Ընկերային

Վերատադրության հիվանդությունը

Ա. Սիմոնյան

Իշխանության վերատադրությունը, որպես ժողովրդավարության կայացմանը խոչընդոտող կարեւորագույն հանգամանքներից մեկը,  մտահոգիչ երևույթ է եղել և շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության ընտրական գործընթացներում։

Մեր երկրի վերջին երեսուն տարիների քաղաքական կյանքում  երեք նախագահներն ու նրանց անմիջական շրջապատը, և նաև նրանց հետ կոալիցիա կազմած, կուռումպացված քաղաքական գործընկերները միասնաբար, միմյանց հետ համագործակցելով և իրար սատար կանգնելով, փորձել են պահել իշխանությունն ու ապօրինի ձևով ձեռք բերված ունեցվածքը: Դրա համար նրանք դիմել են ամենատարբեր հակաօրինական քայլերի. օգտվել են իշխանության լծակներից, ստեղծել են վախի մթնոլորտ և իրենց կողմից չվճարած հարկերի շնորհիվ դիզած հարստության չնչին մասով ընտրողներին կաշառել են դրամի կամ մթերքի տեսքով՝ չարաշահելով ժողովրդի սոցիալ տնտեսական ծանր վիճակը: Ու դրանով շարունակել են վերարտադրվել:

Հայաստանի կուսակցությունները և նրանց ղեկավարները ևս հար և նման են պետությանն ու իշխանությանը և տառապում են նույն ախտով։ 

Ժողովրդավար երկիր ու ժողովրդավար կուսակցություններ ունենալու համար գալիք ամիսներին Ազգային Ժողովի օրակարգում ներառված Ընտրական օրենսգրքի և Կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունները պատմական առիթ ու անհրաժեշտություն են ստեղծում: Հենց այնպես, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները պիտի նպաստեն իշխանության ապօրինի վերարտադրության կանխմանը, Կուսակցություններին վերաբերող օրենքը եւս պիտի օգնի ձեւավորել քաղաքական այնպիսի մշակույթ, որով կբացառվի կուսակցական վերարտադրությունը: 

Կուսակցությունների կանոնագրությանց մեջ պետք է ներդրվեն կարգավորող մեխանիզմներ կամ արգելվեն այն հիմնադրույթները, որոնցով հնարավոր է դառնում նույն անձի կամ անձանց անընդհատական ընտրվելը ղեկավար կազմերում: Դրանով կխուսափենք տևականորեն մեր քաղաքական դաշտին ու մեր բոլոր կուսակցություններին բնորոշ մեկ մարդու կամ խմբի պատկանող կուսակցություններից  ունենալուց։

Բայց, մինչ այդ, հետհեղափոխական ժամանակահատվածի տեղական և պետական հերթական ընտրություններում, իշխանությունը իր ողջ ներուժով ու կառույցներով պետք է վարվի ժողովրդավարական նորմերով, խուսափի վերարտադրության հոռի գործիքներից և վերջնականապես, անդառնալիորեն ամրապնդի Հայաստանում իրական ժողովրդավարական, թափանցիկ ընտրությունների մշակույթը: 

Դրանով նրանք ոչ միայն օրինակ կծառայեն մյուս կուսակցություններին ու գալիք իշխանություններին, այլ նաև կփարատեն հատկապես նախկին իշխանությունների կողմից շարունակաբար տարածվող այն պնդումը, որ նախորդ համապետական ընտրությունների ընթացքն ու արդյունքը  հետհեղափոխական էֆորիկ մթնոլորտի արգասիքն է: Այնպես, ինչպես բազմիցս է հնչեցվել այսօրվա իշխանության ներկայացուցիչների կողմից նախկինում եւ հեղափոխությունից հետո ևս, վերատադրության հիվանդագին տեսակի գործելաոճերը պիտի բացառվեն ու գալիք ընտրությունները պիտի անցնեն ամբողջովին ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում։ 

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *