ՄԵՐ ՈՒՂԻՆ

Մեր Սրբության Սրբոցի Մասին

Աբօ Պողիկեան

Հայ զինվորի մասին միշտ շատ ենք  խոսել: Ու այսքանով էլ ավարտվել է ամեն ինչ: Հատկապես հիմա:

Զինվորի կերպարը միշտ է սուրբ եղել հայոց համար: Եթե կա մի բան, որ մշտապես եղել է բարձունքում, հարգանքն այդ երևույթի նկատմամբ հասել է մեծարման ու պատկառանքի, գրեթե պաշտամունքի՝ ապա այդ երևույթը հայ զինվորն է: Վերջին պատերազմում հատկապես հասկացանք, ևս մեկ անգամ հասկացանք հայ զինվորի արժեքն ու նշանակությունը: Իր մարմնով հրի ճամփան փակած, մերկ ձեռքերով աթս-ի դեմ կանգնած զինվորի շնորհիվ է, որ այսօր ողջ ենք ու կանք ֆիզիկապես:

Բայց խոսքն այս պարագայում ոչ միայն հայի կողմից իր զինվորին սիրելու ու մեծարելու մասին է, այլև այդ զինվորի նկատմամաբ ունեցած պատկառանքը նյութականացնելու, այսինքն դա խոսքի գործի, նյութականի վերածելու մասին է: Որ մենք տեսնենք, շոշափենք, այլ ոչ միայն զգանք ու մտածենք:

Հիմնական թեման այն է, որ ահա երեսուն տարի է, ինչ ադրբեջանա-թուրքական մարդակերների դեմ կանգնած զինվորը բավարար չափով գնահատված չէ մեր իրականության մեջ: Ո՞ւր են մեր զինվորներին նվիրված ֆիլմերը, գրքերը, ցուցահանդեսները, արձանները…ո՞ւր են:

Իհարկե սխալ կլինի ասել, թե ընդհանրապես չկա: Կան մի քանի ֆիլմեր, մի քանի գրքեր, բայց դրանք քիչ են, շատ շատ քիչ են: Չի կարելի բավարարվել մի քանի գրքով ու ֆիլմով այն մարդու հանդեպ, ով հանուն հայրենիքի տվել է իր կյանքը: Հասկանո՞ւմ եք: Նա տվել է իր կյանքը, իսկ մենք մի քանի ֆիլմ ու գիրք: Մինչդեռ թեկուզ միայն Երևանով քայլելիս մենք ամեն քայլափոխի պիտի զգանք նրանց ներկայությունը, հեռուստացույցը միացնելիս, համացանց մտնելիս:

Վերջին պատերազմից հետո առանձնապես արձագանք չի եղել: Մի աղջիկ գրել է 25 զոհվածի մասին, կան մի քանի բանստեղծություններ, պատերին նկարներ…ընդհանուր առմամբ այսքանը:

Այդ խնդրին անդրադարձել է Աբո Պողիկյանն, ով իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արցախեան պատերազմներու ընթացքին հայ զինուորի սխրագործութիւնը, յանուն հայրենիքի գերագոյն զոհաբերութեան պատրաստակամութիւնը գեղարուեստական պատշաճ մշակումով շարժապատկերի, թատրոնի կամ նոյնիսկ գրականութեան մէջ չէ գտած իր ոգիի ուժգնութիւնը մարմնաւորել յաւակնող դրսեւորումը։ Չունեցանք ու չունինք արուեստի այն նմոյշը, շարժապակերը, ներկայացումը կամ նկարը, որ ապրող, վերապրող հերոսին, կամ նահատակի ծնողներուն հոգեկան մխիթարութիւն փոխանցէր, միեւնոյն ատեն ներշնչման աղբիւր դառնար նորերուն։ Հասկնալ, կամ փորձել հասկնալ հերոսի հոգեկերտուածքը, մահը դիմագրաւելու անոր գիտակից վճռականութիւնը, մարդկային ու յատկապէս երիտասարդական մղումներու, իղձերու, սէրերու, երազներու, յուսախաբութիւններու, այս յոյզերուն ու զգացումներուն առթած տագնապներուն ամբողջ ներաշխարհը ահաւոր մարտահրաւէր է ոեւէ արուեստի մարդու համար։ Բայց այդ ձեռնոցը վերցնելու քաջութիւնը ունեցողներ ի վերջոյ պիտի ըլլան ու պիտի գան մեր այս ոլորտի խեղճութիւնը ջարդ ու փշուր ընող հանճարներ, տաղանդներ, որոնք առկայ հարուստ հումքը, գրուած, հաւաքուող ու տակաւին գրուելիք աննկարագրելի ինքնազոհութեան պատումները մեզ պիտի վերադարձնեն իբրեւ հզօր կերպարներու շքերթ»։

Մենք պետք է լավ հասկանանք խնդրի էությունն ու ընթացքը: Գիտակցումից շատ բան է կախված: Ավելի շատ, քան կարելի է կարծել առաջին հայացքից:

Համեմատության համար նշեմ, որ ԽՍՀՄ-ում թե՛ հեղափոխության, թե՛ երկրորդ աշխարհամարտի մասին հազարավոր գրքեր ու հարյուրավոր ֆիլմեր են նկարահանվել՝ ամեն կերպ փառաբանելով ու դրվատելով խորհրդային զինվորին:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *