Հայաշխարհ

Սահմանազատման Թնճուկը եւ Արցախի Կարգավիճակը

Հայաստանի բուն խնդիրը այն չէ՝ կընթանա սահմանազատման գործընթաց, թե ոչ, այլ այն է, թե կկարողանա՞ Հայաստանը պահել իր շահերը այդ գործընթացում լիարժեք, եւ զուգահեռ՝ իր սահմանները պաշտպանել լիարժեք, հարկ եղած դեպքում՝ ուժով:

Հակոբ Բադալյան

Սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի հարցը ունի իհարկե բազմաթիվ նրբերանգներ, մեծ ու փոքր, եւ դրա հանդեպ վերաբերմունքը բնականաբար ամենատարբեր է: Դա իր հերթին:

Միայն թե ինձ անհասկանալի է Արցախի կարգավիճակի եւ սահմանագծման միջեւ կապը, երբ խոսվում է, որ սահմանազատումը կնշանակի հրաժարում Արցախի կարգավիճակից:

Արցախն ու Հայաստանը չունեն ուղիղ, անմիջական սահման եւ կապվում են Լաչինի միջանցքով, որի կարգավիճակի հարցը մշտապես եղել է Արցախի կարգավիճակից իրավականորեն զատ: Հետեւաբար, ինչպե՞ս եւ ինչի՞ց է բխում, որ, ենթադրենք, հայ-ադրբեջանական սահմանազատումը եւ սահմանագծումը նշանակում է, որ Հայաստանը հրաժարվում է Արցախի կարգավիճակից:

Ավելին, այդ տրամաբանությամբ, հենց Ալիեւն է հայտարարում՝ կարգավիճակից հրաժարվեք, նոր ճանաչեմ Հայաստանի սահմանը: Եթե լիներ ուղիղ կապ, ապա չէր լինի այդ հայտարարությունը: Այսինքն, էս սահմանագծման գործընթացը իրականում Ադրբեջանին էլ ըստ էության պետք չէ, որովհետեւ նրանց հոգսը կարգավիճակի հարցից խուսանավելն է: Ըստ այդմ, նրանց պետք է սահմանի այս անորոշ, վիճելի պարագան, որպեսզի այդօրինակ սադրանքներով փորձի առավելագույնս մանեւրել կարգավիճակի հարցից, մինչեւ կկարողանա պայմանավորվել այդ հարցը դնող ԱՄՆ ու Ֆրանսիայի հետ:

Ըստ այդմ, Հայաստանի բուն խնդիրը այն չէ՝ կընթանա սահմանազատման գործընթաց, թե ոչ: Բուն խնդիրը կարծում եմ այն է, թե կկարողանա՞ Հայաստանը պահել իր շահերը այդ գործընթացում լիարժեք, եւ զուգահեռ՝ իր սահմանները պաշտպանել լիարժեք, հարկ եղած դեպքում՝ ուժով: Ինչպես միշտ, հայ հանրությանը շեղում են բուն խնդրից: Որովհետեւ, եթե մենք ի զորու չենք մեր շահն ու անվտանգությունը լիարժեք ապահովելու այդպիսի գործընթացում, մենք դա ի զորու չենք լինելու ընդհանրապես՝ առանց այդ գործընթացի էլ:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *