Հետխորհրդային Հայաստանը` որպես քվազի անկախ պետություն, վաղուց էր հայտնվել փլուզման վտանգի առջև, իսկ 44-օրյա պատերազմը ոչ թե դրա պատճառն էր, այլ սոսկ արագացուցիչը։ Որովհետև անցած 30 տարում մեր անկախության շքեղ ցուցանակն իրականում նրբորեն քողարկում էր անկախ պետության ուժային համակարգի, արտգործնախարարության և այլ առանցքային կառույցների դե ֆակտո չգոյությունը։
«ՄԵՐ ՈՒՂԻՆ»-ի խմբագրության կողմից՝
Ներկայացնում ենք ՎԷՄ համահայկական հանդեսի 2021թ․ ապրիլ-հունիս հրատարակության խմբագրականը, ուր հետադարձ հայացք է նետվում անցած երեսուն տարուն, փորձ անելով հասկանալ այն խնդիրները, որոնք էլ ըստ էությամբ մեզ այսօր կանգնեցրին պետականության կորստի իրական վտանգի առաջ։ Ազգային հոգեբանական ճգնաժամը, որ խորացավ ու լճացավ այս վերջին երեսուն տարիների ընթացքում, իր ծանրագույն հետևանքներն ունեցավ Հայաստանի, հայ ժողովրդի ու հայոց պետականության համար։ Այս խնդիրները հասկանալու համար մատնանշվում են ոչ միայն հենց այդ պահին տեղի ունեցողը, այլ այդ ամենը որպես հետևանք։ Կարևոր է հասկանալ այդ երևույթների պատճառահետևանքային կապը, հասկանալու համար նաև, թե որտեղից և ինչպես սկսվեցին մեր խնդիրները, մեր ձախողումները։ Այդ ամենը հասկանալով ու վերլուծելով մենք կկարողանանք սթափ գնահատել մեր ներկան ու ձևավորել ապագայի մեր տեսլականը։
Ստորև ներկայացնում ենք ՎԷՄ-ի խմբագրականը՝
ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 30-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Իր անկախության երրորդ տասնամյակի վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետությունը կանգնել է 1991 թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեով սկսված և 2020 թ. աշնան 44-օրյա դաժան պատերազմով ավարտված գրեթե 30-ամյա քաղաքական խարխափումների համար հայ ազգին հաշվետվություն ներկայացնելու հրամայականի առաջ։ Բայց երբ 2021 թ. սեպտեմբերի 21-ի նախօրեին պետությունն ուղղակի գլորվում է, ազգը՝ ցնցվում, իսկ տարածաշրջանը՝ փլուզվում, մեզանում սկսվում է նաև մտքերի իսկական քաոսը։ Դա հետևանք է այն խորքային իրողության, որ 1991 թվականին ԽՍՀՄ փլուզումը 30 տարի անց հանգեցրել է նաև նրա հիմնաքարերի կազմաքանդմանը, ուստի այսօր անցյալանում է ոչ միայն խորհրդային, այլև հետխորհրդային Հայաստանը։ Ավելին՝ հետխորհրդային Հայաստանը` որպես քվազի անկախ պետություն, վաղուց էր հայտնվել փլուզման վտանգի առջև, իսկ 44-օրյա պատերազմը ոչ թե դրա պատճառն էր, այլ սոսկ արագացուցիչը։ Որովհետև անցած 30 տարում մեր անկախության շքեղ ցուցանակն իրականում նրբորեն քողարկում էր անկախ պետության ուժային համակարգի, արտգործնախարարության և այլ առանցքային կառույցների դե ֆակտո չգոյությունը։ Ուստի երբ պատերազմից հետո այս իրողությունը լուսարձակվեց իր ողջ մերկությամբ, առաջ եկավ այն թյուր պատկերացումը, թե իբր պատերազմն է փլուզել այդ ամենը։ Իրականությունն այն է, որ «ջրի բերածը ջուրն էլ տանում է», իսկ ազգային պետություն չունենք, որովհետև 30 տարում սեփական նավը կառուցելու փոխարեն օրորվել ենք լողափի տիրոջ լաստի վրա։ Այսպես՝ հայ ազգի անանց իրավունքները մարմնավորող «Հայաստանի Հանրապետություն» կոչվող երկիրը անկախացումից հետո, չգիտես ինչու, իրեն համարում էր Խորհրդային Հայաստանի իրավաժառանգորդ, ինչպես նախկինում պետականություն չունեցած միջինասիական հանրապետությունները։ Ուստի այժմ մեր աչքի առաջ հոգեվարք է ապրում այդ հետխորհրդային իրավաժառանգորդը, բայց լիարժեքորեն անկախ Հայաստանը դեռևս սաղմնավորման փուլում է։ Դա ցույց է տալիս, որ արդեն պատմություն դարձած ոչ վաղ անցյալի գիտական ընկալումը մեզանից պահանջում է հետահայաց մեթոդի կիրառմամբ հստակորեն եզրակացնել, որ, անցած 30 տարիներին հրաժարվելով ազգային ժառանգությունից, վերանկախացած Հայաստանի իրարահաջորդ իշխանությունները, փաստորեն, իրենց հույսը կապում էին ԽՍՀՄ վերականգնման հեռանկարի հետ։ Եվ որպես նման գիտակցված կամ միամիտ հավատարմության «վարձատրություն»՝ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 30-րդ տարում՝ 2020 թվականին, Լեռնային Ղարաբաղում կրած դառը պարտությամբ մեր երկիրը կորցրեց անգամ այն խախուտ «լեգիտիմությունը», որը հիմնվում էր հետխորհրդային հակամարտությունների գոտիներից մեկի տերը լինելու իրավունքի վրա։ Ավելին՝ մեզ բաժին ընկած դաժան պատերազմը բացահայտեց նաև անցած 30 տարիներին հետխորհրդային պարտավորությունների խախուտ համակարգի վրա հենվող Հայաստանի քաղաքական, տնտեսական ու ռազմական հզորության հետևողական նահանջի փաստը։ Դա նշանակում է, որ այսօր հայտնվել ենք յուրօրինակ Բերմուդյան եռանկյունու մեջ. ողջ հետխորհրդային տարածքում սկիզբ առած փլուզումների հետևանքով ԱՊՀ-ՀԱՊԿ-ական Հայաստանը ինստիտուցիոնալ առումով նույնպես փլուզվում է, նրա ուժային համակարգը պատերազմից հետո փաստորեն սեփականաշնորհվում է Ռուսաստանի կողմից, իսկ իրապես անկախ Հայաստանին անհրաժեշտ ինստիտուտների ձևավորման խնդիրը բախվում է նախկին՝ սահմանափակ պրոֆեսիոնալների ու ներկա՝ անսահման դիլետանտների անլուծելի հակադրությանը։ Ուստի պատերազմից հետո անցած ավելի քան կես տարում անփորձ նավապետին փորձառուներով փոխարինելու խնդիրը լուծելու հաջորդական փորձերը նույնպես ձախողվել են առաջինի թերհաս լինելու և վերջինների՝ հետխորհրդային իրողություններին համապատասխանելու պատճառով։ Առաջ եկած տեղապտույտը անկախության ձեռքբերման պահից մեր արձանագրած ամենօրյա նահանջի հետևանքն է, ինչը ոչ թե հաղթահարել, այլ խորացրել է պետության ու անհատի փոխադարձ օտարումը։ Հայը՝ որպես անհատ, այսօր էլ ապրում է պետությունից դուրս՝ իր սեփական կյանքով, բայց եթե նախկինում նման օտարումը բացարձակ բնույթ ուներ, ապա վերջին տարիներին հանրային ընկալումներում ձևավորվել են քաղաքացիական հասարակության խիստ պարզունակ սաղմերը։ Բայց քանի որ դա հիմնականում ընթացել է փողոցում, նման հասարակությունը ձեռք է բերել գռեհիկ կերպով սոցիալականացած կերպարանք։ Դա նշանակում է, որ նա մտածում է ոչ թե ազգային-քաղաքական կատեգորիաներով, այլ պարզ ստամոքսով՝ «քաղաքական դաշտը» դիտարկելով որպես անցյալի ու ներկայի լափողների մրցասպարեզ։ Ուստի այս նոր՝ սոցիալականացած Հայաստանը անլուծելի հակասության մեջ է հայտնվել ազգային-քաղաքական կատեգորիաներով առաջնորդվող ավանդական Հայաստանի հետ: Վերջինս իր հերթին չի կարողացել ազգայինն անցկացնել պետական համակարգի համար անհրաժեշտ սոցիալականացման «մաղի» միջով և իր հիմնական մասով գերի է մնացել անցյալին։ Այս ամենի հետևանքով ստեղծվել է մի կացություն, երբ մեր ազգային իդեալները կտրվել են հայաստանյան հասարակությունից։ Ասվածն ապացուցելու համար պետք է Հայաստանի անկախության հռչակագրի ընդունմանը նախորդած 30 տարվա՝ 1960-1990 թվականների հայոց ազգային զարթոնքի հստակ վերընթացի գաղափարական բովանդակությունը համեմատել 1990-2020 թթ. ընթացքում մեր ազգային իդեալների ու նպատակների փուլային նահանջին բնորոշ պարզունակ պատկերացումների հետ, և ամեն բան պարզ կդառնա։ Անկախության բացակայության պայմաններում մենք համառորեն ձգտել ենք դեպի ազատություն ու առաջադիմություն՝ համադրելով ազգայինն ու համամարդկայինը, իսկ ահա այն մարմնավորող ինստիտուտը՝ պետությունը ձեռք բերելուց հետո հեռացել ենք դրանցից, որովհետև չենք դրսևորել մեր ունեցածը պետականությանը բնորոշ սոցիալ-քաղաքական պրիզմայով դիտարկելու իմաստնություն։ Հետևաբար մեզ համար անկախությունը չգիտակցված իրավունք է եղել, իսկ ազգայինը՝ անցյալի համար պատասխանատվություն, որոնց անխզելի կապի խորքային իմաստը հասկանում ենք միայն այն ժամանակ, երբ զգում ենք պետականության կորստյան վտանգը։ Այժմ՝ մեր անկախության 30-րդ տարում, իրականում այդպես էլ լիարժեքորեն չանկախացած «Հայաստան» պետության վերջնական կորստյան խորքային գիտակցման նախաշեմին ենք՝ պատմության նախորդ շրջափուլերում հայոց պետականության անկման մասին Մովսես Խորենացու և Ավ. Ահարոնյանի դառը խոստովանությունների իմաստավորման փուլում։ Ուրեմն ի՞նչը կարող է դուրս բերել մեզ այն ճահճից, որի մի կողմում սոցիալականացած Հայաստանն է` իր հստակորեն ապազգային տեսլականներով, իսկ մյուս կողմում՝ հայաստանյան հասարակությունից կտրված ազգային իդեալները հետխորհրդային Հայաստանի ռեինկարնացիայի (վերամարմնավորման) անհույս հեռանկարի հետ կապող գիտակից ու անգիտակից հանրությունը։ Ակնհայտ է, որ նրանց արանքում բանական լուծում չկա, բայց նրանց բախման հետագա հունավորումը տանում է դեպի պետականության վերջնական կորուստ, ինչին էլ ձգտում է հոգեվարքի մեջ հայտնված նախկին կայսրությունը։ Բայց, չնայած դրան, դեռևս հույսեր ենք փայփայում, որ եթե անգամ ինքներս ոչինչ չանենք նման ականապատ դաշտը հաղթահարելու համար, միևնույն է, Հայաստանի հանդեպ գլոբալ խաղացողների բարենպաստ դիրքորոշումը մեզ թույլ կտա ինչ-որ կերպ հաղթահարել մեր անկախության դեմ նյութվող լրջագույն դավերը։ Հարց է առաջանում. իսկ եթե մեր վերջին 30-ամյա հակաանկախական ընթացքից հուսախաբված գլոբալ ուժերն իրենք պայմանավորվեն Հայաստանի այս էլ ո՜րերորդ բաժանման հարցում և ազատ արձակեն մեր տարածաշրջանային հակառակորդների ձեռքերը, ապա ի՞նչ ենք անելու այդ պարագայում։ Բնականաբար, մեր անկախության վերջնական կորուստը փարիսեցիորեն համարելու ենք անվտանգային խնդիրներից բխող՝ պարտադրված անհրաժեշտություն։ Մինչդեռ անցած պատերազմը ցույց տվեց, որ հենց անկախության փաստացի բացակայությունն էր մեր անվտանգային խնդիրները չլուծելու և բարոյապես մաշված զինատեսակներով կռվելու պատճառը։ Հայաստանի ինքնիշխանության սահմանափակման գնով մեր անվտանգության ապահովման պրագմատիկ հաշվարկը միանգամայն ճիշտ էր 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեին նախորդած և հաջորդած տարիներին, երբ Սառը պատերազմում հաղթանակած Արևմուտքն առաջնորդվում էր հետխորհրդային տարածքում անկախ Ռուսաստանի առանձնաշնորհյալ իրավունքների պահպանման սկզբունքով։ Բայց այժմ, երբ ողջ թափով և մեծ հաջողությամբ ընթանում է հենց այդ իրավունքների վիճարկումը, Մոսկվայի կողմից մեզ կաթիլներով տրամադրվող անվտանգությունը սկսում է հիշեցնել «ռուսի պոչը բռնելու» 1917 թ. անհաջող փորձի մասին Դավիթ Անանունի դառը խոստովանությունը։ Առավել ևս, որ այսօր այդ «պոչը» Հարավային Կովկասում նախընտրում է մեր մահաբեր թշնամիների ներկայությունը։ Ուրեմն իր անկախության 30-րդ տարում Հայաստանի Հանրապետությունը շախմատային ցուգցվանգի մեջ է հայտնվել, քանզի ցանկացած մեկքայլանոց լուծում տանում է դեպի նոր պարտություն։ Հանուն անվտանգության ապահովման չպետք է տրվենք Հայաստանի անկախության կորստյանը տանող վտանգավոր գործընթացներին, բայց պետք է նաև գիտակցենք, որ չենք կարող առանձնաբար ճակատ հարդարել գլոբալ ուժերի առաջխաղացմանը հակադրվող ռուս-թուրքական ներկա սիներջիի դեմ։ Քանզի, ինչպես ժամանակին իրավացիորեն նկատել է Ս. Հանթինգթոնը, նման «ճոճվող քաղաքակրթությունները» (swing civilizations) քողարկում են բախումնային էներգիա կուտակող աշխարհաքաղաքական խզվածքները։ Այդ խզվածքների արանքում մենք կարող ենք խորտակվել, եթե չգիտակցենք, որ նրանց սպառվող էներգիայի պարպման միջոցով որոշ գլոբալ ուժեր համաշխարհային քաղաքակրթության բնօրրանը հանդիսացող մեր տարածաշրջանում փորձում են լուծել նրա միջուկի ոչնչացման հարցը։ Ուրեմն Հայաստանի անկախության 30-ամյակին ընդառաջ պարտավոր ենք հստակեցնել, թե որն է այն համապետական ու համազգային ծրագիրը, որը թույլ կտա ներկայիս փակուղային երկընտրանքը վերածել տրամաբանական լուծումների և, զորաշարժի ենթարկելով 10 միլիոնից ավելի հայության ողջ ներուժը, ապահովագրել հայրենի հողի վրա մեր խախուտ կեցությունը։ Որովհետև 21-րդ դարում՝ գլոբալիզացիայի դարաշրջանում, կորցնել անկախ պետականությունը նշանակում է ընդամենը մի քանի տասնամյակում իջնել պատմության թատերաբեմից որպես քաղաքական ազգ։ Իսկ չդիմադրել ներկայումս մեզ պարտադրվող ռուս-թուրքական փոխհամաձայնեցված զիջումների թափանիվին նշանակում է վերածվել երշիկի նման մաս-մաս կտրտվող և Թուրքիայի ու Ադրբեջանի համտեսին հանձնվող՝ նախկին կայսրության փափուկ պոչամասի։ Մինչդեռ մենք ո՛չ անցյալի հիշողություն ենք ցանկանում դառնալ և ո՛չ էլ ներկայի զոհ։ Ուրեմն ներկա հանգրվանում` – արտաքին ընտրությունը լավ կողմնորոշման և վատ անկախության մեջ չէ, քանզի մեր դարաշրջանում ազգի քաղաքական անկախությունն ուղղակի այլընտրանք չունի. հակառակ կողմում պարզապես բնական մահն է՝ «morto naturale»-ն, – արտաքին ընտրությունն իր խորքում ոչ թե Ռուսաստանի ու Թուրքիայի միջև է, այլ պարբերաբար բախումնային էներգիա կուտակող այդ «ճոճվող քաղաքակրթություններից» բխող վտանգները քաղաքակրթական հոգեհարազատ միջավայրերի հաղորդած ազդակների ու մեխանիզմների միջոցով մինիմիզացնելու իմաստնության, – արտաքին ճիշտ ընտրությունը պահանջում է նաև ամեն գնով խուսափել նման «ճոճվող քաղաքակրթությունների» կողմից բախումնային էներգիայի կրիտիկական զանգվածի կուտակմանը հաջորդող՝ փոխադարձ ոչնչացման փուլում նրանց ոտքերի տակ ընկնելու՝ 20-րդ դարասկզբի դառը փորձառությունից։ Ուրեմն մեր անկախության 30-րդ տարում պետք է վերջնականապես դեն նետենք գլոբալացող աշխարհում անկախության կորստյան գնով անվտանգության ապահովման մասին սին պատրանքները և ազգովի կատարենք միակ, բայց պարտադիր քայլը՝ մեր ներքին կամային ընտրությունը, այն է՝ վերականգնենք մի կողմից՝ մեր ժողովրդի ֆիզիկական գոյության վրա կախված սպառնալիքից, իսկ մյուս կողմից՝ անկախության ու ինքնիշխանության կորստի վտանգից մեզ երաշխավորող անկախ պետականության ողնաշարը։ Նախկինում համոզված էինք, որ դա հայոց ազգային բանակն է, բայց վերջին պատերազմը ցույց տվեց, որ այն ազգային չէ, առնվազն իր հրամանատարական կազմի վերին շերտով։ Էլ ավելի ապազգային նպատակներ են գեներացվում Հայաստանի «քաղաքական դաշտում», որտեղ ծավալվող մրցակցությունը մնացել է հետխորհրդային Հայաստանում հիմնական ներքաղաքական կռվանի դերը խաղացած «դաբրոյի» համար պայքարի ճահճում։ Ուրեմն հայոց անկախ պետականության ողնաշարը՝ որպես ինստիտուտ, դեռևս երազանքի ոլորտում է, ուստի մնում է մեկ տարբերակ՝ ազգը համախմբող քաղաքական պրոցեսի հունավորումն իբրև գործընթաց-կառույց։ Մեր նորօրյա անկախության հիմնական ողբերգությունն այն է, որ 30 տարի շարունակ անկախ պետականության ողնաշարի ձևավորման փորձերը հետևողականորեն տապալվել են՝ 1988 թ. առաջին «Ղարաբաղ» կոմիտեի փոխարեն ներդրված երկրորդ կոմիտեից սկսած մինչև հաջորդաբար զավթված պետական կառույցները կամ էլ գնդակահարված հզոր անհատները։ Ուստի հենց այստեղ է առաջիկա ամիսներին մեր ազգի առջև ծառացած հիմնական մարտահրավերը՝ ազգային-առաջադիմական-անկախական շարժման հունավորման սուր կարիքն ու հրատապ անհրաժեշտությունը Եզրակացությունը մեկն է՝ հետդարձ չկա. քաղաքակրթական նոր իրողությունների պայմաններում հետխորհրդային Հայաստանի ռեինկարնացիան բացառվում է։ Հայաստանը կա՛մ կդառնա լիարժեքորեն անկախ պետություն, կա՛մ կիջնի պատմության թատերաբեմից։ Ուրեմն՝ ազատություն կամ մահ։
ՎԷմ համահայկական հանդես, ԺԳ(ԺԹ) տարի, թիվ 2(74), ապրիլ-հունիս 2021