Սփիւռք

Ճառ ասողներն ու զանգ կախողները

ԱԼԵՔ ԴՈՒՐՅԱՆ

Սփյուռքի մասին խոսվում է անընդհատ, Սփյուռքի մասին խոսում են բոլորը ու ճիշտն ասած հենց այդքանով էլ վերջանում է Սփյուռքի հանդեպ վերաբերմունքը: Մեր հասարակության մեջ շատերն են սիրում ուրիշների դժբախտության հաշվին լավամարդ դառնալ ու վստահ են, որ դատարկ խոսելով պարտքը կատարած են հայրենիքի ու ժողովրդի առաջ:

Ու մինչ ոմանք զբաղված են պատեհապաշտությամբ, հայկական Սփյուռքում խնդիրները ոչ թե լուծվում են, այլ գնալով ավելանում են ու էլ ավելի սրվում: Շատերը նույնիսկ չգիտեն Սփյուռք ասվածի նշանակությունը և շատերն էլ մտածում են, որ Սփյուռքն ինչ որ անհայտ երկիր է, որտեղ ապրում են հայեր, որոնք չգիտես ինչու չեն ապրում Հայաստանի Հանրապետության տարածքում: Սա ոչ թե ծիծաղելի է, այլ խիստ վրդովեցուցիչ:

Գևորգ Թորոյանի գրառումից մի փոքր հատված՝ «Երկու օր առաջ Պուրճ Համուտ էի։ Կէսօրին հանդիպեցայ Նիկոլ Դուման ակումբ։ Շուրջ մէկ ժամ նստայ ու զրուցեցի ընկերոջ մը հետ Լիբանանի դժուար օրերուն մասին։ Ակումբէն ներս կային նաեւ տասնեակ մը այլ ընկերներ։ Մեր զրոյցի պահուն փոքրիկ աղջնակ մը մտաւ ակումբ եւ իր անորոշ հայեացքը սեւեռելով բոլորիս վրայ, վիրաւոր ձայնով հարցուց.
Այսօր ճաշ չկա՞յ։
10-12
տարեկան աղջնակ մը ակումբ կը մտնէ ոչ թէ իր ընկերընկերուհիներ փնտռելու, կամ անոնց հետ խաղալու, կամ մանկականպատանեկան այլ հետաքրքրասիրութեան մը համար այլճաշ ուզելու»։

Սա մի փոքր, բայց շատ ցայտուն ապացույց է այն բանի, որ քանի դեռ մենք այստեղ ֆիզիկապես ապահով, տնտեսապես համեմատաբար կայուն (կորոնավիրուսով պայմանավորված դժվարությունները ոչ թե հայաստանյան առանձնահատկություն են, այլ համընդհանուր բացասական հետևանք) պայմաններում զբաղված ենք ըստ էությամբ ոչինչ չանելով, այնտեղ՝ Լիբանանում 10-12 տարեկան հայ երեխան չգիտի, թե այդ օրը ուտելու բան կունենա, թե ոչ: Կեցցե՛ օնլայն հայրենասիրությունը:

Եվ ցավ է նաև այն, որ վերը նշված ճառախոսներից շատ շատերն անգամ Լիբանանի տեղը չգիտեն, չգիտեն, թե այնտեղ ինչ վիճակ է ու իրենք իրենց այնքան ճիշտ հայրենասեր են կարծում, որ «կյանքի դաս» են փորձում տալ ուրիշներին: Նրանք փորձում են համոզել, թե Սփյուռքի որ կառույցում ինչ պետք է անել, պետք է մնալ թե ոչ, գալ թե ոչ:  Նրանք ցավակցաբար գլուխներն են օրորում, երբ լսում են նման լուր, ու իսկույն էլ մոռանում թե՛ խնդրի, թե՛ ամեն ինչի մասին: Նույնկերպ նրանք ֆեյսբուքում աղոթում էին Քեսաբի համար: Անգամ քարտեզի վրա չգիտեն Քեսաբի տեղը:

Մանավանդ, որ այդ դատարկ ճառախոսների մեծ մասի կարծիքով սփյուռքահայերը պարտավոր են արտասահմանից անընդհատ փող ուղարկել: Իսկ, երբ պահն է գալիս Սփյուռքի եղբայրներին իրական օգնության ձեռք մեկնելու, այդ ձրիակերների մի մասը նույնիսկ հանդգնում է բողոքելու, թե. «բա ինչո՞ւ հիմա նոր եկաք ու առաջ չէիք գալիս Հայաստան» կամ «տեղներդ նեղացավ, նոր հիշեցիք հայրենիքը»:

Այս ձրիակեր և պոռոտախոս մարդիկ սիրում են հպարտանալ, որ մենք մեծ ու ուժեղ Սփյուռք ունենք, փող են պահանջում այս Սփյուռքից ու հրաժարվում են նրանց օգնել:

Ահա՛, այս է նրանց հայրենասիրության ու ազգասիրության իրական պատկերը:

Բայց բարեբախտաբար այդ պարապ մարդկանց թիվը մեծ չէ։

 Հայ ժողովուրդը մի ազգ է ու մի երևույթ՝ անկախ նրանից, թե նրա որ հատվածը և դրա անխոս վկայությունն է այն ամուր ուժեղ կապը, որ մենք պահում ենք արտասահմանում ապրող մեր եղբայրների հետ։ Այն, որ մենք այսօր տեղյակ ենք իրար ցավից և գեթ մի ակնթարթ չենք դադարում մտահոգվել միմյանց համար, ապացուցն է այն բանի, որ մենք ոչ միայն ընտանեկան ջերմությամբ ենք իրար միացած, այլև կամք ու վճռականություն ունենք լուծելու մեր առջև ծառացած բոլոր խնդիրները, քանի որ ոչ մի խնդիր մեր կամքից ու գաղափարից ուժեղ չէ։

Այս բոլոր խնդիրները կլուծվեն, դրանք արդեն իսկ լուծվում են դանդաղ, բայց հաստատ քայլերով։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *