Սփիւռք

Սփյուռքն Ու Անկախությունը

Սփյուռքը հիմա հայտնվել է թուրքական ուշադրության ուղիղ պիկում ու հայ թուրքական հաջորդ պատերազմը հավանական է, որ լինի ոչ թե ՀՀ սահմանների ու Արցախի մոտ, այլ դրսում՝ Սփյուռքում:

Արայիկ Մկրտումյան

Անկախությունը եղել ու մնում է ամեն ժողովրդի գերագույն նպատակ: Առանց անկախության չկա պետություն, առանց պետության ժողովուրդը կարող է պարզապես մահանալ: Պետությունը պաշտպանիչ վահան է և ապագայի տեսլական: Պետությունն ամեն ինչ է: Հենց անկախության ու պետության բացակայությունը պատճառ դարձավ Սփյուռքի առաջացման: Դարեր շարունակ սեփական պետության բացակայության հետևանքով հայ ժողովուրդը գտնվել է ծանրագույն տառապանքների մեջ ու նրա մի մեծ հատվածը հալածվելով ապաստան է գտել աշխարհի շատ երկրներում: Դարեր շարունակ ընթացող  այդ  ծանր իրողությունը հանգեցրեց նրան, որ հայ ժողովրդի մեծագույն հատվածը սկսեց ապրել իր պատմական հայրենիքից դուրս՝ սրտում պահելով հայրենիքի կարոտն ու անմար երազանք՝ անկախ ու ազատ Հայաստանը:

Աշխարհաքաղաքական ձևախեղումների հետևանքով հայկական Սփյուռքը զգալիորեն մեծացավ հատկապես առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում: Աշխարհաքանդիչ պատերազմն ու հայոց ցեղասպանությունը հայերին ցրեց ողջ աշխարհով մեկ, իսկ ԽՍՀՄ կոչված բանտում խեղդվում էր ազատության ու ազգային շնչով օծված ամեն ինչ: Ու այդպես հայ ժողովուրդը նորից մնաց կիսված ու էլ ավելի մեծ մասշտաբով:

Եվ Հայաստանը մնաց ԽՍՀՄ բանտում, իսկ իր զավակների մեծ մասը շարունակում էր ապրել դրսում՝ հավատով սպասելով, որ միր օր Հայաստանը կրկին ազատ կլինի:

1991թ. տեղի ունեցավ ԽՍՀՄ փլուզումն ու Հայաստանը դարձավ անկախ հանրապետություն: Դեռ մի կողմ տնտեսական ու ռազմական բազմաթիվ վրիպումներ ու բացեր, որոնք անկախությանը ստվերում են, կամ կասկածանքի տեղիք են տալիս: Բայց Հայաստանն իրոք անկախացավ, դեռ ավելին՝ հաղթեց ադրբեջանցիներին ու ազատագրեց իր պատմական հայրենքի ևս մի հատված:

Հիմա, 2021թ սեպտեմբերին՝ անցյալ տարվա արյունահեղ պատերազմից ու ցավալի պարտությունից մեկ տարի անց՝ արժեվորման ու գնահատման տրամադրությունների մի մասը վերաբերվում են Սփյուռքին:

Սովորաբար մի այսպիսի հարց են տալիս: Իսկ ո՞ւր է Սփյուռքը: Ինչո՞ւ Սփյուռքը չի գալիս և չի բնակվում Հայաստանում: Բայց դրանք շատ նեղմիտ ու սահմանափակ հարցեր են և նման հարց տվողը հավանաբար չի էլ պատկերացնում այն հսկայական ժողովրդագրական, տնտեսական ու նաև մշակութային շոկը, որ տեղի կունենա, եթե ասենք միանգամից երկու մլն հայ որոշի հետ գալ Հայաստան:

Հանուն արդարության մենք պետք է նշենք, որ Սփյուռքը միշտ է եղել Հայաստանի Հանրապետության կողքը: Սփյուռքը օգնել է ևույնիսկ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ հանգանակություններով և բազում այլ գործողություններով: Սփյուռքը օգնել է Արցախյան պատերազմների ժամանակ: Ամեն տարի հայտարարվող Հայաստան Համահայկական Հիմնադրամի ժամանակ հավաքվող գումարի ճնշող մեծամասնությունը տալիս են հենց սփյուռքահայերը:

Ուրեմն ի՞նչ է խնդիրը: Ինչո՞ւ Հայաստանի Հանարապետությունն ու Սփյուռքը այդպես էլ չեն կարողանում գտնել այն կամուրջը ուր իրար կշաղկապվեն Հայաստանի անկախությունն ու Սփյուռքի գոյության գիտակցումը:

Ասել, որ մեղավոր է Սփյուռքը կամ ՀՀ-ն՝ արդար չի լինի: Մանավանդ, որ խոսքը կոլեկտիվ, զանգվածային երևույթի մասին է, ոչ թե անհատի: Բայց մենք հաստատ գիտենք, որ Սփյուռքն ու ՀՀ-ն բացի նրանից, որ եղբայրական սիրով ու մեկ ազգային ջերմությամբ են կապված միմյանց հետ, նաև ունեն որոշակի փոխադարձ անվստահություն:

Կարելի է իհարկե այս հոդվածը վերածել գիտական քննարկման և շոշափել առաջին հերթին միջմշակութային ազդեցություններն ու դրանից բխող ազգային-հոգեբանական գծի գրեթե գենետիկ մակարդակի հասնող փոփոխությունները, բայց կարծում եմ, դա շատ ձանձրալի կլինի ուստի շոշափենք ավելի տեսանելի մի խնդիր՝ այն է, Սփյուռքն ու ՀՀ անկախությունը՝ ավելի ճիշտ՝ դրան խանգարող մի բան՝ անվստահությունը:

Ինչի՞ց է գալիս այդ անվստահությունը: Սա ոչ միայն փիլիսոփայական, այլև հենց շատ կոնկրետ պատճառներ ունի: Ամենախոշորն այն է, որ Սփյուռքը ականատես է եղել մի զարմանալի երևույթի: Անընդհատ հսկայական գումարներ են եկել ՀՀ ու տնտեսական բարգավաճման փոխարեն նկատվել է տզրուկների աճ ու հարստացում: Անընդհատ գումար է ուղարկվել, բայց ճանապարհ կառուցելու փոխարեն հանկարծ էլի ինչ որ բարձրաստիճան որևէ մեկը մեծ տուն է կառուցել, կամ սկսել է ավելի լավ հագուստներ հագնել, լավ ժամացույց: Իսկ դա հենց այնպես տեղի չի ունենում: Դա զայրացնում է այն բոլոր ազնիվ մարդկանց, ովքեր սեփական գումարը զոհում են հանուն Հայաստանի ու անբացատրելի հրաշքով դա հայտնվում է ինչ որ մեկի բանկային հաշվին, կամ էլ որևէ հղփացածի անտաղանդ երեխան սկսում է թանկարժեք ու վուլգար տեսահոլովակներ նկարահանել: Սփյուռքում մարդիկ հիմար չեն և ինչքան էլ որ այդ ամենը սքողվեր հայրենասիրական ճառերի տակ, միևնույն է մարդիկ ինչ որ պահի սկսեցին հասկանալ, որ մի բան այն չէ: Ինչ որ բաներ այնուամենայնիվ արվում էին, բայց դրանք չնչին էին՝ ստացած գումարի ու արված աշխատանքների հարաբերակցությամբ: Շատերը վրդովում էին ու որոշում վերջ՝ ոչ մի սենթ այլևս չեն ուղարկելու և մյուս կողմից էլ հասկանում էին, որ Հայաստանում այդ ամենը գրպանվում է ոչ թե ողջ ժողովրդի կողմից, այլ մի նեղ խմբի:

Տեղի էր ունենում նաև հակառակ գործընթացը: Հայաստանում հասարակ մարդիկ զգում էին, որ Սփյուռքը գնալով հեռանում է իրենցից: Նրանք նաև տեսնում էին, որ գնալով պակասում են Սփյուռքից եկող գումարները: Արդյուքում մսխվում էր ոչ միայն փողը, այլև շատ ավելի կարևոր մի բան՝ ժամանակը: Ժամանակի վատնումը բերում էր նաև հույսի ու վստահության պակասի: Բացվում էր մի մեծ փոս, անվստահության փոս: Հասարակ մարդիկ սկսում էին չվստահել իրար, ընդ որում իրար չճանաչելով: ՀՀ-ում ապրող հայը սկսում էր Սփյուռքահային ժլատ համարել, իսկ Սփյուռքահայը ՀՀ-ում ապրող հային՝ գող: Ու մենք չէինք հասկանում, որ իրար մասին անեկդոտներ պատմելու փոխարեն մենք պիտի փորձեինք հասկանալ, թե ինչ հրեշավոր վիհ է բացվում հայ ժողովրդի տարբեր հատվածների մեջ: Դարերով ու տասնամյակներով իրարից անծանոթ հայերը որ իրար չէին ճանաչում, սկսեցին արդեն միմյանց չհամակրել:

Տեղի ունեցավ նաև որակական փոփոխություններ Սփյուռքում: Խորհրդային տարիներին ապրող և ազատ Հայաստան երազող սերունդն իր տեղը քիչ քիչ սկսեց զիջել երիտասարդ սերնդին, ում համար ԽՍՀՄ-ը ինչ որ հեռավոր ու աղոտ պատմություն էր ու Հայաստանի անկախացումն էլ ինչ որ անհասկանալի, թեև շատ հուզիչ մի պատմություն: Նրանք աչք բացեցին և տեսան արդեն իսկ անկախ Հայաստան, որը տարբերվում էր առասպելներում կարդացած ու ավագ սերնդից լսած Հայաստանից:

Անկախությունը, որ իր ողջ գաղափարական իմաստով վատնվեց ու առուծախի առարկա դարձավ ՀՀ-ում, մեծ չափով կորցրեց իր իմաստը նաև Սփյուռքում: Անկախ Հայաստան՝ նշանակում է անկախ պետություն, որն էլ պիտի ինքն իր հարցերով զբաղվի: Անկախ պետությանն ազատագրելու կարիք չկա:

Բայց ոչ, ամենևին էլ այդպես չեղավ: Հայաստան, անկախություն, պայքար…դրանք մեծ չափով ձևափոխվեցին և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում:

Սփյուռքը նաև բախվեց մեկ այլ խնդրի: Եթե խորհրդային տարիներին ազգային շունչը մեծ ազդեցություն ուներ և իր ողջ էությամբ հակադրվում էր խորհրդային կոմունիստական գաղափարախոսությանն ու ռեժիմին, ապա խորհրդային ճամբարի փլուզումից հետո իր տեղը զիջեց ավելի հանդարտ ու խաղաղ մտածելակերպի: Ազգային շատ մեծ պոռթկում նկատելի էր սովորաբար թուրքական հարձակումների ժամանակ, այնպես ինչպես 90-ականներին, 2016-ին, 2020-ին:

Բայց մենք պետք է հասկանանք, որ Սփյուռքը նաև ապրում է այլ երկրներում, այլ օրենքներով ու այլ մշակութային ու շատ հզոր ճնշման ներքո: Ու անչափ բարդ է մնալ ամբողջովին ազգային հայ այն դեպքում, երբ չկա բավարար չափով ազգային դաստիարակություն ու կրթություն: Իսկ Սփյուռքում այդ խնդիրն այսօր էլ նկատելի է: Հայկական դպրոցների և հայկական կրթության մակարդակը բավական ցածր է: Բայց Սփյուռքը ցույց է տալիս, որ ամեն անգամ ի վիճակի է այնպիսի հզոր ազգային շարժում սկսել, որ տեսանելի ու լսելի լինի ողջ աշխարհում: Ուրեմն հարց է առաջանում. ինչո՞ւ է ազգային կրակը վառվում միայն մերթ ընդ մերթ:

Մեղադրանքները փոխադարձ են: Բայց դրանով հարց չի լուծվում: Դրանով միայն խորացվում է երկկողմանի անվստահությունն ու լարվածությունը:

Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հարցերը լուծելու միակ տարբերակը ՀՀ և Սփյուռք մշակութային նոր կապերի ու նոր մակարդակ ստեղծելու մասին: Ու դա չի նշանակում ևս մի անհասկանալի նախարարության բացում կամ մեկի փոխարեն մի քանի հանձնակատարի նշանակում, ովքեր չգիտես ինչով են զբաղված:

Մենք 2020թ. պատերազմի ժամանակ շատ մեծ դաս ստացանք: Արցախի կորուստն ու մեր հազարավոր զոհերը տասնամյակների անգործությունն էր: Մենք միայն կորցնելուց հետո ենք զգում, որ շատ մեծ բաց ենք ունեցել: Ցավալի է, բայց անգործությունը Սփյուռքի հանդեպ շարունակվում է: Եվ հեռու չէ այն, որ հայկական Սփյուռքին կսահմանափակի օրեցօր աճող ու գիշատիչ թուրքալեզու Սփյուռքը: Թուրքերը, ի տարբերություն մեզ, որ Սփյուռք ասվածը դիտարկում ենք որպես անհատնում փողի տոպրակ, գնահատում են Սփյուռք ասվածի ողջ իմաստը՝ թե տնտեսական, թե՛ քաղաքական առումով:

Կարելի էր այսքան տարվա ընթացքում Սփյուռքը հզորացնել ու դարձնել ազգային, տնտեսական, ֆինանասական ու քաղաքական տիտան և ամենաամուր կապերով կապել Հայաստանի հետ, ազդել ողջ աշխարհի վրա և հսկել ու կառավարել ամեն ինչ, միաժամանակ ու ամենուր: Այո՛, լինել հրեայից էլ հրեա, ընդ որում Երուսաղեմում: Բայց անեծք մեր մեկուսի երջանկության դավանանքին, որ աշխարհը մեզ համար դարձավ դմակ, որից պետք է պոկել ամենայուղոտ պատառները:

Մենք չենք կարող մեկ հոդվածով վեր հանել Սփյուռքի ողջ խնդիրները, բայց մենք կարող ենք գոնե սկզբունքորեն փորձել հասկանալ, թե ինչ կարելի է անել: Սփյուռքը էլ ավելի անհանգիստ պիտի լինի: Հայաստանն այն օրին չէ հիմա, որ կարողանա Սփյուռքին մեծագույն օգնություն ցույց տալ: Սփյուռքը հիմա հայտնվել է թուրքական ուշադրության ուղիղ պիկում ու հայ թուրքական հաջորդ պատերազմը հավանական է, որ լինի ոչ թե ՀՀ սահմանների ու Արցախի մոտ, այլ դրսում՝ Սփյուռքում:

Մենք կարող ենք դիմանալ միայն միմյանց ձեռք բռնած, իսկ դրա համար հարկավոր է պարզել ձեռքերը:

Հայաստան և Սփյուռք՝ նշանակում է մեկ ամբողջական հայ ժողովուրդ:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *