից՝ արդեն դրվել են այնպիսի հիմքեր, որոնք գրագետ կառավարման դեպքում կարող են ապահովել Հայաստանի Հանրապետության լուրջ և կայուն ապագան։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
