Արայիկ Մկրտումյան
…. Որովհետև այս «կամսարյանները», որ հոխորտալով գալիս են փրկելու, էլի նվնվալով գնալու են հեռանան ու կորչեն:
Ճապոտիկը հիշո՞ւմ եք, իսկ Չիբուխլո՞ւն, իսկ Կամսարյանի՞ն: Չէ՞, ափսոս, մինչդեռ պետք է հիշել: Պետք է հիշել, որովհետև մենք բոլորս առավել քան գտնվում ենք այդ անուններում ամփոփված իրականության մեջ:
Սևանա լճի մոտ մի գյուղ կա, հիմա կոչվում է Ծովագյուղ: Մինչև 1935թ. այն կոչվում էր Չիբուխլու: Գյուղի հին անունը Ճապոտիկ էր, որին թուրքերենով ասում էին Չիբուխլու: Հենց այդ գյուղ է գնում իրավաբանական ֆակուլտետն ավարտած Պետրոս Կամսարյանը: Նա գնում է վեհ երազներով ու ամենաազնիվ մղումներով, գնում է կրթելու, սովորեցնելու, օգնելու, նեցուկ դառնալու: Նա ապրում է այդ գյուղում…ընդամենը երկու օր և լվերից ու գոմի հոտից վախեցած փախչում, հետ է գալիս Թիֆլիս ու իր համար անդարդ ապրում՝ չմոռանալով իհարկե խմել հայրենի երկրի կենացն ու հպարտանալ յուր չարքաշ ժողովրդի տիտանական աշխատասիրությամբ և իհարկե չմոռանալով վրդովվել դաժան ճակատագրի և հայոց հեծանքի դեմ:
Այո, այո, ճիշտ գուշակեցիք: Խոսքը գնում է Մուրացանի «Առաքյալը» վիպակի մասին: Իսկ ինչո՞ւ ես հիշեցի դա: Դե որովհետև այսօր Հայաստանում առաքյալների պակաս չկա: Խմբերով փրկիչներ են, որ շրջում են, գալիս են փրկելու, օ՜, ինչ քարոզներ ու ճառեր, երբեմն քիչ է մնում հավատաս: Խոսում են, հակառակորդ թիմի գլխին շան լափ լցնում ու հայդե՝ ծլկում իրենց տաք գրասենյակներն ու նորից շարունակում որոտալ, նման այն ամպին, որը դատարկ գոռգոռում է, սակայն մի կաթիլ անձրև չի տալիս, մինչդեռ Իրական Հայաստանը շարունակում է տառապել:
Իսկ գիտե՞ք խնդիրը որն է: Խնդիրն այն է, որ այսօր, երբ մոտ 10-13 օր հետո խորհրդարանական ընտրություններ են լինելու, ես նկատում եմ, որ քաղաքական ուժերը խոսում են ինչ-որ առասպելական երկրի մասին: Ինչո՞ւ առասպելական: Դե գրողը տանի, առասպելական, որովհետև գրեթե ոչինչ, այն ամենից, ինչ խոսում են նրանք, չի համապատասխանում Իրական Հայաստանին:
Այնպես ինչպես Մուրացանի գրական հերոս Պետրոս Կամսարյանը «բանից բեխաբար» հոխորտալով եկավ փրկելու, բայց նվնվալով փախավ՝ փրկվելու, այնպես էլ մերօրյա Կամսարյաններն ամեն օր գալիս են, որ մեզ փրկեն: Մեզ նախատում են, մեծ-մեծ խոսում ու գնում: Ընտրություններից հետո այս 27 կուսակցություն ու դաշինքից տեսնեմ քանիսն են ողջ մնալու:
Իսկ մինչ այդ, ես ավելի ու ավելի շատ եմ զգում քարոզիչների ու իմ գիտցած Հայաստանի տարբերությունները:
Իրական Հայաստանի ու նախընտրական բուկլետների վրա գրված Հայաստանի տարբերությունը: Հյուսիսային պողոտայի թանկարժեք սրճարանում ծուլորեն շոկոլադը գդալով խառնող շքեղաշուք 19 ամյա օրիորդի և Հայաստանի ցանկացած գյուղի չքավոր գյուղացու տան աղջկա ու կնոջ տարբերությունը: 5G ինտերնետով ջահելի ու առանց կարկատանների շալվարի երազանքով ապրողի տարբերությունները:
Չէ, ես էժանագին փիլիսոփայության կեղծ մոնպասը չեմ ծամում, թե բա գիտեք, բոլորը պարտավոր են օրը 24 ժամ աշխատել հանուն երկրի: Ո՛չ, դա չի եղել ու չի էլ լինի: Անկախ նրանից լավ է թե վատ, դա չի լինի: Ու հենց այդտեղ էլ երևում է, թե այս Հայաստաններից որն է տառապում ու որն է ծաղկում, որտեղ են մարդիկ քաղցած, իսկ որտեղ՝ մի երեկոյի ընթացքում տասնյակ հազար դոլարներ կարող են տարվել խաղատանն առանց մի թեթև ափսոսանքի:
Մինչդեռ Իրական Հայաստանը խիստ է տարբերվում իր կեղծ երկվորյակներից: Օրինակ Իրական Հայաստանում կա Արցախի կորուստ, սահմաններին նոր վտանգ է սպառնում, ադրբեջանցիները անարգել մտնում, ոչխար ու ձի են գողանում, զինվորական պանթեոնը դժոխք է հիշեցնում ու այնքան հիվանդ, վիրավոր, քաղցած ու զրկված մարդ կա, որ գլուխդ պտտվում է: Իսկ օրինակ ինսթագրամյան Հայաստանն ուղղակի էրոտիկ մեղկությամբ փայլող մի վայր է, ուր «Արաբիայի բոլոր բույրերն ավելի լավ չեն բուրում»:
Դրանից բացի կա նաև տիկ-տոկյան Հայաստան, ուր երիտասարդների մի գերակշիռ հատված զբաղված է ոչնչով: Անիմաստ տեսահոլովակներ են, իբրև թե մնջախաղ, կեսը՝ էրոտիկ, կեսը՝ թուլամիտ: Ահա, խնդրեմ, վայելեք: Էլ չասած որ այս Ինսթա-տիկտոկյան հայերի մի մասը մեզ բոլորիս կյանքի դաս է տալիս ու փալաս է անվանում, որովհետև մինչև հիմա չենք սպանել Փաշինյանին ու Քոչարյանին միաժամանկ, չենք կոտորել զոմբիներին ու պիցցայակերներին ու էլի ինչ-որ հեքիաթային մեղքեր:
Չէ, ես փարիսեցի չեմ: Գիտեմ, որ քաղաքականությունը սրբերի համար չէ ու համացանցում էլ լիքը աղբ կա ու շատ մեղք չէ, եթե դեռահասները մի քիչ էլ ուրախանան: Համեցեք, ոչ մի խնդիր:
Բայց էստեղ ուրիշ ու ավելի նուրբ թեմա կա: Դա Իրական Հայաստանի գիտակցումն է: Ոչ թե փրկելը, այլ ճանաչելը, հասկանալը, տեսնելը, ընդունելը: Դա եղավ՝ մնացածն էլ կլինի, փրկությունն էլ:
Բայց մենք չենք ճանաչում Հայաստանը: Մեզնից շատերը հայոց խնդիրների մասին գիտեն այն, ինչ ասում են ֆեյսբուքյան լուրերը:
Մեզնից քանի՞սն են իրապես մտահոգված, որ գյուղերում դեռահասները պատշաճ ժամանցի հնարավորություն չունեն: Ժամանց, ոչ թե անորակ զվարճանք: Ներողություն եմ խնդրում, բայց նրանից շատերը հեռախոսն օգտագործում են 18+ ֆիլմեր դիտելու ու աղջիկների հետ խոսելու համար: Նրանք մեղավոր չեն: Նրանց ոչ ոք չի սովորեցնում, թե ինչ, որտեղ, երբ:
Մեզնից քանի՞սը գիտեն, որ գյուղերում այդ անհեռանկար կյանքից ձանձրացած, գյուղերը դատարկվում են դեպի Երևան: Հայաստանի միակ քաղաքը: Ուզում եք նեղացեք, ուզում եք ոչ, բայց դա այպես է: Քարտեզով ու պաշտոնապես ՀՀ-ում բազմաթիվ քաղաքներ կան, իսկ իրականում, միակ քաղաքը, որն էլ ցավոք կայուն տեմպերով վերածվում է ինչ-որ խառնափթոր, անճաշակ բազարի, Երևանն է: Հա, Գյումրի, Վանաձոր…վերջին տարիներին ակտիվություն կա, բայց այն ինչ կա Գյումրիում ու Վանաձորում, տասնապատիկ շատ կա Երևանում:
Մեզնից քանի՞սը գիտեն, որ գյուղերում շատ-շատ երիտասարդներ մեծանում են ընդամենը 100 հազար դրամ աշխատավարձի երազանքով ու նրանցից շատերը նույնիսկ չեն էլ փորձում ավելին երազել, որովհետև Իրական Հայաստանում մինչև հիմա սովորելը ծաղրվում է ու տղամարդու կերպարը՝ կոպիտ ուժի կերպարն է, ոչ թե կրթության: Ու թեև մենք ընդամենը մի քանի ամիս առաջ տեսանք, որ մեր քաջությունը հրդեհվեց Բայրաքթարի կրակներում, մենք էլի պոզերներս տնկած շարունակում ենք մեր կիսաքրեական-կիսատեխնոկրատական, սպառողական կյանքը: Ու Իրական Հայաստանում գրողը պարտքով գիրք է տպում, որը չեն կարդում, որովհետև կարդալն ամոթ է: Որովհետև Իրական Հայաստանում այլանդակ սերիալի քրեական կերպարն ընդօրինակելի է, իսկ ոստիկանն առաժմ մատուցվում է որպես մենթ: Ավելի կոպիտ բառեր չեմ ուզում օգտագործել: Ապուշ չենք, հասկանում ենք:
Որովհետև մենք Հայաստանը սիրում ենք ընտրությունից ընտրություն: Ու այն բոլոր մարդիկ, ովքեր կարծում են, թե Հայաստանի գյուղերում ընտիր ավտոճանապարհ է, սրճարան, մարդիկ էլ տեխնոլոգիապես հարուստ ու զարգացած գյուղատնտեսություն ունեն, թող գնան գյուղ, մի քանի օր ապրեն ու Կամսարյանի նման փախչեն հետ, մեղքը գցեն բոլորի վրա, հայհոյեն, կենաց խմեն ու ձայները կտրեն: Ապա տեսեք: Գյուղից գյուղ վազող այս պարոններն ովքե՞ր են: Էդ ե՞րբ էին հետաքրքրվել Իրական Հայաստանի ցավով, որ այսօր էլ իրար հերթ չտալով գալիս են ու փորձում են գյուղացուն ինչ որ բաներ համոզել:
Գյուղը հեռու է, բայց քաղաքում 80 հազար դրամով շահագործվողներն էլ հո մոտ են: Ինքս էլ առիթներ եմ ունեցալ տարբեր գործարաններում ու խանութներում աշխատելու: Ասես 19-րդ դարի մանր բուրժուական հասարակություն լինի: Ոչ թե խանութներ են, այլ դուքաններ, որովեհտև դրանց տերերն իրենց աշխատողներին համարում են երկրորդ կարգի ստորակարգ մի կենդանի: Նորմա՞լ է: Մարդու իրավո՞ւնք: Լո՞ւրջ, հավատո՞ւմ եք դրան: Գրողը տանի, դուք գիտեք ախր ինչ է նշանակում այսօր աշխատանք գտնել: Եթե ազատ վարքով ու հմայիչ տեսքով աղջիկ չես, այլ սովորական տեսքով աղջիկ կամ տղա, ապա դու կամ ոչինչ չես գտնի, կամ էլ ստիպված կլինես ընդունելու ոչ մի օրենքով չամրագրված այլանդակ տաժանակրությունը: Իսկ տարիքով մեծերին ընդհանրապես աշխատանք չեն տալիս ու վայ, թե մեկն աշխատանքը կորցրեց: Ահա Իրական Հայաստանը, ուր մեծ մասամբ աշխատանքային հայտարարության մեջ նշված է, որ իրենց պետք է կենսուրախ աղջիկ, այն էլ մինչև 26-28 տարեկան, նախընտրելի է չամուսանցած: Ահա ժողովրդավարական հորջոջվող Իրական Հայաստանը: Իսկ թե քանիսն են սեռական ոտնձգության ենթարկվել, էլ չեմ ասում:
Ահա սա է Իրական Հայաստանը:
Կարող եմ հատորներով խոսել, որովհետև այդ Իրական Հայաստանում ապրում են հարյուր հազարավոր մարդիկ, որոնց դժբախտությունները սարսափելի են: Բայց թերևս այստեղ կանգ առնեմ: Դուք էլ գիտեք, եթե իհարկե Իրական Հայաստանում եք ապրում, ոչ թե գովազդվող միրաժում:
Ու մնում է ամեն օր միայն նայել արտահերթ ընտրություններին պատրաստվող կուսակցություններին, նրանց քարոզաշավին, նայել, թե ինչ հսկայական կայսրություն են սարքել ու դառնորեն ժպտալով փորձել չխելագարվել տեղի ունեցողի դառնությունից:
Քաղվածքներ, թվեր, տոկոսներ, ցնցող բացահայտումներ, հաշվեկշիռ, հաաբերակցություն….բառեր, բառեր, բառեր ու ոչինչ բառից բացի:
Որովհետև այս «կամսարյանները», որ հոխորտալով գալիս են փրկելու, էլի նվնվալով գնալու են հեռանան ու կորչեն: Նոյի ագռավի պես: Իրենց գաղափարական ու սկզբունքային հռչակած մտքի ու սկզբունքի տեր համարող այս տիտանները շատ արագ են փախչում Իրական Հայաստանից, լեշով են ընկնում ու մնացածի հերն էլ անիծած, որովհետև եթե իրենց մոտ ինչ որ բան չստացվեց, դա բոլորովին էլ նրանից չէ, որ իրենք թույլ եղան, անկամ կամ գոնե անպատրաստ: Ո’չ, ո’չ, ո’չ…այս առաքյալները նման դեպքերի համար ունեն համապիտանի մի պատասխան. «Երկիրը երկիր չէ, մարդիկ մարդ չեն, Անասնաֆերմա…» ու էլի բազմաթիվ պիտակներ, որքան որ հետաքրքիր, այնքան էլ վիրավորական:
Այսօր քարոզարշավ անող այս առաքյալներից որևէ մեկն ասենք երկու տարի առաջ հետաքրքրվե՞լ է, թե ինչով են զբաղվում ասենք Գառնի գյուղի 8-րդ դասարանի տղա աշակերտը: Չէ, իհարկե չէ, որովհետև այդ պատանին, դեռևս քվե չի կարող տալ, ուրեմն հերն էլ անիծած: Մեկ է, երկիրը երկիր չէ, իշխանություն տվեք, որ սարքենք, եթե չէ, ուրեմն դուք անասուն եք, զոմբի եք, պիցցայակեր եք….Աստված իմ, Աստված իմ…մի ժողովուրդ, որը նոր է դուրս եկել կործանարար պատերազմից, որը կորցրել է իր զավակներից լավագույններին ու իր տունը, փոխանակ սթափվելու, ավելի է թաղվում ցեխի մեջ, իսկ «կամսարյանները» շարունակում են հոխորտալ ու պահանջել, իսկ Իրական Հայաստանում հայը կուչ է եկել մի անկյունում և շփոթված է:
Մուրացանի «Առաքյալը» վիպակում, երբ գլխավոր հերոս Կամսարյանը հետ է վերադառնում, գրքում այսպիսի մի հարց կա:
Իսկ Չիբուխլո՞ւն, Սևա՞նը:
Նրանք մնացին իրենց տեղում, ինչպես անփոփոխելի մի հավիտենականություն:
Նայելով մեր «կամսարյաններին» վախենում եմ, որ երբ նրանք հերթական անգամ փախչեն, ես ստիպված ինքս ինձ հարց տամ՝
Իսկ Երևա՞նը, Հայաստա՞նը:
Նրանք մնացին իրենց տեղում, ինչպես անփոփոխելի մի հավիտենականություն: