Բայց քանի դեռ ՀՀ ԱԺ-ում իրար վրա շշեր շպրտելուց բացի ավելի արդյունավետ ոչինչ չի կատարվում, ապա այս ամբողջ թեման, գոնե ներկա դրությամբ անհուսալի բան է:
Արայիկ Մկրտումյան
Քանի դեռ ՀՀ Ազգային Ժողովում շարունակում են իրար շշերով ծեծել ու հայհոյել, մենք փորձենք ավելի կարևոր հարցերին անդրադառնալ, քան փողոցային բառապաշարն է ու պատգամավորների զզվելի պահվածքը:
Խոսքը կրկին գնում է ՀՀ սահմանների ու ՀՀ ժառանգության մասին: Մենք արդեն տասնյակ անգամներ ենք խոսել այդ հարցի մասին ու նաև անդրադարձել այն խնդրին, թե ի վերջո ո՞ր երկրի ժառանգորդն է Հայաստանի Հանրապետությունը:
Մենք այդ հարցին արդեն իսկ մանրամասն անդրադարձել ենք «Մի ծանր ժառանգության մասին» հոդվածում:
Թերևս որոշ կրկնություններ կարող են պատահել, բայց դրանք անխուսափելի են, քանի որ խոսքը գնում է մի բանի մասին, որը չարչրկվել է արդեն քանի քանի տարի ու մինչև հիմա էլ վերջնական ոչ կարծիքի չենք եկել: Քանի որ վերը նշված հոդվածում շոշափել ենք հարցի իրավական կողմը ու նշել, թե ինչու ՀՀ-ն չի կարող լինել ՀԽՍՀ ժառանգորդ իրավական առումով, այստեղ կխոսենք հանրային ընդգրկման մասին:
Ինչքան էլ որ զարմանալի է, մեր հանրությունն աչքի չի ընկնում այդ հարցերի մասին լավատեղյակությամբ ու մեր քաղաքացիների պատկերացումները սահմանազատումների ու հատկապես առաջին հանրապետության մասին, բավական լղոզված վիճակում են:
Սովորական քաղաքացիներից շատ շատերն անգամ չգիտեն առաջին հանրապետության ստեղծման պայմանների, նախադրյալների ու անհրաժեշտության մասին, ինչպես նաև մեծ մասամբ չեն պատկերացնում, թե ինչ վիճակում էր Հարավային Կովկասը 1915-1920-ականներին: Նրանց պատկերացումներով թուրքերը կոտորեցին հայերին 1915թ. ապրիլի 24-ին և 1918թ. ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը: Ոմանք իհարկե նաև գիտեն Սարդարապատի ճակատամարտի մասին և դրանով էլ ավարտվում է հանրապետության ստեղծման մասին նրանց պատկերացումները: Իսկ հետո 1920թ. բոլշևիկները գրավեցին Հայաստանը ու վերջ: Թե ինչ էր տեղի ունեցել 1918-20թթ․ ընթացքում, մնում է պատմաբաններին ու հետաքրքրված հետազոտողներին և որքան ավելի շատ են նյութերն այդ ուղղությամբ, այնքան ավելի մեծ է փաստերի աղավաղումն ու լճացումը:
Այդ հարցերի մասին անտեղյակությունից է բխում նաև մեր երրորդ հանրապետության իրավունքների մասին անտեղյակությունը: Եթե քաղաքացին չգիտե, թե իրենից ինչ է ներկայացնում 1918թ. հիմնադրված հանրապետությունը, նույն կերպ էլ չի պատկերացնում 1991թ. անկախացած հանրապետության, նրա սահմանների ու մնացածի մասին ընդհանրապես: Նույնիսկ Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը պատշաճ ուշադրությամբ չեն ներկայացվում և սովորական մարդիկ այդ պայմանագրերի մասին գիտեն միայն այն, որ «մեր հողերը ռուսը տվեց թուրքին», իսկ ավելի զգուշավորները ասում են. «Լենինը տվեց թուրքին»: Թե որ հողերի մասին է խոսք գնում, հայտնի չէ:
Հենց այդ պատճառով էլ, երբ այսօր, սահմանազատման հետևանքով առաջացած աղմուկի մեջ հնչում են հարցեր, թե ինչ հիմքերով են որոշակի տարածքներ անկլավներ համարվում և ինչի հիման վրա է ՀՀ-ի սահմանները որոշվում, հասարակության մեծ մասը տառապում է սեփական անտեղյակության պատճառով:
Խնդրին ավելի շատ տեղյակ մարդիկ փորձում են բացատրել Հայաստանի առաջին Հանրապետության ու ՀԽՍՀ-ի տարբերությունները և իրենց սեփական եզրահանգումներն են անում, որ ՀՀ-ն պիտի լինի ոչ թե ՀԽՍՀ-ի, այլ առաջին հանրապետության ժառանգորդը: Բայց դա առանձնակի ոգևորություն չի առաջացնում, քանի որ հասարակ քաղաքացիներից շատերը չգիտեն, թե ինչ տարբերություն կա դրանց միջև, մինչդեռ դրանց տարբերություններն ահռելի են ու եթե ՀԽՍՀ ժառանգությունը կազմում է մերօրյա ՀՀ-ի տարածքը, որից փորձում են քերել ինչ հնարավոր է, ապա առաջին հանրապետության ժառանգությունը կազմում է բավական պատկառելի տարածքներ, ավելացրած Սևրի պայմանագիր և մի շարք այլ միջազգային պայմանագրեր ու դաշնագրեր, որոնք սակայն մնացել են ստվերում:
Միանգամայն հասկանալի է, որ թե՛ Սևրը ու թե՛ ՀՀ-ի կողմից տարվող արտաքին քաղաքականությունը չի կարող մեկ վայրկյանում ամեն ինչ իր տեղը գցել, բայց մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Ադրբեջանը հստակ ձևակերպում է իր պահանջները, իսկ մենք՝ ոչ:
Ադրբեջանը, որն իրեն հայտարարում է 1918թ. հիմնադրված Ադրբեջանի Հանրապետության ժառանգորդը, շարունակում է նաև տիրել Նախիջևանին, որն իրեն նվիրվել էր բոլշևիկա-քեմալական տանդեմի հետևանքով և Արցախն էլ պահանջում է՝ համարելով իր սուվերեն տարածքի անբաժանելի մաս՝ մոռանալով, որ Արցախի այն հատվածը, որ բոլշևիկները կոչեցին ԼՂԻՄ, ուներ ոչ թե ադրբեջանական ստատուս, այլ ինքնավար մարզի կարգավիճակ, իսկ ԼՂԻՄ-ը շրջապատող տարածքները, որ Խորհրդային Ադրբեջանի կազմում էին ու ազատագրվել էին արցախյան առաջին պատերազմի օրոք, չեն եղել Ադրբեջանի կազմում 1918թ:
Խոսքը գնում է այսպես կոչված «գրավյալ», իսկ իրականում ազատագրված տարածքների մասին, որոնք 2020թ. պատերազմի հետո նոյեմբերի 9-ի պայմանագրով հանձնվեցին Ադրբեջանին:
Եթե մենք ուշադիր լինենք կհասկանանք, որ Արցախը ոչ միայն չի պատկանում Ադրբեջանին, այլև մենք պիտի Նախիջևանը պահանջենք Ադրբեջանից ու հայտարարենք, որ Նախիջևանը ոչ թե Ադրբեջանի էքսկլավն է, այլ Հայաստանի անկլավը: Բայց քանի դեռ ՀՀ ԱԺ-ում իրար վրա շշեր շպրտելուց բացի ավելի արդյունավետ ոչինչ չի կատարվում, ապա այս ամբողջ թեման, գոնե ներկա դրությամբ անհուսալի բան է: Անհավատալի է, որ պատգամավորները, որ այս մի ամիս է, իրար հետ հաշիվներ մաքրելուց բացի ուրիշ ոչնչով չեն զբաղվում, հանկարծ դադարեցնեն այդ ողջ խայտառակությունն ու փորձեն զբաղվել պետական գործերով, այսինքն անեն այն, ինչ օրենքով իրենց պարտականությունն է, որովհետև ես մանրամասն կարդացել եմ ԱԺ-ին վերաբերվող հատվածները և գեթ մի տող չգտա, որ այսինչ դեպքում կարելի է շշով խփել, իսկ այնինչ դեպքում՝ բռունցքով: Ինչևէ, ԱԺ-ի հետ ամեն ինչ պարզ է: Վերադառնանք պետությանը վերաբերվող հարցերին:
Ընդհանրապես սահմանազատում ասվածը մեկ-երկու օր չի տևում: Սահմանազատումը կարող է նույնիսկ տասնամյակներ տևել, բայց միայն այդ դեպքում, եթե երկու կողմն էլ իրոք զբաղված են դրանով, ոչ թե միայն մի կողմը:
Ադրբեջանը հավանաբար շտապում է որքան հնարավոր է շուտ իրականացնել սահմանազատումը, դրան օրինական բնույթ տալ ու փակել այն հարցերը, որ մենք կարող ենք տալ, եթե իրոք մի քիչ լուրջ լինենք: Իսկ այդ լրջությունն իրոք մեզ անհրաժեշտ է: Անհրաժեշտ է ոչ միայն այն պատճառով, որ մենք գտնվում ենք սարսափելի ծանր վիճակում, այլև այն պատճառով, որ մենք մեր ձեռքում ունենք մի շարք հաղթաթղթեր, որոնք փոշիանում են մեր անլրջության հետևանքով:
Նորից կրկնեմ, որ Ադրբեջանը իրեն հայտարարել է իր առաջին հանրապետության ժառանգորդ, բայց վայելում է խորհրդային նվերները, Հայաստանն էլ իրեն հայտարարել է իր առաջին հանրապետության ժառանգորդ և «վայելում է» խորհրդայինից մնացած չարիքները:
Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ աշխարհում ոչ մի օրենք կամ սկզբունք չկա, որով Արցախը և Նախիջևանը պատկանեն Ադրբեջանին, ու ոչ միայն պատմականորեն ու բարոյապես, այլև օրինական հիմքերով:
Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը անօրինական են ու կեղծ:
Ադրբեջանի այսօրվա սահմանները կեղծ են ու անօրինական:
ԽՍՀՄ-ը իր ամեն ինչով կեղծ էր ու անօրինական, իսկ մենք հաշտվել ենք դրա հետ և դեռ մի բան էլ անկլավների հարցեր են առաջանում:
Նույնիսկ միջին կարգի պատմաբանն ու միջազգային իրավունքի մասնագետն էլ շատ լավ գիտե, որ կարելի է տալ հարցեր, որոնց Բաքուն, Անկարան ու Մոսկվան չեն կարող հստակ պատասխաններ տալ:
Դժվարանում եմ ասել, թե ինչու ՀՀ-ն 1991թ. սկսած չի փորձում միջազգային իրավունքներով արձանագրված սկզբունքներով պաշտպանել ինքն իրեն, մինչդեռ Ադրբեջանը հմտորեն իր կեղծիքը մատուցում է իրականության փոխարեն և մի բան էլ՝ շահած դուրս գալիս: Հավանաբար դրա պատճառը մեր ողորմելի դրությունն է, որ մեզ ստիպում է լռել, լռել, լռել ու համբերել: Բայց սա համբերություն չէ, սա արդեն մեռյալի լռություն է, սա դիակի համբերություն է: Միայն մեռածն է, որ ի վիճակի է անընդմեջ լռելու:
Եթե մենք շտապենք, գուցե և ամեն ինչ չկորցնենք: Ադրբեջանը ոչ մի իրավական հիմք չունի ո՛չ Արցախի, ո՛չ Նախիջևանի վրա: Այդ հարցերը բարձրացնելով մենք նրանց կզրկենք իրենց երազած միջանցքներից ու սահմանազատումից:
Բայց չի արվում: Չեմ ցանկանում խախտել պատշաճության սահմաններն ու ասել, որ Մոսկվան պաշտպանում է Բաքվին՝ ընդդեմ Երևանի: Բայց հաստատ կարող եմ ասել, որ Երևանի անգործությունը սարսափելի նկատելի է:
Բայց այս բոլոր հարցերի մասին կարող ենք մտածել միայն այն դեպքում, եթե մենք որպես պետություն սկսենք կայանալ: Նայեք ԱԺ-ին: Մի՞թե այս ԱԺ-ն ի վիճակի է նման հարցեր բաձրացնել: Ո՛չ:
Եվ ամենատխուրն այն է, որ հենց հիմա մեզ խանգարում են ոչ թե թուրքերը կամ ռուսները, այլ…մենք: Մենք ենք, որ իրար վրա շիշ ենք շպրտում: Մեր պատգամավորներն այնքան անլուրջ են, որ իրենց թույլ են տալիս գրեթե մեկ ամիս ոչինչ չանել իրար հայհոյելուց բացի և ահա սեպտեմբերին ամեն մեկը մոտ 700 հազար դրամ կստանա չաշխատելու, խուժանություն անելու, հայհոյելու համար:
Պատկերացնում եմ, թե ինչ կլիներ երկրի վիճակը, եթե մենք էլ բոլորով մեկ ամիս չաշխատեինք՝ չգրեինք, մեքենաները չվարեինք, հաստոցները չաշխատեին, խանութները փակվեին:
Մենք դեռևս ունենք հնարավորություն: Ունենք հնարավորություն, եթե ոչ Նախիջևանն ու Արցախը հետ բերելու, ապա գոնե Արցախի հարցի պրոադրբեջանական հեղեղը կանգնեցնելու և ՀՀ սուվերեն տարածքի անկլավները փակելու թեման: Էլ չեմ ասում միջանցքի ու մնացած մասին:
Հիմա խոսքը պատկանում է միայն ՀՀ ԱԺ-ին: