ՄԵՐ ՈՒՂԻՆ

Հետևություններ ՀՅԴ Անցյալից

Այդ օրերին դաշնակցականների ամենամեծ թշնամիները հենց հայերն էին՝ մասնավորապես մյուս հայկական կուսակցությունները, խմբերը, խմբակները։ Նրանք ՀՅԴ-ին մեղադրում էին հեղափոխական փոթորկի մեջ մտնելու ու երիտթուրքերին աջակցելու մեջ՝ նրանց անվանելով ծախված դավաճաններ, այսինքն դաշնակցականներին անվանելով այնպես, ինչպես ՀՅԴ-ն է այսօր հայհոյում ՔՊ-ին՝ թուրքերի հետ լեզու գտնելու համար։ 

Մեր Ուղին

Մաս 3 

Ականավոր դաշնակցական գործիչ Կարո Սասունին 1930թ․ Դրոշակում երեք մասանոց չափազանց հետաքրքիր հոդված ունի, որ վերնագրված է «Ապրիլյան եղեռնը քննական ակնոցով»։ Այդ հոդվածում Սասունին ոչ միայն անդարդառնում է, թե ինչպես է Ցեղասպանությունը տեղի ունեցել և որտեղ, ինչ դրսևորումներ են նկատվել, այլև տալիս է մի կարևոր դաս, որը չափազանց կարևոր է մեզ համար, հատկապես այսօր, բայց որը մենք կարծես, թե չենք ուզում նկատել ու հասկանալ։ Ամենից վատն այն է, որ այդ դասերը մոռացել են ու արհամարհում են հենց իրենք՝ դաշնակցականները։

Սասունին իր հոդվածում նշում է, որ հայկական կուսակցություններից միայն Դաշնակցությունն էր, որ համարձակություն ունեցավ իրերին նայելու ու գործողությունների դիմելու։ Երիտթուրքերի հետ համագործակցությունը ոչ թե ՀՅԴ անհեռատեսությունն ու սխալն էր, այլ միակ հնարավոր մեթոդը, որպեսզի իշխանությանը հասնող երիտթուրքերը հայերին թշնամի չընկալեին։ Անշուշտ ՀՅԴ-ին կարելի է մեղադրել քաղաքական պարզամտության կամ չափից ավելի լավատեսության մեջ, քանի որ նրանք, աջակցելով երիտթուրքերին՝ Աբդուլ Համիդին տապալելու գործում, հույս ունեին հասնել որոշակի հաջողության թուրք-հայկական հարաբերություններում։ Մյուս կողմից էլ ՀՅԴ-ն բոլոր պատճառներն ուներ Աբդուլ Համիդի դեմ պայքարելու , հնարավոր ու անհնար բոլոր մեթոդներով։ Դա Համիդն էր՝ հայակեր սուլթանը, որն արդեն հասցրել էր անհաշիվ տառապանքներ պատճառել հայերին ու կոտորել 300 հազարից ավել մարդու։ Բնական է, որ դաշնակցականները պիտի ողջունեին նրա տապալումը։ ՀՅԴ-ն այդ տարիներին դրսևորեց բավական մեծ քաջություն ու համարձակվեց համագործակցել երիտթուրքերի հետ, քանի որ այլ տարբերակ չկար ու հայ ժողովրդին պետք է որոշակի դիրքով հանդես գալ այդ ամենում, որպեսզի հենց սկզբից երիտթուրքերը Համիդի աջակից չդիտեին հայերին։ Եվ Կարո Սասունի հոդվածը նաև հարց է առաջ քաշում․ եթե ՀՅԴ-ն չմիանար երիտթուրքերին, ի՞նչ կաներ։ Արդյո՞ք հետագայում նույն պատմաբանները չէին մեղադրելու, որ ՀՅԴ-ն մի կողմ քաշվեց ու թույլ տվեց, որ հայ ժողովուրդն անմասն մնա Թուրքիո հեղափոխական մթնոլորտից ու չկարողացավ շահել թուրքական նոր իշխանությունների համակրանքը։ Սասունին ևս նշում է, որ Ցեղասպանությունը կանգնեցնելն անհնար էր, թուրքերը մեկ է որոշել էին ջնջել հայերին ու ՀՅԴ-ի փորձը, հուսահատ, բայց խիզախ փորձ էր ինչ որ կերպ այդ փոթորիկը հեռացնելու։

Որքան էլ որ զարմանալի է, այդ օրերին դաշնակցականների ամենամեծ թշնամիները հենց հայերն էին՝ մասնավորապես մյուս հայկական կուսակցությունները, խմբերը, խմբակները։ Նրանք ՀՅԴ-ին մեղադրում էին հեղափոխական փոթորկի մեջ մտնելու ու երիտթուրքերին աջակցելու մեջ՝ նրանց անվանելով ծախված դավաճաններ, այսինքն դաշնակցականներին անվանելով այնպես, ինչպես ՀՅԴ-ն է այսօր հայհոյում ՔՊ-ին՝ թուրքերի հետ լեզու գտնելու համար։ Այսօր ՀՅԴ-ն, հանդես գալով մեծապետական դիրքերից, առաջ քաշելով պրակտիկորեն անհնար ծրագրեր, ըստ էության իրեն պահում է այնպես, ինչպես 1909թ․ այդ ուժերը, որոնք ՀՅԴ-ին մեղադրում էին, որ դաշնակցել է մի ուժի հետ, որը տապալել է մինչ այդ եղած ամենամեծ հայատյացին։ 

Գովելի է այն, որ ՀՅԴ-ն այն օրերին չթուլացավ ու շատ ականջ չկախեց հայհոյանքներին, այլ շարունակեց իր քաղաքական-կրթական գործընթացը, որով և որոշակի հույսեր արթնացրեց նաև հայերի մեջ, որ գուցե այս անգամ հնարավոր լինի խուսափել փոթորկից։ Սասունին նշում է, որ թուրքական նոր իշխանությունները հաճույքով էին նայում, թե ինչպես են հայերն իրար թշնամանում ու ատելության պատին գամում(այնպես, ինչպես այսօր։ Բնական է, որ թուրքերն ու ադրբեջանցիները այսօր մեծ հաճույքով են նայում հայկական խայտառակ անմիաբանությանը)։ Այդ սարսափելի անմիաբանությունը հասցրեց նրան, որ նախ ՀՅԴ-ն ստացավ շատ մեծ հարված, նրա հեղինակությունը որոշակիորեն ոչնչացվեց հակադաշնակցական ուժերի կողմից, որոնք դատապարտելով ՀՅԴ գործունեությունը ոչինչ այլևս չէին անում։ Մյուս կողմից այդ փոխադարձ ատելությունը թուրքերին ցույց տվեց, որ հայությունն այնքան անմիաբան է, որ հայության մի հատվածով կարելի է կոտրել մյուսին ու սկսեց գործել նաև այդպես։ Ի վերջո, մեկուսացվող ՀՅԴ-ն հասավ մի այնպիսի վիճակի, որ այլևս ի վիճակի չէր ցույց տալու մեծ ու հզոր դիմադրություն, թեև արեց հնարավորինս, երբ սկսվեցին ձերբակալություններն ու ջարդերը։ Միաժամանակ հայակական ներքաղաքական անհեռատեսությունը ջուրը լցրեց դաշնակցության բոլոր ձեռքբերումները։ Հրապարակավ ՀՅԴ-ին հայհոյող հոծ խմբերը ու թուրքերի հասցեին հստակ թշնամական վերաբերմունք ցույց տվողները նաև սրեցին երիտթուրքերի այն համոզմունքը, որ հայերին անպատճառ է պետք վերացնել, քանի որ հայոց մեջ արտահատվող հակաթրքությունը մեծ չափով ռուսասիրությամբ էր աչքի ընկնում։ Այս և այլ համանման երևույթներ սրեցին թուրքերի ախորժակն ու թուլացրին հայկական, դիմադրելու ընդունակ ամենակուռ կառույցին՝ ՀՅԴ-ին։

Սասունու հոդվածում կա ևս մեկ կարևոր նշում․ՀՅԴ արձագանքը թուրքական առաջարկին։ Գաղտնիք չէ, որ առաջին համաշխարհային պատերազմում թուրքերը ձգտում էին օգտագործել հայկական ուժը՝ ռուսների դեմ պայքարելու համար։ ՀՅԴ-ն, հասկանալով, որ մասնակցել կողմերից մեկի կողմում, նշանակում է մյուսի զայրույթը թափել հայերի գլխին, դիվանագիտորեն մերժեց թուրքերի առաջարկը, ասելով, որ Թուրքիայի քաղաքացիները կկատարեն իրենց քաղաքացիական պարտքը, բայց ոչ ավելին։ Հետագայում խորհրդահայ պատմաբանները Ցեղասպանությունը ևս կբարդեն ՀՅԴ-ի վրա՝ մեղադրելով ամեն ինչում, գրեթե ամեն ինչում։

Կարծում ենք արդեն հասկանալի է, թե ինչ դիրք էր բռնել ՀՅԴ-ն ու այդ դիրքը լի էր վճռականությամբ, առաջատար գիտակցմամբ ու հեռատեսությամբ։ Ու լրիվ բնական է, որ ՀՅԴ-ն միայնակ չկարողացավ ազդել աշխարհաքաղաքական մեծ գործընթացների վրա, հատկապես, որ ապրում էր հայկական այնպիսի թունավոր միջավայրում, ուր գործադրված ջանքերի միակ «վարձը» հայհոյանքն էր ու դավաճանի պիտակը։

Ինչպե՞ս է վերաբերում ՀՅԴ-ն Կարո Սասունին։ Արդյո՞ք Արևմտյան Հայաստանի կոմիտեությունները, Արամը և մյուսները թուրքերին ծախված դավաճաններն էին, որ համագործակցեցին թուրքերի հետ՝ հայոց դժբախտ ճակատագիրը թեթևացնելու մղումով։ Արդյո՞ք Սասունին դավաճան էր, որ նման հոդված էր գրում ու արդյո՞ք Դրոշակը դավաճան էր, ուր նման վերլուծություններ էին հրապարակվում։ Եվ ինչպե՞ս է ստացվել, որ ՀՅԴ-ն իմաստությունը փոխարինեց խելահեղությամբ ու այժմ ՔՊ-ին մեղադրում են նրա համար, ինչը արել են ժամանակին հենց դաշնակցականները։

Աղբյուրը՝ Դրոշակ, 1930թ.

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *