Խմբագրական

Հետընտրական Կրքեր

Ինչ որ առումով հենց Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են մեղավոր Փաշինյանի այս հաղթանակն ապահովելու համար:

Ալեք Դուրյան

Հիմա, երբ արդեն պարզ են ընտրության հիմնական արդյունքները, քաղաքական դաշտում ամենևին էլ հանդարտություն չի նկատվում։ Ինչու եմ ասում հիմնական արդյունքներ, որովհետև դեռ մի քանի օր էլ վերահաշվարկ, գումարում ու հանում կլինի, բայց ըստ էության բան չի փոխվելու:

Ընտրություններին մասնակցել են ընտրողների 49 տոկոսից մի քիչ ավելին, այսինքն կեսն էլ չի մասնակցել, ՔՊ-ն ստացել է 50-տոկոսից ավելի ձայն ու կձևավորի կառավարություն, «Հայաստան» դաշինքը ստացել է  ընդհանուր առմամբ 21 տոկոս, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5,23 տոկոս:

Մյուս կուսակցությունները հավաքել են շատ քիչ տոկոսներ: Չորրորդ տեղում  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, իսկ հինգերորդ տեղում «Հանրապետություն» կուսակցությունը:

Իհարկե այս ընտրություններում անակնկալներից մեկն էլ այն էր, որ «Բարգավաճ Հայաստանը» նույնիսկ անցողիկ հինգ տոկոսը չհավաքեց: Անակնկալ էր և այն, որ «Հանրապետություն» կուսակցությունը երեք տոկոսից ավել ձայն հավաքեց, ինչը խիստ կարևոր եմ գնահատում: Զերծ լինելով «թալանչի ու մարդասպան» «տիտղոսներից»` «Հանրապետություն» կուսակցությունն ու իր նմանները կարող են ի վերջո քաղաքական գործընթացների կարգավորման ու ձևավորման սկիզբ դնել: Ափսոս, որ նման կուսակցությունները չանցան ԱԺ, բայց հույս է ներշնչում, որ ապագայում մեր հասարակությունն ի վերջո կազատվի անհատի պաշտամունքից ու կսկսի ընտրել ծրագրով ու գաղափարով, ոչ թե ընդդեմ ինչ որ մեկի, որովհետև այս անգամ ևս մարդիկ ընտրել են ընդդեմ մեկի, ավելի կոնկրետ՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի:

Մենք կունենանք զարմանալի խորհրդարան: Զարմանալի՝ վատ առումով: Ու ամենավատն այն է, որ իշխանությունն էլի ունի չափից ավելի շատ ձայներ, ինչպես 2017-ին, ինչպես 2018-ին, ինչպես հիմա: Ընդդիմությունն էլ ուզած չուզած էլի դեկորատիվ բնույթ է տանելու, որովհետև իշխանության ձայներն այնքան շատ են, որ նա կընդունի ու կմերժի ցանկացած որոշում, ինչն ըստ էության արժեզրկում է կառավարման խորհրդարանական էությունը:

Ընդդիմությունը կձևավորվի «Հայաստան» ու  «Պատիվ ունեմ» դաշինքներից: Ի դեպ, «Պատիվ ունեմ»-ը խորհրդարանում կհայտնվի միայն օրենքի ուժով (ԱԺ-ում նվազագույնը երեք ուժ պիտի լինի) որովհետև այդ դաշինքն էլ անցողիկ շեմը չէր հաղթահարել, բայց կմտնի ԱԺ, որպես առավելագույն ձայներ ստացած: Առավելագույն մյուսների մեջ իհարկե, այն մյուսների, որոնք դա էլ չունեն: Մի խոսքով, շատ տխուր է:

Լավ, անցնենք հիմնական թնջուկին: Դա այն է, որ «Հայաստան» դաշինքը խիստ դժգոհ է արդյունքներից ու հիմա բոլորը բոլորին հայհոյելով պտտվում են, որովհետև ՔՊ-ն այն կարծիքին է, որ իրենք շատ լավն են, դրա համար էլ այդքան շատ ձայներ են ստացել, իսկ «Հայաստան» դաշինքն այն կարծիքին է, որ արվել են բացահայտ, մեծ չարաշահումներ, կիրառվել է վարչական ռեսուրս և այդ պատճառով էլ արդյունքներն այդպիսինն են:

Իսկ ո՞րն է իրականությունը:

Իրականությունն այն է, որ ՔՊ-ն այս անգամ ևս նման հսկայական ձայներ հավաքեց, ոչ թե նրա համար, որ այդ կուսակցությունն ինչ որ սրբերի հավաք է, այլ միայն ու միայն այն պատճառով, որ հիմնական ընդդիմադիրը Ռոբերտ Քոչարյանն էր, ինչպես նաև «Պատիվ ունեմ»-ը, որի հիմնական գործիչներից մեկը Սերժ Սարգսյանն էր, թեև ընդգրկված չէր ցուցակներում: Իսկն ասած, սա ոչ թե ԱԺ ընտրություն էր, այլ «ներկա-նախկին» կռվի պաշտոնական մենամարտ: Նիկոլ Փաշինյանը (ոչ թե Քաղաքացիական Պայմանագիրը) այսպես ասած «ձախ ձեռքով» հաղթեց միայն այն պատճառով, որ իրեն ձայն տված մարդիկ չուզեցին Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի վերադարձը:

Ժողովուրդը հիմա վրեժ է լուծում Քոչարյանից ու ՀՀԿ-ից տարիների անտարբերության ու արհամարական պահվածքի համար: Ժողովուրդը նեղացած է նրանցից և այնքան շատ, որ պատրաստ է Նիկոլ Փաշինյանին և՛ պատերազմի պարտությունը ներել և՛ Արցախը, և՛  շատ ու շատ ուրիշ տապալումներ: Մարդիկ այլևս չեն ուզում, որ իրենց կողքը պտտվեն նախկինի ստվերները՝ իրենց արհամարող, իրենց մարդատեղ չդնող: Մարդիկ լավ են հիշում կարագի ու մսի թանկացումների մասին ՀՀԿ պատգամավորների ցինիկ ծաղրը, թե «ինչ կապ ունի, որ միսը թանկացել է, մեկ է կարտոշկա եք ուտում»: Մարդիկ պատրաստ են դառնալ Փաշինյանի քաղաքական վրիժառության գործիքը, միայն թե իրենց այլևս նման արհամարական տոնով չծաղրեն ու չնվաստացնեն, որ մեկը մի տեղ խանութ ուզի դնել, չգան ու ասեն, որ ոչ սա մեր տարածքն է: Ահա այս և նմանօրինակ հազարավոր բաներից դաղված մարդիկ մերժեցին Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին: Ու եթե ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն չփորձեն գոնե իրենք իրենց մեջ կադրային փոփոխություններ մտցել և շարունակեն հին քաղաքականությունը, ապա պատկերը միշտ մնալու է նույնը:

Սա իրոք տխուր է, որովհետև ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն ինստիտուցիոնալ առումով լավ կայացած ու բազմափորձ կուսակցություններ են, նրանք մշտապես մասնակցել են պետական կառավարմանը, ունեն շատ լավ ռեզյումե՝ պետական կառավարման ծանոթության առումով, մանր ու անտեսանելի խնդիրները տեսնելու ու հասկանալու առումով, բայց ունեն կադրային շատ վատ քաղաքականություն և հենց դա էլ դառնում է նրանց պարտության հիմնական պատճառը:

Շատ են կարծիքներն այն մասով, որ եթե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հանդես չգային նախկին դեմքերով, գուցե շատ բան փոխվեր: Շատերը գնացել քվեարկել են ՔՊ-ին բացառապես այն բանի համար, որ հետ չգա Ռոբերտ Քոչարյանը և իրենց ընտրությունն անվանել են «չարյաց փոքրագույնը»:

Ինչ որ առումով հենց Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են մեղավոր Փաշինյանի այս հաղթանակն ապահովելու համար: Եթե այս դաշինքները լինեին լրիվ նոր ու չսևացած կենսագրությունով կերպարներ, ապա շատերն էին պատրաստ նոր խոսք լսելու: Ու այդ ժամանակ ոչ միայն ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն ունեին և՛ ԱԺ անցնելու, և՛ «նախկինի» թիկնոցն ուսերից գցելու հնարավորություն, այլև մյուս կուսակցությունները ավելի լսելի կլինեին: Իսկ այսպես երրորդ ուժը չձևավորվեց, քաղաքական դաշտը միանգամից երկփեղկվեց ու մի կողմում կանգնեց Փաշինյանը, մյուս կողմում Քոչարյանն ու Սարգսյանը: Ու հենց առաջին դեմքերի պատճառով էլ եղավ այսպես: Ոչ թե Փաշինյանը հաղթեց, այլ պարտվեց Քոչարյանը:

Պարտված ուժերի շատ ներկայացուցիչներ հիմա ամենավերջին հայհոյանքներն են տալիս Փաշինյանին ընտրած մարդկանց ու նրանց անվանում «թուրք», «դավաճան», «անհայրենիք»: Նրանք զայրացած են և ինչ որ կերպ ցանկանում են մեղմել իրենց ջղայնությունը՝ մի շատ կարևոր բան մոռանալով: Դա հմայքն է: Մարդուն հայհոյելով ու ծաղրելով չես գրավի և չես նվաճի, իսկ այս ընտրություններն աչքի ընկան հատկապես ու բացառապես իրար սևացնել-նվաստացնել-հայհոյելով: Նույնիսկ հիմա, երբ կարելի է պարզապես շատ արագ հասկանալ բոլոր սխալներն ու բացթողումները, այդ դաշինքների շատ ներկայացուցիչներ ավելի մոլեգնած են հայհոյում՝ սպառնալով, որ սա դեռ այսպես չի մնա ու դեռ կերևա, թե ով՝ ով է:

ՔՊի մասով

ՔՊ-ն, այսինքն Փաշինյանը, վա-բանկ գնաց: Շատերը չէին հավատում, որ նա կհաղթի: Պարտությունը նրա համար կործանարար կլիներ, բայց նա հաղթեց: Հատկապես վերջին ամիսներին, երբ իրար հետևից պատգամավորներ էին լքում կուսակցությունը, շատերը համարեցին, որ ՔՊ-ն վերջացած է:

Հիմա ՔՊ-ն հաղթել է, բայց արդեն ասացի ինչի շնորհիվ: Չլինեին Քոչարյանի ու Սարգսյանի գործոնները, բնակչությունը վաղուց էր ՔՊ-ից հրաժարվել ու Փաշինյանին էլ անձամբ պատասխանատվության կանչել: Այնպես, որ ՔՊ-ն եթե լավ մտածի, կհասկանա, որ սա իր հաղթանակը չէր, սա Քոչարյանի ու Սարգսյանի պարտությունն էր: ՔՊ-ն հիմա ոչ թե պիտի ուրախանա և այսպես ասած «արխային ընկնի», այլ հասկանա, որ սա իր վերջին հաղթանակն է, եթե ոչինչ չփոխեց: Հիմա մարդիկ նրանցից շատ ուժեղ ու շատ մեծ թափով աշխատանք են սպասում: ՔՊ-ն պիտի վերջ տա իր անհասկանալի պարգևավճարներին, մեծ-մեծ խոսող ու լկտի պահվածքով պատգամավորներին, անլուրջ պահվածքին: ՔՊ-ի այս հաղթանակը ընդամենը 5-6 ամիս հետո կարող է շատ վատ պարտություն դառնալ, եթե նրանք շարունակեն իրենց անմեղսունակ պահվածքը: Ժողովուրդն այս անգամ արդեն Քոչարյանից ու Սարգսյանից ոչինչ չի պահանջելու, պահանջելու է ՔՊ-ից: « Վատ նախկինների» մասին լեգենդներն այլևս չեն աշխատելու: Ամեն ինչի համար պատասխան են տալու ՔՊ-ն ու անձամբ Փաշինյանը: Ամեն ձախողում համարվելու է միայն ու միայն նրանցը: Փաշինյանը հայտարարեց, որ ժողովուրդն իրեն թավշի փոխարեն պողպատե մանդատ է տվել ու լավ կանի, եթե հասկանա, թե դա ինչ է նշանակում: Դա նշանակում է մի բան. «Վերցրո՛ւ իշխանությունն ու լուծիր բոլոր խնդիրները: Ոնց ուզում ես: Դա իմ գործը չէ: Ես արդեն զզվել եմ նախկինից էլ, ներկայից էլ: Այլևս չասես, թե ով ժամանակին ինչ է արել, ցույց տուր, թե դու հիմա ինչ ես անում»: ՔՊ-ն պիտի հասկանա, որ իր «պողպատե մանդատը» իր գլխին է ջարդվելու, եթե նրանք շարունակեն իրենց ոչ պրոֆեսիոնալ պահվածքը: ՔՊ-ն շատ, շատ մեծ պատասխանատվություն է վերցրել իր վրա: ՔՊ-ն հիմա ինքն է կանգնելու «նախկին» դառնալու վտանգի առաջ:  ՔՊ-ն նաև մի շատ կարևոր բան պիտի կարողանա անել: Նա պիտի փորձի վերացնել ատելության մթնոլորտը, նա պիտի կարողանա ազգային համաձայնություն իրականացնել:

Բացի ներքին հարցերից, ՔՊ-ն նաև պիտի հասկանա, որ Հայաստանի առաջ կուտակված խնդիրները միայն ավելանում են: Արտաքին դաշտում այնքան խնդիր ունենք, որ միայն թվելը ժամեր կտևի: Սահմանային հարցերը պիտի լուծվեն: Թուրքիան ու Ադրբեջանը պարապ նստած չէին այս ընթացքում: Բայդեն-Էրդողան հանդիպումը ձևի համար չէր: Ուժեղանում են հակասությունները Չինաստանի ու Հնդկաստանի մեջ, որոնք համարվում են մեզ այդքան անհրաժեշտ «հյուսիս-հարավի» հեղինակները: Թուրքերը դեռ ՀՀ տարածքում են, գերիների հարցերը լուծված չեն: Մի խոսքով ՔՊ-ն ավելի շատ մտածելու բան ունի, քան Քոչարյանն ու Սարգսյանը: ՔՊ-ն ամեն ինչ վերցրեց իր ձեռքն ու ամեն ինչի համար էլ ինքն է պատասխան տալու:  Ու եթե ձախողվեց, ապա մարդիկ նրան չեն մերժելու  Քոչարյանի կամ Սարգսյանի նման, նրան ատելու են: Իսկ ՔՊ-ն կարծում եմ արդեն լավ գիտի, թե ինչ է նշանակում ժողովրդի լավ ու վատ վերաբերմունքը:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *