Ազատ բեմ

Բարեկա՞մ, թե գործընկեր դաշնակի՞ց, թե հովանավոր

Արայիկ Մկրտումյան

Այս օրերին նորից մեծ ակտուալություն է բարձրացել դաշնակից եզրույթի մասով: Անընդհատ փորձում ենք հասկանալ, թե ո՞վ օգնեց, ո՞վ չօգնեց, ո՞վ, ի՞նչ, ե՞րբ: Ու երբեմն մենք հուսադրվում ենք, երբ ինչ որ մեկը մեզ հաճելի մի բան է ասում, ու հուսահատվում, երբ չենք լսում ու տեսնում գործողություններ, որոնք մեզ պետք են կամ մենք ուզում ենք տեսնել:

Եկեք հասկանանք

ՀՀ-ն իհարկե ունի դիվանագիտական հարաբերություններ շատ ու շատ երկրների հետ: Կան հարաբերություններ տնտեսական ու ռազմական համագործակցության, կամ կրթական կամ մի այլ ձևի հարաբերություններ: Դրանցից ամեն մեկն ունի իր տրամաբանությունն ու սկզբուքները: Մենք շատ լավ դա գիտենք, բայց հիմա, երբ մեր հայրենիքը ծանր պատերազմի մեջ է, մենք ուրախանում ենք «լավ» ֆրանսիացիներով, կամ տխրում «վատ» ռուսներով, կամ էլ հակառակը՝ ուրախանում ենք «բարի ու գործնական» ռուսներով ու հայհոյում «պարապ ու դատարկ խոսող ֆրանսիացներով»: Կարևոր է հասկանալ, որ օրինակ եմ բերում ֆրանսիացիների ու ռուսների վրա, և դա ունի զուտ մետաֆորիկ բնույթ, այնպես որ հասկանալի է, որ չեմ փորձում ազգային տրամադրություններ արթնացնել այս կամ այն էթնոսի նկատմամբ: Հարցն այստեղ այն է, որ մենք ըստ իրավիճակի կարող ենք դժգոհել կամ գոհ մնալ որևէ ազգից ու պետությունից՝ ըստ այդ պահի իր պահվածքից: Այո՛, շատ անգամ մենք կարող ենք արդարացիորեն բողոքել ու դժգոհել ու նաև արդար գնահատական տալ այլ երկրների պահվածքին: Ու նման կերպ վարվում են բոլորը: Նույնիսկ ֆուտբոլային հանդիպումների ժամանակ նույն ազգի ներկայացուցիչները կարող են միմյանց խմբակային ծեծի ենթարկել, երբ խոսքն ընդամենը իրենց չսիրած թիմի մասին է, ուր մնաց պատերազմի ժամանակ, երբ ամեն ինչ ծայրահեղորեն սրվում է:

Ուստի եկեք  երկու հարցի պատասխանենք, որը և մեծապես լույս կսփռի այս ամենի վրա:

  1. Ո՞րն է ազգի ու պետական կառավարիչ մարմնի տարբերությունը
  2. Մենք ունե՞նք բարեկամներ, թե ոչ:

Նախ առաջին ու շատ կարևոր հարցը: Որովհետև գուցե և լարվածության ֆոնին չնկատենք, բայց մի բան է ազգը ու լրիվ մի ուրիշ բան է այդ ազգի կառավարությունը: Երբ մենք բողոքում կամ դժգոհում ենք, պիտի հասկանանք, թե մեր բողոքն ըստ էության ո՞ւմ է հասցեագրված՝ այդ երկրի էթնոսի՞ն, թե կառավարությանը:

Լավ օրինակ կարող են հանդիսանալ ուկրաինական դեպքերը: Ինչպես հայտնի է այս օրերին Ուկրաինայի և Թուրքիայի նախագահները հանդիպել են բավական ջերմ մթնոլորտում, ռազմական համագործակցություն ստորագրել: Ավելի՛ն՝ Զելենսկին պարգևատրել է Թուրքիայի նախագահին Յարոսլավ Իմաստունի շքանշանով, մի բան, որը խիստ քննադատության ու անողոք ծաղրի արժանացավ միջազգային հանրության կողմից, որոնք հատկապես նշում էին այն, որ մահմեդական ծայրահեղականին, ով հովանավորում է ահաբեկչական խմբավորումներին, չի կարելի պարգևատրել քրիստոնեական արժեք համարվող շքանշանով: Շատերն էլ խորհուրդ տվին Զելենսկուն գոնե պատմություն ուսումնասիրել ու հասկանալ, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հանձնված շքանշանի անվան տերը՝ Յարոսլավ Իմաստունը, իր ժամանակին պայքարել է հենց մահմեդականների դեմ:

Ինչևէ: Սա մի օրինակ է, որը էական տարբերություն է մտցնում հասարակ ուկրաինացու ու պետական պաշտոնյա ուկրաինացու մեջ: Ու երբ ես համարում եմ, որ Ուկրաինայի նախագահի պահվածքը թշնամական է Հայաստանի հանդեպ, ռազմական համագործակցությունը՝ վտանգավոր, ապա ստիպված եմ ընդունել, որ նրանից բացի կա նաև շարքային ուկրաինացին, որը ևս խիստ դժգոհ է այդ ամենից ու Զելենսկուն սրբապիղծ է համարում, կամ էլ ուղղակի անտարբեր է: Կամ էլ այս ամենը խելացի քայլ է համարում՝ ի փառս Ուկրաինայի, կամ էլ համարում է, որ Զելենսկին հիմարություն է անում՝ իզուր Ռուսաստանին գրգռելով, մանավանդ որ ռուս-ուկրաինական հարաբերությունները չեն փայլում:

Ամեն դեպքում, երբ նախագահ ուկրաինացին հայտարարում է, որ չի աջակցում Հայաստանին, իսկ շարքային ուկրաինացի ընկերս ամոթահար գլուխը կախում է այդ պահվածքի համար, ես հասկանում եմ, որ իմ ուկրաինացի ընկերը կարող է լինել իմ բարեկամը, իսկ պաշտոնական ուկրաինացին ամենաշատը կարող է լինել տնտեսական գործընկեր, ոչ ավելին:

Եվ այսպես: Ո՞վ է մեր բարեկամը: Պաշտոնական Ուկրաինա՞ն, թե հասարակ ժողովուրդը, որի միակ ուզածը խաղաղ կյանքն է: Մենք որ դեպքում դիմենք ուկրաինացի ժողովրդին, և որ դեպքում նախագահական ապարատին:

Դժվար հարց է: Շատ դժվար, բարդ ու խճճված:

Օրինակ, երբ հունգարական կառավարությունը մարդասպան Սաֆարովին հանձնեց ադրբեջանցիներին, ՀՀ կառավարությունը շատ կտրուկ արձագանքեց ու հունգարական դեսպանին մեկ օր ժամանակ տրվեց շատ արագ ՀՀ տարածքը լքելու համար, իսկ շատ շարքային հունգարացիներ արցունքն աչքերին խնդրեցին հայերին, որ մենք իրենցից չնեղանանք, քանի որ ծախու և շահամոլ ղեկավարությունն է մեղավորը, ոչ թե իրենք: Այո՛, դա բոլորս հասկանում ենք, բայց նաև հասկանում ենք, որ շատ դժվար ու բարդ է դա լրիվ սթափ գնահատել, մանավանդ երբ պատերազմ է Ադրբեջանի հետ , իսկ Բուդապեշտը հայտարարում է, որ աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Ու հիմա երբ իմ հետ զրույցում հունգարացի Վանեկն ասում է, որ դա խայտառակություն է, ես իհարկե հասկանում եմ, որ Վանեկը չունի ոչ մի լծակ այդ ամենի վրա ազդելու, բայց այդ որոշում ընդունող կառավարությունն ի վերջո հենց Վանեկի ու մյուս հունգարացիների ընտրածն է: Ու այ հենց էստեղ արդեն շատ կեղտոտ ու չերևացող գիծ կա, որից շատ զգույշ է պետք լինել:

Ու հենց հիմա, երբ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն անընդհատ հայտարարում է ՀՀ-ին աջակցելու մասին, ես հասկանում եմ, որ պաշտոնական Փարիզը դա անում է, ոչ թե զուտ մեզ օգնելու, այլ նաև թուրքերին դեմ գնալու համար: Ու որ այդտեղ ևս կան մեծ ու չերևացող խաղեր ու այս պատերազմը նաև լավ առիթ է, որ թուրքերն ու ֆրանսիացները իրար հետ հարաբերություններ պարզեն: Թեև չեմ կարող չասել, որ ի պատիվ իրեն, Մակրոնն իրոք միշտ շատ ջերմ է եղել Հայաստանին վերաբերվող խոսքում: Ու ֆրանսիացիներն ընդհանուր առմամբ լավ ու բարյացկամ են տրամադրված մեր հանդեպ: Իհարկե կա նաև Ազնավուրի կերպարը, բայց շարքային ֆրանսիացիների մեջ «Վիվ լայ Աղմենիեն» ասողներն ավելի շատ են, քան հունգարացիները: Իսկ դա առավել նկատելի է, մանավանդ այս օրերին: Եվ այս ամենը վերաբերվում է և՛ Ռուսաստանին, որի ջանքերով նաև երեկ զինադադար հաստատվեց, բայց որը չեն պահպանում ադրբեջանիցները, և՛ մնացած բոլորին:

Եվ այսպես: Մենք հասկացանք, որ ժողովուրդը կարող է բարեկամ լինել, իսկ կառավարությունը՝ ոչ այնքան: Կառավարությունը կարող է լինել դաշնակից, գործընկեր բայց ոչ ավելին:

Իսկ հիմա երկրորդ հարցը՝

Մենք բարեկաներ ունե՞նք: Ես դիտմամբ եմ հարցնում «Մենք»: Չեմ ասում ՀՀ-ն կամ հայ ժողովուրդը, այլ Մենք:

Ցավոք «Մենք»-ի դեպքում այդ հարցը պատասխան չունի: Հայ ժողովուրդն ու ունի բարեկամ ժողովուրդներ, օրինակ՝ հույները, ասորիները, եզդիները, ուդիները և այլք: ՀՀ-ն ունի դաշնակիցներ, գործընկերներ, բայց ոչ երբեք բարեկամներ: Եվ մենք հենց այդ ամենը պիտի պարզ հասկանանք, որքան էլ որ դա ցավոտ է: Ես բազմաթիվ ռուս ընկերներ ունեմ, բայց պաշտոնական Ռուսաստանը իմ ընկերն ու բարեկամը չէ, այլ իմ դաշնակիցն ու գործընկերը: Ռուս Վլադիմիր Պուտինը կարող լինել իմ ընկերը, իսկ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ միայն դաշնակիցն ու գործընկերը: Ու մենք պիտի պարզ հասկանանք, թե ինչ պահանջել ժողովրդից, իսկ ինչ՝ կառավարությունից:

Ժողովուրդները կարող են բարեկամ լինել, պետությունները՝ ոչ: Ժողովուրդները կարող են թշնամի լինել, պետությունները՝ ոչ: Պետությունը՝ սառը, հաշվարկող մեքենա է: Նա առաջնորդվում է տվյալ ժողովրդի շահով ու միայն: Թեև նաև ժողովրդից է կախված, թե իր պետական կառավարիչը ինչքան բարոյական կլինի այլ ազգերի նկատմամբ, որովհետև ի վերջո մենք նաև հավատում ենք բարությանը, մաքրությանն ու ազնվությանը: Մենք ունենք մեր արժեհամակարգը ու հենց երեկ հայ բժիշկները վիրահատեցին ադրբեջանցուն, ով զենքով եկել էր հայի հողը գրավելու: Ու հրաշալի կլիներ, եթե բոլորը հասկանային այդ ամենի վեհանձն ու բարձր լինելը

Մենք պիտի հստակ արձանագրենք այս ամենն ու ընդմիշտ փակենք այս հարցը: Մենք պիտի հասկանանք չոր գործընկերոջ ու բարի անհատի տարբերությունը:

Ու մենք նաև պիտի հասկանանք, որ այլ երկիր կարող է լինել ամենաշատը գործընկեր ու դաշնակից, բայց ՈՉ ԵՐԲԵՔ ՀՈՎԱՆԱՎՈՐ: Հայի հովանավորը Հայաստանն է ու մենք հիմա պաշտպանում ենք Հայոց հողը:

Ողջ լերուք

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *