Արտասահմանում մարդիկ ծաղկեցնում ու զարդարում են ցանկացած պատմական կերպարի, որը կարևոր նշանակություն ունի իրենց համար: Ադրբեջանցիները զրոյից կերպար են ստեղծում և քարոզում ամենալայն մասշտաբով, իսկ Երևանում դասական առումով արհամարանք կամ անգիտություն է նկատվում մի կերպարի մասին, որ աշխարհում շատ շատերը կերազեին ունենալ:
Արայիկ Մկրտումյան
Մի պահ կտրվենք ընտրական թոհուբոհից ու հայացք ուղղենք մեկ այլ ուղղությամբ: Խոսքը վերաբերում է գիտական ու մշակութային ոլորտին, մի բան, որը շատերից խուսափում են, որովհետև մեջը ինտրիգ չկա, ակտուալ չի համարվում ու այդ թեմայով առանձնապես լավ չի ստացվում դիվիդենտներ հավաքել:
Երևանի քաղաքապետարանում կայացվեց մի որոշում, ըստ որի՝ Շահամիր Շահամիրյանի անվան փողոցը վերանվանվեց Գրանդ Հոլդինգի հիմնադիր, բարերար Հրանտ Վարդանյանի անունով: Թե՛ Հրանտ Վարդանյանը, թե՛ իր որդիները մշտապես աչքի են ընկել դրական պահվածքով ու գործունեությամբ: Հրանտ Վարդանյանը մշտապես շեշտել է հայրենական արտադրանքի կարևորությունը և շատ բան արել այդ ուղղությամբ, իսկ որդիները շարունակում են պահել այդ գիծը՝ անընդհատ մեծ օգնություն տրամադրելով և բնակարանաշինությամբ զբաղվելով: Անշուշտ գնահատելի քայլեր են ու գուցե և Հրանտ Վարդանյանն իրոք արժանի է, իր անվամբ փողոց ունենալու, բայց եկեք նաև հասկանանք, թե ում անունն են հանում այդ փողոցի վրայից:
Շահամիր Շահամիրյանը հնդկահայ քաղաքական գործիչ էր, խոշոր առևտրական, Մադրասի խմբակի շունչ ու հոգին: Շահամիր Շահամիրյանը ոչ միայն աչքի է ընկել իր հայանպաստ խոշոր գործունեությամբ, այլև հանդիսանում է համաշխարհային դեմք՝ իրավական ու քաղաքական առումով:
Շահամիր Շահամիրյանը հանդիսանում է աշխարհում առաջին սահմանադրական հանրապետության նախագծի հեղինակը: Նույնիսկ Եվրոպայում, մինչև 19-րդ դարի սոցիալիստական հաղթանակները, հանրապետությունները գոյություն են ունեցել բավական ավտորիտար ձևով, իսկ Շահամիր Շահամիրյանի առաջարկը յուրահատուկ է նաև նրանով, որ իր առաջարկած հանրապետության կառավարման ձևաչափը ուներ խորհրդարանական բնույթ, այսինքն մի բան, որը ոչ միայն այն ժամանակներում, այլև հիմա համարվում է բավական առաջավոր և զարգացած գաղափար: Հայաստանի Հանրապետության կառավարումը վերածվեց խորհրդարանականի միայն մի քանի տարի առաջ:
Շահամիր Շահամիրյանը արեց մի բան, որով հպարտանում է այսօր ողջ քաղաքակիրթ աշխարհը ու դա արեց դեռ ավելի շուտ, քան ֆրանսիական մեծ հեղափոխությունը, որը համարվում է ժողովրդավարության գլխավոր խորհրդանիշներից մեկը: Եվ եթե Եվրոպայում նախապայմաններ կային, ի վերջո այնտեղ եղել էր Վերածննդի դարաշրջանը և շատ ու շատ այլ գործոններ, կային «Լուսավորչականները»՝ Դիդրո, Մոտեսքյո, Ժան-Ժակ Ռուսո, ապա հայ ժողովրդի ճակատագիրը նրան հնարավորություն չէր տվել նման գործունեությամբ զբաղվելու: Եվ ահա այդ ծանրագույն պայմաններում, պետականություն չունեցող ժողովրդի մի զավակ, գտնվելով հեռավոր Հնդկաստանում, որն էլ իր հերթին գտնվում էր անգլիական տիրապետության տակ, ստեղծում է արդեն իսկ պատրաստի հանրապետության սահմանադրություն՝ կատարյալ այդ ժամանակների համար:
Գիտենք, որ սահմանադրությունն ամենակարևորն է պետության կառավարման համար: Դա մեծագույն մի փաստաթուղթ է, որում այդ պետության կառավարման սկզբուքներն են: Սահմանադրություն ստեղծել, նշանակում է 100 տոկոսանոց պատկերացում կազմել պետական կառավարման մասին: Ավելին, այդ սահմանադրությունն է հիմք դառնում քաղաքացիական ու քրեական օրենսգրքերի համար, որով էլ պետությունը դառնում է իրավական:
Շատ չմանրամասնելու և չձանձրացնելու համար ասեմ, որ Շահամի Շահամիրյանն ըստ էության ստեղծեց սահմանադրություն՝ իր օրենքներով, ու հայկական անկախության վերականգնումից հետո ոչ մի խնդիր կամ հարց չէր առաջանալու պետության կառավարման սկզբունքային ու օրենսդրական առումով: Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ Փառաց»-ը մի եզակի փաստաթուղթ է, որը համարվում է համաշխարհային կարևորություն ունեցող երևույթ՝ ժողովրդավարության մեծագույն ձեռքբերում և այն, որ դա իր տեսակի մեջ առաջինն էր աշխարհում, էլ ավելի է մեծացնում այդ փաստաթղթի և նրա ստեղծողի կարևորությունը:
Եվ ահա այդ մարդու անունով կոչված փողոցն անվանափոխվում է: Հարկավոր է ճիշտ հասկանալ: Շահամիր Շահամիրյանն իր ոլորտի Խաչատուր Աբովյանն է, Կոմիտասը, բայց նա չափից ավելի թերագնահատված է, ոչ միայն համաշխարհային, այլև հայկական միջավայրում, հակառակ դեպքում քաղաքապետարանը նույնիսկ չէր էլ մտածի փողոցն անվանափոխելու մասին: Գուցե և Հրանտ Վարդանյանն արժանի է իր անունով փողոց ունենալուն, բայց մենք իրավունք չունենք արհամարելու մեր ժողովրդի իրավական մտքի օրենսդիր հսկային և դա փոխարինելու բիզնեսմենի անունով:
Մի՞թե Երևանում ուրիշ փողոց չկար անվանափոխելու համար, եթե այդքան հրատապ էր Հրանտ Վարդանյանի անունով փողոց անվանափոխելու հարցը: Եվ օրինակ ինչո՞ւ չի անվանափոխվում Սարգիս Կասյանի անվան փողոցը: Ո՞վ էր Սարգիս Կասյանը: Բոլշևիկ, որ օտար ուժի աջակցությամբ մտավ Հայաստան և հայտարարեց խորհրդային ռեժիմի հաստատման մասին: Ու հենց այդ ռեժիմն էլ կործանեց Հայաստանի առաջին հանրապետությունն ու անթիվ չարիքների պատճառ հանդիսացավ:
Քաղաքապետարանում ընդհանրապես հասկանո՞ւմ են պատմական կերպարների կարևորության մասին, թե դա արվում է հենց այնպես, ուղղակի, անփութորեն:
Եթե Հրանտ Վարդանյանի ժառանգները ցանկանում են հիշել և հարգել իրենց հոր հիշատակը, խնդրեմ, ոչ մի պահանջ կամ առարկություն չունեմ, բայց ինչո՞ւ է դա արվում սեփական ժողովրդի մտքի մեծերից մեկի անունը կրող փողոցն անվանափոխելով: Ես ինքս մեծ համակրանք ունեմ Վարդանյան ընտանիքի և նրանց գործի հանդեպ: Գրանդ Հոլդինգը հազարավոր աշխատատեղեր է ապահովում և խոշոր հարկատու է: Գրանդ Հոլդինգը Հայաստանի տնտեսության համար կարևոր օղակ է, չհաշված այդ ընտանիքի անթիվ բարեգործություններն ու օրինակ Երևանին մի հրաշալի այգի նվիրելը:
Բայց կա մի բայց: Հրանտ Վարդանյանն ու Շահամիր Շահամիրյանը անհամեմատելի կերպարներ են՝ բոլոր առումներով:
Արտասահմանում մարդիկ ծաղկեցնում ու զարդարում են ցանկացած պատմական կերպարի, որը կարևոր նշանակություն ունի իրենց համար: Ադրբեջանցիները զրոյից կերպար են ստեղծում և քարոզում ամենալայն մասշտաբով, իսկ Երևանում դասական առումով արհամարանք կամ անգիտություն է նկատվում մի կերպարի մասին, որ աշխարհում շատ շատերը կերազեին ունենալ:
Մեր դժբախտություններից մեկն էլ սեփական ինքնության հանդեպ ունեցած ծայրաստիճան անգետ ու արհամարական վերաբերմունքն է: Բազմաթիվ են դեպքերը, երբ երբ ականատես ենք լինում սեփական պատմության, մշակույթի կարևոր դեմքերի մոռացումը կամ մակերեսային անդրադարձը:
Իսկ ի՞նչ սպասել հետո: Գուցե գան օրեր, երբ մենք Մաշտոցի կամ Կոմիտասի պողոտաներն անվանափոխենք մեկ ուրիշի անունով: Արդեն հավատում եմ, որովհետև դրա համար երևի կգտնվեն ինչ որ «կարևոր պատճառներ»:
Ու էլ ինչպե՞ս բողոքել, որ մարդիկ չեն ճանաչում սեփական ազգն ու պատմությունը, եթե ինքներս ենք հրաժարվում մեր արժեքներից ու ջրիկացնում սեփական պատմությունը
Մենք սիրում ենք պարծենալ, որ մեր այսինչ հայրենակիցնը արեց սա, այն ինչը ,արեց այն, բայց արհամարհում ենք արդեն իսկ գոյություն ունեցողին:
Մնում է միայն հերթական անգամ դառնացած լռել ու հասկանալ, որ Հայաստանում «տանու տերտերին օրհնյա ի տեր» չեն ասում: