Քանի՞ ազգ ու ժողովուրդ կա, որը կարող է հետ նայել ու իր հետևում ոչ թե ինչ որ ՄԱԿ-ից տրված ծննդյան վկայական կամ բոլշևիկների կողմից հիմնադրված պետական գրանցում տեսնել, այլ հազարավոր տարիների մեծ ու խորը պատմություն, որի ամեն օրն ու ժամը նույնիսկ իր անունն ու պատմությունն ունի:
Արայիկ Մկրտումյան
Մի քանի օր առաջ՝ օգոստոսի 11-ին լրացավ հայոց բուն թվականը: Հիմա, ըստ հայոց օրացույցի, մենք դիմավորեցինք 4513-րդ տարին:
Ըստ ականավոր Ղևոնդ Ալիշանի հաշվարկների, Հայկ և Բելի պատերազմը տեղի է ունեցել մ.թ.ա. 2492թ.-ին, երբ Հայկը սպանեց Բելին և այդ տարեթիվը համարվում է հայ ժողովրդի հիմնադրման տարեթիվը: Այսինքն, ըստ Ալիշանի հաշվարկների, այժմ հայոց 4513-րդ տարեթիվն է: Ամսվա անունն է Նավասարդ, այսօր օգոստոսի 14-ն է, որի հայկական անունն է Վանատուր, օրը շաբաթ է, հայոց անվանմամբ Երևակի օր(հայերը Երևակ են անվանում Սատուռն մոլորակին):
Հին հայերը ոչ միայն ամիսների ու օրերի, այլև ժամերի սեփական անուններն ունեին՝ օրինակ առավոտյան ժամը 6-ի անունն է Այգ, ցերեկվա ժամանուններից են՝ 12:00-ը՝ Շանթատկող, 13:00-ը՝ Հրակաթ: Եվ իրոք: Ցերեկը ժամը 13:00-ին, հատկապես ամռանը, երկնքից ասես հուր է թափվում, իսկ 14:00-ի անունն է Հուրփայլայլ, երբ երկնքում փայլում է կրակե արևը: Իսկ երեկոյան 20:00-ի անունն է Մթացեալ, կամ Մթացյալ:
Հրաշալի է այնպես չէ՞: Ունենալ սեփականը, ամեն ինչի սեփականն ու չկրկնվողը, հայկականը, իսկական, յուրահատուկ…
Հին հայերը հիմար մարդիկ չէին և ամեն ինչ շատ լավ էին պատկերացնում, տիեզերքն էլ, անուններն էլ: Նրանք նաև լավ էին պատկերացնում, թե ասենք ինչպես սեփական երկիրը չկործանել: Համեմատեք պատմությունը և տեսեք, թե ինչ են արել Հայաստանի հետ հին հայն ու նոր հայը:
Բայց դա մի կողմ, այսօր ուզում եմ խոսել Հայոց Նավասարդի ու դրա նշանակության մասին: Ցավոք, ես տոմարագետ չեմ և գուցե ասածս անունների ու թվերի մեջ որոշակի անհարթություններ լինեն, բայց վստահ եմ, որ պետք եղած դեպքում տոմարագետները ամբողջովին կվերականգնեն, բոլորիս կներկայացնեն մեր հայոց անունները:
Աշխարհում քանի՞ պետություն կա, որի ժողովուրդը կարող է հպարտանալ նման պատմությամբ ու մշակութային ամրությամբ: Քանի՞ ազգ ու ժողովուրդ կա, որը կարող է հետ նայել ու իր հետևում ոչ թե ինչ որ ՄԱԿ-ից տրված ծննդյան վկայական կամ բոլշևիկների կողմից հիմնադրված պետական գրանցում տեսնել, այլ հազարավոր տարիների մեծ ու խորը պատմություն, որի ամեն օրն ու ժամը նույնիսկ իր անունն ու պատմությունն ունի:
Այս ողջ հրաշալիքից ստացվող հրճվանքն ու ակնածանքը կարելի է համատել այսօրվա խայտառակ մոռացման հետ միայն: Շատ քչերը հիշեցին, որ մենք ունենք սեփական ամանոր, ունենք սեփական տարեգրություն, ունենք սեփական անուններ:
Էլ ավելի քչերը հիշեցին, որ մինչև հուլյան տոմարով հունվարի 1-ին պարտքով գնած խոզի բդով կերկոխ լինելուց ու հրեշավոր քանակով ստամոքսի խանգարման հասնելուց առաջ(դրան մենք նոր տարի ենք ասում) մենք հազարավոր տարիներ նշել ենք մեր սեփական ամանորը և շատ լավ գիտակցել ենք, թե ինչու ենք հենց այդ ժամանակ նշում:
Իհարկե ես չեմ առաջարկում մի կողմ դնել ժամանակակից աշխարհն ու միայն հայկական անուններն ու սկզբուքները կիրառել: Դա շիլա-շփոթ կդարձնի մեր ներկան ու մեզ կխճճի ժամանակային անոմալիաների մեջ: Ո՛չ, ես չեմ առաջարկում զբաղվել ցնդաբանությամբ, այլ ցավում եմ, որ մենք, որ այդքան մեծ շուքով ենք նշում ինչ որ Վալենտինի սիրային տոնը, խելագարված նշում ենք մեզ հետ ընդհանրապես կապ չունեցող Հելլոինը, լրիվ մոռացել ենք ազգային տոների մասին: Ազգային տոներից գրեթե ոչինչ չի մնացել: Հավանաբար միայն Վարդավառը, որը ջուր ցողելու փոխարեն դարձել է կատաղի ջրոցի, որն ամեն տարի ավարտվում է ծեծկռտուքներով ու վիճաբանությամբ: Այս տարի օրինակ, «ջրոցի» խաղալու հետևանքով անչափահասը դանակահարել էր մի քանի տարի իրենց մեծ տղայի՝ ջրել-չջրել թեմայի պատճառով:
Շնորհավոր արյունոտ Ջրոցին:
Այս տարի ևս պետական մակարդակով ոչինչ չկազմակերպվեց Հայոց Նավասարդի հետ կապված: Մենք մեզ չշնորհավորեցինք:
Չնայած զարմանալի էլ չի: Մենք այնպես ինչպես խելագարված դիտում ենք Մարվելի ֆիլմերը Կանաչ մկանուտ հրեշի(Hulk) ու այլմոլորակային Գերմարդու մասին(Super Man) և ուրախությամբ մեզ արյունոտ ենք ներկում, ուրվականի ու զոմբիի դեր ենք տանում Հելլոինի օրերին, նույնքան անտարբեր ենք հայկական տոների ու հայկական ավանդույթների մասին: Հայ երիտասարդներն այսօր լավ գիտեն Թորի, Օդինի, Վալհալլայի մասին ու գրեթե ոչինչ չգիտեն Աստղիկի, Տիրի, Միհրի մասին: Նորմալ է, բրենդինգ է՝ ամերիկացիները գովազդեցին ու տարածեցին սկանդինավյան աստվածներին, մենք չգովազդեցինք ու չտարածեցինք հայկական աստվածներին ու հենց այդ պատճառով էլ հայերը կնշեն ամերիկյան տոները, իսկ ամերիկացիները չեն նշի հայկական տոները:
Որովհետև նույնիսկ հայերը նորմալ գաղափար չունեն այդ տոների մասին, ուր մնաց ամերիկացին:
Ու սա ոչ միայն էքզիստենցիալ տառապանք է, այլ պետական ներ ու արտաքին հիմար ու անգրագետ քաղաքականության արդյունք:
Ինչո՞ւ երբևէ պետական մասշտաբով Նավասարդ չի նշվել, որպես հին հայկական տոն ու ողջ աշխարհով մեկ չեն տարածել, որ գիտե՞ք մեր ազգը տոնում է իր 4513 կամ 14-րդ տարին:
Մեր արյունասեր հարևանները առիթը չեն թողնում ասելու, որ Աստված ստեղծեց նախ թուրքերին, իսկ հետո աշխարհը, և ամեն կերպ իրենց կեղտոտ կեղծիքը հասցնում են մշակութային կառավարման աստիճանի, իսկ մենք ծուլանում ենք, գոնե տարին մեկ անգամ ասել , որ այսօր Ամանոր է հայեր, այսօր ՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՆԱՈՐՆ Է:
Ամեն անգամ, երբ ողջ աշխարհով նորություններում ասում են, որ չինացիները նշում են իրենց ամանորը և աշխարհում շատ շատ զբոսաշրջիկներ պատրաստվում են գնալ ու մասնակցել այդ հրաշալի տոնախմբությանը և իրենց զգալ հին ու իմաստուն աշխարհի մի մաս, մեկ օրով կտրվել ձանձրալի առօրյայից, մենք նայում ենք ու ասում ենք, հա՛, մենք էլ հայկական նոր տարին ունենք, հետո ինչ, որ չենք նշում:
Ամեն անգամ, երբ աշխարհում հազարավոր մարդիկ գնում են Հռոմ, Վենետիկ ու Բրազիլիա, Արգենտինա՝ ամենամյա դիմակահանդեսի ու պարահանդեսի մասնակցելու, մենք նայում ենք ու ասում ենք, էս հեչ, մենք էլ մեր Վարդավառն ունենք: Ամեն անգամ երբ ողջ աշխարհը նշում է Հելլոինը, մենք ասում ենք, պա՜հ, զարմացրիք, մենք էլ մեր Բարեկենդանն ունենք(որը չենք նշում), իսկ քանի որ սերը քաղցր բան է, մենք նշում ենք և՛ Սուրբ Սարգիսը և Վալենտինը:
Իսկ ի՞նչն է խանգարում, որ մենք մեր հայկական տոները նշենք: Երևի այն, որ չգիտենք, կամ տրամադրություն չունենք, կամ էլ մտածում ենք, որ դա ինչ որ հետամնաց բան է:
Մե մշակութային զենքերը ահա ժանգոտվում են մոռացության պատյանում արդեն շատ շատ տարիներ:
Մենք քիչ քիչ կորցնում ենք ոչ միայն մեր ներկան, այլև անցյալը:
Օրուելն ասում էր. «Ով վերահսկում է անցյալը, վերահսկում է ապագան. ով վերահսկում է ներկան, վերահսկում է անցյալը»
Հասկանո՞ւմ եք ինչ նկատի ունեմ: Գրողը տանի մենք հիմա կարող ենք մոռացության դասեր տալ ցանկացած հիշողության սարքավորման: Թե ինչպես մոռանալ ամեն ինչ:
Իսկ մի ժամանակ մենք ոչ միայն չէինք մոռանում մերը, այլև սովորեցնում ու պաշտպանում էինք ուրիշներին:
Մի քանի օր ուշացումով շնորհավորում եմ աշխարհում ապրող բոլոր հայերին՝ հայոց Նավասարդի առիթով: Թող մեր հազարամյա պատմության այս տարին լինի ավելի հայկական, ավելի հայամետ:
Հայքն ու հայոց աստվածները պահապան բոլորին: