ՄԵՐ ՈՒՂԻՆ

Հայ-ռուսական Հարաբերություններ. (Մաս Ա)

Հայ ժողովուրդն  ունի բարեկամ ժողովուրդներ, օրինակ՝ հույները, ասորիները, եզդիները, ուդիները և այլք: ՀՀ-ն ունի դաշնակիցներ, գործընկերներ, բայց ոչ երբեք բարեկամներ:

Արայիկ Մկրտումյան

Հայ-ռուսական հարաբերությունները մեր իրականության ամենաչարչրկված թեմաներից են և ոչ առանց պատճառի։ Հատկապես 2020թ․ պատերազմը, դրան հաջորդող դիվանագիտական զարգացումները, սահմանազատման հետ կապված խնդիրները նորից հարց բարձրացրին` արդյո՞ք ռուսները մեր բարեկամն են, թե ոչ։ Առանց այն էլ 2018թ․  թավշյա հեղափոխության բնորոշումներից մեկն էլ արևմտյան կողմնորոշմանը հարելն էր, որից հետո, մեր կարծիքով նաև, վատացան հայ-ռուսական հարաբերությունները։ Մի խոսքով բավական ճմրթված թեմա է ու հիմա, երբ մարդիկ ուղիղ հարց են տալիս, թե․ «արդյո՞ք ռուսները մեր բարեկամն են», մենք չենք կարողանում մեկ ընդհանուր պատասխան տալ։

Հայ-ռուսական հարաբերությունները հասկանալու, գնահատելու համար նախ պետք է ծանոթանանք այդ հարաբերությունների պատմությանն ու ընթացքին։ Դրա համար առաջարկում եմ մի փոքր պատմական էքսկուրս՝  հայ-ռուսական հարաբերությունները հասկանալու համար։

Հայ-ռուսական հարաբերությունները սկսվել են շատ վաղուց՝ դեռևս 17-րդ դարից, երբ հայ վաճառականները, որոնք գնացել էին Ռուսաստան առևտրական բանակցությունների, Ալեքսեյ Միխայիլովիչ ցարին նվիրեցին Ալմաստե գահը։ Հետագայում ևս հայ-ռուսական հարաբերությունները շարունակվեցին և ավելի մերձեցան, բայց պետք է հստակ տարբերակել հարաբերություն ասվածի տարբերությունները։

Մինչև Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումը, հայ-ռուսական հարաբերությունները երբեք դիվանագիտական բնույթ չեն կրել, այսինքն դրանք չեն եղել այնպիսի հարաբերություններ, որոնք լինում են երկու պետությունների միջև։ Միայն Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումից հետո հայ-ռուսական հարաբերությունները սկսեցին ավելի ու ավելի պաշտոնական բնույթ կրել։ Հայաստանի առաջին հանրապետությունը պաշտոնական հարաբերություններ ուներ Վրանգելի, Դենիկինի, Խորհրդային Ռուսաստանի հետ։ Խորհրդային Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացան առավելապես 1920-ականներին, և ըստ էության դադարեցվեցին 1920թ․ Հայաստանի խորհրդայնացումից հետո։ Վերականգնվեցին 1992թ․ ապրիլի 3-ին։ Հիմա հայ-ռուսական հարաբերությունները կրում են պաշտոնական դիվանագիտական բնույթ և ունեն դրանց հատուկ սկզբունքներ ու տրամաբանություն։

Ինչո՞ւ ենք այսքան խորանում։ Շատ պարզ մի պատճառով։ Մեր հասարակության մի մեծ մասը  նորմալ պատկերացումներ չունի, թե ինչ է նշանակում պաշտոնական հարաբերություններ և ըստ դրա՝  չգիտի, թե ինչ սպասել այդ հարաբերություններից։

Մինչև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, հայ-ռուսական հարաբերություններ ասվածը սահմանափակվել է հայ վաճառականների ու զինվորականների շփումով ռուսական պետական որոշակի օղակների հետ։ Օրինակ Իսրայել Օրին, Մինաս վարդապետ Տիգրանյանը, Ախիջանեց Աղազար դի Խաչիկը, Լազարյանները, Հովսեփ Արղության-Երկայնաբազուկ․․․ահա այս և այլ անհատներն էին ապահովում հայ-ռուսական հարաբերությունների հայկական մասի ծանրությունը, իսկ մյուս կողմից ռուսական պետությունն էր։ Եկեք հասկանանք՝

Մի կողմից հայ ժողովրդի ներկայացուցիչները, մյուս կողմից ռուսական պետության ներկայացուցիչները։ Հասկանո՞ւմ եք տարբերությունները։ Ժողովուրդ և պետություն։ Դրանք լրիվ տարբեր բաներ են։ Պետությունն ու ժողովուրդը չեն կարող իրար հետ որոշակի հարաբերություններ ունենալ։ Պետությունը կառավարող վարչական մարմին է, իսկ ժողովուրդը՝ ոչ։ Այդ իսկ պատճառով էլ պետության ու ժողովրդի պատկերոցումները միևնույն հարցի մասին կարող են լրիվ տարբեր լինել։  

Հայ-ռուսական հարաբերությունների այս ձևաչափը պահպանվեց նաև Ռուսաստանի՝ Հարավային Կովկաս ներխուժումից հետո։ Հարավային Կովկաս մտավ ոչ թե ռուս ժողովուրդը, այլ ռուսական պետությունը և նրա հետ փորձում էին հարաբերություններ հաստատել ոչ թե հայոց պետության ներկայացուցիչները, այլ ժողովրդի կամ էլ որոշակի մարմինների ներկայցուցիչները, որոնք, հասկանալի է, չունեին պետության լիազորություններ, մասշտաբներ ու լրջություն։

Դարերով այդպես շարունակվեց մինչև վերոհիշյալ դեպքերը Հայաստանի առաջին հանրապետության հետ կապված, ընդհատվեց Հայաստանի խորհրդայնացումով և հայ-ռուսական հարաբերությունները կրկին դարձան պետության և ժողովրդի միջև հարաբերություններ։ Ինչպես կայսրության ժամանակ ռուսական ցարը չէր պատրաստվում բանակցել մի ժողովրդի հետ, որն իր հպատակն է, այնպես էլ ԽՍՀՄ ժամանակ ղեկավար օղակ, Մոսկվայում նստող Կենտկոմի առաջին քարտուղարը չէր էլ մտածում բանակցել Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղարի հետ։ Մի պարզ պատճառով՝ Հայաստանը նվաճված երկիր էր, հայ ժողովուրդը՝  նվաճված ժողովուրդ, իսկ հպատակի հետ չեն բանակցում, կարգադրում են և հրամայում։ Բանակցում են միայն ուժեղի ու հավասարի հետ։

Եվ այնպես ստացվեց, որ հայ-ռոսւական հարաբերությունները դարերով ընթացան անհատ-պետություն ձևաչափով։ Անհատները հարաբերվում էին պետության հետ։ Հարաբերությունները կառուցվում էին մի կողմից հայ ժողովրդի, մյուս կողմից ռուսական պետության մեջ, այսինքն իրավահավասար չէին և լի էին խտրականություններով ու շատ հաճախ՝ անարդարություններով։ Հարաբերություններն ընթանում էին ուժեղի ու թույլի միջև, ինչքան էլ, որ տհաճ է դա ընդունելը։

Նախ մի նկատառում։ Ռուսական պետությունը, ինչպես էլ այն կոչվի՝ կայսրություն, հանրապետություն կամ դաշնություն, դա պետություն է, որն ունի իր շահերը և ամեն դեպքում պաշտպանելու է միայն իր շահերը, ինչպես և աշխարհի ցանկացած այլ պետություն, եթե նույնիսկ հարկ լինի դրա համար մեկ ուրիշին զոհել։

-Իսկ բարեկամությո՞ւնը,- կհարցնի ընթերցողը։

Ահա այն սև խոռոչը, որը երբեք չի լցվում, ահա այն մեխը, որի վրա մենք ցանկանում ենք կառուցել հայ-ռուսական հարաբերություններ ասվածը։

Եթե ռուսները հայ-ռուսական հարաբերություններ ասելով հասկանում են ՀՀ-ՌԴ միջպետական դիվանագիտական հարաբերություններ, ապա հայերը՝ հայ և ռուս ժողովրդի դարավոր, մշակութային բերակամություն։ Եթե ՀՀ-ՌԴ հարաբերությունները հիմնված են երկու պետությունների փոխադարձ շահերի հիման վրա, ապա ժողովուրդների բարեկամություն ասվածը շատ անորոշ մի բան է, որտեղ դժվար է հստակ սահմանազատում անելը։

Նախ մի տհաճ հարց։ Եթե Ռուսաստանը  Հարավային Կովկաս չմտներ, նվաճումներ չաներ, արդյո՞ք հայ և ռուս ժողովուրդների միջև բարեկամություն կհաստատվեր։ Դժվար է ասել։ Համեմատության համար ասեմ, որ օրինակ կա հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամություն և կան Հայաստան-Ֆրանսիա միջպետական հարաբերություններ։ Հայ-ֆրանսիական ժողովրդական բարեկամությունը հիմնված է առաջին համաշխարհայինից հետո Ֆրանսիա գաղթած և այնտեղ ինտեգրված հայ խմբերի տասնամյակներիով ձևավորված հարաբերությունների, Շառլ Ազնավուրի և շատ այլ նմանօրինակ գործոնների վրա, իսկ Հայաստան-Ֆրանսիա միջպետական հարաբերությունների հիմքում ընկած են չոր, ռացիոնալ հարաբերություններն ու այդտեղ արդեն Շառլ Ազնավուրը կամ ասենք հայկական ու ֆրանսիական քույր քաղաքներ լինելն առանձնապես ոչինչ չեն փոխում։ Ամեն դեպքում հայերն այսօր ֆրանսիացիների դեմքին չեն շպրտում այն, որ դուք չեկաք ու մեր հետ չկռվեցիք թուրքերի դեմ, իսկ այ ռուսների պարագայում հայերը բավական վրդոված են ռուսական պահվածքից։ Մենք անընդհատ խոսում ենք այն մասին, որ ռուսները մեզ ծախեցին, խաբեցին, քաշեցին, չպաշտպանեցին և այլն, և այլն, և այլն։ Եվ, որպես հիմնավորում, ասում ենք` Հայաստանում կանգնած է ռուսական ռազմաբազա, բայց այդ զորքերը չկռվեցին Արցախում, ասում ենք, որ ադրբեջանցիներն ու թուրքերը թիկունք-թիկունքի տված մտադրված են ոչնչացնել մեզ, իսկ ռուսը մեզ չի օգնում, ավելին՝ թուրքերի հետ թաքուն դաշնակցում է և ,որպես ապացույց բերում ենք ամենաաղմկոտ 1921թ․ ռուս-թուրքական հակահայկական պայմանագրերը։

Եվ այսպես, նախ այն մասին, թե արդյո՞ք հայերն ու ռուսները բարեկամ են, թե ոչ։

Տարօրինակ չթվա, բայց կարող են և բարեկամ լինել։ Կարող են։ Հիմա ասեմ, թե ինչու դա առանձնապես մեծ նշանակություն չունի։ Ցարական, այնուհետև խորհրդային ժամանակներում հայ և ռուս հասարակ մարդկանց շփումը հասավ մաքսիմումի։ Այնքան, որ ժողովրդի որոշ խմբերի միջև իրոք, որ մշակութային հարազատություն ստեղծվեց և հարաբերությունների պարզեցում։ Բայց հենց այդքանով էլ ավարտվում է հայ-ռուսական բարեկամությունն ու սկսվում  պետությունների չոր ու հաշվենկատ հարաբերությունները, իսկ մենք դա չենք կարողանում, չենք ուզում նկատել։ Բարեկամը բարեկամ է, ասում ենք մենք, ի՞նչ է նշանակում ժողովուրդները բարեկամ են, իսկ պետությունները՝ ոչ։  Մինչդեռ այդպես է։

Մի մեջբերում իմ նախկին հոդվածներից մեկից․

 «Հայ ժողովուրդն  ունի բարեկամ ժողովուրդներ, օրինակ՝ հույները, ասորիները, եզդիները, ուդիները և այլք: ՀՀ-ն ունի դաշնակիցներ, գործընկերներ, բայց ոչ երբեք բարեկամներ: Եվ մենք հենց այդ ամենը պիտի պարզ հասկանանք, որքան էլ որ դա ցավոտ է: Ես բազմաթիվ ռուս ընկերներ ունեմ, բայց պաշտոնական Ռուսաստանն իմ ընկերն ու բարեկամը չէ, այլ իմ դաշնակիցն ու գործընկերը: Ռուս Վլադիմիր Պուտինը կարող լինել իմ ընկերը, իսկ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ միայն դաշնակիցն ու գործընկերը: Ու մենք պիտի պարզ հասկանանք, թե ինչ պահանջել ժողովրդից, իսկ ինչ՝ կառավարությունից:

Ժողովուրդները կարող են բարեկամ լինել, պետությունները՝ ոչ: Ժողովուրդները կարող են թշնամի լինել, պետությունները՝ ոչ: Պետությունը՝ սառը, հաշվարկող մեքենա է: Նա առաջնորդվում է տվյալ ժողովրդի շահով ու միայն»։

Եթե մենք այսքանից հետո էլ չհասկանանք, թե որոնք են բարեկամի ու դաշնակցի տարբերությունները, ապա ապագայում էլ շարունակելու ենք հուզական սխալ հաշվարկներ անել ու նորից ու նորից կորցնել։

[շարունակելի]

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *