Գարեգին Միսկարյան
Հիմա, պատկերացնենք, որ Հայաստանը երեսուն տարի օր ու գիշեր զարգանում էր, ունենում էր կայացած ժողովրդավարական համակարգ, կայացած ռազմարդյունաբերություն, կայացած տնտեսություն, կայացած բանակ։ Ինչպիսին կլինեին զարգացումները։Նման պետությունը չունենալու պատճառը Արցախը չէր։ Նման պետությունը չունենալու պատճառը պետության դերի, տեղի, ձևի, բովանդակության մասին աղավաղված պատկերացումներ ունեցող, իսկ ավելի հաճախ նման պատկերացումից զուրկ, ապապետական գործիչների պետական բարձր պաշտոններ զբաղեցնելն էր։
Պետությունը վստահվել էր/է մարդկանց, ովքեր մտածել են մի բան, հայտարարել երկրորդը, բայց իրականացրել երրորդը։ Հիմա էլ քիչ չեն նման մարդիկ, ովքեր օրինակ ասում են.
-Այո, պետության զարգացման համար լավագույն տարբերակը ժողովրդավարությունն է, բայց հիմա մեզ Ստալին է պետք։
Կամ
-Իհարկե, սուվերենությունը պետության զարգամցման կարևոր բաղադրիչն է, բայց մենք զարգանալու համար պիտի մտնենք Ռուսաստանի կազմի մեջ, ինչպես չեչենները։
Շատ կլսեք նման անհեթեթ մտքեր, բայց խնդիրը այն չի, որ կան նման մտքեր, այլ այն, որ կան այդ արժեքներով ապրող մարդիկ, որոնք հանգամանքների բերումով մեր անունից, մեր պետությանը վերաբերվող որոշումներ կայացնելու կամ այդ որոշումների վրա ազդելու չափազանց մեծ լիազորություններ ունեն։
Ու փոխանակ նման համակարգի հիմքը դնողներն ու այդ հիմքի վրա պետությունը լափողները, փոխանակ Հայաստանի զարգացումը Արցախից հրաժարվելու մեջ տեսնողները, ամաչեն, որ Հայաստանը, այդ թվում նաև նման արժեքներ կրող քաղաքական գործիչների ապիկարության պատճառով ընկավ այդ գործիչների ձեռքով փորած անդունդը, խելոք դեմքով ծափեր են հավաքում, փոքրաթիվ քաղաքական մտքից ու պետական մտածողությունից զուրկ հանդիսատեսից։
Այո, Հայաստանը կարող էր հզորանալ, եթե նպատակ դրվեր պետության հզորանալը, ոչ թե սեփական Էգոն շոյելը։
Այո Հայաստանը հզորանալու է: