Միջազգային

«Հակա»ի ու «Մետ»ի Անպտուղ Դաշտը

Եթե Ռուսաստանն ինքը՝ Արեվմուտքի հետ հակադրության պարագայում, փրկություն է փնտրում Թուրքիայի հետ պայմանավորվելու մեջ, չի կարող լինել թուրքական վտանգից Հայաստանի փրկիչ

Հակոբ Բադալյան

Երբ խոսվում է Ռուսաստանի ռեգիոնալ քաղաքականության մասին եւ փորձ արվում հասկանալ Հայաստանի համար դրա վտանգավոր հանգամանքները, դիտարկել Հայաստանի շահին հակադիր վեկտորներն ու միտումները, հանդիպակած արձագանքը մի զգալի մասով լինում է «հակառուսականության» մասին գնահատականը:

Հետաքրքիր է այն, որ, օրինակ, երբ Պուտինն ասում է Աթաթուրքը եղել է մեր եղբայրը, հիմա էլ Էրդողանն է եղբայր, նույն շրջանակը չի խոսում հակահայկականության մասին:

Ընդ որում, կարծում եմ իհարկե ճիշտ է անում, որովհետեւ խոսքը քաղաքականության մասին է, իսկ քաղաքականությունը բազմաշերտ է, ամենատարբեր, հակոտնյա բաղադրիչներով, հետեւաբար անգիտություն, անմտություն կամ նույնիսկ երբեմն չարամիտ դիտավորություն է քաղաքականությունը գնահատել այդպիսի միարժեք ու զգայական եզրերով՝ հակահայկականություն կամ հակառուսականություն:

Ըստ այդմ, Ռուսաստանի քաղաքականությունից եւ մոտեցումներից բխող վտանգների մատնանշումը «հակառուսականություն» որակելը կամ իրավիճակի քաղաքականապես անհամարժեք գնահատում է, կամ դիտավորություն, որով փորձ է արվում նենգափոխել խնդիրը եւ փաստարկային քննարկման փոխարեն տեղափոխել հակա-ի ու մետ-ի անպտուղ դաշտ:

Հայաստանը չի կարող հակա լինել Ռուսաստանին, եւ բացարձակ պետք էլ չէ լինել հակա: Բայց Հայաստանը պարտավոր է Ռուսաստանի հնարավորություններն ու ցանկությունները, մոտիվներն ու ռազմավարությունը գնահատել առավելագույնս ամբողջական եւ համարժեք, հասկանալու համար, որ Ռուսաստանը կարող է շատ հարցերում լինել Հայաստանին գործընկեր, բայց չի կարող լինել փրկիչ: Որովհետեւ Ռուսաստանն ինքն իրեն այս ռեգիոնում փրկելու համար կամ պետք է ապավինի Արեւմուտքի օգնությանը կամ Թուրքիայի հետ որեւէ կերպ լեզու գտնելուն:

Հետեւաբար, եթե Ռուսաստանն ինքը՝ Արեւմուտքի հետ հակադրության պարագայում, փրկություն է փնտրում Թուրքիայի հետ պայմանավորվելու մեջ, չի կարող լինել թուրքական վտանգից Հայաստանի փրկիչ:

Այդ ամենի մասին պետք է խոսել, հատկապես հանրային, քաղաքական դաշտում, որովհետեւ հասկանալի է նաեւ, որ Հայաստանի որեւէ իշխանություն չի կարող այդ մասին խոսել լիարժեք: Հայաստանի իշխանությունները պարտադրված են՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով, պարտադրված են այդ հարցերը թողնել լռության դաշտում:

Բայց այդ ամենով հանդերձ էլ, հանրային պատասխանատու շրջանակները պարտավոր են խոսել, ձեւավորել հանրային կարծիք, միջավայր, որը կօգնի Հայաստանի իշխանություններին այդ հարցում լինել ավելի ազատ: Խոսքը Հայաստանի նոր իշխանության մասին չէ, այլ ընդհանրապես՝ իշխանության մասին որպես ինստիտուտ, նախկինում, այսօր, վաղը՝ ով էլ լինի այդ իշխանության կրողը:

Հանրությունը պարտավոր է իր մտածողությունը դուրս բերել Ռուսաստանի «գրպանից», եւ այդ դեպքում միայն Մոսկվան կգնա գործակցային տրամաբանության ու հաշվի կառնի Հայաստանի շահը եւ անվտանգությունը լիարժեք, այլ ոչ այնքանով, որքանով դա պետք է Թուրքիայի հետ հաջող պայմանավորվելու համար:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *