Փաստ է, որ Ռուսաստանի նախագահին հեռակա «ստոր եւ անմարդկային» անվանող Իլհամ Ալիեւը Դուշանբեում նրան երախտագիտություն է հայտնել ադրբեջանական օդանավի կործանման մասին հանգամանալի տեղեկություններ հայտնելու համար:
Վահրամ Աթանեսյան
Դուշանբեում Պուտին-Ալիեւ հանդիպման մասին Բաքվի մամուլը չափազանց նրբամշակված տեղեկություններ է փոխանցում: ՌԻԱ Նովոստին, մինչդեռ, տարածել է քննարկման ամենազգայուն՝ ադրբեջանական օդանավի կործնմանը վերաբերող, հարցի շուրջ Իլհամ Ալիեւի չափազանց ուշագրավ հիշեցումը:
Ըստ այդմ, այդ օրն Ալիեւը թռչում էր Սանկտ-Պետերբուրգ եւ երբ պատահարի մասին զեկուցել են, նա իր օդանավից զանգել է Պուտինին: «Եւ մենք միմյանց ցավակցություն հայտնեցինք»,- Պուտինին հիշեցրել է Ալիեւը եւ հավելել, որ Ռուսաստանի նախագահին խնդրել է ԱՊՀ գործընկերներին փոխանցել, որ ինքը «ոչ պաշտոնական գագաթաժողովին օբյեկտիվ պատճառներով մասնակցել չի կարող»:
Այստեղ ամենառանցքայինը «միմյանց ցավակցություն հայտնելու» փաստի հիշատակումն է, քանի որ դա չափազանց արտառոց է. Բաքու-Գրոզնի չվերթի ադրբեջանական օդանավը փաստացի խորտակվել է Ռուսաստանի օդային տարածքում «խոցվելուց» տեւական ժամանակ անց՝ Ղազախստանի Ակթաու քաղաքի օդանավակայանից երեք կիլոմետր հեռավորության վրա: Եթե օդանավի աղետի մասին Ալիեւին զեկուցել են անհապաղ, իսկ նա առանց ժամանակ կորցնելու կապվել է Պուտինի հետ, ապա ինչու՞ են նրանք միմյանց ցավակցություն հայտնել, եթե դեռ չգիտեին, որ օդանավը խորտակվել է, կան մարդկային զոհեր: Այդ պահին Ռուսաստանի օդային տարածքի ո՞ր մասում է գտնվել Ադրբեջանի նախագահի ինքնաթիռը, ե՞րբ է Իլհամ Ալիեւը վայրէջք կատարել Բաքվում:
Այս հարցերը պատասխան չունեն: Փաստ է, որ Ռուսաստանի նախագահին հեռակա «ստոր եւ անմարդկային» անվանող Իլհամ Ալիեւը Դուշանբեում նրան երախտագիտություն է հայտնել ադրբեջանական օդանավի կործանման մասին հանգամանալի տեղեկություններ հայտնելու համար:
