Հովսեփ Խուրշուդյան
Պողպատե մանդատ, կամ մուրճ ասելով շատերը միանգամից պատկերացրին միջնադարյան դաժանություն, մարդու իրավունքների խախտում, մինչդեռ ամեն պետականամետ մարդ պիտի ունակ լինի հասկանալու, որ պետություն ասվածը ենթադրում է ամուր և հետևողական կամք: Ցույց տվեք որևէ ուժեղ և կայուն երկիր, որտեղ իշխանությունը անկամ, թույլ է, և ամեն մեկն անում է ինչ ուզում է: Այդպիսի երկիր չկա, չի եղել և չի էլ լինի: Ժողովրդավարության դրոշ համարվող Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում օրենքն ու իշխանությունը մրցակցություն չեն հանդուրժում:
Ամուր ու կայուն պետությունը պիտի լինի արդարամիտ, բայց ուժեղ: Առանց ուժի արդարությունն անպաշտպան է, իսկ առանց արդարության ուժը՝ բռնակալ: Եթե ցանկանում ենք ունենալ ու ապրել ուժեղ պետության մեջ, որտեղ անհատական քաոսի փոխարեն լինի կարգավորված մեխանիզմ, ապա պիտի հասկանանք, որ ոչ միայն պետք է պահանջել, այլ տալ, ոչ միայն հրամայել, այլև ենթարկվել, ոչ միայն իրավունք ունենալ, այլև պատասխանատվություն կրել:
Պողպատե մուրճը հենց այդ ամենը վերահսկելու ու կարգավորելու համար է:
Այս խոսքերի լավ օրինակն է Հովսեփ Խուրշուդյան-ի գրառումը՝
Լաուրա Քյովեշիի պողպատե մուրճը
Քանի որ Հայաստանի իշխանությունները վճռականություն են հայտնել իրացնելու ժողովրդի տված Պողպատե մանդատը եւ գործադրելու արդարադատության մուրճը բոլոր կոռուպցիոներների հանդեպ, եւ այժմ կարեւոր կադրային նշանակումների փուլ է, առաջարկում եմ նրանց ծանոթանալ, կամ վերհիշել 2013-ին Ռումինիայի ազգային հակակոռուպցիոն վարչության գլխավոր դատախազ նշանակված այս պատվարժան տիկնոջ փորձը։
Նախկինում Եվրոպայի փոխչեմպիոն դարձած Ռումինիայի բասկետբոլի պատանեկան հավաքականի անդամ, այս երկաթյա տիկնոջ կազմված անխոցելի մեղադրանքների 90 տոկոսի հիման վրա մեկ տարում բանտ նետվեցին կոռուպցիայի մեջ ներքաշված հազարից ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Իր պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում նա ճաղավանդակների հետեւ նետեց 3 նախարարի, 6 սենատորի, 11 պատգամավորի, շուրջ 50 համայնքապետերի, 16 դատավորի, պետական ձեռնարկությունների երկու տասնյակ ղեկավարների, հարյուրավոր այլ չինովնիկների։ Նրա պողպատե մուրճից չխուսափեցին ո՛չ Ռումինիայի նախկին նախագահի եղբայրը, ո՛չ Բուխարեստի քաղաքապետը եւ ո՛չ էլ երկրի վարչապետը։ Նրա շնորհիվ Ազգային հակակոռուպցիոն վարչությունը դարձել էր բնակչության շրջանում ամենաբարձր վստահությունը վայելող պետական մարմինը եւ ընդհանրապես, հանրային հաստատությունը։
Ի դեպ, երբ նա բանտ էր ուղարկում Ռումինիայի բարձրաստիճան ջեբկիրներին, Ռումինիայում էլ գտնվեցին ծախու լրագրողներ եւ խմբագիրներ, ովքեր վայնասուն բարձրացրեցին, թե իբր նա խախտում է մարդու իրավունքները, թե իբր նա քաղաքական հետապնդումներ է իրականացնում։ Նրա հանդեպ անգամ փորձում էին կոմպրոմատներ գտնել, որ գոնե ինչ-որ կերպ պահպանեին ժողովրդից թալանած միլիարդավոր եվրոները։ Սակայն դատախազն անկոտորւմ էր եւ նրա ջանքերի շնորհիվ Ռումինիայի բյուջե վերադարձվեց ժողովրդից գողացած 600-700 միլիոն եվրո։
2019-ին Լաուրա Քյովեշին նշանակվեց Եվրամիության գլխավոր դատախազ։