Հայաշխարհ

Հայ-Իրանական Հարեվանությունը Ռուս-թրքական Խաչմերուկին

Ամերիկա-իրանյան լարվածության թոթափման որեւէ քայլ, որեւէ առաջընթաց շահեկան է Հայաստանի համար:

Հակոբ Բադալյան

Իրանի նախագահը հայտնում է, որ մայիսի 19-ին Վիեննայում տեղի ունեցող իրան-արեւմտյան, ըստ էության իրան-ամերիկյան, բանակցությանը ձեռք է բերվել պատժամիջոցների մի որոշակի մասի չեղարկման համաձայնություն, թեեւ կա հստակեցնելու մի քանի կետ:

Իրանի նախագահի հայտարարությունը անշուշտ ունի ներքաղաքական տողատակ էլ, չմոռանանք՝ Իրանում մի քանի շաբաթ անց նախագահի ընտրություն է, որտեղ պայքար կա ոչ միայն կոնկրետ թեկնածուների, այլ նաեւ պահպանողական եւ ռեֆորմիստական թեւերի միջեւ, որի ներկայացուցիչ է Ռոհանին: Նա ինչպես հայտնի է սպառում է երկրորդ ժամկետը եւ չունի շարունակելու իրավունք:

Վիեննայում տեղի ունեցողը կարող ենք դիտարկել նաեւ այդ համատեքստում`արեւմտյան օժանդակություն ռեֆորմիստներին, թեեւ ստույգ ասել, թե դա ինչ դեր կունենա իրանյան հանրության համար, բարդ է:

Միարժեք է մի բան, որ ամերիկա-իրանյան լարվածության թոթափման որեւէ քայլ, որեւէ առաջընթաց շահեկան է Հայաստանի համար, թեեւ իհարկե զուգահեռ սրում է այդ առաջընթացով չոգեւորված ուժերի ռեակցիոն վարքագծի հավանականությունը: Ցավոք, այդ ուժերի շարքում են Ռուսաստանը եւ նրա գործընկեր Թուրքիան: Էստեղ շատ կարեւոր է, որ Արեւմուտքը կարողանա Հայաստանին գործուն օժանդակել այդ ռեակցիոն վարքագծից բխող մարտահրավերները զսպելու հարցում: Հավանաբար նաեւ այդ հանգամանքը դեր ունի Սյունիքում ստեղծված սահմանային իրավիճակում Արեւմուտքի՝ Հայաստանի իրավունքի արձանագրման բավականին հստակ եւ կոշտ դիրքորոշման հարցում: Այլապես ինքն իր ուժով Հայաստանը անկարող է հաղթահարել ամերիկա-իրանյան հարաբերության կարգավորման հեռանկարի հանդեպ Ռուսաստանի ռեակցիոն վարքագծի ռիսկը:

Ի դեպ, նկատենք մի բան էլ, որ ապրիլյան քառօրյա պատերազմը փաստորեն հաջորդեց Օբամայի վարչակազմի շրջանում Իրանի հետ կնքված գործարքին:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *