ՄԵՐ ՈՒՂԻՆ

Պատերազմը Չի՛ Ավարտվել

Այդ 44 օրերը յուրաքանչյուրիս սովորեցրեց պետականաշինության մեջ իր ներդրումներիի կարևորության մեծությունը՝ գուլպա գործելուց մինչև ԱԹՍ նախագծել

Սիրանուշ Ասատրյան

Նոյեմբերի 10-ին, երբ պատերազմը բոլորիս համար անընդունելի ձևով ավարտվեց ու մենք դարձանք դրանում պարտված, առաջին հարցը, որ ինձ տվել եմ այն էր թե հիմա ինչ պիտի ես ու մենք բոլորս անենք, առաջինը ինչ մտքովս անցավ դա աննորմալ շատ աշխատելն էր, աննորմալ լավ սովորելը, որևէ կարևոր ոլորտում մեծ ներդրումներ ունենալը, որովհետև թե էն ժամանակ ու թե հիմա ես գիտակցում եմ, որ պատերազմը չի ավարտվել ու ժամանակավոր դադարները, որ մեզ տրվում են, կամ պետք է օգտագործենք ճիշտ, կամ էլ ուղղակի շարունակենք ապրել էնպես ինչպես ապրել է մեր ժողովրդի մեծ մասը վերջին 30 տարում ու, բնականաբար, հասնենք վերջնական կործանման: Ես մտածում էի, որ հետպատերազմյան գործընթացը, հնարավոր է, պատերազմից ավելի բարդ ու ծանր լինի բոլորիս համար, բայց նաև համոզված էի, յուրաքանչյուրիս աշխատելու ու դժվարություններ հաղթահարելու պատրաստակամության վրա:

Ես ունեի նաև այն համոզումը, որ ծանր ու երկար այդ 44 օրերը յուրաքանչյուրիս սովորեցրեց պետականաշինության մեջ իր ներդրումների կարևորության մեծությունը՝ գուլպա գործելուց մինչև ԱԹՍ նախագծել: Ինչևէ….

Այսօր մենք նորից տանում ենք մեր քաղաքական պայքարները, որոնք արդեն 30 տարի է ինչ չեն ավարտվում, որոնք անընդհատ նոր հույսերով են լցնում ժողովրդին ու վերջում հուսախաբ անում, մենք նորից դուրս ենք գալիս պայքարների, որոնք կամ պսակվում են անհաջողությամբ, կամ եզրափակվում պետության ու ժողովրդի համար անասելի բացասական: Չեմ ասի, թե պայքարը լավ պետության, պետականության կամ այլ կարևոր արժեքների համար սխալ է, որովհետև չունեմ դա ասելու իրավունքը, բայց ունեմ իրավունք տանել իմ պայքարը ուրիշ ճանապարհով: Արդյոք որևէ մեկը կարող է մեղադրել մարդուն, ով չի հարում որևէ քաղաքական ուժի ու չի մտնում քաղքական պայքարի մեջ, որովհետև չունի հավատ որևէ ուժի հանդեպ, արդյոք մարդիկ ովքեր հների ու նորերի պայքար են տանում, անում են ավելի շատ բան նրանցից, ովքեր լուռ իրենց գործն են անում, ովքեր փորձում են իրենց կարողությունների չափով փակել այն բացերը, որը առաջացրել է պատերազմը: Կարծում եմ, որևէ մեկը իրավունք չունի դատելու, թե ով ինչ կերպով է փորձում պետությանը նպաստ տալ, ես հավատում եմ ցույցերի միրջոցով պայքարող մարդկանց անկեղծությանն ու հայրենասիրությանը և հավատում եմ նաև նրանց, ովքեր դուրս են քաղաքական պայքարից, ովքեր ամեն օր գնում են կարի արտադրամաս ու տաք հագուստ կարում բանակի համար, ովքեր ԱԹՍ-ներ են նախագծում, ովքեր զինպատրաստության դասերի են գնում, կամ դիվանագիտություն ուսումնասիրում, ովքեր ուղղակի գերազանցում են բոլորին իրենց ոլորտում:

Եթե ուղղակի ամեն մեկս չմոռանանք մեր գործով զբաղվել, եթե չմեղադրենք մարդկանց ովքեր մեր նման չեն պայքարում, եթե իրար քիչ ատենք ու փորձենք յուրաքանչյուրի պայքարը ընկալել ու հասկանալ, այդ դեպքում հնարավոր կլինի մղձավանջից դուրս գալ, մի եղեք միատեսանկյուն ու ոչ էլ մտածեք, թե հայրենիքի համար ամենաճիշտ պայքար տանողը հենց դուք եք, իսկ մնացածը ուղղակի բույսի պես աճում են ու մահանում: Մեզ բոլորիս թուլացնում է չափից դուրս ինքնավստահությունը այն փաստի վրա, որ ամենահայրենասերն ենք, ամենամտածողը ու հայրենիքի համար ամենաշատ գործ անողը, այդ ինքնավստահությունը մեզ թույլ չի տալիս տեսնել ու ընկալել, շատ ուրիշ ու ճիշտ տեսանկյուններ ու պայքարներ, այդ դատարկ ինքնավստահությունը մեզ իրավունք է տալիս մեղադրելու բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ նման չեն մտածում ու պայքարում, այդ ինքնավստահությունը, որ խանգարում է մեզ լինել միասնական:

Բեկորն ասում էր․ 《Եթե զինվորից սկսած մինչև նախարարը բոլորանվեր իրենց գործն անեն, ապա բոլոր մեր ձեռնարկումները կպսակվեն հաղթանակով։

Մի քիչ երկար ստացվեց, բայց ուզում եմ բոլորիդ ասեմ. պայքարե՛ք հայրենիքի համար էնպես ինչպես Ձեր սիրտը Ձեզ կհուշի, որովհետև ցանկացած անկեղծ ու արդար պայքարի ավարտը հաղթանակն է:

Դիտեք նաև Սիրանուշ Ասատրյանի ելույթը TEDxYerevanWomen հարթակում։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *