Հայաշխարհ

Մոռացված Հերոսներն Ու «Գրպանային» Չէգևարաները

Ու խաղային ապարատների, գովազների, տիկ-տոկ-ինսթագրամի, օլիմպիական խաղերի ու շատ և շատ ուրիշ բաների արանքում՝ Լիզպոն 5-ի տղաները մնացին մոռացված ու արհամարհված:

Արայիկ Մկրտումյան

Այսօր հուլիսի 29-ն է: Ոչ մի հատուկ բան, եթե իհարկե չգիտեք, թե խոսքն ինչի մասին է: Այսօր էլի շարունակվում է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը, ունենք զոհեր, վիրավորներ: Մեր բաժին սարսափը չի դադարում:

Ամերիկացիները որոշել են զորքերը հանել նաև Իրաքից, Աֆղանստանից արդեն հանում են, կորոնան բարգավաճում է, իսկ պատվաստվածների միջև էլ թատրոնի տոմսեր կխաղարկվեն: Հայկական ներքաղաքական դաշտում կիսատ պռատ սպառնալիքներ են, դավաճանության ապացույցներ, որ անընդհատ մեկը մյուսի մասին տարածում է: Քաղաքապետ Հայկ Մարությանը դեմ է, որ իր աշխատավարձը բարձրացվի…է՞լ ինչ, ախ հա, շատ կարևոր սուպեր մեգա տեղեկատվություն այն մասին, որ երթուղայինների վարորդներին կարգելվի վարորդի խցիկը զարդարել փայլուն սկավառակներով, խաչերով, աչքի հուլունքներով, փափուկ խաղալիքներով ու դա ևս մեկ ապացույց է այն բանի, որ իշխանության ներկայացուցիչները սատանայապաշտներ են: Դե գոնե ընդդիմադիրներն այդ կարծիքին են:

Հայաստանը պատրաստվում է նախագահել ՀԱՊԿ-ում, սա կարելի է սև հումոր համարել, հաշվի առնելով իրականությունը:

Ու նաև ևս մեկ ապացույց է գտնվել, այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը միաժամանակ ռուսական, թուրքական, ամերիկյան, բրիտանական, ֆրանսիական, հրեական հատուկ գործակալ է…

Հա, մեկ էլ 20 տարեկանը լրացած նորաթուխ շատ երիտասարդներ իրենց պարտքն են համարում հայրենասիրական խրատներ կարդալ բոլորի գլխին ու լուտանքներ թափել, սպառնալ, որ մենք բոլորս պատասխան ենք տալու ամեն ինչի համար: Ճիշտ է այդ ամենն անում են հիմնականում Երևանում նստած, սուրճը սեղանին, պաղպաղակով ու շոգից բողոքելով, բայց մեկ է, նրանք շատ բարկացած են, եկեք լայքենք ու անցնենք, քանի ավելի չեն կատաղել:

Իսկ եթե լուրջ, ցանկանում եմ խոսել հուլիսի 27-ի մասին: Ոչ 2021-ի այլ, 1983-ի երբ Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքում հինգ հայ երիտասարդներ պայթեցրեցին թուրքական դեսպանատունը, բողոքելով աշխարհի լռության դեմ և կրկին բոլորը հիշեցին 1915թ. սարսափների մասին և ըստ էության այդ երիտասարդներն իրենց կյանքի գնով թարմացրին Հայոց Ցեղասպանության հարցը:

Հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած երիտասարդների գործունեության հետևանքով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը պոկվեց մեռյալ կետից ու առաջ շարժվեց:

Հիմա գլխավոր հարցը՝ ինչո՞ւ չհիշեցին Լիսաբոնյան հնգյակին: Չէ, որ հենց երեկ նրանց տարեկից զինվորը նռնակը ձեռքում սպասել էր, որ եթե թշնամին մոտենա, ապա պայթեցնի և՛ իրեն, և՛ թշնամուն: Մի՞թե չենք հասկանում, որ նրանք երկուսն էլ նույն կերպարներն են: Չէ՞ որ 2020թ. պատերազմի ժամանակ մենք տեսանք այդ նույն համառությունն ու անձնազոհությունը ու դա տեսնում ենք հենց այսօր, երբ արդեն երեք օր է, ինչ նույն անձնազոհությամբ կագնած են հենց նույն թուրքի առաջ:

Բայց լիսաբոնյան հնգյակին գրեթե հիշող չեղավ: Միայն անհատ մարդիկ, այն էլ իրենց էջերում: Մինչդեռ ո՛չ միայն պիտի հիշվեին, այլև հիշվեին շատ ավելի ուժեղ ու շռնդալից  կերպով:  Որովհետև հենց այսօր մեզ առավել քան պետք են այդ կերպարները, որովհետև այսօր սահմանին կանգնած զինվորի թիկունքում կանգնած են նաև լիսաբոնյան հերոսները:

Ինչո՞ւ չենք հիշում: Ինչո՞ւ չենք քարոզում նրանց ամեն օր ու ամեն տեղ: Վախենո՞ւմ ենք, թե այլևս պետք չեն մեզ: Չէ որ ամեն օր կանգնում ու հառաչում ենք, որ մեզ նժդեհներ են պետք: Ի՞նչ ենք անում, բացի Նժդեհին կիսատ պռատ ցիտելով:

Վախենում ենք, որ մեզ կհամարեն ահաբեկչություն քարոզո՞ղ, թե բրենդինգով պայմանավորված, լիսաբոնյան հնգյակն այլևս ակտուալ չէ:

Ու հենց այդտեղից սկսվում է մեր գլխավոր խնդիրը: Որովհետև այս տրամաբանությունը ենթադրում է, որ մի որոշ ժամանակ անց չեն հիշվելու այսօրվա հերոսները: Իսկ դա մեր պատմական ամնեզիան է, հոգեբանական փակուղին, երբ մենք մոռանում ենք հենց մեզ:

Լիսաբոնյան հնգյակի մասին պիտի խոսվեր որպես պայքարի խորհրդանիշ: Այդ տղաները՝ Վաչե Տաղլյան, Սեդրակ Աճեմյան, Սիմոնի Յահնիյան, Արա Քրջլյան և Սարգիս Աբրահամյան, իրենք իրենց զոհեցին, որ հայության ու մարդկության դեմ գործված հանցանքը չմոռացվի, որ ճանաչվի, դատապարտվի, մինչդեռ նրանց հիշեցին հիմնականում անհատ մարդիկ ու մի քանի էջեր:

Իսկ չէ որ այսօր մենք ցեղասպանության մասին խոսում ենք, վրդովում ենք, պահանջում ենք, դատապարտում ենք, բայց մեր մտքով չի էլ անցնում, որ ցեղասպանության մասին կարող է չհիշեինք էլ, եթե չլինեին լիսաբոնյան տղաները:

Քարոզարշավի ժամանակ կուսակցությունները կոկորդ էին պատռում «վասն հայրենյաց», բոլորը խոսում, խոսում, անընդմեջ խոսում, գրում, պահանջում, արժեվորում…ու նրանցից գրեթե ոչ ոք չհիշեց նրանց, բայց չէ որ տղաները իրենց կյանքը տվին՝ աշխարհի հիշողությունը թարմացնելու համար:

Չլինի՞, թե այս դեմոկրատական հեղեղի տակ մնացած ու գրպանի, այսպես ասած ծալովի Չէ Գևարաները միայն խոսում են խոսելու համար: Իսկ գուցե այս դեկորատիվ փրկիչները վախենում են, որ իրենց չնչին, կենցաղային քաղաքական նպատակներն ու «հայրենասիրությունը» վտանգի տակ կհայտնվի, եթե ինչ որ դեմոկրատ համարի, որ լիսաբոնյան հնգյակը ահաբեկչական էր ու նրանց մասին խոսողը նույնպես կհամարվի ահաբեկիչ:

Ինչ որ բան այն չէ ու դա՝ հաստատ: Մշակութային շոկի մեջ ենք գտնվում և՛ ազգովի, և պետականորեն: Այլևս չենք հասկանում, թե ում պարտավոր ենք հիշել, իսկ ում՝ կարող ենք մոռանալ:

Ու խաղային ապարատների, գովազների, տիկ-տոկ-ինսթագրամի, օլիմպիական խաղերի ու շատ և շատ ուրիշ բաների արանքում՝ Լիզպոն 5-ի տղաները մնացին մոռացված ու արհամարհված:

Վախենամ, որ տարիներ անց մենք այսօրվա հերոսներին էլ չհիշենք: Չէ՞ որ տվյալ պահին հնչող ակտուալ աղմուկն ավելի հաճելի է:

Լիլիթ Հովհաննիսյանի տեսահոլովակը հինգ օրում 675 հազարից ավել դիտում ունեցավ: Երանի թե այդ թվի չնչին մասն իսկ ուղղված լիներ լիսաբոնյան հնգյակին:

Շոկ է, բայց նույնիսկ այսօր, երբ սահմանին ամեն օր զոհ ու վիրավոր ունենք, Երևանում շատերն ապրում են բավական ուրախ, զվարթ ու կարծես, թե նրանց չի էլ վերաբերվում սահմանային վիճակը, ՀՀ քաղաքական կիսամեկուսացված դրությունն ու ՌԴ-Թուրքիա, տարածաշրջանն իրար մեջ անդամահատելու դամոկլյան վտանգը:

Հասկանում եմ, լիսաբոնյան հնգյակը ուրախ թեմա չէ, ինչ որ մեկի ամուսնալուծության նման գովազդված կամ նոր ու հիմար տեսահոլովակի նման եկամտաբեր ու գարշելի չէ ու գուցե հենց այդ պատճառով է, որ «վասն հայրենյաց» ճղճղացողների ձայնը միանգամից կտրվում է, երբ ստիպված պիտի լինեն կոշտ ու անմարս թեմաների անդրադառնալու:

Իսկ լիսաբոնյան տղաներն այսօր ապրում են մեզ հետ ու մեր մեջ: Նրանք սահմանում կանգնած ամեն զինվորի հոգու մի մասնիկն են ու սրտի մի խփոցը ու այնպես ինչպես 1983-ին, այնպես էլ դրանից առաջ ու հետո հայ երիտասարդը պատրաստ է ընկնել, որ մենք շարունակենք ապրել, հիշել, գնահատել, չմոռանալ, պահանջել, տեր կանգնել…

Միայն թե, նրանք թող ներեն մեզ մեր այս երախտամոռության ու չնչին հոգսերի տակ կռացած չնչին կերպարաների համար:

Խաղաղություն ու փառք հանուն հայրենիքի կանգնած բոլոր բոլորին:

Խաղաղություն մեզ, Հայաստանին ու աշխարհին:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *