Թեև խնդիրները ամբողջությամբ չեն վերացել, վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ համակարգային և զանգվածային կեղծիքների հնարավորությունները զգալիորեն սահմանափակվել են։ Սա ժողովրդավարական ինստիտուտների կայացման կարևոր ձեռքբերում է։
Մեր Ուղին
Հայաստանի վերջին խորհրդարանական ընտրությունները հերթական քաղաքական գործընթացը չէին։ Դրանք միաժամանակ հանրաքվե էին երկրի արտաքին կողմնորոշման, պետականության պահպանման, պատերազմի և խաղաղության միջև ընտրության, ինչպես նաև հետխորհրդային քաղաքական մշակույթից դուրս գալու հնարավորության շուրջ։ Անկախ քաղաքական նախասիրություններից՝ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին մի շարք կարևոր իրողություններ, որոնք առաջիկա տարիներին շարունակելու են ազդել Հայաստանի զարգացման վրա։

Ինքնիշխանության պահպանման հանրային մանդատ
Ընտրությունների գլխավոր արդյունքներից մեկը Հայաստանի ինքնիշխանության պահպանման քաղաքական գծի հաստատումն էր։ Ընտրողը, փաստացի, մերժեց արտաքին կենտրոններից ուղղորդվող քաղաքական լուծումների զգալի մասը և նախընտրեց այն ուժին, որը խոստանում էր պահպանել պետական որոշումների ընդունման ինքնուրույնությունը։ Սա հատկապես կարևոր էր այն պայմաններում, երբ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ճնշումները շարունակում են աճել։ Ընտրողը նաև մերժեց օլիգարխիան՝ ի դեմս ընդդիմության ներկայացուցիչ մեծահարուստների՝ միաժամանակ մերժելով նաև այդ ճահճացած ու լճացած մթնոլորլտը։ Հայ ընտրողը մերժեց այդ բոլորին միաժամանակ և դրա ցուցանիշն այն էր, որ հավաքական ընդդիմությունը միասին պարտվեց Նիկոլ Փաշինյանին։ Սա ինչ որ առումով ոչ թե Նիկոլ Փաշինյանի հաղթանակն էր, այլ ընդդիմության հերթական պարտությունը, որից սակայն ընդդիմությունն այդպես էլ դասեր չի քաղում։
Տնտեսական ինքնավարության գաղափարի ամրապնդում
Տարիներ շարունակ Հայաստանի տնտեսությունը և քաղաքականությունը զգալի կախվածություն է ունեցել արտաքին տնտեսական կենտրոններից, առաջին հերթին՝ Ռուսաստանից։ Վերջին տարիների զարգացումները ցույց տվեցին, որ քաղաքական ինքնիշխանությունը հնարավոր չէ առանց տնտեսական բազմազանեցման, ներքին քաղաքական անկախության։ Ընտրությունների արդյունքները կարելի է դիտարկել նաև որպես հանրային աջակցություն տնտեսական ինքնավարության քաղաքականությանը, նոր շուկաների որոնմանը, ներդրումային աղբյուրների բազմազանեցմանը և արտաքին տնտեսական ճնշումներին դիմակայելու փորձերին։ Թեև այդ գործընթացը դեռ ավարտված չէ, հասարակությունը կարծես ընդունել է դրա անհրաժեշտությունը։Ռուսների կողմից հայկական ապրանքների՝ Ռուսաստան արտահանումն արգելելուց հետո Հայաստանն այդ նույն ապրանքները դեպի Եվրոպա ուղարկելու տարբերակ ընտրեց։ Արդեն իսկ որոշ ապրանքատեսակներ ուղարկվել են, որոշները գտնվում են համաձայնեցման փուլում։ Հայ ընտրողի համար սա ևս մեկ ցուցիչ էր սեփական ձայնի ու իրավունքի արժևորման։ Մի բան, որը նախընտրական քարոզարշավի ժամանակ ընդդիմության կողմից միայն վախի դաշտում ներկայացվեց, որն էլ ավելի շատ հակազդեցության տարավ։
Քաղաքացու քվեն արժևորվեց։ Եթե նախկինում լայն տարածում ուներ այն համոզմունքը, թե ընտրությունների արդյունքները նախապես որոշված են, ապա վերջին տարիների ընտրական գործընթացները աստիճանաբար փոխեցին այդ ընկալումը։ Քաղաքացին ավելի հստակ սկսեց գիտակցել, որ իր քվեն իրական ազդեցություն ունի քաղաքական գործընթացների վրա։ Սա ժողովրդավարության կարևորագույն նախապայմաններից է, քանի որ ընտրությունների նկատմամբ վստահության վերականգնումը պետական համակարգի կայունության հիմքերից մեկն է։ Այս ընտրությունները ցույց տվեցին, որ լավ թե վատ, հասարակությունը կարողանում է ինքն ընտրել, կատարել իր ընտրությունը։ Դա մի անհասանելի երազանք էր թվում շատ երկար ժամանակ, քանի որ Հայաստանում ավանդաբար կաշառքն ու պարտադրանքը նույն նախընտրական մեդալի երկու կողմն էին հանդիսանում։
Հայաստանի քաղաքական պատմության մեջ ընտրակեղծիքները երկար ժամանակ եղել են ամենացավոտ թեմաներից մեկը։ Վարչական ռեսուրսների չարաշահումը, ընտրակաշառքը, ճնշումները և արդյունքների նկատմամբ անվստահությունը մշտապես ուղեկցել են ընտրական գործընթացները։ Թեև խնդիրները ամբողջությամբ չեն վերացել, վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ համակարգային և զանգվածային կեղծիքների հնարավորությունները զգալիորեն սահմանափակվել են։ Սա ժողովրդավարական ինստիտուտների կայացման կարևոր ձեռքբերում է։

Խաղաղության գերադասումը պատերազմի նկատմամբ
Ընտրությունների ընթացքում հասարակությունըկանգնած էր ոչ միայն քաղաքական, այլևաշխարհայացքային ընտրության առաջ։ Ընտրողըմեծամասամբ նախընտրեց խաղաղությանօրակարգը՝ նույնիսկ այն դեպքում, երբ այդօրակարգը բուռն հակասությունների և դժգոհությունների առիթ էր տալիս։ Սա չի նշանակում, որ հասարակությունը հրաժարվել է ազգային շահերից կամ անվտանգության հարցերից։ Սակայն ակնհայտ դարձավ, որ քաղաքացիների մեծ մասը նոր պատերազմի հեռանկարը չի դիտարկում որպես ցանկալի լուծում և նախապատվությունը տալիս է երկարաժամկետ կայունության որոնմանը։

Արևմտամետ ուժերի անմիաբանությունն ու պարտությունը
Ընտրությունները բացահայտեցին նաև արևմտամետ քաղաքական դաշտի հիմնական խնդիրը՝ մասնատվածությունը։
Չնայած հասարակության որոշ հատվածներում արևմտյան ուղղության նկատմամբ աճող հետաքրքրությանը, այդ քաղաքական հատվածը չկարողացավ ձևավորել միասնական օրակարգ, միասնական առաջնորդություն և մրցունակ քաղաքական բևեռ։ Արդյունքում բազմաթիվ ձայներ բաժանվեցին տարբեր ուժերի միջև, իսկքաղաքական արդյունքը չհամապատասխանեց այդ ընտրազանգվածի ընդհանուր ծավալին։
Ժողովրդավարության հերթական հաղթանակը
Ընտրությունների ամենակարևոր ձեռքբերումներից մեկը հենց ընտրությունների կայացումն էր որպես քաղաքական պայքարի հիմնական մեխանիզմ։
Իշխանության փոփոխության կամ պահպանման հարցը կրկին լուծվեց ոչ թե փողոցային բախումներով, ուժային մեթոդներով կամ հեղաշրջումներով, այլ քվեատուփի միջոցով։ Սա ժողովրդավարական մշակույթի աստիճանական ամրապնդման նշան է։
Սև-սպիտակ բաժանման շարունակությունը
Միաժամանակ ընտրությունները ցույց տվեցին նաև Հայաստանի քաղաքական համակարգի գլխավոր թուլություններից մեկը։
Նոր խորհրդարանում շարունակում է գերիշխել «սևերի» և «սպիտակների» տրամաբանությունը։ Հանրային քննարկումների զգալի մասը դեռկառուցվում է ոչ թե ծրագրերի, գաղափարների և ռազմավարությունների, այլ փոխադարձմեղադրանքների, անցյալի գնահատականների և քաղաքական բևեռացման վրա։
Այս հանգամանքը շարունակում է խոչընդոտել առողջ քաղաքական մրցակցության ձևավորմանը։
Նոր ընդդիմության բացակայությունը
Ընտրությունների արդյունքներից երևաց նաև, որ հասարակությունը դեռևս չի գտել այն նոր ընդդիմադիր ուժը, որը կարող է միաժամանակ լինել համակարգային, պետականամետ, արդիական և ապագային միտված։
Քաղաքական դաշտում շարունակում են գերակշռել արդեն ծանոթ դեմքերը, հին հակադրությունները և նախկին քաղաքական բանավեճերը։ Մինչդեռ հանրության մի զգալի հատված սպասում է նոր սերնդի քաղաքական ուժերի ի հայտ գալուն, որոնք կկարողանան դուրս գալ անցյալի հակամարտությունների շրջանակից։
Այս ընտրությունները ոչ միայն ձևավորեցին նոր խորհրդարան, այլ նաև արձանագրեցին հասարակության ներկա տրամադրությունները։ Քաղաքացին ընտրեց ինքնիշխանության պահպանումը, տնտեսական բազմազանեցման փորձերը, խաղաղության օրակարգը և ընտրությունների միջոցով քաղաքական պայքարի շարունակությունը։

Եթե գործող մեծամասնությունը կարողանա հաջողությամբ առաջ տանել իր խաղաղության ծրագիրը, ապահովել տնտեսական զարգացում և իրականացնել տարածաշրջանային հաղորդակցությունների ու տնտեսական խաչմերուկի գաղափարը, ապա ներկայիս «նորընդդիմությունը» առաջիկա ընտրություններում կարող է բախվել խորհրդարան անցնելու լրջագույն դժվարությունների։ Այդ դեպքում հաջորդ հինգ տարիների ընթացքում Հայաստանում կարող է ձևավորվել նոր քաղաքական միջավայր, որտեղ գլխավոր մրցակցությունը կընթանա ոչ թե հին ու նոր իշխանությունների, ոչ թե «սևերի» և «սպիտակների», այլ տարբեր պետականամետ, ժամանակակից և ծրագրային ուժերի միջև։ Հենց այդպիսի զարգացումն էլ կարող է դառնալ Հայաստանի քաղաքական համակարգի հասունացման հաջորդ փուլը։
Մեր Ուղին
