Հայաստան

Ո՞ւր են Հայաշունչ Ֆիլմերը

Նման կերպ շարունակելու պարագայում մենք մի քանի տասնամյակ հետո գուցե վախով նկատենք, որ Դավիթ Բեկը վերածվել է ինչ որ թուրք զորավար «Դավութ Բեգի», իսկ Մխիթար Սպարապետը՝ ադրբեջանցի խիզախ հրամանատար «Մուխթար Սերասկյարի»:

Արայիկ Մկրտումյան

Ազգային դաստիարակության մասին խոսելիս մենք բախվում ենք երկու խոշոր խնդրի՝

  1. Ազգային թեմաների մատուցման հնաոճ սկզբունքը
  2. Օտար թեմաների չափից ավելի շատ առատությունն ու տարածումը

Ամերիկա չեմ հայտնագործի, եթե ասեմ, որ այսօր ՀՀ տարածում ցուցադրվող ու հասանելի ֆիլմերի, մուլտֆիլմերի, գրքերի ու հաղորդումների, սեմինարների, քննարկումների մեծ մասն ուղղակի ոչ մի կապ չունի Հայաստանի հետ:

Հայաստանում ֆիլմեր հիմնականում դիտում են ռուսական կայքերում, ռուսերենով, ավելի քիչ թվով մարդիկ դիտում են ամերիկյան կամ անգլիական հայտնի սերիալներ ու ֆիլմեր: Կա՛մ անգլերենով, կա՛մ ռուսերենով:

 Հեռուսատեսությամբ ցուցադրվող ֆիլմերի ու սերիալների 90 տոկոսը ոչ մի կապ չունի Հայաստանի հետ: Գեղարվեստական ֆիլմերը 95 տոկոսը չգիտես ինչու ցուցադրվում է ռուսերենով: Թարգմանվում են հիմնականում սերիալները, որոնք ունեն հնդկական ու լատինաամերիկյան ծագում: Վերջին տարիներին շատացել են հայկական արտադրության սերիլաներն ու հումորային սիթքոմերը, որոնք շատ հաճախ ոչ մի յուրահատուկ բան չունեն ու ինքնատիպ չեն, մեծ մասամբ կրկնում են ռուսական ու արևմտյան ֆիլմերի ու հեռահաղորդումների նյութը:

Նույնն է մուլտֆիլմերի պարագայում: Նույնն է գրականության ու սեմինար-քննարկում-ֆորումների պարագայում:

Գրվում են ամեն տեսակ գրքեր, որոնց մեծ մասը լոկալ ու անձնական թեմաներով են, իսկ նրանք, որոնք Հայաստանի մասին են, ապա հայաշունչ չեն:

Ամեն անգամ այս թեման բարձրացնելիս մենք հանդիպում ենք մի քանի տարածված կարծիքների, որ «մենք այդքան փող չունենք, որ հայկական Գլադիատոր նկարենք», «մարդիկ սիրում են հնդկական ու հայկական սերիալները», «Հայաստանում նորմալ վիճակ չկա, որ հայկական լավ մուլտեր նկարենք», «մարդկանց հետաքրքիր չէ»:

Իսկ ո՞վ ասաց, որ մարդկանց հետաքրքիր չէ, կամ որ մարդիկ ազգային թեմայով ֆիլմի փոխարեն նախընտրում են հնդկական սերիալ նայել: Դա կեղծ ու անբան կարծիք է: Ի՞նչ է մատուցվել մարդկանց: Այդ ե՞րբ ազգային թեմաներով մուլտերն ու ֆիլմերը չընդունվեցին:

Վիճակը պարզ է: Չեն նկարվել, դրա համար էլ մարդիկ չեն նայում: Չեղածի ի՞նչը նայես: Նկարահանվել են միայն մի քանի ֆիլմեր ինչպես օրինակ Գարեգին Նժդեհը, Կյանք ու կռիվ և ևս մի քանի բան, կամ մուլտֆիլմերից՝ կոմեդիայի ժանրում «Անահիտը»: 7-8 տարի տևեց մինչև հասարակությանը ներկայացրին Սասունցի Դավթի մասին մուլտֆիլմը:

Կարող եմ հաստատ ասել, որ շատ շատերը մեծ հաճույքով են դիտել հայկական այդ ֆիլմերն ու մուլտֆիլմերը և էլի մեծ հաճույքով կդիտեն, եթե լինի: Նաև կկարդան հայաշունչ գրքեր: Ու եթե չեն կարդում կամ դիտում հայկական ու հայաշունչ գրքեր ու ֆիլմեր, ապա դա այն պատճառով, որ դրանք ուղղակի չկան:

Իսկ ինչո՞ւ չկան: Այդ հարցն ունի բավական տհաճ պատասխան: Փող չկա, կամ էլ այնքան եկամտաբեր չէ, որքան կոմեդիաներն ու սերիալները:

Արտադրողները նախընտրում են նույն կենցաղային թեման ծամեն-ծամծմեն սերիալներում, կոմեդիա ֆիլմերում, որոնք դրանք համեմատաբար էժան են և լավ փող են բերում, իսկ պատմական որևէ ֆիլմ նկարահանելու համար ավելի մեծ բյուջե է անհրաժեշտ ու նորմալ դերասանական կազմ ու տեխնիկա: Սերիալային դերասաններից շատ շատերը կնախընտրեին խաղալ հայաշունչ ֆիլմերում ու երբ առիթ է լինում, նրանք շատ լավ են իրենց դրսևորում այդ պարագայում: Բայց միևնույն է, ֆիլմերը չկան: Բիզնեսմենի համար հայրենիքը լավն է, եթե փող է բերում: Բայց Հայաստանում նույնիսկ այն չեն հասկանում, որ կարելի է նորմալ հայաշունչ մի բան նկարահանել ու համ բնակչությանը որակով ֆիլմեր մատուցել, համ էլ փող աշխատել: Նրանք արդեն սովորել են, որ կարելի է սիրո մասին հերթական անորակ սերիալը նկարել մի քանի տարի շարունակ ու շատ լավ գիտեն, որ մարդկանց մի մեծ մասը շարունակելու է դա դիտել, որովհետև ուրիշ բան չկա:

Այդ երբվանի՞ց Հայաստանում հնդկական մշակույթը դարձավ այդքան սիրելի ու գերագահ հայկականի նկատմամբ: Այն պահից սկսած, երբ հնդական սերիալներով հեղեղեցին հայկական հեռուսաալիքները:

Իսկ մենք տեղյա՞կ ենք, թե ինչ է կատարվում մեր հարևան Թուրքիայում, Ադրբեջանում: Տեղյա՞կ ենք, թե ամեն տարի քանի պատմական ֆիլմ ու սերիալ են նկարահանում նրանք ու սեփական բնակչությանը զինում ազգային ինքնագիտակցությամբ, քանի դեռ Հայաստանում նույն դերասանները դեմքի նույն արտահայտությամբ ու նույն նախադասություններով մի սերիալից անցնում են մյուսը:

Վստահ եմ, որ բոլորս էլ տեսել ենք հայկական ապրանքանիշների կամ Հայաստանում գործունեություն ծավալող բրենդների գովազդները: Դրանք շատ մեծ որակով են, հրաշալի լուսավորությամբ, ընտիր ռեկվիզիտով ու բավական որակյալ անիմացիայով: Այսինքն ի՞նչ է ստացվում՝ լավ ֆիլմ ու մուլտ չենք կարողանում նկարահանել, իսկ լավ գովազդ կարողանում ենք:

Պարզ է, որ այստեղ հնարավորության հարցը չէ, այլ ցանկության: Նաև պարզ է, որ ցանկության դեպքում հայերը ևս կարող են հրաշալի ֆիլմեր ու մուլտֆիլմեր նկարել: Բայց չեն անում: Որովհետև դրանից միանգամից փող չի գալիս, որովհետև անորակ ու էժան զիբիլ արտադրելն ավելի ձեռնտու է: Ավելի ձեռնտու է դերասաններին ամեն սերիայի համար 5-20 հազար դրամ տալ ու եթեր զբաղեցնել, այդ աղբը մատուցել հասարակությանն ու գերշահույթ ստանալ, քան թե փորձել իրոք հայաշունչ մի բան ստեղծել:

Լուսահոգի Արտակ Մովսիսյանը մեծ ջանքերի գնով կարողացավ մի քանի փաստավավերագրական ֆիլմեր ստեղծել՝ «Տիգրան Մեծ», «Արտավազդ», «Հռոմից հին մայրաքաղաքը» և այլն: Այդ ֆիլմերը հազարավոր մարդիկ են դիտել, շատ են հավանել և երազանքով ասում են, երանի էսպես բաներ շատ լինեին:

Թուրքական ընկերություններն իրար հերթ չտալով նկարահանում են ֆիլմեր ու սերիալներ ու թուրքական տարրը հասցնում մինչև երկինք: Նրանք իրենց ֆիլմերում թուրքերին ներկայացնում են ազնիվ, խիզախ, պայքարող, նրանք ֆիլմերում այնպես քարոզ են անում, որ թուրքը իրեն հպարտ զգա թուրք լինելու համար: Ես դիտել եմ այդպիսի մի քանի ֆիլմեր և պետք է ասեմ, որ դրանք բավական տպավորիչ են:

Դուք դեռ զարմանո՞ւմ եք, թե ինչու են թուրքերը մեզ հաղթում:

Ու ամենացավալին այն է, որ հայոց պատմական թեմաներով ֆիլմերի մեծ մասը նկարահանվել է ապազգային համարվող ԽՍՀՄ-ում: Թեև այդ ֆիլմերի մեծ մասը այնքան էլ արդարացիորեն չի ներկայացնում պատմական իրադարձությունները, բայց ամեն դեպքում հայերը Դավիթ Բեկին ու Մխիթար Սպարապետին էկրանի վրա տեսնում են միայն խորհրդային ժամանակվա ֆիլմերում: Սա նորմա՞լ է:

Ո՛չ: Նորմալ չէ: Մենք շարունակում ենք հենց հիմա էլի ու էլի կորցնել ու կորցնել: Կորցնել ժամանակը, մշակույթը: Հիմա Դավիթ Բեկի մասին ինչո՞ւ ֆիլմ չի նկարահանվում: Ախ հա՜, երևի այն պատճառով, որ հայերը հնդկական սերիալներ շատ են սիրում:

Հիմա, երբ Արցախի մի մեծ մասը կորցրել ենք ու վտանգ է սպառնում Սյունիքին, փոխանակ գոնե մի կարճ անիմացիա նկարեն Սյունիքի պահապան Դավիթ Բեկի ու Մխիթար Սպարապետի մասին, գոնե մի տեսահոլովակ, շարունակում են իրենց քրեա-օլիգարխիկ սերիալներն ու հիմար հումորային էժանագին շոուները, մինչդեռ թուրքերն ու ադրբեջանցիներն իրենց բնակչությանը համոզել են, որ Արցախն ու Սյունիքը իրենց դարավոր հայրենիքն է:

Մենք ինչ որ ընդարմության մեջ ենք, մեզ ինչ որ բացառիկ կուրություն ու խլություն է պատել: Նման կերպ շարունակելու պարագայում մենք մի քանի տասնամյակ հետո գուցե վախով նկատենք, որ Դավիթ Բեկը վերածվել է ինչ որ թուրք զորավար «Դավութ Բեգի», իսկ Մխիթար Սպարապետը՝ ադրբեջանցի խիզախ հրամանատար «Մուխթար Սերասկյարի»:

Մենք պատրա՞ստ ենք դրան: Պատրա՞ստ ենք կորցնել նախ մեր տարածքը, իսկ հետո նաև մեր հիշողությունները:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *