սոց ցանց

« Կալիֆորնիո հայությունը եւս մեկ պարտություն կրեց, »

Հանրածանօթ մտաւորական դոկտ. Մարի Ռոզ Աբուսէֆեան իր էջով կը գրէ:

ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

Կալիֆորնիո հայությունը եւս մեկ պարտություն կրեց, կրկնակի անգամ հաստատելով, ԱՄՆ-ի թրքամետ քաղաքականությունը, որ Թուրքիո շահերը պաշտպանելը գերադասելի է իր քաղաքացիների իրավունքներից։

Նահանգապետ Կեվըն Նյուսըմի Մայիս 26-արգելքը Համբիկ Սասունեանի ազատ արձակման դեմ ուղղակի զայրացուցիչ է, հատկապես այն որակավորումով, որը իր մերժումի հիմնական պատճառն է համարում եւ որը հետեւյալն է՝ «Գտնում եմ, որ Սասունյան դեռ վտանգավոր է հասարակության համար»։

Ուզում եմ հարցնել, նահանգապետին, թէ այդ ո՞ր հասարակության մասին է խոսում։ Այն հասարակության, ուր մարդ սպանելը ամենօրյա եղելություն է, ուր անգամ մանկապարտեզներում, դպրոցներում, առեւտրի կենտրոններում, բացօթյա համերգներում ու հավաքատեղիներում կատարվող մասսայական սպանությունները այլեւս սովորական երեւույթ են, ուր երեխա եւ անչափահասներ բռնաբարող ու սպանողները ազատ են արձակվում, բանտում իրենց օրինավոր պահելու վարքից ելնելով։

Համբիկ Սասունեան արդեն 36 տարի հաստատում է իր օրինակելի վարքը բանտի պատերից ներս։ Իր կյանքի ամենէն արժէքավոր տարիները ազատազրկման մեջ անցրած այս հայորդին, առանց ընկճվելու տանում է իր անարդարացի պատիժը, հույսը չկտրելով ամերիկյան արդարադատությունից։ Այն արդարադատությունից, որն այս դեպքում թուրքիային է ծառայում։

Այս մերժումից ավելի անընդունելին այսօրվա համաճարակի արգելքն է, որը բողոքի ցույց կազմակերպելու եւ Սասունեանի իրավունքի ոտնահարման հարցը միջազգայնացնելու իրավունք չի տալիս մեզ։

Ըստ Սասունեանի պաշտպան հանձնախմբի տեղեկության, միայն երեք տարի հետո կարելի է կրկին բողոքարկել, իսկ մինչ այդ կարծում եմ մեր նահանգապետը պիտի մտածի թէ ինչպէ՞ս կրկին շահի հայ համայնքի ընտրության ձայնը, անշուշտ եթէ համայնքը մինչ այդ չմոռանա նրա այս անարդար վճիռը։

Կարծում եմ ողջ հայությամբ բողոքելու ենք ընդհանրապես այս եւ նախորդների որոշումներին, որոնք ինչպես տեսնում ենք հանուն թուրքիո հարաբերության ոտնահարում են հայ բանտարկյալի մարդկային իրավունքները։

Ես երկար տարիներ Համբիկի հետ նամակագրություն եմ ունեցել եւ սրբությամբ պահում եմ իր նամակները, ուր անկեղծորեն պատմում է իր ընտանիքի, իր նախասիրությունների եւ հատկապես իր ոգու մասին։ Ահա մի քանի տող հաստատելու համար իր մաքրամաքուր, պարզունակ էությունը։

«Ծնած եմ Լիբանան1-1-1963ին, բայց ոչ ոք վստահ է ճիշտ օրին։ Տան մէջ ծնած եմ հիւանդանոց ծնելու ծախսերը հոգալու դրամ չունենալով։

Աղքատ ընտանիք ունեցած եմ՝ հայրըս տարին ինչ-որ մի քանի ամիս հազիվ կաշխատէր, տան բոլոր գործը մօրըս ուսին էր, 3եղբայրներս եւ 2քոյրերս 8-10 տարեկան հասակին սկսած ենք գործի, բոլորս ալ դպրոցը ցքած ենք 7-8 դասարանին. »։

Դուք կտեսնեք նաեւ իր նամակի պատճէն իր ստորագրությամբ։

Տեղադրելու եմ նաեւ մեր մեծագույն աստղագետ-գիտնական Գրիգոր Գուրզադյանի Համբիկին ուղղած նամակից մի մեջբերում, հասկանալու համար թէ մեծությունները ինչպես են ընկալում իրավիճակները։

Ես Գուրզադյանին պատմել էի Համբիկի մասին, ցույց տվել իր նամակները եւ մեծ գիտնականը 1989թ, 13 Օգոստոսին Քորնեյլ համալսարանից մի նամակ էր ուղարկել ինձ Համբիկին հանձնելու համար։ Այդ նամակի պատճեն ես անմիջապես ուղարկեցի Համբիկին, օրինականը պահելով, չվստահելով նամակատան օրինապահությանը։

Ահա մի քանի մեջբերում՝.

«Սիրելի Համբիկ,

Ես արդեն գիտեմ Ձեր պատմությունը ու Ձեզ վիճակված ճակատագիըը։ Բայց գիտեմ նաեւ, որ այս տարափոփոխ աշխարհի այս աստղալից երկնքի տակ մարդը չպետք է վհատվի, երբեք։ Առավել եւ բոլորովին երիտասարդ մարդը, որի կյանքը առջեւում է եւ հույսը մեծ։ Սխրանք է անշուշտ հանուն վեհ նպատակի ու մեծ գաղափարի գնալ խելացնոր քայլի, բայց առավել սխրանք պետք է դառնա ապրելու, հարատեւելու տենչը»։

Հետո գրում է՝«Ես պարզեցի, որ դուք մենակ չեք, ունեք բարեկամներ։ Դրա ապացույցներից մեկն էլ այս նամակն է, որ ես գրում եմ Ձեզ սիրով՝ Ձեր հանդեպ այնքան բարի ու հոգատար իմ շատ սիրելի Մարի Ռոզի հորդորանքով։

Չեմ ուզում երկարացնել, ցանկանում եմ Ձեզ համբերություն, կորով, ուշիմություն։ Հիշեք, որ մեր հանճարեղ պոետը՝ Եղիշէ Չարենցը դեպքերի բերումով նույնպես բանտ ընկավ ու թողեց սերունդներին մի սքանչելի գործ՝ նկարագրությունը բանտում ապրած իր կյանքի։ Դրանով էլ դարձավ անմահ։

Լավագույն ցանկություններով

Ձեր Գ․ Գուրզադյան»:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *