Միավորում Հայկականության Շուրջը

Որքան էլ ուսումնասիրված երևույթներ են, սակայն մենք պարբերաբար կարիք ունենք պետություն և համայնք երևույթների ակադեմիական վերլուծությանը, այն պետք է շարունակական և հետևողական առաջնահերթություններից լինի:

Էլինա Միրզոյան

Մաս երկրորդ՝ «Մեր Ուղինի» հարցազրույցը թուրքագետ, սփյուռքագետ Էլինա Միրզոյանի հետ

Մի քայլ նահանջելով՝ դավաճանում ենք վաղվա Հայաստանին…

1. Ինչպես կարգավորել Հայաստանի և Արցախի ժողովրդագրական (demographic) խնդիրները։ Ի՞նչ հիմնական դրսևորումներ ունի այդ խնդիրը և որո՞նք են դրա լուծմանն ուղղված ամենից առաջնային գործողությունները: 

Պետք է սկսել նախ  ներսից՝ չդադարել տեր կանգնել մեր միասնական-նույնական ազգային ինքնությանը և չխարխլել այդ անխախտ միասնությունը՝  համարձակ լինելով քանդելու փոխատելության ներդրված բանաձևը. թշնամին սա է ուզում և դեռ ավելիին սպասում: Ոչ թե աշխատանքի իմիտացիաներով, այլ պետականակենտրոն նվիրումով, ազգային կրթությամբ պետք է լծվենք, որ արցախցին և հայաստանցին վերանույնանան կյանքի բոլոր բնագավառներով, հակառակ դեպքում թշնամուն արձակած մեր գնդակը կվերադառնա մեզ:

Արցախի հարցում մշտապես երկդիմի քաղաքականություն է տարվել՝  բացառությամբ նահատակված նվիրյալների, անձնվեր սերնդի, բացառապես Հայաստան-Արցախ անխախտ միասնության համար իսկապես աշխատող անհատների: Առհասարակ, մեր հասարակությանը  մատուցվում-մատակարարվում են «գիտակ» մարդկանց՝ այդ երկդիմի քաղաքականության տարբերակները՝ շրջանցելով ժողովրդի խնդիրները և ճնշելով պահանջները: Մենք ունենք բարդագույն խնդիր. ցածր իրավագիտակցության պայմաններում չենք կարողանում դրսևորել իրավունակություն՝ պետություն և պետականություն ունենալու գիտակցումը մեր մտածության առանցքում պահելու համար, քանի որ իրավունքի գիտակցման և ոչ իրավունքի շահարկման ահմանները  զատված չեն այս պարագայում: Կրթության համակարգված և ուղղորդված աշխատանքներ պետք է տանել ժողովրդի իրավական մտածողության ուղղությամբ, որը կապված է պետության ստեղծման, կառավարման, դոկտրինալ մտածողության և՛ այլնի, և՛ այլնի հետ…պոստուլատը պետք է նորից բացատրել ներքին հանրության համար, հասարակության համար…

Արցախի խնդիրը պետք է լինի յուրաքանչյուրինս…. և այն չտեղավորել միայն միջազգային հանրության կարծիք ստանալու և քաղաքական շահարկումների համատեքստում: 

Այն խորը և բազմաշերտ խնդիր է. այսօր այնպիսի իրականության առջև ենք կանգնել, որ այս անվերջանալի, պաշտպանողական պատերազմում զոհվելու կամ փրկվելու հարցն է դրված: Մեր երկիրը չպետք է հարմարեցնել թշնամու պահանջներին, հատկապես, որ մեր զինվորը հայրենիքի համար զոհվելու քաջությունը դարերով է ապացուցել: 

Մի քայլ նահանջելով՝ դավաճանում ենք վաղվա Հայաստանին… 

Արցախի կորուստը Հայաստանի կորուստն է: Հայաստանը լինի՝ հայությունն աշխարհում լինելու է, Հայաստանը չլինի, հայ չի լինի ու… գործով և մտածողությամբ հավատարիմ մնանք մեզ ժառանգված սկզբունքներին. հուսահատությունը թշնամու կողմից պարտադրված կոդ է:

Պահպանել է պետք, ամրացնել է պետք՝ բոլորով, ամեն ինչով հանդերձ, ազգային պետական շահը վեր դասել կուսակցական և անհատական շահերից: Պետության մեջ պետություն չլինել. թերևս Հրանտ Դինքի խոսքերը հիշատակեմ. «Եթե ազգ ես, սրտով կրնաս ապրիլ, բայց եթե պետություն ես, պետք է խելքով ապրիս…խելքն անոր՝ սրտին հետ պետք է միասնական ապրիս…»:

2. Ինչպե՞ս ամրապնդել Հայաստան/Սփյուռք փոխ-ներգործությունը կազմակերպչականորեն (structurally)։ Ինչի՞ց է պետք սկսել առաջին հերթին: 

Չեմ կարող չնշել խնդիրները, ապա՝ առաջնահերթ անելիքները: Մենք ապրում և գործում ենք այնպիսի իրականության մեջ, որի ինտելեկտուալ ցանկացած վերառնման հեղինակը նորից մենք ենք:

Մեր ժամանակն առանձնահատուկ է նրանով, որ ժամանակակից մարդը հասկանում է, որ մարդու ազգային ինքնության, տեսակի, նրա գոյության պահպանության և զարգացման հիմնախնդիրը պետք է ընդունել որպես համընդհանուր մտահոգություն և հոգս: Առկա են բազմաթիվ աշխարհաքաղաքական մարտահրավերներ և կոնֆլիկտներ, որոնց հետևանքով հասարակությունը տևական ժամանակաշրջան գտնվում է նաև մշակութային շրջափակման և մեկուսացման պայմաններում.  այսպիսի պայմաններում էլ առաջանում է մարդկության համահարթեցման վտանգը, ինչի առաջ էլ կանգնած է սփյուռքահայը:

Որոշակի հաջողությունների հասած ազգերը և ժողովուրդները հասել են բարձունքներին՝ լինելով հենց իրենց ազգային շահերի պաշտպանը, իրենց մշակույթի զարգացման ջատագովներն ու առաջնորդները:

Թեև չժխտենք, որ կարող է հայրենիքը նույնպես հասնել համայնքային կյանքի կացութաձևի, որից կարտագաղթեն հիմնական բնակիչները՝ նոր կյանքի ակնկալիքներով, տարիներ ու տասնամյակներ դեգերելով օտար ափերում:

Որքան էլ ուսումնասիրված երևույթներ են, սակայն մենք պարբերաբար կարիք ունենք պետություն և համայնք երևույթների ակադեմիական վերլուծությանը, այն պետք է շարունակական և հետևողական առաջնահերթություններից լինի:

ՀՀ պետական գործունեության կառուցման տեսանկյունից առկա են այս բարդ ու դժվարին խնդիրները, որոնք ներառում են ինչպես իրավական, այդպես էլ մարդաբանական և մշակութային մեծ ծավալ ունեցող հիմնահարցեր, որոնք պահանջում են նախապատրաստական աշխատանքների հսկայական ծավալներ՝ հայ համայնքի և նրա պետության հետ հարաբերությունների մշակման ու համապատասխան ծրագրերի գործարկման տեսանկյուններից:

Այս դատողությունների և մոտեցումների հիմքով կարող եմ ամբողջացնել ևս մի մոտեցում. հայապահպանության նոր ուսմունք պետք է ձևավորվի՝ շոշափելի, բայց ոչ խոսքի և զգացական աշխարհի ներտիրույթում. այն պետք է իր կիրառությունը ստանա և տարածվի որպես արժեքավոր ուսմունք,  այն  անհետաձգելի անհրաժեշտություն պետք է դառնա վերափոխվող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման փորձի զարգացմանն օժանդակելու և աջակցելու տեսանկյունից՝ մասնավորապես «սփյուռքի գործերի» համակարգմանն ուղղված պետական ծրագրերի և պետական շինարարության արդյունավետ կազմակերպման նպատակներին հասնելու համար:

Ազգապահպանությանն ուղղված ամեն մի գործողական համակարգ պետք է ներառի բազմապիսի գործունեություններ՝ գործնականում գոյություն ունեցող կամ անալիտիկայի ենթարկվող գիտելիք:

Հաճախ մենք սփյուռքահային թողնում ենք իր տեսակի պահպանման գիտակցության հույսով՝ ինքնակիրառության եզակի, բայց բացառիկ կարողությամբ. սա վտանգներով է լի, քանի որ համայնքային միասնության և հավաքականության համար ավանդականը բավարար չէ, քանի որ կյանքին բնորոշ է նոր մոտեցումների, փոփոխականության,  անակնկալների  առաջադրումը: Իսկ պետության պարագայում հարցը կանոնակարգվում է սկզբունքների օրենսդրական ամրագրմամբ (կրոնի, խղճի, հավատքի ազատություններ), իսկ համայնքների պարագայում հնարավոր չէ այդ սկզբունքների լիարժեք կիրառությունը…

Այս ուղղությամբ մասնագիտացված գործընթացներն ու մոտեցումները, ծրագրային ու նախագծային գործելաոճերը, մշակութային հեռահար /երկարատև/ ծրագրերի կիրառությունը պարտադիր պետք է լինեն՝ հիմքում ունենալով  «հայրենիք-համայնքներ» հիմնական երկկողմանի հարաբերությունները:

3. Ինչպե՞ս գրավիչ դարձնել Հայաստանը աշխարհի համար։ Որո՞նք են այն առավելությունները, որ Հայաստանը կարող է առաջարկել աշխարհին: 

Հայաստանն աշխարհին, կարծում եմ, բայց, ո՛չ, վստահ եմ, որ գրավիչ դառնալու խնդիր չունի, քանի որ Հայաստանի գրավչությունն աշխարհում մշտառկա է: Եվ պատահական չէ, որ այն մշտապես կռվան է եղել ոչ միայն տարածաքաղաքական բախումների առանցքում, այլև հայի ու Հայաստանի պատմությունը յուրացնելու  տեսանկյունից:  Հայաստանն աշխարհին ներկայացնելու հսկայական ռեսուրներ ունի, որոնք պարզապես պետք է կարողանալ  ճիշտ կերպով միջազգայնացնել, հանրայնացնել և արտահանել, որը կվերադարձվի մեր երկրին՝ ի նպաստ մեզ: Պարզապես   պետք է ներդնել բավականաչափ աշխատանքային ջանք ու ռեսուրսներ այդ ուղղությամբ՝ ադապտացվելով ժամանակների և մարդկային պահանջներին, բա՛յց չկորցնելով ազգային ինքնության բոլոր բաղադրիչները: Ինչպես նաև պետք է սերունդների երկխոսության և փոխգործակցության կիրառական տեսություններ, ուսմունքներ մշակվեն, որի հաղթահարման հիմքով կծավալվեն այդ գործընթացները: Ես վստահաբար նշում եմ, արդեն՝ որպես դասախոս, որ լավագույն առավելությունը և գրավչությունը մեր ուսսերունդն է,  երիատասարդ սերունդն է ամենահարուստ ռեսուրսը, այսինքն՝ մեր տեսակը, որի կրողն են նրանք. պարզապես նրանց հետ ճիշտ է պետք աշխատել:

4. Ինչպե՞ս եք պատկերացնում հայրենադարձություն/պետություն փոխ-կապակցությունը։ Ի՞նչ հիմնական վտանգներ ու ռիսկեր կան դրա իրագործման ճանապարհին:

Հայեցակարգային գործընթաց պետք է լինի, որը պետք է գործնականում առաջադրի սփյուռքահայի ինտեգրման բոլոր ուղղությունները՝ սոցիալ-հոգեբանական, սոցիալ-տնտեսական, կրթամշակութային և այլն: Աջակցության բոլոր հնարավոր ուղղություններն ու եղանակները, դրանց լուծման բոլոր տարբերակները պետք է լինեն մշակված, անխափան և ծրագրային: Այն պետք է լինի փուլային գործընթաց, որին մասնակից կլինեն թե՛ պետական ապարատը, թե՛ բոլոր անհատական և մասնավոր նախաձեռնությունները, որոնք կվերահսկվեն պետության կողմից: 

Հատուկ մարմինների ստեղծում, որոնց գործունեության սահմանը կլինի թե՛ ՀՀ ում, թե՛ համայնքներում՝ փոխհամագործակցության շարունակական տեմպով-կապով:

Վստահության և փոխըմբռնման երաշխիքի ուղղությամբ համալիր գործնական ծրագրերի մշակում՝ սկսած խնդրի բարոյահոգեբանական շերտերից: Նաև մի դիտարկում՝ փոխադարձ վստահության, հուսալիության և հարգանքի ձևավորման ուղղությամբ. հայրենադարձվողը պետք է զգա, որ վերադառնում է հայրենիք, որտեղ պետությունը վերցնում է պատասխանատվություն՝ կյանքի բոլոր մակարդակների ապահովման տեսանկյունից, իսկ վերջինս՝  պատասխանատվություն չտարանջատելու «դուք հայաստանցիներդ», «ձեր լեզուն», այդ թվում հակառակը՝ ընդունող կողմը չպիտակավորի, չածականավորի, չէպիտատավորի իր հայրենադարձ հայրենակիցներին. այսինքն՝ բարոյահոգեբանական ուղղությամբ մենք շատ անելիքներ ունենք՝ ուղղված մենք-ից չօտարացնելուն դուք-ին: Կրթության, դաստիարակության և քաղաքակրթության բացի ուղղությամբ աշխատանքներ են անհրաժեշտ: