ՄԵՐ ՈՒՂԻՆ

Մամուլ՝ Մշակույթից Մինչև Քաղաքականություն. (Մաս Բ)

Ի տարբերություն արտասահմանյան հարուստ և հայտնի պարբերականների, հայկական լրագրերից շատերը հիմնականում ունենում են միակողմանի ֆինանսավորում, քիչ աշխատավարձ և ստիպված են լինում շատ հաճախ «հնարել» կամ հրահրել սկանդալային նյութ, կամ փորձել տաքացնել եղածը, որպեսզի հնարավոր լինի նյութ սարքել: 

Արայիկ Մկրտումյան

(սկիզբը նախորդ հոդվածում)

Մենք ընդհանուր գծերով փորձեցինք թեթև անդրադարձ կատարել հայկական մամուլին և այստեղ առավելապես կխոսենք հիմնականում երկու ուղղությամբ՝

  1. Ի՞նչ դեր ունի ուժեղ ու կայացած մամուլը
  2. Ինչո՞վ է զբաղված մամուլը Հայաստանում

Սկսենք առաջին կետից:

Ընդհանրապես ցանկացած քաղաքակիրթ հասարակությունում մամուլն ունի միայն իրեն հատուկ տեղն ու դերը և լրագրողի կերպարը շարունակում է մնալ խելացի, համարձակ, գրագետ, կիրթ: Լրագրողական հետաքննությունները, որոնք արվել և արվում են հատկապես Եվրոպայում և ԱՄՆ-ում, ոչ միայն ի վիճակի են եղել ուշադրություն գրավել կարևոր հարցի մասին, այլև կարողացել են լուծել հարցեր, ընդ որում կարևոր հարցեր: Շատ լավ օրինակներ կարող են հանդիսանալ թեկուզ ԱՄՆ 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնի նախագահության շրջանում կատարված դեպքերը, երբ Վիետնամի սարսափելի պատերազմի ու Ութերգեյթի մասին խոսում էին հատկապես լրագրողներն ու նրանց խիզախ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ նախ բարձրաձայնել, իսկ հետո և տարածել այդ լուրերն ամբողջ աշխարհում: Հենց լրագրողական աշխատանքն էլ այն հանգամանքներից մեկն էր, որ ԱՄՆ նախագահը ստիպված էր հրաժարական տալ իր պաշտոնից: Այդ ամենը հստակ խոսում էր այն մասին, թե ինչ կշիռ ունի հանրային կարծիքը և ինչ դեր է կատարում դրանում մամուլը:

Լրագրողներն այսօր աշխարհում ակտիվորեն զբաղված են ամենատարբեր հետաքննություններով: Հաճախ նրանց կարելի է տեսնել ամենաթեժ կետերում, ուր նրանք շարունակում են բարձրաձայնել կատարվող իրադարձությունների մասին և քիչ չի պատահում, որ լրագրողները կյանքով հատուցեն դրա համար: Օրինակ 2020թ. արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ վիրավորումներ էին ստանում հայ և արտասահմանցի լրագրողներ, որոնք զբաղված էին իրենց մասնագիտական պարտքը կատարելով և ընդ որում դրսևորելով բացառիկ քաջություն ու խիզախություն: Իսկ քանիսն են զոհվել տարբեր աղետների ու պատերազմների ժամանակ:

Լրագրողին խոչնդոտելն ու նրան վիրավորելը առանձնակի ուշադրության է արժանանում: Ամեն հարված լրագրողին, համարվում է հարված ազատությանն ու բազմակարծությանը, իրավունքին: Այսօր ողջ քաղաքակիրթ աշխարհը մեծապես ընդունում ու հարգում է լրագրողների աշխատանքն ու մամուլի դերն ընդհանրապես:

Եթե վերադառնանք Հայաստան ու փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում այստեղ, ապա կարող ենք նշել, որ կան բազմաթիվ բացեր, որոնք հեռացնում են լրագրողին իր կերպարից ու դերից: Ի տարբերություն արտասահմանյան հարուստ և հայտնի պարբերականների, հայկական լրագրերից շատերը հիմնականում ունենում են միակողմանի ֆինանսավորում, քիչ աշխատավարձ և ստիպված են լինում շատ հաճախ «հնարել» կամ հրահրել սկանդալային նյութ, կամ փորձել տաքացնել եղածը, որպեսզի հնարավոր լինի նյութ սարքել: Եվ այսպես ամեն օր: Նրանից շատերն աշխատում են սարսափելի ծանրաբեռնված, և հաճախ նրանց իրավուքները չեն հարգվում ու պաշտպանվում: Հայաստանում լրագրությունը դեռևս չի կայացել որպես մշակույթ և չունի իրեն արժանի դերն ու տեղը: Ներկա ու նախկին իշխանականներից շատերն են լրագրողների հադեպ բացառիկ տհաճ վերաբերմունք ցույց տվել, խախտել նրանց իրավունքները: Այս օրերին ՀՀ ԱԺ-ում լրագրողների աշխատանքների խոչնդոտումը համարվեց բռնություն և բոլոր տեսակի նորմերի խախտում, քանի որ լրագրողների մուտքը ԱԺ սահմանափակվեց, որը նորմալ երևույթ չէ:

Բայց պետք է ընդունել նաև այն, որ լրագրությամբ զբաղվողներից շատերը ևս չունեն լրագրողական էթիկա, չգիտեն անգամ ինչպես խոսել, ինչ հարց կարելի է տալ, ինչ՝ ոչ: Լրագրողներից շատերն էլ աչքի են ընկնում խսիտ անտակտությամբ և կարող են վիրավորել դիմացինին, վեճ ու կոնֆլիկտ հրահրել և այդ ամենից հետաքրքիր նյութ պատրաստել: Հայկական լրագրողական դաշտն ամբողջովին քաղաքականացված է, գրեթե չկան անկախ լրագրեր ու լրատվականներ: Բնական է, որ պատվեր կատարելու դեպքում ստիպված ես պատվեր կատարել և այլևս խոսք չի գնում մասնագիտական նրբությունների մասին:

Այն ինչ ներկայացվում է հայկական լրագրերում որպես հոդված, ոչ միայն հեռու է նորմալ լրագրողական հոդված լինելուց, այլև լի է բազաթիվ ուղղագրական, կետադրական ու մտքային կոպիտ սխալներով:

Լրագրությունը, որն արտասահմանում կարող ենք իրավմամբ կոչել «չորրորդ իշխանություն» քանի որ իրենց կատարած աշխատանքի շնորհիվ նրանք այնքան մեծ հեղինակություն և ազդեցություն ունեն, որ կարող են անգամ ազդել պետական համակարգի վրա, Հայաստանում գտնվում է թուլացած, խախտված մի վիճակում և լրագրություն ասվածը ոչ միայն չունի իրեն անհրաժեշտ դերն ու հեղինակությունը, այնպես էլ չունի այն զսպիչ ուժը, որից պիտի զգուշանար նաև իշխանությունն ու ստիպված լիներ ավելի զգաստ մնալու: Ցավոք ոչ:

Այսօր Հայաստանում, ի դժբախտություն մեզ, լրագրությունը գտնվում է այնքան նվազ ու թույլ վիճակու, որ ի վիճակի չէ ոչ միայն անկախ ու հավաստի լրատվություն ապահովելու, այլև լինելու այն զսպիչ ուժը, որ պիտի լիներ: Իհարկե դեռևս կան խելացի լրագրողներ, կան լավ լրատվականներ, բայց այդ թիվը չափից ավելի փոքր է որոշիչ դեր տանելու համար

Բայց եթե հիշենք, ապա Հայաստանում մենք ունեինք հրաշալի ու կայացած մամուլ: Մենք ունեինք մշակութային արժեք դարձած թերթեր ու պարբերականներ, մենք ունեինք գիտնական լրագրողներ ու թղթակիցներ: Մնում է միայն հուսալ, որ ապագայում հայկական լրագրությունն ի վիճակի կլինի նորից հասնելու այն մակարդակին, որ ունեինք Րաֆֆու ու Գրիգոր Արծրունու օրոք:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *