Ընկերային

Հ.Յ.Դ. ԿԱՆՈՆԱԳՐԻ ՀԻՄՆԱՔԱՐԸ՝ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է

ՀԱՐՈՒԹ ՄԱՆՈՒԿՅԱՆ

45 տարի առաջ, Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի անդամ ընկեր Հրաչ Տասնապետյանը ի պատասխան մեր կազմակերպությունից ներս թափանցած վատ երևույթներին, կատարել է հետրևյալ ինքնաքննադատությունը`

• «Չի կարելի´, ըմբռնելի չէ´ասել, որ Դաշնակցության մեջ չեն եղել և չկան Դաշնակցության առաքինությունները ամբողջությամբ չունեցող կամ նույնիսկ դրանց հետ անհամապատասխան նկարագրային գծեր ունեցող անձինք՝ շահախնդիր մարդիկ, ոչ արի մարդիկ, կեղծ հեղափոխականներ ու սնափառներ։ Բայց ունենք բոլոր իրավունքները պնդելու, և ամեն տվյալ՝ հաստատելու, որ նմանները ժամանակավոր կյանք են միայն ունեցել ու կունենան Դաշնակցության ներսում, և որ այդպիսինները վաղ թե ուշ ինքնաբերաբար կհեռացվեն կամ կարտաքսվեն։ Այդ գիտի թե´յուրաքանչյուր դաշնակցական, և թե´հակառակը պնդող յուրաքանչյուր հակադաշնակցական»։

Հ․Յ Դաշնակցության համար՝ ընկեր Տասնապետյանի այդ մտածումները արդիական են եղել թե´Աղբյուր Սերոբների օրերում, թե´իր ապրած օրերում, և թե´ այսօր՝ հատկապես Հայաստանյան իրականության մեջ։

Մեկ բան պետք է մեկընդմիշտ  հստակ լինի բոլորի՝ դաշնակցականի ու ոչ դաշնակցականի համար, որ Աղբալյանական մտածողությամբ ամրագրված ու ժամանակի ընթացքում առարկայական նոր պայմաններում ու ընդհանուր ժողովներով վերահաստատված ՀՅԴ ամրակուռ Կանոնագիրը ամենից առաջ՝ Բարոյական հասկացողություն է։

• Դաշնակցական շարքայինից ու մարմիններից առաքինություն ակնկալող հասկացողություն է։

• Կանոնագիրը պատժիչ մեքենա չէ´։

• Ինքնաքննադատությունը  խեղդող գործիք չէ´։

 ՍԱԿԱՅՆ՝

• Երբ դաշնակցական պետական գործիչը չարաշահում և թալանում է իրեն վստահված նախարարությունը, ապա անխուսափելիորեն կարտաքսվի շարքերից։

• Երբ դաշնակցական մարմինը (կամ շրջանը) ժողովրդավարության դեմ կգործի՝ քվեարկելով կոռումպացված, բարոյապես խաթարված ՔԱՂԱՔԱԿԱՆ ղեկավարի վերարտադրման համար, ապա անառարկելիորեն կենթարկվի կարգապահական պատժի և կլուծարվի։

Դաշնակցության պատմությունը նմանօրինակ հանցանքերի համար՝ պատիժների և կազմակերպական կարգն ու կանոնը հաստատող խստապահանջության բազմաթիվ վկայություններ ունի։

Դաշնացությունը մերթ ընդ մերթ կայացրել է կուսակցական շարքերը  ներքին ինքնամաքրման ու բյուրեղացման ենթարկող որոշումներ։

Ու պա՜րզ և հստա՜կ է, որ այդ ԲԱՐՈՅԱԿԱՆ  ԸՄԲՌՆՈՂՈՒԹՅՈՒՆԸ անսասան պահելը իր հատկանիշի ու առաքելության համար է, և հենց այդ ըմբռնողության պահպանման պատճառով է, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը շարունակում է մնալ աշխարհի ամենաերկարակյաց քաղաքական կազմակերպություններից մեկը։

Վերջապես, դաշնակցական երիտասարդությանը ուղղված իր ելույթներից մեկում ընկեր Տասնապետյանը եզրակացնում է՝

• «Երիտասարդ ընկերնե´ր , մեզնից ոչ ոք, չի կարող միաժամանակ լինել Զավարյանի չափ գաղափարապաշտ, Քրիստափորի չափ վճռական նվիրյալ, Ռոստոմի չափ զորեղ և գործունյա, Նիկոլ Դումանի չափ համեստ, մեր ֆիդայիների չափ արի ու ասպետական, մեր սկզբնական գործիչների չափ ինքնամոռաց ու անշահախնդիր»։

 «Դաշնակցությունը բոլորի հավաքական ավանդն է, համապարփակ գումարը բոլորի´ նկարագրային շեշտված գծերի»։

« Այն մթնոլորտ է, որ պիտի աշխատենք վառ պահել՝  իբրև ներշնչարան»։

 «Այն բարոյական յուրահատուկ դիմագիծ է, որի աստիճանական յուրացմանը պիտի ձգտենք՝ հաղորդակցման և անխարդախ իրականացման ճանապարհով»։

 «Եվ  արժանի լինելու համար դաշնակցական մարդու դժվարին կոչմանը, Դաշնակցության համար, նրա հետապնդած նպատակների համար, որոնց հավատը ունենք՝

 Ամեն օր մի քիչ ավելի՜

 «ՊԻՏԻ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆԱՆԱ´ՆՔ»։ 

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԲԱՐՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԶՈՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *