ԱՄՆ-ում և Եվրոպայում կան մտահոգություններ, որ Պուտինը հանդիպման գաղափարը առաջ է քաշել ոչ թե խաղաղության հասնելու նպատակով, այլ՝ շարունակելու Թրամփին մոլորեցնելն ու ժամանակ ձգելը։
The Wall Street Journal
The Wall Street Journal․ Ինչպես են Թրամփն ու Պուտինը հասել Ուկրաինայի հարցում նոր շրջադարձային պահի
ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների սպառնալիքը նոր թափ է տվել փակուղի մտած խաղաղ բանակցություններին, սակայն դա պարտադիր չէ, որ հանգեցնի հրադադարի պայմանագրի ստորագրմանը։ Նախագահ Թրամփը վաղուց է համարում, որ արտաքին քաղաքականության էությունը կայանում է նրանում, որ երկու ղեկավար գտնվեն միևնույն սենյակում և կնքեն պատմական համաձայնագիր։ Ուկրաինայում կրակի դադարեցման հասնելը Վլադիմիր Պուտինի հետ՝ այն դիվանագիտական հաղթանակն է, որի մասին Թրամփը վաղուց է երազում։ Սակայն դա դեռևս քիչ հավանական է։
Ղեկավարները կարող են հանդիպել արդեն հաջորդ շաբաթ՝ մի քանի ամիս տևած մանևրներից հետո խաղաղ համաձայնագիր ստորագրելու համար։ Բայց նրանց մոտեցումները դեռ տարբեր են։ Թրամփը կոչ է արել Պուտինին դադարեցնել պատերազմը, սակայն փոքր հետաքրքրություն է ցուցաբերել պայմանագրի մանրամասների նկատմամբ։ Կրեմլի ղեկավարը մերժել է կրակի դադարեցման բոլոր կոչերը, բացի այն դեպքերից, որոնք համապատասխանում են իր պահանջներին։ Մի քանի ամիս անհաջող փորձերից հետո՝ սկզբում ճնշում գործադրելով Կիևի վրա, ապա՝ համոզելով Պուտինին, Թրամփը եկել է այն եզրակացության, որ Մոսկվայի վրա տնտեսական ճնշման ուժեղացումը կարող է միակ ճանապարհը լինել համաձայնության հասնելու համար։
Պուտինի վրա ազդելու համար Թրամփը որդեգրել է ավելի հակասական քաղաքականություն՝ սպառնալով պատժամիջոցներով այն երկրներին, որոնք գնում են ռուսական էներգակիրներ։ Նա թիրախավորել է Հնդկաստանին՝ ռուսական նավթի խոշոր գնորդին՝ սահմանելով 50 տոկոսի մաքսատուրքեր ԱՄՆ ներկրվող հնդկական ապրանքների համար։ Այլ երկրներ, որոնք ներմուծում են ռուսական նավթ և գազ, ներառյալ Չինաստանը, կարող են բախվել տուրքերի բարձրացման՝ Թրամփի կողմից սահմանված պայմանագրի կնքման վերջնաժամկետից առաջ։
Բայց անգամ Թրամփը հինգշաբթի օրը մեծ հույս չէր ներշնչում։ «Կտեսնենք՝ ինչ կասի նա», — ասել է Թրամփը լրագրողներին՝ անդրադառնալով Պուտինին։ «Դա նրանից է կախված»։ Եթե Թրամփ-Պուտին գագաթնաժողովը կայանա, ապա այն կարող է դառնալ Թրամփի գործարքներ կնքելու կարողությունների ամենամեծ փորձությունը իր երկրորդ նախագահական ժամկետի ընթացքում։
Թրամփը վերադարձել է Սպիտակ Տուն՝ խոստանալով, որ կարող է կանգնեցնել պատերազմը Ուկրաինայում 24 ժամում, սակայն ավելի ուշ հայտարարել է, որ պարզապես կատակել է։ Նրա օգնականների խոսքերով՝ փակ քննարկումներում Թրամփը զայրացած է, որ իր երկրորդ ժամկետի 200 օրվա ընթացքում չի կարողացել դադարեցնել պատերազմը։ Նա աստիճանաբար սկսել է հասկանալ, որ կարգավորումը պետք է հաշվի առնի Զելենսկու դիրքորոշումը և հիմնական եվրոպական կառավարությունների պահանջները, որոնք պնդում են, որ չեն ճանաչելու Ռուսաստանի վերահսկողությունը գրավված որևէ տարածքի վրա՝ ինչը Կրեմլի հիմնական պահանջն է։ Կա նաև մտահոգություն, որ Պուտինը գուցե լուրջ նպատակ չունի համաձայնության հասնելու։
«Պուտինը հստակ հասկացրել է, որ Ուկրաինայի պատերազմը նրա համար ավելի կարևոր է, քան հարաբերությունները ԱՄՆ-ի հետ», — ասել է Ալինա Պոլյակովան՝ Վաշինգտոնի Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի նախագահ և գլխավոր տնօրեն։ Թրամփի համար ևս մեկ մարտահրավեր կլինի բանակցել մի ռուս ղեկավարի հետ, որը քառորդ դար փորձ ունի տարբեր ամերիկյան նախագահների հետ շփվելու մեջ և բազմիցս ապացուցել է նրանց վրա ազդեցություն գործելու իր կարողությունը։ Եթե Թրամփը հանդիպի Պուտինին և հեռանա դատարկ ձեռքով, ստիպված կլինի որոշել՝ ուժեղացնե՞լ ճնշումը Ռուսաստանի վրա, թե՞, ինչպես հաճախ է սպառնացել, հրաժարվել խաղաղ գործընթացից։ Ամեն դեպքում, ըստ Պոլյակովայի, «պատերազմը կշարունակվի»։
Թրամփն իր երկրորդ ժամկետը սկսել է վստահ, որ Պուտինի հետ ունեցած հարաբերությունները կօգնեն հաղթահարել Ռուսաստանի կողմից 2022 թվականի փետրվարին սկսված պատերազմի դժվարությունները։ Նախագահի կողմնակիցներն ասում են, որ Թրամփին սխալ կերպով են ներկայացնում որպես չափազանց բարեկամական ու համակերպվող Ռուսաստանի ղեկավարի հանդեպ։
«Մարդիկ սխալ են հասկացել Թրամփի մոտեցումը», — ասել է Ֆրեդ Ֆլեյցը, որը Թրամփի առաջին ժամկետի ընթացքում եղել է Ազգային անվտանգության խորհրդի բարձրաստիճան պաշտոնյա։ «Բանն այն չէ, թե իբր Թրամփը սիրում է բռնապետերին։ Նա համարում է, որ Ամերիկան պետք է համակեցություն ունենա Ռուսաստանի հետ։ Քանի որ չենք պատրաստվում պատերազմել, ուրեմն ինչպե՞ս պետք է վարվենք նրանց հետ»։ Ամերիկացի պաշտոնյաների և այդ հաղորդակցություններին ծանոթ անձանց տվյալներով՝ Թրամփն ու Պուտինը մի քանի հեռախոսազրույց են ունեցել և բազմաթիվ ուղերձներ են փոխանակել միջնորդների միջոցով։
Բարձրաստիճան վարչակազմի պաշտոնյայի խոսքերով՝ նրանց զրույցները սովորաբար ունեն բարեկամական բնույթ։ Թրամփը հաճախ շեշտում է իր նպատակը՝ ամերիկա-ռուսական հարաբերությունների վերածնունդը՝ տնտեսական համագործակցության աճի հիման վրա։ Իսկ Պուտինը ներկայացնում է իր պահանջները և ցանկությունները՝ հիմնականում վերաբերող Ռուսաստանի վերահսկողության միջազգային ճանաչմանը Ղրիմի և Դոնբասի նկատմամբ։ Նրանց հեռախոսազրույցները երբեմն տևում են մի քանի ժամ՝ Պուտինի երկար մենախոսությունների և թարգմանության անհրաժեշտության պատճառով, նշել են նախկին ու ներկա ամերիկացի պաշտոնյաները։ Թրամփը, որը սովորաբար անհամբեր է ու սիրում է միջամտել, այս դեպքում ուշադիր է լսում, ասում են նրա օգնականները։
«Պուտինը դա անում է շատ մեթոդական ձևով», — ասել է Ջոն Բոլթոնը՝ Թրամփի երրորդ ազգային անվտանգության խորհրդականը իր առաջին ժամկետի ընթացքում, նախկին ԿԳԲ սպան։ «Նա շատ լավ տեղեկացված է, գիտի, թե ինչի մասին է խոսում։ Երբ ուզում է ինչ-որ մեկի վրա ազդել, պարզապես խոսում է, խոսում ու խոսում»։ Պուտինը մանրակրկիտ ուսումնասիրել է Թրամփի նոր վարչակազմը և հասկանում է, թե որտեղ է Ռուսաստանի ազդեցությունը նախագահի վրա, — ասել է Ֆիոնա Հիլը, որը Թրամփի առաջին ժամկետի ընթացքում Սպիտակ տանը Ռուսաստանի հարցերով գլխավոր խորհրդականներից մեկն էր։ «Պուտինը կատարել է իր տնային առաջադրանքը։ Նա տարիներ շարունակ ուսումնասիրել է՝ ով է Թրամփը», — նշել է Հիլը։Այդ աշխատանքի մի մասն էլ այն էր, որ պարզի՝ ինչպես վարվել պատերազմ վարելիս՝ միաժամանակ ուղերձներ հղելով դիվանագիտական ճանապարհը բաց պահելու մասին։
Թրամփի վարչակազմի պաշտոնյաներն ու նախագահի մոտ կանգնած վստահելի անձինք հայտնել են, որ այս տարի Թրամփի և Պուտինի միջև որևէ լուրջ հակասություն չի եղել։ Սենատոր Լինդսի Գրեհամի խոսքերով՝ դա եղել է «հաջորդական մի քանի պահերի շարք», որոնք ի վերջո համոզել են Թրամփին, որ «Պուտինը փորձում է մանիպուլացնել իրեն»։
«Այժմ մենք տեսնում ենք, որ էջը շրջվել է, և Պուտինը կարող է միայն իրեն մեղադրել», — ասել է Գրեհամը։
Սակայն ԱՄՆ-ում և Եվրոպայում կան մտահոգություններ, որ Պուտինը հանդիպման գաղափարը առաջ է քաշել ոչ թե խաղաղության հասնելու նպատակով, այլ՝ շարունակելու Թրամփին մոլորեցնելն ու ժամանակ ձգելը։ Բարձրաստիճան եվրոպացի դիվանագետի և ուկրաինացի պաշտոնյայի խոսքով՝ Պուտինը կարող է առաջարկել, որ Մոսկվան պաշտոնապես վերահսկի Ուկրաինայի գրավված տարածքի մի մասը՝ ի փոխանակ՝ այլ շրջաններից ռուսական զորքերը դուրս բերելու։
Գործարքի ձգտող Թրամփը կարող է կոչ անել Ուկրաինային և իր դաշնակիցներին՝ ընդունել այդ առաջարկը։
Սակայն, պաշտոնյայի խոսքով, Կիևը և եվրոպական մյուս կառավարությունները, ամենայն հավանականությամբ, մերժելու են այդ պլանը։ Իսկ դա կարող է Պուտինին ձեռնտու լինել, քանի որ Թրամփը՝ ով հազվադեպ է խորությամբ մտածում խաղաղ կարգավորման մանրամասների մասին, կարող է այդ դեպքում մեղադրել Ուկրաինային՝ պատերազմը շարունակելու մեջ։ ԱՄՆ նախագահը կարող է դադարեցնել Ուկրաինային տրամադրվող հետախուզական և ռազմական աջակցությունը։ Նշվում է նաև, որ ԱՄՆ-ը կարող է լիովին դուրս գալ դիվանագիտական գործընթացից՝ թողնելով Մոսկվային և Կիևին շարունակել մի պատերազմ, որը Թրամփը վաղուց անվանում է «Բայդենի պատերազմ»։ Բայց նրանք, ովքեր լավ են ճանաչում Թրամփին, կասկածում են, որ նա կդադարեցնի փորձերը՝ հասնելու իր երկրորդ ժամկետի ամենաթանկ գործարքին, որի հաջողությունն կամ ձախողումը կարող է որոշել նրա քաղաքական ժառանգությունը։
«Նա ուզում է լինել այն մարդը, ով կնքում է գործարքներ։ Դա իր բրենդն է», — ասել է Մարկ Շորթը՝ Թրամփի առաջին ժամկետի բարձրաստիճան օգնականը։
Աղբյուրը՝
