Ավստրիայում նախատեսվող եպիսկոպոսական ժողովի մասին տեղեկությունը մեծ զարմանք և վրդովմունք է առաջացրել։ Հրավերը ստացվել է ոչ թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, այլ արտասահմանից, ինչը հակասում է Հայ Առաքելական Եկեղեցու գործող կանոնադրությանը։
Վազգեն Միրզախանյան
Civic News‑ը զրուցել է Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի հետ։ Զրույցի ընթացքում արքեպիսկոպոսը քննադատում է Գարեգին Բ կաթողիկոսի վերջին որոշումները՝ դրանք որակելով որպես կամայական և հակականոնական քայլեր։ Անդրադարձ է կատարվում Եպիսկոպոսաց ժողովը Հայաստանից դուրս գումարելու խնդրահարույց որոշմանը, որը դիտարկվում է որպես ոտնձգություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ։ Բանախոսը քննարկում է նաև եկեղեցական բարձրաստիճան պաշտոնյաների հեռացումները, սրբազան մասունքների օտարման կասկածելի հանգամանքները և եկեղեցական կառույցներում օրինականության վերականգնման հրատապությունը։
Արքեպիսկոպոս Միրզախանյանը նշեց, որ Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահի փոփոխությունը՝ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանի ազատումն ու Տեր Պարթև եպիսկոպոս Բարսեղյանի նշանակումը, իր և մի շարք սրբազան հայրերի կողմից ընկալվում է ոչ թե վարչական բնական փոփոխություն, այլ որպես ուղղակի ոխակալություն և պատժիչ քայլ։ Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը ընդգծեց, որ Գուսան ծայրագույն վարդապետը տարիներ շարունակ ծառայել է թեմում, սակայն այդ թեմը երբեք ամբողջական չի դարձել և չի ունեցել ձեռնադրված եպիսկոպոս, իսկ այժմ կատարված փոփոխությունը կապվում է նրա՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեկարգման գործընթացին միանալու հետ։ Արքեպիսկոպոսը ցավով նշեց, որ նման լարված իրավիճակներում հերթական անգամ տուժում են իրենց հոգևոր եղբայրները։
Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդը նշեց, որ Ավստրիայում նախատեսվող եպիսկոպոսական ժողովի մասին տեղեկությունը մեծ զարմանք և վրդովմունք է առաջացրել։ Նրա խոսքով՝ հրավերը ստացվել է ոչ թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, այլ արտասահմանից, ինչը հակասում է Հայ Առաքելական Եկեղեցու գործող կանոնադրությանը։ Նա հիշեցրեց, որ կանոնադրության վեցերորդ կետով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդիսանում է եկեղեցու նվիրապետական կենտրոնը, իսկ եպիսկոպոսական ժողովը, թեև առանձին կանոնադրություն չունի, այնուամենայնիվ համարվում է նվիրապետության մաս և չի կարող գումարվել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։
Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը դիտարկեց, որ արտագնա ժողով անցկացնելու մասին ձևակերպումը չի կարող մեկնաբանվել որպես Հայաստանից դուրս գումարում։ Նրա խոսքով՝ պատմության ընթացքում եպիսկոպոսական ժողովները տեղի են ունեցել պատմական Հայաստանի տարածքում՝ Դվինում, Աշտիշատում և այլ կենտրոններում։ Նա հատուկ անդրադարձավ 1956 թ. Եգիպտոսում կայացած ժողովին՝ նշելով, որ այն եղել է բացառիկ և հարկադրված քայլ՝ պայմանավորված Սովետական Միության պայմաններով և Էջմիածին-Անթիլիաս հակասությամբ, և չի կարող դիտարկվել որպես նախադեպ։
Արքեպիսկոպոսը ընդգծեց, որ Ավստրիայում եպիսկոպոսական ժողով գումարելը դիտարկում են որպես ոտնձգություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ և հակաեկեղեցական քայլ, որը վտանգ է ստեղծում նաև հայկական պետականության համար։ Նա կոչ արեց իր եղբայր եպիսկոպոսներին և արքեպիսկոպոսներին չտրվել սադրանքին և չմասնակցել այդ ժողովին՝ շեշտելով, որ նման քայլը կարող է ճանապարհ բացել հակաթոռության համար։
Նա նշեց, որ եպիսկոպոսական ժողովի վավերականության համար անհրաժեշտ է նվազագույնը 35 եպիսկոպոսի մասնակցություն, և վստահություն հայտնեց, որ հոգևոր դասի մեծ մասը գիտակցում է Էջմիածնի և Հայաստանի Հանրապետության առանցքային նշանակությունը և չի մասնակցի ժողովին։ Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը պատմական անդրադարձ կատարեց՝ հիշեցնելով 1441 թ. կաթողիկոսական աթոռի վերադարձը Սսից Էջմիածին և ընդգծելով, որ այդ որոշումը հիմք դարձավ հայկական պետականության վերականգնման համար։ Նրա խոսքով՝ այսօր այդ ժառանգությանը հակառակ քայլ անելը անհարգալից վերաբերմունք կլինի նահատակների հիշատակի նկատմամբ։
Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդը կտրուկ քննադատեց Գերագույն հոգևոր խորհրդի գործող կազմի և գործունեության օրինականությունը։ Նա նշեց, որ 2017 թ. եկեղեցական ներկայացուցչական ժողովից հետո նոր ժողով չի գումարվել, իսկ Գերագույն հոգևոր խորհրդի անդամների նշանակումները կատարվել են կամայականորեն՝ խախտելով գործող կանոնակարգերը։ Նրա խոսքով՝ 2026 թ. եկեղեցական օրացույցում արձանագրված փոփոխությունները ցույց են տալիս համակարգային խառնաշփոթ և իրավական անորոշություն։ Այս ամենը վկայում է, թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վտանգված է, և եկեղեցու իրական պաշտպանները սրբազան եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսներն են, որոնք բարձրաձայնում են այս խնդիրները։ Նա ընդգծեց, որ կամայականությունները այլևս սահման չունեն և պահանջում են համընդհանուր պատասխանատվություն։
Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը անդրադարձավ նաև եկեղեցապատկան հուշարձանների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը՝ նշելով, որ նման նախագիծը տարիներ առաջ ընդունվելու դեպքում հնարավոր կլիներ կանխել սրբությունների կամ մասունքների անթափանցիկ օտարումը։ Նա առաջարկեց օրենսդրական նոր նախաձեռնություն՝ ի պաշտպանություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող համազգային նշանակության սրբությունների, որպեսզի դրանք երբեք չօտարվեն առանց պետության և կառավարության գիտության։
Նա շեշտեց, որ Գեղարդի մասունքի վերաբերյալ տարածված տեղեկություններից մի մասը կեղծիք է, քանի որ մասունքը չի նվիրաբերվել եկեղեցական կառույցին, այլ կոնկրետ պետական գործչի։ Արքեպիսկոպոսը հիշեցրեց, որ անցյալում սրբությունների փոխանցումները կատարվել են բաց, հանդիսավոր և կանոնակարգված արարողակարգերով, մինչդեռ այժմ որոշ գործընթացներ տեղի են ունեցել գաղտնի, ինչը հարուցում է հավատացյալների արդարացի դժգոհությունը։
Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը նշեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում և, հետևաբար, պարտավոր է հաշվետու լինել պետությանը և հասարակությանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում չի կարող լինել «պետության մեջ պետություն», և իշխանությունները պարտավոր են վերահսկել այն ամենը, ինչ տեղի է ունենում երկրի ներսում։
Անդրադառնալով Գևորգ սրբազանի դատական գործին՝ նա ասաց, որ դատարանի որոշումը նախադեպային և կարևոր է, քանի որ առաջին անգամ Հայոց եկեղեցու պատմության մեջ հոգևորականը պաշտպանություն է ստացել աշխարհիկ դատարանի միջոցով։ Նրա կարծիքով՝ սա փաստում է, որ նախկինում բազմաթիվ հոգևորականներ անիրավ կերպով են կարգալույծ արվել և զրկվել պաշտպանության հնարավորությունից։ Նա ընդգծեց, որ այս նախադեպը պետք է հիմք դառնա օրենսդրական փոփոխությունների համար՝ կրոնական կառույցներում ծառայող ինչպես աշխարհիկ, այնպես էլ հոգևոր անձանց իրավունքների պաշտպանության նպատակով։
Վերջում Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն միջամտում եկեղեցու ներքին նշանակումների գործընթացին, սակայն որպես պետության ղեկավարներ պարտավոր են վերահսկել երկրի ներսում գործող կառույցների իրավական դաշտը։ Նրա համոզմամբ՝ ապագայում եկեղեցու բարենորոգման և նոր ընտրությունների պայմաններում անհրաժեշտ է հստակ կարգավորել եկեղեցի-պետություն հարաբերությունները, որպեսզի այլևս նման ճգնաժամեր չառաջանան։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
