Հայաշխարհ

Ի՞նչով է Զբաղված Եկեղեցին

Գաղտնիք չէ, որ հոգևորականներից շատերը դարերով իրենց անձնական գործերն արել են պատսպարվելով եկեղեցու գաղափարախոսության հետևում և իրենց հանդեպ քննադատությունը համարել հարձակում հավատի վրա։ Սա մի մեծ մանիպուլյացիա է, որից օգտվել ու շարունակում են օգտվել բազմաթիվ հոգևորականներ ողջ աշխարհում ու Հայաստանում ևս

Արայիկ Մկրտումյան

Ընդհանրապես եկեղեցու մասին շատ բան կարելի է ասել։ Անուրանալի է Հայ Առաքելական Եկեղեցու ներդրումը հայոց մշակույթի ու արվեստի մեջ։ Դարերով հայոց եկեղեցու երախտավորների կողմից կատարած հսկայական աշխատանքը մեծ ազդեցություն է թողել հայ ժողովրդի վրա ընդհանրապես։ Տեղին է նշել, որ հենց եկեղեցին էր այն կառույցը, որ իր վրա վերցրեց ժողովրդի խնամակալությունը և նույնիսկ ձեռնարկեց Հայաստանի ազատագրությանն ուղղված բազմաթիվ գործողություններ։

Մեր թեման այսօր կոնկրետ վերաբերվում է, ոչ թե եկեղեցու, հայ ժողովրդի կյանքում ունեցած դարավոր ներդրումներին, մշակույթին ու գիտությանը, այլ այն կրավորական կեցվածքին, որ նկատելի է վերջին տարիներին։

Նախապես ասեմ, որ խոսել ինչ որ բանի վատ հատվածի մասին, չի նշանակում ամբողջովին մերժել կամ փնովել, այնպես, որ այն ինչի մասին մենք կխոսենք այստեղ վերաբերվում է առավելապես հոգևորականների մի մասին, այլ ոչ թե Հայ Առաքելական Եկեղեցի ինստիտուտին։

Ընդհանրապես եկեղեցու մասին խոսելը միշտ արվում է չափից ավելի զգուշորեն, քանի որ շատերը կարծում են, թե որևէ կաշառակեր կամ փողամոլ հոգևորականի քննադատելը նույնն է, թե մերժես հոգևոր կառույցն ընդհանրապես, ինչը շատ մեծ մոլորություն է։

Ալեքսանդր Դյումայի «Կոմսուհի դը Մոնսորո» գրքում Հենրիխ 3-րդ Վալուա արքան իր ընկերոջը՝ Շիկոյին ասում է․ «Ասա Աստծո մասին ինչ ուզում ես, Աստված բարի է՝ կների, պատառ-պատառ արա իմ մեծությունը, բայց զգույշ եղիր եկեղեցու մասին խոսելիս»։ Սա բավական խոսուն մի բան է։ Գաղտնիք չէ, որ հոգևորականներից շատերը դարերով իրենց անձնական գործերն արել են պատսպարվելով եկեղեցու գաղափարախոսության հետևում և իրենց հանդեպ քննադատությունը համարել հարձակում հավատի վրա։ Սա մի մեծ մանիպուլյացիա է, որից օգտվել ու շարունակում են օգտվել բազմաթիվ հոգևորականներ ողջ աշխարհում ու Հայաստանում ևս։

Հավատը, կրոնը, եկեղեցին, հոգևորականը տարբեր բաներ են։

Եկեղեցին կառույց է, որն ունի բազմաթիվ հոգևորականներ, որոնց մեջ հաճախ պատահում են նաև փողամոլներ ու վաճառականներ։

Եվ պետք չէ, կեղծավորություն անել ու հոգևորականին քննադատելը համարել հարձակում եկեղեցու վրա։ Երբ կաշառակեր դատավոր է հանդիպում, ոչ ոք չի ասում, թե դատարաններից պետք է հրաժարվել, կամ երբ հանցագործ պատգամավոր է լինում, ոչ ոք չի ասում, թե պետք է հրաժարվել պառլամենտից ընդհանրապես։ Նույնը և այստեղ է։

Մանավանդ այս օրերին, երբ քարոզարշավ կոչված գզվրտոցն անցում է բոլոր չափ ու սահմանները, եկեղեցու կողմից խաղաղասիրական ոչ մի կոչ չի արվում։ Եկեղեցին հնացել ու մնացել է իր միջնադարյան տեքստերի մեջ։ Այն ժողովրդի հետ չի շփվում այնպես, ինչպես մի ժամանակ էր ու եթե շփվում է, ապա նրան վերևից նայելու համար։

Բազմիցս առիթ ենք ունեցել խոսելու, որ հանրապետությունում այս տարիներին տեղի ունեցող երկպառակությունների ժամանակ եկեղեցու կողմից ոչ մի հզոր միջոցառում տեղի չի ունեցել, որ կանխվի եղբայրասպանության տանող դեպքերը կանխելու համար։ Վերջին անգամ կարող ենք հիշել միայն 2016թ․ երբ ՊՊԾ գնդի գրավումից հետո սկսված հուզումների ժամանակ մեկ երկու հոգևորական էին հայտնվել ցուցարարների ու ոստիկանների արանքում՝ խաղաղության կոչերով, բայց դրանք ոչ մի որոշիչ դեր ու նշանակություն չունեցան։

Այն մարդիկ, որոնք կփորձեն ընդդիմախոսել, որ բազմաթիվ հոգևորականներ կան, որ սրբությամբ են տանում իրենց բեռը, որ խիզախությամբ են կռվել արցախյան առաջին ու երկրորդ պատերազմներում, որ չեն խնայել իրենք իրենց և այլ բաներ, թող նորից կարդան առաջին տողերը և հասկանան անհատի ու երևույթի մասին տարբերությունները։

Իհարկե կռվել են, իհարկե պիտի կռվեին։ Հոգևորականը միայն նրա համար չէ, որ տնօրհնեքի համար փող հավաքի։ Իսկ այն, որ կռվել են, դա իրենց պարտքն է այնպես, ինչպես որ մեզնից ամեն մեկի։ Մենք պարտավոր ենք պայքարել մեր հայրենիքի համար, որը՝ զենքով, որը՝ գրչով ու գիտությամբ, որը՝  արվեստով, որը՝ գումարով։ Ու պարտականության կատարումը լավության տեղ վաճառել պետք չէ։

Ես բավական մեղմ եմ գրում, իսկ հայ մեծ քննադատ ու գրող Րաֆֆին իր հոդվածներից մեկում նշում է, որ․ «մենք լավ եկեղեցի երբեք չենք ունեցած, մենք միայն անձնազոհ եկեղեցականներ ենք ունեցել»։

Իսկ հիմա բավական մտահոգիչ է, որ հոգևորականները սկսել են խառնվել քաղաքականությանը։ Նաև վտանգավոր է։

Իհարկե պետք չէ միամտություն խաղալ։ Հոգևոր կառույցները միշտ էլ պայքարել են իշխանություն ունենալու համար և այդպես է ողջ աշխարհում։ Բայց մի՞թե Մայր Աթոռում կարծում են, որ ճիշտ է մասնակցել քաղաքականությանը։ Այն  դեպքում, երբ քաղաքականությունն ամենից բացի, նաև պառակտում է։ Մանավանդ այս օրերին։ Մենք ամեն օր տեսնում են ոչ թե առողջ քաղաքական պայքար, այլ ատելության մթնոլորտի տարածում։ Մի՞թե Մայր Աթոռին չի անհանգստացնում սա։

Օրինակ «Հայաստան» դաշինքի քարոզարշավներից մեկի ժամանակ կարելի է տեսնել հոգևորականի, ով կանգնած աջակցում է քաղաքական այդ ուժին։ Քավ լիցի, ես նպատակ չունեմ ինչ որ քարոզչությամբ զբաղվելու։ Ես նույնը կասեի, եթե հոգևորականը կանգնի Քաղաքացիական Պայմանագրի կամ ցանկացած այլ ուժի կողքին։

Հոգևորականը պարտավոր է և պետք է կանգնի միայն քաղաքացու կողքին, ժողովրդի կողքին, պետության կողքին։ Հակառակ դեպքում նա հոգևորական չէ, այլ քաղաքական գործիչ։ Իսկ եկեղեցին քաղաքականության մեջ չպիտի լինի։

Մենք մշտապես հավաստել ենք, որ բանակը և եկեղեցին չպիտի խառնվեն քաղաքականությանը։ Դա իր հետևից կարող է կործանարար հետևանքներ թողնել ողջ հասարակության վրա։ Հուսամ Մայր Աթոռում լավ են հասկանում  այդ ամենը։

Իհարկե բոլորս գիտենք, որ Մայր Աթոռի և իշխանության միջև բավական լարված հարաբերություններ են։ Հետո՞ ինչ։ Դա նշանակում է, որ քահանան պիտի թողնի քրիստոնեական ուսմունքն ու սկսի քաղաքական որևիցե գաղափարախոսությամբ զբաղվել ու տարածե՞լ։

Սա ի՞նչ   է նշանակում։

Հատկապես այս օրերին, ես սպասում էի, որ մեր հոգևորականները պիտի բոլորին կոչ անեն խաղաղության ու սթափության։ Դա է եկեղեցու գործը։ Նա պիտի միություն և սեր սերմանի, ոչ թե անտարբեր նայի, կամ նույնիսկ օգնի կողմերից որևէ մեկին։

Իհարկե այստեղ կարող են ասել, որ անհատ հոգևարականն իր կամքով է արել նման բան և եկեղեցին պաշտոնապես չի աջակցում որևէ քաղաքական ուժի։ Իսկ այդ դեպքում ինչո՞ւ մինչև հիմա այդ հոգևորականը կամ հոգևորականները կարգալույծ չեն արվել, կամ եկեղեցին հրապարակավ չի խոսել դրա մասին։

Ի վերջո ո՞րն է մեր եկեղեցու դերը։

Հույս ունեմ, որ Մայր Աթոռը շատ լավ հասկանում է այս իրադրության ողջ ողբերգությունը։ Հուսով եմ, որ Մայր Աթոռը կհետևի իր կոչմանն ու կձգտի սեր և խաղաղություն մտցնել Հայոց աշխարհում, այլապես հետևանքներն անկախատեսելի են լինելու։ Մեր դժբախտություններից մեկն էլ այն է, որ ոչ ոք իր տեղում ու դերում չէ։ Ցավոք՝ եկեղեցին նույնպես։

Խաղաղություն մեզ բոլորիս.

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *