Սփիւռք

Պետք Է Հույսներս Մեր Վրա Դնենք

Ըստ էության, ոչ մի կառավարոպթյուն Սփյուրքի Ներուժը չօգտագործեց։

Հարցազրույց ֆրանսահայ բժիշկ, Լիոնի փոխքաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի հետ

Հայաստանում լարված ներքաղաքական իրավիճակ է։ Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը, և ի՞նչ պետք է անի Սփյուռքը Հայաստանի համար այս օրերին

Իսկապես, իրավիճակը հանգիստ չէ, և այստեղ երկու մոտեցում կա. նախևառաջ մենք պետք է շարունակենք Արցախին ուղղված օգնությունը, երբ վիրավորները հետ վերադառնան, նրանց համար պետք է լինեն կանոնավոր հիվանդանոցներ, վերականգնողական կենտրոններ և այդ օգնությունը մենք պետք է բերենք: Երկրորդը, 55 հազար արցախցիներ, որ վերադարձել են Արցախ, պետք է նրանց աջակցել, օգնել կացարանով, աշխատանքով, սոցիալական օգնություններով, բուժօգնություններով: Բարեբախտաբար Հայաստանի ղեկավարները լավ են հասկացել սա և արդեն գործի են անցել այս ուղղություններով: Մենք էլ կարող ենք մեր ուժերով օգնություն բերել: Հաջորդն արտաքին հարցերն են. գիտեք, որ առաջին օրը ռուսները մեզ թույլ չտվեցին մտնել Արցախ, ասելով, որ ադրբեջանցիներն ասել են իրենց, որ օտար մարդիկ չմտնեն Ղարաբաղ: Հետ վերադարձանք Գորիս, իսկ հաջորդ առավոտյան արդեն Արցախի կառավարությունը մասնավոր թուղթ ուղարկեց, և կարողացանք մտնել Արցախ: Սա մեզ ցույց տվեց, որ եթե քաղաքական գետնի վրա Սփյուռքը զորավիգ չլինի Հայաստանին ու Արցախին, այս ճնշումները կարող են ուժեղանալ:

Հաջորդը վերաբերում է Հայաստանի վիճակին. Մենք չենք կարող Արցախի հարցում հաջողություններ ունենալ, եթե Հայաստանի կառավարությունն ավելի ուժեղ չլինի: Ինչ ազդակներ էլ գան Ռուսաստանից, Թուրքիայից, Եվրոպային ու Ամերիկայից, բոլոր դեպքերում մենք պետք է ուժեղ կառավարություն ունենաք Հայաստանում: Հետևելով Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, ցույցերին, ես հասկացա, որ ժողովուրդը չի ուզում վերադառնալ հնին, հին կարգերին, որ դա արդեն պատմություն է: Սփյուռքում էլ հասարակությունը, կարծեք թե, համաձայն է, որ պետք է Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունը շարունակվի և հաջողվի: Հիմա մի քիչ ձախողել է, բայց չպետք է ամեն բան տապալենք: Չպետք է հետ գնանք, պետք է անընդհտ առաջ գնալ: Հետևաբար, պետք է նոր ուժեր, նոր ուղղություններ ասպարեզ գան: Եվ կարծում եմ՝ այդ նոր ուժերն այս անգամ չպետք է լինեն միայն Հայաստանից: Սփյուռքում էլ կան մարդիկ, որոնք կարող են քաղաքական գետնի վրա իրենց աջակցությունը բերել: Պետք է ի մի բերել բոլոր կարող մարդկանց, որոնք ունակ են իրենց մասնագիտական հմտություններով աջակցել Հայաստանին: Ֆրանսիայում էլ են տեղի ունենում քաղաքական վիճաբանություններ տարբեր քաղաքական ուղղությունների միջև, բայց դրան զուգահետ կառավարական մարմիններն աշխատում են: Հայաստանում միայն խոսում են, վիճաբանում են, իսկ կառավարական մարմինները լավ չեն աշխատում: Հետևաբար, կառավարության այս կազմը պետք է փոխվի:

Հայաստանում քաղաքական իրավիճակը ձեր կարծիքով փակուղայի՞ն է, շանս կա՞, որ թեկուզ Սփյուռքի աջակցությամբ Հայաստանը կկարողանա այս վիճակից դուրս գալ։

Այո, կարող է: Ես բժիշկ եմ և զբաղվում եմ ծանր, չարորակ հիվանդություններով, երբ մի ժամանակ կարծես համոզմունք կար, որ հիվանդը չի կարող բուժվել, բայց եթե  հիվանդն ինքը համոզվի, իր ուժերը հավաքի, ապա բժիշկների հետ միասին կարող է հաղթահարել հիվանդությունը: Ես սրանում համոզված եմ: Երկնքից չի գալու օգնություն, ոչ Ռուսաստանը, ոչ Ամերիկան կամ Եվրոպան մեզ չեն օգնելու: Բավական է, պետք է հույսներս մեզ վրա դնենք, և մենք դրա համար ունենք ուժեր, ունենք հզոր կապիտալներ: Ցավոք, Սփյուռքն ու Հայաստանը այդ հարցերում չեն գալիս կողք-կողքի: Ըստ էության, Սփյուռքի ներուժը ոչ մի կառավարություն չօգտագործեց: Մենք Սփյուռքի միայն 20 տոկոսն ենք կարողացել օգտագործել, մնացած 80 տոկոսը կորչում է: Բայց դրա համար պետք է նստել, խոսել, քննարկել: Նորից բժշկությունից օրինակ բերեմ. մի բժիշկը չի կարող բուժել հիվանդին, պետք է 5-6 մասնագիտություններ ի մի բերվեն, այդ թվում տարբեր երկրների փորձը համադրելով:

Դուք Հայաստանում ստեղծված իրավիճակն ինչո՞վ եք պայմանավորումՌուսական գործոնը մեծ դեր ունի՞, և Հայաստանն իր զարգացման ուղին որքանո՞վ պետք է պայմանավորի Եվրոպայով՝ հաշվի առնելով, որ այսօրվանից ուժի մեջ է մտնում Հայաստան-ԵՄ համաձայնագիրը:

Աշխարհը կովիդի հարցով է զբաղվում, մեր երկրներն ունեն տնտեսական, սոցիալական մեծ դժվարություններ: Այս պայմաններում օտար երկրների հարցերը մի քիչ երկրորդ պլան են մղվել, հետևաբար Հայաստանի կառավարությունը ամեն ջանք պետք է գործադրի ու Հայաստանի և Արցախի հարցը միջազգային հողի վրա կարևոր հարց դառնա: Հարավային Կովկասի տարածաշրջանում ակտիվացել են թուրքերը, Ամերիկան վերադառնում է միջազգային ակտիվ քաղաքականության, պետք է նաև Ֆրանսիան, Գերմանիան տեղից շարժվեն: Պետք է Հայկական հարցը դառնա կենտրոնական հարց: Սա շատ մեծ աշխատանք է պահանջում, որը կարող է տևել 5-6 տարի, բայց եթե հիմա չսկսենք, կարող է ուշ լինել:  Մենք մտածեցինք, թե ռուսները մեծ կպաշտպանեն, հետո տեսանք, թե ինչ եղավ, եկան վերջին վայրկյանին: Մենք հիմա պետք է բոլորս մի կողմ թողնենք փոքր վիճաբանությունները, միավորվենք ու երկիրը զարգացման ուղի դուրս բերենք, որովհետև այդ երիտասարդները, որոնք մահացան պատերազմում, մենք նրանց պարտք ունենք տալու:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *