Հակոբ Բադալյան
13, թե 14 կուսակցությունների կոչին չանդրադարձա:
Կոչի շեշտադրումն ու ձեւը հավանության չէի արժանացնում, եւ հենց էդտեղ էլ հանրային վատ ընկալումների «գաղտնիքն» է թերեւս, կարծում եմ: Բայց, անգամ էդ պարագայում, համարեցի եւ համարում եմ, որ կոչն ինքնին պետք է ընդունել ի գիտություն եւ անցնել առաջ, չվերածելով ներքին հարաբերությունների ու հաշիվների մաքրման առիթի: Բայց տեսնում եմ, որ էդ հարաբերությունների եւ հաշիվների մաքրման գործընթացը ծավալվում է բազմակողմ լայն թափով, մի կողմից մյուսին էլ «անհայրենիք շակալ», էլ «օտարածին վարձկան», էլ չգիտես ինչ:
Վերջացրեք: Հերիք է: Ես վախենում եմ պատկերացնել, թե էս երկրում էդ առումով ինչ է սկսվելու պատերազմից հետո: Վերջացրեք, թողեք պատերազմի եւ հերոսների վրա չորս կողմից ինքնահաստատվելը: Այո, կան քաղաքական շահեր, կան խմբային շահեր, կարող են լինել դրանցով թելադրվող քայլեր, կարող են լինել տհաճ, վատ քայլեր, բայց չի կարելի մթնոլորտը լցնել հաշիվներ մաքրելով, չի կարելի: Եթե որեւէ մեկը ձեզ պես չի մտածում կամ արել է ձեր պատկերացումից դուրս մի բան, դեռ դավաճան չէ, հայրենիք ծախող չէ, էդ մարդիկ էլ ունեն առաջնագծում կռվող ու մեռնող եղբայր, քույր, հայր, մայր: Զգույշ եղեք, հաշիվ տվեք ամեն բառի հետ թե հերոսների, թե դավաճանների կատեգորիաներ սահմանելիս: Մենք պատերազմում ենք ոչ թե պատմավեպերի, այլ ժամանակակից աշխարհի դաժան իրողությունների պայմաններում, որը մեզանից պահանջում ա հասունություն եւ հաղթանակ առաջին հերթին ինքներս մեր նկատմամբ:
Առաջնագծում հաղթանակի համար կռվում են կյանքը պետության համար դրած մեր տղաները, թիկունքում մենք հանուն իրենց պետք է կարողանանք կռվել ինքներս մեզ հաղթելու համար: Հաղթել ինքներս մեզ, նշանակում է գտնել ինքներս մեզ հետ ապրելու նոր ստանդարտներ: Սա շատ դժվար բան է, ոորովհետեւ արտաքին կամ առերեւույթ թշնամու հետ գործ չունենք, այլ ամեն մեկիս մեջ նստածի՝ մեր քաղաքական ու անձնական համակրանք-հակակրանքների, դրանց պատմության, մեր անձնական հավակնությունների, փառասիրության, փողասիրության հետ: Մենք բառի բուն իմաստով ամեն մեկս անձամբ մեզ պետք է հաղթենք: Հակառակ դեպքում թիկունք պահելը շատ բարդ է լինելու:
Երկու օր է գրառում չէի արել, հետեւում էի, որոշեցի արտահայտվել, որովհետեւ տեսնում եմ շատ քայքայիչ մթնոլորտի կուտակում: