25.3 C
Yerevan

ԱՄՆ‑ն «Մեծ Եղբայր Չէ», Այլ Կանխա­տե­սե­լի Գործընկեր

Հայաստա­նը չպետք է Ամե­րի­կա­յին ընկա­լի որպես «նոր մեծ եղբայր»։ ԱՄՆ‑ը ավե­լի կանխա­տե­սե­լի գործընկեր է, քան Ռուսաստա­նը, սակայն որևէ գերտե­րություն «Ձմեռ պապիկ» կամ «Սանտա Կլաուս» չէ, և Հայաստա­նը պետք է առաջնորդվի սեփա­կան շահե­րով՝ բոլոր ձվե­րը մեկ զամբյուղի մեջ չդնե­լով։

Միքա­յել Զոլյան 

1inTV‑ն զրուցել է քաղա­քա­գետ Միքա­յել Զոլյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է ԱՄՆ‑ի դերի փոփո­խությունը, որն աստի­ճա­նա­բար հրա­ժարվում է «գլո­բալ ոստի­կա­նի» գործա­ռույթից՝ նախա­պատվությունը տալով տնտե­սա­կան շահե­րին և բիզնես գործընկե­րությա­նը: Հարա­վա­յին Կովկա­սը դիտարկվում է որպես կարև­ո­րա­գույն տարանցիկ հանգույց, որտեղ Հայաստա­նը փորձում է վերա­կանգնել իր ինքնիշխա­նությունը և իրա­կա­նացնել «խաղա­ղության խաչմե­րուկ» նախա­գի­ծը։ Հատուկ անդրա­դարձ է կատարվում Ռուսաստա­նից կախվա­ծության թուլացմա­նը և Արևմուտքի ու Ասիա­յի հետ հարա­բե­րություննե­րի բազմա­զա­նեցման անհրա­ժեշտությա­նը։

Քաղա­քա­գետ Միքա­յել Զոլյա­նը նշեց, որ եթե խոսում ենք գլո­բալ միտումնե­րի մասին, ապա այսօր հիմնա­կան միտումը միջազգա­յին հարա­բե­րություննե­րի համա­կարգի խորքա­յին տրանսֆորմա­ցիան է։ Նրա խոսքով՝ սա դեռևս ամբողջա­կան փլուզում չէ, բայց հին համա­կարգն ակնհայտո­րեն խաթարված է և չի կարող շարունա­կել գործել նախկին ձևով։ Նա ընդգծեց, որ դեռևս կան գործող կանոններ, ինստի­տուտներ և կազմա­կերպություններ, որոնք շարունա­կում են իրենց ֆունկցիա­նե­րը, թեև ավե­լի մեծ դժվա­րությամբ, և իրա­վի­ճա­կը քաո­սի չի վերածվել։Միացյալ Նահանգնե­րը, որը երկար տարի­ներ ընկալվում էր որպես «գլո­բալ ոստի­կան», այսօր կամ չի ցանկա­նում, կամ չի կարող այդ դերը կատա­րել նույն ձևով։ Նրա դիտարկմամբ՝ ԱՄՆ‑ը փորձում է փոխել այդ դերը՝ այն կապե­լով շահե­րի, գործընկե­րության և «վճա­րո­վի» մասնակցության տրա­մա­բա­նության հետ, ինչը ցույց է տալիս, որ խնդի­րը ժամա­նա­կա­վոր դժվա­րություն չէ, այլ համա­կարգա­յին ճգնա­ժամ։

Անդրա­դառնա­լով տարա­ծաշրջա­նին՝ Զոլյա­նը նշեց, որ Հարա­վա­յին Կովկա­սում և հետխորհրդա­յին տարածքում գործ ունենք ռուսա­կան նեո­գա­ղութա­յին կայսրության փլուզման գործընթա­ցի հետ։ Նրա կարծի­քով՝ այստեղ հակա­սություն չկա այն փաստի հետ, որ ԱՄՆ‑ը հրա­ժարվում է համաշխարհա­յին գերիշխող դերից, քանի որ Ռուսաստա­նը, նրա ձևա­կերպմամբ, հանդես եկավ «ինքնասպան ահա­բեկչի» նման՝ փորձե­լով խարխլել գործող աշխարհա­կարգը, սակայն արդյունքում ինքն է առա­վել մեծ վնաս կրել։ Հետխորհրդա­յին գրե­թե բոլոր երկրներն այսօր արմա­տա­պես վերա­նա­յում են իրենց հարա­բե­րություննե­րը Ռուսաստա­նի հետ։ Նա նշեց, որ անգամ Բելա­ռուսը՝ Ալեքսանդր Լուկա­շենկո­յի ղեկա­վա­րությամբ, փորձում է որոշ չափով ազատվել այդ կախվա­ծությունից, իսկ Կենտրո­նա­կան Ասիա­յի երկրնե­րը, Ադրբե­ջա­նը, Հայաստա­նը, Մոլդո­վան և Ուկրաի­նան արդեն գործում են այլ տրա­մա­բա­նությամբ։ Վրաստա­նի դեպքում, նրա խոսքով, իրա­վի­ճա­կը բարդ է, քանի որ երկի­րը հայտնվել է որո­շա­կի մեկուսացման մեջ՝ հեռա­նա­լով Եվրո­պա­յից, բայց առանց Ռուսաստա­նի ուղղությամբ իրա­կան ինտեգրման։

Անդրա­դառնա­լով Հայաստա­նին՝ Միքա­յել Զոլյա­նընշեց, որ ներկա­յումս ձևա­վորվել են երկու հիմնա­կան միտումներ։ Առա­ջի­նը խաղա­ղության օրա­կարգն է՝ սահմաննե­րի բացումը, կոմունի­կա­ցիա­նե­րի ապաշրջա­փա­կումը և «խաղա­ղության խաչմե­րուկի» գաղա­փա­րը։ Նա ընդգծեց, որ գործընթա­ցը դանդաղ է ընթա­նում, սակայն դա բնա­կան և նույնիսկ ցանկա­լի է, քանի որ արագ փոփո­խություննե­րը կարող են հասա­րա­կա­կան լուրջ դիմադրություն առա­ջացնել թե՛ Հայաստա­նում, թե՛ Ադրբե­ջա­նում և Թուրքիա­յում։

Երկրորդ միտումը, ըստ Զոլյա­նի, Հայաստա­նի ապա­գա­ղութացման գործընթացն է՝ ինքնիշխա­նության վերա­կանգնումը և ռուսա­կան կախվա­ծության նվա­զե­ցումը։ Նա նշեց, որ Հայաստա­նը թեև պաշտո­նա­պես անկախ պետություն է 1991 թվա­կա­նից, սակայն երկարժ ամա­նակ գտնվել է հետգա­ղութա­յին կամ նեո­գա­ղութա­յին կախվա­ծության մեջ, երբ առանցքա­յին արտա­քին քաղա­քա­կան որո­շումնե­րը կայացվել են Մոսկվա­յում։ Քաղա­քա­գե­տը հիշեցրեց 2013 թվա­կա­նի սեպտեմբե­րի 3‑ը՝ որպես այդ կախվա­ծության վիզուալ արտահայտություն։Հայաստանն այժմ դուրս է գալիս այդ վիճա­կից, թեև գործընթա­ցը ցավոտ, երկա­րատև և բարդ է։ Նրա խոսքով՝ արդեն կան տեսա­նե­լի արդյունքներ, և երկի­րը աստի­ճա­նա­բար սկսում է ինքնուրույն ձևա­կերպել իր շահե­րը։

Անդրա­դառնա­լով հայ-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րին՝ քաղա­քա­գե­տը նշեց, որ ռազմա­վա­րա­կան գործընկե­րության խարտիա­յի ստո­րագրումը և հետա­գա համա­ձայնություննե­րը ձևա­վո­րել են կայուն միտում, որը լայն կոնսենսուս ունի ամե­րիկյան քաղա­քա­կան դաշտում։ Նա ընդգծեց, որ այս հարցում դեմոկրա­տա­կան և հանրա­պե­տա­կան վարչա­կազմե­րի միջև տարբե­րություննե­րը նվա­զա­գույն են, և գործընթա­ցը շարունակվե­լու է անկախ քաղա­քա­կան փոփո­խություննե­րից։

Միքա­յել Զոլյա­նը բացատրեց, որ ԱՄՆ‑ի ակտի­վա­ցումը տարա­ծաշրջա­նում չի հակա­սում նրա՝ «գլո­բալ ոստի­կա­նի» դերից հրա­ժարվե­լու գաղա­փա­րին, քանի որ ԱՄՆ‑ը այսօր իր արտա­քին քաղա­քա­կա­նությունը կառուցում է բիզնե­սի, շուկա­նե­րի և ռազմա­վա­րա­կան հաղորդուղի­նե­րի տրա­մա­բա­նությամբ։ Նրա խոսքով՝ Հարա­վա­յին Կովկա­սը կարև­որ հանգույց է, որը կապում է Կենտրո­նա­կան Ասիան, Մերձա­վոր Արև­ելքը և Եվրո­պան, իսկ Հայաստա­նը կարող է դառնալ այդ կապի առանցքա­յին օղակնե­րից մեկը։

Քաղա­քա­գե­տը նաև ընդգծեց, որ Եվրո­պան, չնա­յած ներքին խնդիրնե­րին, մնում է աշխարհի խոշո­րա­գույն շուկա­նե­րից մեկը, և ցամա­քա­յին հաղորդուղի­նե­րի անհրա­ժեշտությունը մեծա­նում է՝ հաշվի առնե­լով Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րի ճգնա­ժա­մը և Իրա­նի շուրջ առկա սահմա­նա­փա­կումնե­րը։

Խոսե­լով Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րի մասին՝ Զոլյա­նը նշեց, որ Հայաստա­նը չպետք է Ամե­րի­կա­յին ընկա­լի որպես «նոր մեծ եղբայր»։ Նրա կարծի­քով՝ ԱՄՆ‑ը ավե­լի կանխա­տե­սե­լի գործընկեր է, քան Ռուսաստա­նը, սակայն որևէ գերտե­րություն «Ձմեռ պապիկ» կամ «Սանտա Կլաուս» չէ, և Հայաստա­նը պետք է առաջնորդվի սեփա­կան շահե­րով՝ բոլոր ձվե­րը մեկ զամբյուղի մեջ չդնե­լով։

Նա անդրա­դարձավ նաև երկա­թուղի­նե­րի հարցին՝ նշե­լով, որ եթե ռուսա­կան կողմը չի կարո­ղա­նում իրա­կա­նացնել իր պարտա­վո­րություննե­րը, ապա Հայաստա­նը լիո­վին իրա­վա­սու է համա­գործակցել այլ գործընկերնե­րի հետ։ Զոլյա­նը ընդգծեց, որ սա թշնա­մա­կան քայլ չէ, այլ ռացիո­նալ քաղա­քա­կա­նություն, որը թույլ է տալիս պահպա­նել դեմքը և միա­ժա­մա­նակ առաջ շարժվել։

Անդրա­դառնա­լով Ադրբե­ջա­նի և Թուրքիա­յի հետ հարա­բե­րություննե­րին՝ քաղա­քա­գե­տը նշեց, որ վերջին տարվա ընթացքում տեղի են ունե­ցել պատմա­կան փոփո­խություններ՝ դելի­մի­տա­ցիա­յի, դեմարկա­ցիա­յի, առևտրա­յին շփումնե­րի և ոչ պատե­րազմա­կան իրա­վի­ճա­կի պահպանման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ այն, ինչ մեկ տարի առաջ աներև­ա­կա­յե­լի էր, այսօր դարձել է իրա­կա­նություն։

2025 թվա­կա­նը ապա­գա­յում պատմության դասագրքե­րում կդի­տարկվի որպես Հայաստա­նի դիվա­նա­գի­տա­կան ձեռքբե­րումնե­րի տարի։ Նա ընդգծեց, որ ծանր պարտություննե­րից հետո երկի­րը կարո­ղա­ցել է դուրս գալ օրհա­սա­կան վիճա­կից և անցնել մի փուլ, որտեղ քննարկվում են ոչ թե պատե­րազմի հավա­նա­կա­նություննե­րը, այլ տնտե­սա­կան և հաղորդակցա­յին հարցերը։Առաջիկա ընտրություննե­րը անձե­րի մասին չեն լինե­լու, այլ երկու հիմնա­րար հարցի շուրջ՝ խաղա­ղության օրա­կարգի և Ռուսաստա­նի հետ կախվա­ծության հաղթա­հարման։ Նրա կարծի­քով՝ ընդդի­մա­դիր ճամբա­րը չի առա­ջարկում հստակ այլընտրանքա­յին տեսլա­կան, իսկ նախկին մոդե­լի վերա­դարձը պարզա­պես անհնար է, քանի որ հենց Ռուսաստանն է խախտել նախկին պայմա­նա­վորվա­ծություննե­րը։ Հայաստա­նը իր ինքնիշխա­նությունը ժամա­նա­կին զոհա­բե­րել էր մեկ հիմնա­կան ակնկա­լի­քով՝ Արցա­խի անվտանգության ապա­հովմամբ, սակայն այդ պայմա­նը չի կատարվել։ Նրա խոսքով՝ այդ պայմա­նագրի խախտումից հետո Հայաստա­նը չունի ոչ բարո­յա­կան, ոչ քաղա­քա­կան պարտա­վո­րություն շարունա­կե­լու նույն կախվա­ծությունը։

Ամփո­փե­լով՝ Միքա­յել Զոլյա­նը նշեց, որ պետք է լինել «կամքի առումով լավա­տես և ինտե­լեկտի առումով կասկա­ծա­միտ»։ Նա կարծում է, որ Հայաստա­նը ծանր փորձություննե­րի միջով անցնե­լով՝ արդեն սովո­րել է իր դասե­րը և ունի զգուշա­վոր լավա­տես լինե­լու լիարժեք իրա­վունք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ