Հակոբ Բադալյան
Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահները անցնող օրերի ընթացքում Սեւանի ափին հանդիպել են իրենց համակիր երիտասարդների հետ, պատասխանել նրանց հարցերին, խոսել հայրենասիրությունից, ազգային արժեքներից, պետությունից եւ այլն:
Այդ խոսակցությունը ծավալվել է խիստ խորհրդանշական տեղում՝ Սեւանի ափին, որը Հայաստանում նախկին կառավարող համակարգի հայրենասիրության, ազգային արժեքների եւ հարստության հանդեպ հոգատարության, օրենքի նկատմամբ հոգատարության վառ դրսեւորում է, կամ ավելի շուտ՝ պերճանք եւ թշվառություն:
Պերճանք այն իմաստով, թե այդ համակարգի ամենատարբեր ներկայացուցիչներ ինչեր են կառուցել Սեւանի ափին, թույլատրելի բացարձակ նիշից ներքեւ, եւ թշվառություն գործնականում նույն իմաստով, թե ինչպիսին է եղել իրապես ազգային արժեքի եւ հարստության, ջրային մեծ ավազանի՝ Սեւանի հանդեպ վերաբերմունքը:
Հետք էլեկտրոնային պարբերականը հրապարակել է հոդված, թե նախկին համակագի որ ներկայացուցիչներն ինչ ունեն Սեւանի ափին, բացարձակ նիշից ներքեւ, որը չպետք է չլիներ եւ ենթակա է քանդման: Այդ ցանկում են մարդիկ, որոնք այսօր ամենից բարձր են խոսում ազգային արժեքներից, օրինականությունից, հայրենասիրությունից, կրթության ազգայինից եւ այլն: Այդ ցանկում են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը, տարբեր այլ գործիչներ, նախկին գլխավոր դատախազի մերձավոր, Երեւանի նախկին քաղաքապետ, եւ նաեւ մի ներկա՝ ըստ թերթի: Ցանկում է նաեւ ԵԿՄ նախագահ եւ Իմ քայլի պատգամավոր Սասուն Միքայելյանի անունը:
Օրերս մի սկանդալ էլ ծագեց նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի ամառանոցի առնչությամբ:
Սեւանի պարագայում սակայն խնդիրը լոկ թույլատրելի կամ անթույլատրելի նիշը չէ: Ի վերջո թույլատրելի նիշը հարց չի լուծում, որովհետեւ կա նաեւ ուղղակի արժեհամակարգային, բարոյական խնդիր, թե ինչպես է ուղղակիորեն յուրացվել ազգային հարստություն Սեւանի ափը, անխնա, անկուշտ մոլուցքով: Սեւանն այդ իմաստով մերկացնում է նախկին կառավարող համակարգը թե իրավական, թե քաղաքական, թե արժեհամակարգային ու բարոյական իմաստով:
Սեւանի ափին պետությունից, հայրենասիրությունից եւ կազմակերպվածությունից խոսող նախկին նախագահները տեղյա՞կ էին, թե իրենց իշխանության ընթացքում ինչ է կատարվել: Թե՞ իշխանություն եղած ժամանակ ազգային արժեքների մասին մտածելու ժամանակ չկա, դրա մասին մտածել սկսել են իշխանությունը կորցնելուց հետո:
Աղբյուրը՝ Lragir.am