Հայաստանի Ինքնիշխանութիւնը իւրայատուկ հնչեղութիւն կը ստանայ իր լիիրաւ գործընկերոջմով՝ Հզօր Սփիւռքով։
Մտորումներ Սփյուռքի Շուրջ
Մենք մշտապես շեշտել ենք Սփյուռքի կարևորությունը և բավարարվել անորոշ նախադասություններով: Սփյուռքի կարևորությունը գումար խնդրելուց այն կողմ չի անցել ու մեր «Սփյուռքասիրությունը» մշտապես կախված է եղել հենց նույն Սփյուռքից ստացված գումարների չափից: Ու քանի որ այդ գումարների մեծ մասը գրպանվել է և տեղ չի հասել, հասարակ հայաստանցու համար Սփյուռքը քիչ քիչ դադարել է մշակութային առումով հարազատ լինելուց:
Եթե մենք մի քիչ ավելի լուրջ մոտեցում ցուցաբերեինք այդ հարցին որպես պետություն, ապա Սփյուռքը ոչ թե բեռ ու մտահոգություն կդառնար, ինչպես ոմանք այսօր են փորձում ներկայացնել, այլ Սփյուռքը կդառնար ՀՀ-ի գլխավոր գործընկերը ողջ աշխարհում, կդառնար ամենակարևոր տնտեսական, գիտական դաշնակիցը:
Բայց… ունենք այն ինչ ունենք և այսօր հրամայական է նոր ու լուրջ մոտեցում ցուցաբերել այս հարցին: Կան բազմաթիվ առաջարկություններ ու ծրագրեր: Ահա դրանցից առավել հետաքրքրականներից մեկը:
Յարութ Գալայճեան
Հայոց Ցեղասպանութեամբ մեր ժողովուրդին պարտադրուեցաւ ցիր ու ցան սփիւռք մը, որ 75 տարիներու կտրուածքով կատարեց իր պատմական սրբազան առաքելութիւնը հայապահպանման վիթխարի ջանքերով, Հայ Դատի հետապնդման սխրանքներով եւ իր աչքերը Եռագոյնին միշտ սեւեռած պահելու վճռակամութեամբ։
Եւ սակայն, Հայաստանի անկախացումէն ետք եւ 30 տարի՝ Սփիւռքը հետզհետէ դրսեւորեց ներքին յոգնածութեան նշաններ եւ երբեմն ալ հայրենիքի նկատմամբ անհասկանալի յարաբերութիւններ, որովհետեւ՝ ոչ Հայաստանը եւ ոչ ալ Սփիւռքը ի վիճակի եղան կազմակերպչական նոր պատշաճեցումներով եւ փոխադարձ հասկացողութեամբ գործընկերութեան նոր տարազ մը իրականացնել։
2018-ի Յեղափոխութեամբ ժողովրդավարականացած Հայաստանը պարտաւոր է իր յատուկ ուշադրութեան առարկան դարձնել Սփիւռքը եւ համակարգային փոփոխոթիւններով զայն վերածել Հայաստանեան Մնայուն Արժէքի։
Ժամանակն է նաեւ, որ Սփիւռքը ներքին հոգեփոխութեամբ մը դուրս գայ կուսակցական հովանաւորակչականութենէն եւ ընդունի Հայաստանի վերահսկողութիւնը յատկապէս կրթամշակութային եւ ընկերատնտեսական ոլորտներուն մէջ։
Մէկ խօսքով, Հայաստանի Ինքնիշխանութիւնը իւրայատուկ հնչեղութիւն կը ստանայ իր լիիրաւ գործընկերոջմով՝ Հզօր Սփիւռքով։
Սփիւռքը պիտի դառնայ Հայաստանին ուղեղուժ եւ տնտեսական ներդրումներ մատակարարողը. իսկ Հայաստանը՝ անոր հզօրացման Արիւնատար Երակը։