Քաղաքացին ազատություններ և պարտավորություններ ունեցող անձ է, և հենց քաղաքացին է պետության հիմքը։ Ազատությունը ընտրության հնարավորությունն է, իսկ ազատությունը առանց պատասխանատվության չի լինում։
Ռուբեն Բաբայան
Armtimes‑ը զրուցել է ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստանի անցումը գաղութային մտածողությունից դեպի ինքնիշխան պետականության կերտում։ Բաբայանն ընդգծում է, որ իրական խաղաղությունը ոչ թե աբստրակտ հասկացություն է, այլ սեփական ճակատագրի համար անձնական պատասխանատվությունստանձնելու հնարավորություն։
Ռուբեն Բաբայանը նշեց, որ խաղաղությունը աբստրակտ հասկացություն չէ․ խաղաղության մասին խոսելը հնարավոր դարձավ այն պահից, երբ հասարակությունը սկսեց խոսել պետություն կառուցելու մասին։ Ռուբեն Բաբայանը կարծում է, որ ինքնիշխան պետություն կառուցելու համար խաղաղությունը ոչ թե ցանկալի, այլ անհրաժեշտ գործոն է։ Նրա դիտարկմամբ՝ 2025 թվականը տարբերվեց նախորդ տարիներից նրանով, որ խաղաղության մասին խոսքը զուգորդվեց գործնական քայլերով։
Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը ընդգծեց, որ երկրի պաշտպանությունը միայն բանակը չէ․ դա նաև տնտեսությունն է, կրթությունը, գիտությունը, առողջապահությունը։ Նրա խոսքով՝ երկար ժամանակ ձևավորված էր սխալ պատկերացում, թե միակ կայացած ինստիտուտը բանակն է, մինչդեռ պետությունը չի կարող կայանալ մեկ ոլորտի վրա հենվելով։
Ռուբեն Բաբայանը ասաց, որ Հայաստանի հիմնական ձեռքբերումը 2025-ին մտածողության փոփոխությունն է․ պետություն կառուցելուգիտակցումը։ Նա նշեց, որ մենք չունեինք պետական մտածողության փորձ․գաղութ կառուցելու փորձը կար, բայց ոչ պետության։ Առաջին հանրապետության կարճ ու ողբերգական փորձը, նրա կարծիքով, չէր կարող լիարժեք օրինակ ծառայել, իսկ հետագա ժամանակահատվածներում պետության կառուցումը մեծապես արվել է ուրիշների կողմից։
Բաբայանը կարծում է, որ այսօր այդ մտածողության փոփոխության մեջ մեծ դեր ունի նոր սերունդը, բաց սահմանները և աշխարհը տեսնելու հնարավորությունը։ Նրա դիտարկմամբ՝ մարդիկ սկսել են համեմատել, ձեռք բերել փորձ և այդ փորձը փորձել իրագործել հենց Հայաստանում։ Նա ընդգծեց, որ խաղաղությունը այս համատեքստում առանցքային է, քանի որ դրա բացակայության դեպքում արտագաղթը շարունակվում է, և երկիրը կորցնում է իր լավագույն մարդկային ռեսուրսը։
Նա նշեց, որ դեռ վաղ է ասել, թե այդ մտածողությունը լայնորեն տարածված է, սակայն զարգացման տենդենցը դրական է։ Ռուբեն Բաբայանի խոսքով՝ մարդիկ սկսել են իրենց հույսերը կապել սեփական ուժերի հետ, իսկ անկախ պետությունը անկախ մարդկանց համայնք է, որտեղ յուրաքանչյուրն իր ճակատագրի պատասխանատվությունը կրում է սեփական ձեռքերով։
Նա կարևորեց «քաղաքացի» հասկացության ձևավորումը՝ ընդգծելով, որ քաղաքացին ազատություններ և պարտավորություններ ունեցող անձ է, և հենց քաղաքացին է պետության հիմքը։ Նրա կարծիքով՝ ազատությունը ընտրության հնարավորությունն է, իսկ ազատությունը առանց պատասխանատվության չի լինում։
Ռուբեն Բաբայանը դիտարկեց, որ հայ հասարակության մեջ երկար տարիներ արմատավորվել է այն միտքը, թե Հայաստանը չի կարող ինքնիշխան ապրել և պետք է մշտապես գտնվի որևէ մեկի հովանու տակ։ Նրա խոսքով՝ այդ մտածողությունը պետք է կոտրել՝ հասկանալով, որ դաշնակիցները հավերժ տրված չեն, այլ ընտրվում են ըստ ժամանակի, շահերի և խնդիրների։
Նա նշեց, որ վախը անջատում է ուղեղը, ծնում է ատելություն, և այդ փակ շրջանից դուրս գալը դառնում է դժվար։ Նրա կարծիքով՝ ագրեսիվ և ձևական գործողությունները ուժի դրսևորում չեն, այլ թուլության նշան։ Ռուբեն Բաբայանը ընդգծեց, որ պարտությունը կարելի է կրել պատերազմի ժամանակ, բայց ուժեղ կամ թույլ լինելը երևում է հետպատերազմյան վարքից։
Նա բերեց Գերմանիայի և Ճապոնիայի օրինակները՝ նշելով, որ հաղթող կամ պարտված լինելը որոշվում է ոչ միայն պատերազմով, այլ մտածողությամբ, աշխատասիրությամբ, տաղանդով և ճիշտ զարգացման մոդելով։ Նրա խոսքով՝ 21-րդ դարում հաղթանակի չափանիշը ուղեղն է, տեխնոլոգիաները և բաց լինելը աշխարհին։
Ռուբեն Բաբայանը քննադատեց ազգային ինքնության ձևական ընկալումները՝ ընդգծելով, որ ազգայինը որակն է, որը դու ներկայացնում ես աշխարհին։ Նրա խոսքով՝ իրական ազգային ինքնությունը դրսևորվում է մշակույթում, գիտության մեջ, առողջապահությունում և այն մարդկանց աշխատանքում, որոնք առանց աղմուկի որակ են ստեղծում։
Նա կարևոր տարբերակում արեց գաղութային և պետական մտածողության միջև՝ նշելով, որ պետությունը պաշտպանում է քաղաքացուն՝ անկախ նրա ազգային պատկանելիությունից։ Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքացի հանդիսացող ցանկացած մարդ, ով վճարում է հարկեր և կրում է պարտավորություններ, պետության պաշտպանն է։Կան ուժեր, որոնք շահագրգռված չեն Հայաստանի զարգացմամբ և ցանկանում են երկիրը պահել վախի ու կախվածության մեջ։ Նրա դիտարկմամբ՝ խնդիրը ոչ թե Արևմուտք-Ռուսաստան հակադրությունն է, այլ այն, թե արդյոք քեզ հնարավորություն են տալիս զարգանալ և մրցունակ դառնալ։
Նա շեշտեց, որ արվեստագետը չի կարող լիարժեք ստեղծագործել սովի ու մշտական ճգնաժամի պայմաններում։ Նրա կարծիքով՝ ստեղծագործության հիմնական պայմանը ներքին ազատությունն է, իսկ պետության դերը պետք է լինի տաղանդավոր արվեստագետին աջակցելը, ոչ թե թեմաները թելադրելը։
Անդրադառնալով 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ ՌուբենԲաբայանը ասաց, որ դրանք լինելու են ոչ թե պարզապես քաղաքական, այլ քաղաքակրթական ընտրություն՝ պետություն կամ գաղութ։ Նա ընդգծեց ընտրողի պատասխանատվությունը՝ նշելով, որ ընտրողը պետք է լինի երկրի տերը, ոչ թե իր համար«տեր» ընտրողը։
Նա ընտրակաշառքը համարեց լուրջ խնդիր և նշեց, որ օրենքը պետք է խստորեն կիրառվի բոլորի նկատմամբ։ Նրա խոսքով՝ փողով գնված իշխանությունը երկար կյանք չունի, և ընտրողը պետք է գիտակցի, որ իր ընտրության պատասխանատվությունը կրում է ինքը։
Ռուբեն Բաբայանը եզրափակեց՝ նշելով, որ ազատ, գաղտնի և թափանցիկ ընտրություններն այն հիմքն են, որոնց վրա կարելի է կառուցել պատասխանատու և ինքնիշխան պետություն։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
