Եթե կաթողիկոսի փոփոխությունն իրականացվի ոչ նուրբ և աղմկոտ ձևով, ապա հետագա բոլոր գահակալները կունենան լեգիտիմության լուրջ խնդիր։
Հայկ Հակոբյան
1inTV‑ն զրուցել է կրոնագետ և աստվածաբան Հայկ Հակոբյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայ Առաքելական Եկեղեցու և պետության միջև ստեղծված լարվածությունը, որն ի հայտ եկավ Սուրբ Ծննդյան տոների ժամանակ վարչապետի և մի խումբ բարձրաստիճան հոգևորականների հանդիպումից հետո։ Կրոնագետ Հայկ Հակոբյանը վերլուծում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հնարավոր հրաժարականիիրավական և կանոնական բարդությունները՝ նշելով, որ առանց եկեղեցական նվիրապետական աթոռների համաձայնության ցանկացած փոփոխություն կհանգեցնի լեգիտիմության ճգնաժամի։
Հայկ Հակոբյանը նշեց, որ Սուրբ Ծննդյան խորհրդի մասին խոսելն իրեն համար միշտ նախընտրելի է, սակայն ներկա իրավիճակը ստիպում է կենտրոնանալ այն գործընթացների վրա, որոնք այսօր ընթանում են Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ։ Նրա համոզմամբ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը հրաժարական չի տալու, և ներկայում ձևավորվել է փակուղային իրավիճակ։ Մի կողմում կանգնած է քաղաքական իշխանությունն ու եկեղեցական վերնախավի մի հատվածը, իսկ մյուս կողմում՝ եկեղեցին՝ իր պարագլխի, հավատացյալների մի մասի և իշխանությանը հակադրված քաղաքական ու մշակութային շրջանակների հետ։ Հակոբյանը չի բացառում նաև միջազգային գործոնների ազդեցությունը և այդ ամենը կապում է առաջիկա ընտրական գործընթացների հետ։
Հայկ Հակոբյանը կարևորեց կանոնիկ իրավունքի հարցը՝ հիշեցնելով, որ 1944–45 թվականներին ձևավորված կարգով ազգային-եկեղեցական ժողով հրավիրելու իրավասությունը վերապահված է բացառապես կաթողիկոսին։ Նրա խոսքով՝ կաթողիկոսը չի հրավիրի ժողով, որտեղ կարող է դրվել իր գահազրկման կամ «հանգստի կոչման» հարցը, քանի որ այդ երկու հասկացությունները գործնականում նույնն են՝ պարզապես տարբեր ձևակերպումներով։
Կրոնագետը իրավիճակը բնութագրեց որպեստխուր և վտանգավոր՝ նշելով, որ եթե կաթողիկոսի փոփոխությունն իրականացվի ոչ նուրբ և աղմկոտձևով, ապա հետագա բոլոր գահակալները կունենան լեգիտիմության լուրջ խնդիր։ Նրա գնահատմամբ՝ այդ դեպքում կարող է ձևավորվել ուկրաինական մոդելի նման իրավիճակ՝ երկու եկեղեցական կենտրոններով, ինչը հայ ժողովրդի պարագայում արհեստածին և անհարկի բաժանում կլինի։
Հայկ Հակոբյանը դիտարկեց նաև 1950-ականների պառակտումը՝ նշելով, որ Կիլիկիո կաթողիկոսությունը միշտ եղել է առանձին նվիրապետական աթոռ, որը ճանաչել է Էջմիածնի հոգևոր գերակայությունը։ Նրա խոսքով՝ այն ժամանակվա պառակտումը պայմանավորված էր ոչ թե դավանաբանական, այլ քաղաքական և ադմինիստրատիվ հանգամանքներով՝ խորհրդային իշխանությունների հետ հարաբերությունների, ԿԳԲ‑ի ազդեցության և սփյուռքյան քաղաքական պայքարի ֆոնին։
Նա ընդգծեց, որ ներկայիս մարտահրավերների առջև եկեղեցին չունի հստակ ձևակերպված պատասխաններ ժամանակակից հասարակական հարցերին։ Հակոբյանը հիշեցրեց, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցին դեռ 19-րդ դարի վերջից սկսել է համակարգված արձագանք տալ սոցիալական, տնտեսական և բարոյական խնդիրներին, մինչդեռ Հայ Առաքելական Եկեղեցում այդ գործընթացները դանդաղ են՝ կառույցի բազմակենտրոն և բյուրոկրատական բնույթի պատճառով։
Կրոնագետը անդրադարձավ նաև ԿԳԲ‑ի հետ համագործակցության թեմային՝ նշելով, որ տոտալիտար համակարգերում դա գրեթե անխուսափելի էր բոլոր կրոնական կառույցների համար։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է հարցին մոտենալ համապարփակ լյուստրացիայի միջոցով, ոչ թե ընտրովի բացահայտումներով։ Նա ընդգծեց ներման և համընդհանուր հաշտեցմանան հրաժեշտությունը՝ որպես հասարակության առողջացման ուղի։
Հայկ Հակոբյանը շեշտեց, որ եթե ձևավորվի Հայաստանի ներսում գործող եկեղեցի՝ առանց համահայկական համատեքստի, դա կարող է խորը խզում առաջացնել սփյուռքի հետ։ Նրա համոզմամբ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոփոխության հարցը կարող է քննարկվել միայն բոլոր նվիրապետական աթոռների միահամուռ մասնակցությամբ, հակառակ դեպքում կձևավորվի ոչ լեգիտիմ ղեկավարություն։
Անդրադառնալով հանրային տրամադրություններին՝ Հակոբյանը նկատեց, որ հասարակության մեջ առկա է խորը պառակտում, երբ մարդիկ հաճախ ավելի շատ հակակրում են հակառակ կողմին, քան աջակցում իրենց ընտրած առաջնորդին։ Նա նշեց, որ հալածանքի պայմաններում նույնիսկ հեղինակազրկված գործիչը կարող է ձեռք բերել «մարտիրոսի հեղինակություն»։
Ամփոփելով՝ Հայկ Հակոբյանը ընդգծեց, որ եկեղեցին հայ հասարակության համար շարունակում է մնալ կարևոր բարոյական և ինքնության հենարան՝ անկախ մարդկանց կրոնական գիտելիքների խորությունից։ Նրա խոսքով՝ եկեղեցին պետք է ընկալել ոչ միայն որպես հոգևոր դաս և կառույց, այլ որպես մկրտված ժողովրդի ամբողջություն, քանի որ հենց ժողովուրդն է եկեղեցին իր էությամբ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
