Արցախ

Հայրենիքը Ամուր Ձեռքերում է

Նորայր Մելքոմ Մելքոմյան

Այսօր իմ կրտսեր դստեր ամուսինը ռազմաճակատ մեկնեց։

Չորս օր էր, որ հանգիստ քուն ու դադար չուներ։

Պահեստազորային էր։ Երկուշաբթի ներկայացել էր զինկոմիսարիատ՝ հաշվառման։ Հաշվառել էին ու տուն ուղարկել. երբ պահանջ լինի կկանչեն։

Բայց չէր հանգստանում։ Տղաները ռազմաճակատում զենքն ի ձեռ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին էին լծված։ Իսկ ինքն այստեղ՝ Երևանում ի՞նչ գործ ուներ։

Չէր համբերում, չէր դիմանում։

Զինկոմիսարիատ հեռախոսազանգերը որոշակիության չէին հանգեցնում։

Այսօր ինքը զինկոմիսարիատ գնաց։ Կամավոր էր գրվել։ Մի քանի ժամից ռազաճակատ մեկնեց։

Ես հպարտ եմ նրանով։ Որպես հայրենանվեր մարդ, որպես մեր ազգի արժանավոր զավակ։ Հպարտ եմ նրանով ու նրանով ինձ ներկայացող սերնդով։

Հայրենիքը ամուր ձեռքերում է։

Ես պատերազմի դաժանությունների մասին շատ եմ լսել ու կարդացել։ Սահմռկեցուցիչ պատկերացումներ ունեմ։ Հիմա որ մեկնեց, իմ բուռն ցանկությունն է, որ նրան նորից տեսնեմ։ Վահանով։ Եւ որպես ինձ հպարտություն պարգևող անձ ու սերնդի ներկայացուցիչ՝ նրան ամուր կրծքիս սեղմեմ ու ճակատը համբուրեմ։

Ի՛նչ բախտավոր եմ ես։

Ի՛նչ բախտավոր ենք մենք։

30 Սեպտեմբեր 20

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *